Մեզ օդի նման անհրաժեշտ է պատմության իմացությունը: Այսպես, Հայաստանի պատմության, գոնե հին շրջանը պարադոքսալ մի եզրահանգման է բերում, որ Հայաստանի պետականության համար ամենաարդյունավետ փուլերը երկու կամ ավելի գերտերությունների պայքարի շրջաններին են եղել: Քանի որ հզոր հարեւանների անզիջում մրցակցության պայմաններում հայկական արքաները երկար դարեր կարողացել են լարախաղացի նման մանեւրել արեւելյան եւ արեւմտյան ուժերի միջեւ՝ Սելեւկիայի, Հռոմի եւ Պարթեւական պետության, Հռոմի եւ Սասանյան Իրանի, Բյուզանդիայի եւ Արաբների միջեւ: Ցավալի էր իհարկե, բայց հաճախ հայկական պետության տարածքը դառնում էր պայքարի թատերաբեմ, սակայն ամեն դեպքում երկու կողմերն էլ հասկանալով Հայկական պետության կարեւորությունը որպես բուֆերային պետություն, փաստացի երաշխավորում էին նրա անկախությունը: Իսկ երբ հաստատվում էր մեկ պետության գերիշխանություն, դա միշտ հանգեցնում էր Հայաստանի կլանմանը եւ հայոց պետականության վերացմանը:
Մարդկային հասարակության պատմության զարգացման տեսությունը հուշում է, ինքս էլ ավելի քան վստահ եմ՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Մեր հասարակության հիմնական խոսակցությունն ինչպես դարերով եղել է Բյուզանդիա՞, թե՞ Պարսկաստան, այսօր էլ Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան խնդրի շուրջ է: Այսինքն, ու՞մ տիրապետության ներքո ավելի լավ կլինի եւ ո՞վ մեզ ավելի լավ կպաշտպանի: Բայց կարծում եմ, որ հիմնական հարցն այն է, թե մենք ուզո՞ւմ ենք մեզ պաշտպանել, մենք նման խնդիր դնո՞ւմ ենք մեր բանակի եւ ժողովրդի առաջ, առաջնորդվո՞ւմ ենք ագրեսիայի դեմ վճռականություն եւ բանակի դեմ՝ բանակ սկզբունքով:
Այսօր կրկին Արեւելք-Արեւմուտք մրցակցությունը տաք ու սառը վիճակներով սրվել է, եւ այդ առումով, Արեւմուտքի ակտիվացումը մեր տարածաշրջանում ակնկալիքների առումով կարելի է դրական իրողություն համարել: Այս տեսակետից անչափ կարեւոր է ընդգծել, որ հենց Թրամփի ժամանակ ԱՄՆ-ի դուրս գալուց մեր տարածաշրջանում առաջացած վակուումն էր, որ այլ գործոնների հետ միասին հանգեցրեց Արցախյան 2020 թվականի ավերիչ պատերազմին: Միեւնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ թեեւ փոփոխություններն ինքնին դրական երեւույթ են, սակայն այսօր մի պետության՝ Ռուսաստանի բացարձակ ազդեցության դաշտից դուրս գալ եւ ընկնել մեկ այլ պետության կամ աշխարհաքաղաքական ուժի անվերապահ մենիշխանության դաշտ, ոչ միայն այնքան էլ լավ միտք չէ, այլեւ, կարծում եմ, ժամանակավրեպ է: Նկատի ունեմ աշխարհաքաղաքական փոփոխությունների համար օր-օրի սրվող անզիջում պայքարը եւ այն, որ այսօր իշխանության գտնվող խումբն ակնհայտորեն ոչ հմտություն, ոչ էլ փորձ ու կարողություն ունի այդ մեծ տերությունների հավասարակշռման մեծ խաղը իրականացնելու համար:
Հայտնի է, որ երբ երկրորդ աշխարհամարտից հետո առաջացավ երկբեւեռ աշխարհակարգը, շուրջ կես դար Արեւմուտքը համառորեն ելքեր էր փնտրում Արեւելք բեւեռը կազմաքանդելու: «Երկաթյա վարագույրի» չեզոքացման համար Չերչիլից եւ Թրումենից մինչեւ Բուշ Ավագ ինչեր ասես որ չարեցին: Գաղափարական, հոգեբանական, տնտեսական, ռազմական, քաղաքական ճնշումներ, պատժամիջոցներ, վիետնամական պատերազմ, սպառազինությունների մրցավազքի պարտադրում եւ այլն: Իմ սերունդն ականատես է եղել այդ քաղաքական գործընթացներին: ԽՍՀՄ-ն ու նրա ազդեցության տակ գտնվող սոցիալիստական ճամբարը բավականին հաջող դիմակայում էր: Մինչեւ այն պահը, երբ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների եւ քաղաքական հետախուզության գլխավորությամբ ավարտին հասցվեց այն ծրագիրը, որի բովանդակությունը հանգում էր հետեւյալին. ստեղծել այնպիսի ծուղակ, որտեղ Կրեմլի անհեռատես կոմունիստ ղեկավարները՝ տառապելով կայսերապետական փառասիրությամբ, կառաջնորդվեն զրոյական գումարի խաղի կանոններով եւ մոտ տասը-քսան տարում կվատնեն հզոր պետության բոլոր ռեսուրսները ու կհասնեն ինքնափլուզման եզրին: Արդյունքում՝ 1989-90 թթ. այդ ծրագիրն ավարտվեց Արեւմուտքի հաղթանակով: Իսկ երբ 90-ական թթ. զիջող ու ենթարկվող Ռուսաստանին փոխարինեց հակադրվող պուտինյան Ռուսաստանը, երբ պարզվեց, որ նավթի շատ բարձր գների հետեւանքով շուրջ 10 տարի այստեղ կուտակվել են հսկայական ռեսուրսներ (ռազմական եւ տնտեսական), երբ ակնհայտ դարձավ, որ Արեւմտյան ռազմական ու տնտեսական կառույցների ծավալումը կասեցնող ռուսական ուժ կա, նորից «ծուղակ» գործողությունը վերակենդանացավ: Կարելի է ենթադրել, որ սիրիական ճակատը գոհունակությամբ Ռուսաստանին զիջողները եւ ուկրաինական ճգնաժամի հսկայական բեռը Կրեմլին նվիրողները, որոնք օր-օրի խստացնում են պատժամիջոցները, իջեցնում են նավթի գները, պայմաններ են ստեղծում ռուսական ռեսուրսների փոշիացման համար: Իրենք քանդեցին Ռուսաստանի դաշնակից հզոր Իրաքն ու Սիրիան: Այժմ էլ ռուսներին մղեցին իրենց կողմից ծնած ու սնած ահաբեկիչներին վերացնելու ծախսատար ու երկարատեւ օպերացիաների իրականացմանը: Ռուսական քարոզչամեքենան էլ հորթի հրճվանքով փորձում է աշխարհին ցույց տալ իրենց հզորությունը, չհասկանալով, որ դա իր համար հերթական ծուղակն է: Շուրջ մեկ տարի ձգվող ռազմական գործողություններն ու բոլոր տեսակի բանակցությունները բացառելն էլ են վկայում, որ հենց Ուկրաինան էլ այսօրյա ծուղակը:
Հայոց պատմության մեջ եւս, իհարկե բոլորովին այլ մասշտաբների, համանման ծուղակներ քիչ չեն եղել: Կարծում եմ տեղին կլինի ներկայացնել դրանցից մեկը: Երկար ժամանակ Մոսկվայի «Նացիոնալ» հյուրանոցի՝ թիվ 326 համարի գաղտնի դռան փնտրտուքն ի վերջո տվեց արդյունք: Այն թաքնված էր երկրորդ եւ երրորդ հարկերի աստիճանների արանքում: Այստեղ էր 1920 թ. դեկտեմբերից մինչեւ 1921 թ. ապրիլ հանգրվանել Դաղստանի հիմնադիր ղեկավար, դիվանագետ Ջելալ Կորկմասովը, որի միջոցով կայացել են փակ գաղտնի հանդիպումներ Քեմալ Աթաթուրքի պատվիրակու-թյան դեսպան Ալի Ֆուադի եւ Լենինի ու Ստալինի միջեւ: Այս համարում է պատրաստվել Մոսկովյան կոնֆերանսի, ինչպես նաեւ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի եւ հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի փաստաթղթերը, որով Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, նվիրաբերվում է Թուրքիային:
Իսկ ով էր Կորկմասովը եւ ինչ կապ ունի հայերի հետ: Գաղտնիք չէ, որ վերջին հինգ հարյուրամյակում շատ հայեր հավատափոխ ու լեզվափոխ եղան, դարձան իսլամադավան թրքախոսներ, եւ ընդունելով տարբեր անուններ՝ հարստացրեցին օղուզական աշխարհը: Օղուզական ցեղերից են կարաչայը, բալկարը, ծախուրը, լակը, գագաուզը, թաթը եւ որոշ լեզգիականներ ու կումիկներ: Նշված վերջին ցեղից էր հենց Կորկմասովը, որ սովորել էր Փարիզում եւ տիրապետում էր մի քանի լեզուների: 1920 թ. օգոստոսին նշանակվել էր առաջին խորհրդական Թուրքիայում: Մասնակցել է 1920 թ. սեպտեմբերի 1-ին Բաքվում կայացած Արեւելքի ժողովուրդների համագումարին, որտեղ որոշվում է համատեղ ուժերով պայքարել «իմպերիալիստ» Հայաստանի Հանրապետության դեմ: Այսինքն, ստացվում է, որ ինչպես Ֆիրդուսին էր Շահնամեում ասում՝ «ինքդ քեզ կդավես, ինքդ էլ քեզ կսպանես»: Այս մասին երկար եմ մտածել եւ ինձ մի հարց է տանջում՝ արդյոք նմանություն չկա՞ մեր օրերի հետ:
Այս պատմական իրողությունը հիշեցի, քանզի խորը վերլուծելու դեպքում ակներեւ է դառնում, որ մեր ցավառատ պատմության համար այս պարագայում տեսության եւ պրակտիկայի, կատարվածի արձանագրության ու ապագայի պլաններ կային: Որովհետեւ մեզ համար կործանարար վերոնշյալ փաստաթղթերը համաձայնեցված են եղել ոչ միայն միջնորդի եւ յուրաքանչյուր առանձին երկրի միջեւ, այլեւ այն երկրների՝ որոնք երկար հակամարտության պատմության մի մասն են կազմել եւ ներկայացնում են իրենց ձեռնտու մտացածին ճանապարհային քարտեզը:
Գրեթե նույնանման իրավիճակ է ստեղծվել նաեւ մեր օրերում. շատ քաղաքական, հասարակական գործիչներ, թե՛ համաձայնագրով միավորված պետությունների ներսում, թե՛ հատկապես Հայաստանում ու Ադրբեջանում, թե՛ դրսում, ցանկանում են իրենց պատկերացումներով փոխարինել այն, ինչի մասին պայմանավորվել են: Շատերը շատ բան են խոստանում, խոստանալը հեշտ է, բայց ակնհայտ է, որ տարիների ընթացքում այնքան էլ շատ բան չեն արել, եւ արդյունքներ չեն եղել: Ուստի, կարծում եմ, որ պետք չէ իրականը մտացածին ինչ-որ բանով փոխարինելը: Այդ ամենից քաջատեղյակ Ալիեւն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, նպատակ ունի վերջնականապես ստանալ Հայաստանից ինչ ուզի՝ անկլավներ, միջանցք, իսպառ հրաժարում Արցախից, արցախահայության իրավունքների մասով քաղաքական ու դիվանագիտական հավակնությունների զրոյացում, տարածքային ամբողջականության ճանաչում՝ ներառած Արցախը ու դեմարկացիա-դելիմիտացիա այն բնագծերում, որոնցում հիմա կանգնած է ադրբեջանական զորքը, այսինքն՝ հայկական տարածքներում: Եվ հույս ունի ստանալ այս ամենն այն Հայսատանից, որը գերազանցելով աֆրիկյան ամենահետամնաց երկրներին, մեկ շնչի հաշվով ամենագեներալաշատ պետությունն էր աշխարհում: Այն Հայաստանից, որի զինվորները մինչեւ 2018 թ. հենց այնպես չէին գնդակահարվում, որի սահմանները պաշտպանված էին եւ թշնամին իր ամեն մի քայլի համար կրկնակի պատասխան էր ստանում թե՛ մեր զինվորի կողմից, թե՛ միջազգային հանրության: Այն Հայաստանից, որի 2018 թվականից հետո առաջին տիկինը հայտարարեց. «Եկեք մեր զենքերը վերածենք զարդերի… Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված»: Այն Հայաստանի, որի տղաները, նույն տիկնոջ կարծիքով, զոհվել են հանուն ոչնչի, որի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջա-նում թշնամանքի մթնոլորտն աստիճանաբար հաղթահարելու եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով…
Գաղտնիք չէ, որ այսօր մեր թշնամին իրեն շատ ուժեղ ու անպարտելի է զգում: Այս առիթով կարծում եմ տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը, որ ամեհի ցուլին, որին մոտենալ հնարավոր չէ, ամորձատելով սարքում են «խոնարհ եզ»: Տեսնում եմ նաեւ, որ Հայաստանն աստիճանաբար արթնանում է եւ պետք է վերջ տա սին ու պատիր խոսքերին, լռելյայն ու պրոֆեսիոնալ մակարդակով շտապի ամեն ինչ անել հայոց բանակի մարտունակությունը կրկնապատելու ուղղությամբ: Տեսնում եմ նաեւ, որ ստեղծված պայմաններում մենք ուղղակի այլ ելք էլ չունենք, քանզի պառաված Եվրոպայի անատամ հայտարարությունները մեկ կրակոցի դեպքում անգամ, ինչպես նախորդ դարերում, այսօր եւս առ ոչինչ կդառնան:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր