Կամ՝ դու՝ ինձ, ես՝ քեզ. մասերի տեղափոխությունից ետ ու առաջ ամբողջի բովանդակությունը չի փոխվում: Կարծում եմ սա հնագույն արմատներ ունեցող էկզիստենցիալ բանաձեւ է, ապրելու սահմանադրության գլխավոր հոդվածներից մեկը, գուցե ամենագլխավոր, բարոյական փիլիսոփայություն: Տես, ես քեզ տվեցի, դու էլ, ի պատասխան, ինձ մի բան տուր, լավ կլինի՝ համարժեք, սպասում եմ, կնեղանամ, եթե չտաս, շատ նեղացա, սրանից հետո, մարդ, քեզ նույնիսկ կես բերան բարեւ չեմ տալու, գնա քո անշնորհակալ ճանապարհով եւ մի տեղ մեռիր:
Նկարեցի չափազանցված բառագույնե՞ր: Այո՛: Գիտակցաբա՛ր: Որպեսզի խոսքիս ենթիմաստն ավելի պարզ ու արտահայտիչ դարձնեմ: Այս բարոյականությունն առկա՞ էր հին ու միջին քարի դարերում, երբ մարդկային կյանքի վերարտադրության գլխավոր միջոցներն էին որսորդությունը եւ խառն ու խառնափնթոր ամուսնությունները: Թվում է՝ ոչ, բոլորը իրար հետ էին, իրար մեջ, բազում մարմիններից բաղկացած մեկ մարմին, որին հնագիտությունը բնորոշել է իբրեւ «հոտ», շուտով էլ՝ «նախնադարյան համայնական հասարակարգ»: Գուցե եւ կար ինչ-որ ձեւով, այսօր ո՞վ կարող է ճշգրիտ ասել: Ես որ՝ չեմ կարող: Միշտ էլ քարեդարյան թե նոր ու նորագույն մարդու հոգեկերտվածքը եղել է տիեզերքի ամենամեծ գաղտնիքը, խնդիր, որ հնարավոր չէ լուծել եւ մշտապես անսպասելի հարցեր է առաջացնում:
«Ժամանակն իր շավղից դուրս է սայթաքել, օ՜հ, բախտ իմ դժխեմ, ինչու ծնվեցա, որ հենց ե՞ս ուղղեմ» – տրտմորեն ասաց Համլետը իր ու մարդկության անունից: Նա շատ լուրջ հոգի էր, մի բարձրակարգ Homo Sapiens եւ գիտակցեց՝ հնարավոր չէ անուղղելին ուղղել, դատապարտված ենք ապրել-մեռնելու այդ անբուժելի հիվանդության հետ՝ «Ես՝ քեզ, դու՝ ինձ»: Անբուժելիներ եղել են, կան ու կլինեն, բայց այս մեկը, կարծում եմ, ամենա-ամենան է, որ, լինելով անձնապաշտ ու եսակենտրոն, մեր բութ ու կարճ խելքով ներկայացվում է իբրեւ բնական մարդասիրություն: Իսկ իրականում համաշխարհային բարոյական ժանտախտ է՝ ընդդեմ անանձնական, առաքինի եւ լուսավոր սիրո: Երբ սուտը շրջանառվում է որպես ճշմարտություն, իմանանք՝ դա արեւային սիրո վերջն է: Եվ դժվա՞ր է նկատել, որ հազարամյակների պատմության էջերում ավելի շատ ատելություն կա, քան անշահախնդիր սեր: «Ես՝ քեզ, դու՝ ինձ»-ը փչացնում է մարդկությանը ներս ու դրսից: Երկիր մոլորակը, այո, բնակեցված է նաեւ փչացած մարդկությամբ:
Կներեք. ավել-պակաս եմ խոսում, որովհետեւ հոգիս պղտորված է, երեւի նաեւ ձեզանից շատերի: Մեր հեղեղ ժամանակներում ո՞վ է ի վիճակի պարզ թվաբանություն անելու, եթե կա մեկը, թող կանգնի իմ դեմ եւ բարեկամաբար ասի՝ դու խելագար ես, շնորհակալ կլինեմ: Ժամանակն իր շավղից սայթաքել է դուրս, բոլորս էլ ցունամիի մեջ ենք, խփվում ենք մեր լեռնոտ օվկիանոսի ժայռերին, մեռնում-հառնում ենք ու դարձյալ մեռնում: Ոչ, սա խելագարություն չէ, այլ Աստծո կողմից մեզ ու մարդկությանը շնորհված ճակատագիր:
Լավ, ընդունենք, որ Աստված լույս է եւ սեր: Բայց այսքան խավար ո՞վ սփռեց, եթե ոչ Նա, այսքան ատելություն, այսքան «Ես՝ քեզ, դու՝ ինձ»՝ այս աստիճանի ինքնասպան էգոիզմ: Եթե այս հակադրությունները կշռենք բժշկական կշեռքով, խավարն ու ատելությունը ավելի ծանր կլինեն: Հետեւաբար՝ «Թող անէծք մþըլլամ ու կողըդ խըրիմ/ Թող յորջորջեմ քեզ. «Աստուած ոխերիմ» (Պետրոս Դուրյան): «Աստծոյ ծաղրն է աշխարհն ալ արդէն» (նույնը): Բանաստեղծի հոռետեսությունն անձնական-կենսագրական հիմք ունի, բայց դա նաեւ, եւ ավելի, համամարդկային «Տրտունջք» է:
Տերն իր աստվածային զավակի միջնորդությամբ մեզ տասը բարոյական պատվիրաններ տվեց, սակայն դարերի ընթացքում դրանցից եւ ոչ մեկը նրա կամոք կյանքի չկոչվեց, մնալով «ձայն բարբառոյ յանապատի», շարունակեցինք գողանալ, դավել ինքներս մեզ ու շնանալ առավել, քան շունը: «Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր: Վիճակավորները՝ հպարտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առեւտուր եւ կատակերգություններ սիրող: Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են:
Ժողովրդականները՝ անբարտավան, ստահակ, մեծախոս, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող: Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից: (Նկատի ունի բարձրաստիճան զինվորականությանը – Ն.Ա.): Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ: Դատավորները՝ տմարդի, սուտ, խափող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող… Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»: (Ոսկեբերան գրաբարից այս աշխարհաբար թարգմանությունը՝ Ստեփան Մալխասյանի): Կարծես այսօր ասված լինի՝ դաժան ճշմարտության կնիքով, ողբ ուղղված ոչ միայն հայոց, այլեւ համայն մարդկության: Խորենացու այս տողատակ ընդհանրացումը նրա հանճարեղության դաշտից է: Նմանապես հանճարեղություն է նրա հոգու եւ մտքի տեսողությունը: Նա ունի երրորդ աչք: Իր ժամանակին նայելով, նա տեսնում է նաեւ պատմական անցյալը եւ ապագան, գոյության անսկիզբ-անվերջանալի ընթացքը, որ հատուկ է միայն մեծերից ամենամեծերին: Նա հայ ժողովրդի Հոմերոսն է: Բնավ չկասկածեք. Հոմերոսն էլ է այս կարծիքին:
Հոմերոսի եւ Խորենացու, ուրիշ մեծամեծերի մտքով չանցավ՝ «Ես՝ քեզ, դու՝ ինձ», նրանք ապրեցին սրան հակակշիռ բարոյականությամբ՝ «Լավություն արա, ջուրը գցիր», որին հետեւեցին քչերը, ընտանիքներ, հասարակություն ու պետություններ ազգովին դարձան Ես եւ Դու-ի առեւտրական, մարդկությունը մի զգալի չափով այլասերվեց՝ վերածվելով ամբոխի: Հիսուս Նազովրեցին բժշկություն էր անում, լույս եւ իմաստություն տալիս մարդկանց, չակնկալելով անգամ մի կես բերան «շնորհակալություն»: Ամբոխը նրան Մեսիա օրհներգեց, եւ նույն ամբոխը քարկոծելով, ծաղրելով, խոշտանգելով նրան տարավ դժնդակ խաչելության՝ ավազակ ու մարդասպան Բարաբայի փոխարեն: Եվ Աստծո որդին ասաց. «Հայր, ներիր նրանց, նրանք չգիտեն ինչ են անում»: Եվ Աստված ամբոխին ներեց, որ հերթական աստվածային սխալն էր, դրանով իսկ, մինչեւ այժմ, երբ գրում եմ էսսեիս այս տողերը, հավերժացնելով «ամբոխավարություն» մարդատյաց երեւույթը:
Ականավոր նկարիչ Եղիշե Թադեւոսյանը մի գործ ունի՝ «Հանճարը եւ ամբոխը» (1902 թ. Հայաստանի պետական պատկերասրահ): Ամբոխը մահացու հալածում է հանճարին, որը սարսափած փախչում է նրանցից: Հեղինակն արտահայտել է համաշխարհային ճշմարտություն՝ հանճարը, ասել է բարին, գեղեցիկը, առաքինին, եւ ամբոխը անհաշտ թշնամիներ են, եւ սա հավերժական աղետ է:
Հանճարեղ Մոցարտին, որն իր երաժշտությամբ Վերածնունդ արարեց, մի քանի մարդով, ներառյալ անտարբեր քահանան, բառիս բուն իմաստով նետեցին մեռյալների ընդհանուր փոսի մեջ եւ վրան ձեւականորեն մի բուռ հող ցանեցին: Վերածննդի հանճարեղ գիտնական-փիլիսոփա Ջորդանո Բրունոն, որ առաջինը տեսավ տիեզերքի ֆիզիկական կազմությունն ու շարժման օրենքները, ինկվիզիցիայի ձեռամբ Հռոմի Կամպո դե Ֆիորի հրապարակում խարույկին տրվեց, ինչպես Քրիստոսը՝ խաչին: Հետագայում այստեղ կտեղադրվի նրա հուշարձանը՝ «գնա մեռիր, արի սիրեմ» ամբոխին բնորոշ բարոյականությամբ, որը նաեւ մենք՝ հայերիս ունենք (Չարենց, Բակունց, Թոթովենց): Եվ այս ամենը, ի՜նչ ափսոս, հոգեւոր Վերածնունդ ապրող Եվրոպայում, Միքելանջելոյի, Լեոնարդոյի, Բոկաչչոյի,Պետրարկայի, Սերվանտեսի, Շեքսպիրի «ներկայությամբ»: Յոհան Սեբաստիան Բախն իր կենդանության օրոք ընկալվում էր իբրեւ եկեղեցու մի սովորական նվագածու: Ետմահու իսպառ մոռացվեց: Շուրջ երկու հարյուր տարի անհրաժեշտ եղավ, որ նրա նոտագրությունները պատահաբար հայտնաբերվեն, ու նա հռչակվի հանճար: Դո՞ւ էլ, Բրուտոս: Շա՜տ ափսոս, Եվրոպա, շա՜տ: Երանի այս փաստերը չիմանայի եւ գոնե մեկ օր ապրեի ամբոխի պես:
Որ կողմ նայում ես, ինչին մոտենում ու ձեռք տալիս՝ Ես եւ Դու-ի առեւտուր է: Մեր շուկաներում երկու գլխավոր ապրանք կա՝ Ես ու Դու, որով լցված է մեր սպառողական զամբյուղը: «Ժողովուրդ ջան, պետությունս քեզ արդեն այնքան աշխատավարձ ու թոշակ է հատկացնում, որ կարող ես երջանկանալ զամբյուղիդ ծանրությունից» – մի քանի օր առաջ ասաց վարչապետը: Իսկ ես, ի պատասխան, նրան ժպտում եմ եւ ասում, դարձյալ ասում ու կրկնում եմ՝ «հտՈրՌոՏ, ԹսՈՊՌՎՌՐ ԹսՈՊՌՎՌՐՏՉՌփ»: Ախր, պարոն վարչապետ, վերջերս այնպիսի բաներ եք խոսում, որ չգիտեմ զարմանա՞մ, լա՞ց լինեմ, թե՞ զայրանամ: Արարատը մերը չի՞, միայն Արագա՞ծ ունենք: Ախր Արարատը Հայաստան է մեր գոյության սկզբից, Արարատյան թագավորություն, Արարատյան տերություն (Եղիշե, Բուզանդ եւ օտարագիրներ), «Աստվածաշունչն» էլ է դա փաստում, մեր հազարամյակների գրականությունն ու պատմագրությունը, ու «Արարատ», «Մասիս» բառերը հիշատակվում են մեր թվարկությունից շատ առաջ, իբրեւ Հայաստանյան աշխարհամաս (Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», Երեւան, 1981, էջ 331): Ալեքսանդր Թամանյանը Երեւանի գլխավոր հրապարակն այնպես կառուցեց, որ փոստի լայն ու բարձր կամարից Արարատը բոլորը տեսնեն, քաղաքի տարբեր կետերից երեւա: Ես ապրում եմ Կենտրոն թաղամասի շենքերից մեկի ութերորդ հարկում: Ես իմ եղբայրներին երբեք չեմ ասել, խնդրում եմ, ինձ համար մի Արարատ նկարեք, չեմ ասել, որովհետեւ իմ պատուհանից Արարատը երեւում է ամբողջ հասակով, մշտապես առնում եմ նրա հավերժական ձյուների շունչը, նա ավելի կենդանի է ու իրական, քան վարպետ Սարյանի վրձնած նկարում: Արարատը իմ տան մեջ է: Մենք օրը մի քանի անգամ զրուցում ենք, իրար հետ քնում եւ արթնանում: Երբ տասը տարեկան էի, հորս հարցրի, հայր, ինչո՞ւ ենք մենք այսքան աղքատ, մի բավարար հաց ու տուն էլ չունենք: Հայրս ձեռքը պարզեց Արարատին ու ասաց. մենք աղքատ չենք, տղաս, նայիր, Արարատը մերն է, մենք շատ հարուստ ենք: Հիմա, պարոն վարչապետ, հո՞րս հավատամ, թե՞ ձեզ… «Հայոց արնոտ աշխարհի // Հոգին ես դու… Արարատ» (Վահան Տերյան): Խոսում եք նաեւ խաչքարի դեմ, թե ո՞ւմ են պետք այսքան խաչքարերը: Չգիտե՞ք, որ խաչքարը քանդակագործություն է, կերպարվեստի ազգային ժանր, որ աշխարհում թերեւս ուրիշ ոչ մի ժողովուրդ չունի: Ինչո՞ւ եք հակառակվում «Նեմեսիսի» հուշարձանին: Թուրքիան իրավունք ունի իր մոտ ցեղասպան Թալիաթի հուշարձան կանգնեցնել, իսկ մենք իրավունք չունենք հավերժացնելու հայրենասեր, ճշմարիտ ու հերոսական նեմեսիսների հիշատակը:
Հայրաբար ձեզ ասում եմ՝ չեղավ, պարոն վարչապետ: Ես ձեզ հետ խոսում եմ բացարձակ անկեղծ եւ ուղղամիտ: Ես եղա ձեր եւ 2018-ի հեղափոխության համախոհը, գրախոսել եմ նաեւ ձեր «Երկրի հակառակ կողմը» գիրքը եւ զարմացել՝ ե՞րբ եւ ինչպե՞ս եք գրել: Բայց այժմ հիասթափության սառն ու տխուր անձրեւ է մաղում վրաս ու շատերի: Մեր ազգային դաշտում մի՛ արեք քաղաքական խաղեր, թեկուզ եւ վարձատրությունը խաղաղություն լինի, խնդրում եմ, մի՛ արեք: Դուք լավ սկսեցիք, բայց, ազնիվ խոսք, չեմ ցանկանում, չեմ ուզում վատ վերջացնեք: Կան սրբություններ՝ ազատություն, Արարատ, անկախություն, սեր, որ ոչ մի քաղաքական նպատակով չի կարելի փոխանակել ինչ-որ բանի հետ, վաճառել, թեկուզ աշխարհի չափ ոսկի տան, նրանք անսակարկելի են: Դուք ընդամենը որոշ հարցերում սխալական եղաք, դավաճան չեք, նրանք, ովքեր ձեզ այսպես են որակում, իրենք են Վասակ եւ փորձում են իրենց դավաճանությունը ստորաբար հագցնել ձեզ:
Այո, կա որոշակի հակասություն ձեր վարչապետության նախերգանքի եւ ներկայիս գործունեության միջեւ: Դուք ցուցամատ դրեցիք ձեր քունքին եւ հռչակեցիք հիանալի նպատակ՝ «ժողովուրդ ջան, անհրաժեշտ է փոխել մեր մտածողությունն ու առաջ ընթանալ» Դա պետք է սկսվեր ձեզանից, ձեր օրինակով: Մեր հասարակությունը բազմաթիվ արատների թվում նաեւ մի ավանդական հիվանդություն ունի՝ նայում է ինչպես են իրենց դրսեւորում «վերեւներն ու ամենավերեւը» եւ ընդօրինակում է նրանց վարքաբանությունը գրեթե նույնությամբ: Հավատում եմ, դուք անկեղծորեն ցանկանում էիք բարին իրագործել, բայց չկարողացաք, շատ դժվար էր կարծրացած սովորույթներ խախտել, դուք հայտնվել էինք մեր երկրի բերնեբերան աղբով լցված ավգյան ախոռների տիրույթում (աղբի տեղը աղբամանն է), գուցե անհնարին էր մաքրագործել մեր կյանքը: Սակայն դուք պարտավոր էիք դա անել, անհնարինը դարձնել հնարավոր, երբ պատահականորեն կամ անհրաժեշտաբար հայտնվել էիք մեր ալեկոծվող նավի ղեկին: Մանավանդ, ձեր իսկ խոստովանությամբ, ունենալով այնպիսի հոգեհարազատներ, ինչպիսիք են Շառլ դը Գոլը, Չերչիլը, Միտերանը, Թետչերը, Ժակ Շիրակը, Սարկոզին, Լեխ Վալենսան, Մերկելը եւ այս շարքում ձեր կողմից գուցե ամենահարգված Վացլավ Հավելը, որոնք եղան իրենց ժողովրդի ու պետության ծառաները եւ ոչ երկու ու ավելի տիրոջ ծառա: Չէ, պարոն վարչապետ, օրինակ չդարձաք մեզ՝ ձեր ժողովրդին, ըստ էության չվերակառուցվեցիք, առաջ նայելու փոխարեն նայեցիք ետ եւ՛ ներքին, եւ՛, մանավանդ, միջպետական հարաբերություններում: Ինչո՞ւ, տղաս: Շփոթվեցի՞ք՝ այո: Վախեցա՞ք՝ այո: Հոգնեցի՞ք՝ այո: Հիասթափվեցի՞ք՝ այո: Մտածողություն եւ գործողություններ փոխելու կամքն ու տաղանդն էր սակա՞վ՝ երեւի: Թե՞ այս ամենը դիվանագիտությանը բնորոշ «աղվեսային դիվանագիտություն» եղավ: Ոչ, չեմ դատում, այլ խորհրդածում եմ: Թող գրաքննադատն էլ ինձ նման խոսք ուղղի, չեմ նեղանա, խոնարհաբար կլսեմ: Ի՞նչ անուն տամ ձեր «թավիշ»-ին, երբ արմատական վիրահատությունները դուք փոխարինում եք ընդամենը մի պենիցիլինային բուժումով: Ասում եք, թե կոռուպցիան մեզանում վերացել է: Իսկապե՞ս: Ավելի է շատացել, պարոն վարչապետ: Օր չկա, որ չիմանանք ով գողացավ, ով կաշառեց ու կաշառվեց, ով դարձավ դավաճան: Համո Սահյանն իր պաշտելի բնությունից կշրջվեր եւ ցավ ի սիրտ կասեր՝ գողերի, կաշառակերների, դավաճանների երկիր Հայաստանս:
Չեք սխալվում, շարադրանքս զգալի չափով զգացմունքային է, այստեղ եւ այլուր սիրտս է խոսում ձեզ հետ եւ ոչ ուղեղը: Սրտաշարժ զգացմունքայինությունը շատ ավելի ճշմարիտ է, քան բանականությունը, որն իր ուղեղային մորմոքներում հաճախ թույլ է տալիս անուղղելի սխալներ եւ մոլորվելով հեռանում իրականությունից: Ահա թե ինչու Ստենդալը խոսք-ի գլխավոր հատկանիշ էր համարում զգացմունքը: Իսկ ես կարծում եմ՝ ուղեղն էլ է զգացմունքներ ապրում, սա կհաստատեն հատկապես բարձրակարգ ֆիզիկոսները:
Երբ ընտիր պատմաբան, իսկապես՝ ընտիր, մանկավարժական համալսարանի պրոֆեսոր պարոն Զուլալյանը մահացավ, նրա բաճկոնի ծոցագրպանում գտան ուսանողների բավականին մեծ մի ցուցակ, որոնց մի մասը նրան կաշառք էր տվել, մի քանիսն էլ շուտով պիտի տային: Այս երեւույթը լայնորեն տարածված է շատ բուհերում՝ ես քեզ՝ գնահատական, իսկ դու ինձ՝ փող:
Տեր իմ Աստված, ինչքան ենք փող սիրում՝ փոխանակ ծաղիկ, անտառ, կին, Արարատ, հայրենիք, ազգ սիրելու: «Չեմ դավաճանի իմ Նվարդին» (Վ. Տերյան եւ ոչ Ն. Զարյան): Ասորեստանի թագուհի վավաշոտ Շամիրամին Արա Գեղեցիկն այսպես է պատասխանում, որ իրականում նշանակում է՝ սիրում եմ իմ կապուտաչյա հայրենիքը եւ չեմ դավաճանի նրան: «Գիր սիրե, ղալամ (գրիչ) սիրե, դավթար սիրե» – ասաց Սայաթ Նովան: Այնինչ շատեր ասում են ու անվերջ կրկնում՝ փող սիրե, շատ փող:
Տարիներ առաջ, երբ «Գրական թերթի» գլխավոր խմբագիրն էի, հարցաթերթիկ ուղարկեցի հարյուրից ավելի բարձր դասարանցիների. «Ի՞նչ եք ցանկանում դառնալ»: Գրեթե բոլորը երազում էին մի օր լինել դասախոս, ոստիկան, դատավոր, որոնց ետեւում ու առջեւը փողն է կանգնած իր ողջ հասակով: Չեմ դավաճանի փողին: Մեկն էլ ուզեց ապագայում դպրոցի տնօրեն աշխատել՝ իր դպրոցի տնօրենի պես, որն առանց կաշառքի ուսուցիչ ու աշակերտ չէր ընդունում, «Ես՝ քեզ, դու՝ ինձ»: Սկսվում էր նաեւ պատմականորեն ու ավանդաբար լուսավոր հայոց դպրոցի մթամածությունը: Ոչ մեկի մտքով չանցավ մի պարզ ու նվիրյալ ուսուցիչ դառնալ, օդաչու, գիտնական, արվեստագետ, դուք ասեք, մարդ ազնիվ ու օրինակելի, պարտաճանաչ արհեստավոր, անկաշառ դասախոս, կաթոգին ծնող, գյուղատնտես, անասնաբույժ եւ այլն, որքան աշխատանքներ կան մեր երկրում, որոնք սպասում են իրենց աշխատողին ու չեն գտնում: Պատասխաններից մեկն ինձ ցնցեց, կարդացի ու հավատս չէր գալիս, դուք եւս չեք հավատա, բայց ողբերգակատակերգական իրողություն է. Սիսակն ու Լալան, այսպես էր նրանց անունը, գրել էին՝ «Ուզում ենք դառնալ կաշառակեր, ումի՞ց ենք պակաս»: Ես մի դեդեկտիվի նման հետեւեցի նրանց կյանքին: Շուտով Լալան հղիացավ: Նրան ու Սիսակին վռնդեցին դպրոցից: Երկու կողմերի ծնողների ստիպմամբ նրանք, դեռեւս անչափահաս, ամուսնացան: Տղա ծնվեց՝ Սիսակ Սիսակովիչը: Նախկին անհաջողակ աշակերտները դարձան հաջողակ ու պատվական կաշառակեր, ինչպես իրենց ծնողները: Պտուղն իր ծառի տակ է ընկնում, մանավանդ որդնած պտուղը:
Կենցաղային օրինակներով ես խոսում եմ երեւույթի մասին: Չեմ ցանկանում այս էսսեն ծանրաբեռնել նմանատիպ այլ փաստերով, որոնք այնքան շատ են մեր կյանքում ու աշխարհիս վրա: Այդուամենայնիվ փորձեմ ինչ-որ չափով փոխակերպել երեւույթը ձեզ ի ցույց դնող փաստագրության բնույթն ու տրամաբանությունը, արդեն մի փոքր, որքան ի վիճակի եմ, մուտք գործելով պատմաքաղաքական ասպարեզ:
Հազարամյակներ ընդգրկող պատմությունը լի է ժողովուրդների ու պետությունների տարաբնույթ հարաբերություններով, որտեղ, գիտեք, կա եւ Հայաստան աշխարհ-Նաիրի-Արմենիա՝ իր արմեններով, մենք, որ կեղծ ու մեծամիտ դերանուն չէ, այլ ճշմարիտ բառ: Այդ հարաբերությունները հաճախ եղել են օտարին ստրկացնելու պայքար, հատկապես կայսրությունների պարագայում՝ հռոմեականից մինչեւ ռուսականը, որը ներկայումս մահացու անդունդի եզրին է, երկու ոտքերից մեկով՝ արդեն անդունդում: Բայց ոչ միայն այս, այլեւ անչար մարդկություն հալածող ուրիշ հանցավոր, չարակամ դավեր ու կռիվներ՝ հանուն աշխարհակալության՝ «ընդարձակ է հայրենի երկիրն իմ» օրհներգով: Ժուռնալիստը ժամանակակից ցարին հարց ուղղեց. «Որտե՞ղ է վերջանում Ռուսաստանի սահմանը»: Պատասխան. «Ոչ մի տեղ չի վերջանում»: Սա էլ մի ապացույց չէ՞, որ կայսերական Ռուսաստանը կործանվում է, հնարավոր է այնքան փոքրանա-կծկվի, որ, ինչպես իր մանկության ժամանակ, դառնա մի բուռ Մոսկովյան Ռուսիա:
«Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ»-ի լուր աշխարհի ասաց մեր սքանչելի դասականը: Իհարկե անցնում են, սակայն անմիջապես էլ գալիս են նորերը եւ փոխարինում իրենց թաթարամոնղոլներին: Ողբերգություն է այս անվերջությունը: Պատմությունից առնեմ արդիական մեկ օրինակ, որն ինձ ու ձեզ դարձել է դժնդակ ճակատագիր, արհեստածին Ադրբեջանի ֆաշիզմն իր նավթարյուն ու գազաշունչ ֆյուրերով, որ ամեն պահ խաբում է, եւ աշխարհը մի զգալի չափով, գիտակցաբար թե ենթագիտակցորեն խաբվում է ոչ առանց սեփական շահի ու մասնավոր դիվանագիտության:
Շարունակությունը` հաջորդիվ
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ