Մայիսին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվեց նախագահ: Ընտրությունները տեղի ունեցան երկու փուլով, քանի որ թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ 50 տոկոսից ավելի ձայներ հավաքել առաջին փուլում: Գլխավոր պայքարը երկու թեկնածուների՝ նախագահ Էրդողանի եւ Քեմալ Քըլըչդարօղլուի միջեւ էր: Վերջինս 6 ընդդիմադիր կուսակցություններ ներառող «Ազգային դաշինք» կոալիցիայի թեկնածուն էր:
Թուրքիայի այս ընտրությունները բնականաբար Մ. Նահանգների ուշադրության կենտրոում էր գտնվում, քանի որ Էրդողանի իշխանության օրոք ամենատարբեր բնագավառներում զգալի լարվածություն էր գոյացել Թուրքիա-Մ. Նահանգներ հարաբերություններում: Էրդողանը ձգտում է նվազեցնել արեւմտյան երկրների ներգործությունը Թուրքիայի եւ նրա տնտեսության վրա, հետամուտ լինելով գործողությունների ազատություն ձեռք բերել Միջին Արեւելքի, Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացմանն ուղղված իր քաղաքականության մեջ: Այդ է պատճառը, որ Արեւմուտքի համար նախընտրելի է Թուրքիայում հստակ տարբերակումով առավել արեւմտամետ մի առաջնորդ տեսնել իշխանության ղեկին:
Քըլըչդարօղլուն ամեն հնարավորություն ուներ դառնալու այդ արեւմտամետ անձնավորությունը, որի հետ Արեւմուտքը հույս ուներ զարգացնել նվազ խնդրահարույց հարաբերություններ: Մ. Նահանգները, սակայն, բացահայտորեն չպաշտպանեց Քըլըչդարօղլուին: Փոխարենը զգուշավոր մոտեցում ցուցաբերեց, գիտակցելով Էրդողանի վերընտրության բարձր հավանականությունը: Ի վերջո, Էրդողանն իր երկրի առաջնորդն էր դարձել 2003 թվից, նախ որպես վարչապետ, ապա որպես նախագահ: Իր տրամադրության տակ ունենալով պետական հսկայական ռեսուրսներն ու հզոր բանակի պաշտպանությունը, Էրդողանը կարողացավ պարտության մատնել իր գլխավոր հակառակորդին եւ իր իշխանությունը երկարացնել մինչեւ 2028 թվականը:
Ներկայիս խիստ կարեւոր է այդ ընտրությունների վերաբերյալ դիտարկել Վաշինգտոնի արձագանքը հասկանալու համար, թե ինչ ուղերձներ են թաքնված Մ. Նահանգների պաշտոնական հայտարարությունների եւ զանգվածային լրատվամիջոցների լուսաբանությունների ետեւում: Ստորեւ կփորձենք ներկայացնել պետական, զանգվածային լրատվամիջոցների եւ ուղեղների շտեմարանների ամենատարբեր արձագանքները:
Միացյալ Նահանգներ-Թուրքիա հարաբերությունները լարված են վերջին տարիներին հիմնականում Էրդողանի անձնավորության եւ Ռուսաստանի հետ նրա խորացող հարաբերությունների հետեւանքում: Էրդողանի նախագահ վերընտրվելը ինչպես իր, այնպես էլ իրեն պաշտպանողների տեսանկյունից դիտարկվում է որպես հարված Արեւմուտքին, մասնավորապես Մ. Նահանգներին, որ Էրդողանի կարծիքով փորձում էր միջամտել Թուրքիայի ընտրություններին՝ պաշտպանել իր գլխավոր հակառակորդին: Էրդողանը հատկապես դժգոհ էր այն փաստից, որ Անկարայում Ամերիկայի դեսպանը հանդիպել էր իր քաղաքական հակառակորդ Քըլըչդարօղլուի հետ: Դա համարվում էր միջամտություն Թուրքիայի ներքին գործերին, ընտրություններին եւ պատշպանություն Քըլըչդարօղլուին: Այդ պատճառով էլ ընտրարշավի օրերին Էրդողանը եւ իր կողմնակիցները հիմնականում թիրախավորում էին Ամերիկային եւ խոսում «նրանց մի լավ դաս տալու» անհրաժեշտության մասին:
Մ. Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն, այդ ժամանակահատվածում խուսափում էին մեկնաբանություններ կատարել այդ հարցի շուրջ կամ բարձրաձայնել իրենց նախընտրությունների մասին, գիտակցելով դրանց հնարավոր հետեւանքները: Մամուլի ասուլիսների ժամանակ ընտրությունների թեմայի շուրջ հարցեր բարձրացվում էին անշուշտ, սակայն արտաքին գերատեսչության խոսնակը համառորեն պնդում էր պաշտոնական դիրքորոշումը այն մասին, թե Մ. Նահանգները «շարունակելու է համագործակցել մի շարք երկկողմ շահագրգռվածության առաջնահերթությունների բնագավառում՝ սերտացնելու հարաբերությունները թուրք ժողովրդի ընտրած կառավարության հետ»:
Ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Մ. Նահանգները շնորհավորեց Էրդողանին նախագահի մակարդակով: Ջո Բայդենը անձամբ հեռախոսազրույց ունեցավ Էրդողանի հետ: Պաշտոնական հաղորդակցության համաձայն՝ երկու նախագահները «իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու, որպես մերձավոր գործընկերներ, միասնական աշխատանքը երկու երկրների ժողովուրդների միջեւ հարաբերությունների սերտացման ուղղությամբ»: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես շնորհավորեց Էրդողանին նշելով՝ Մ. Նահանգների համար «Թուրքիան ՆԱՏՕ-ի թանկ դաշնակիցն է եւ գործընկերը»:
Մյուս կողմից, Մ. Նահանգների ուղեղների շտեմարանները իրենց կանխատեսումներն են կատարել այն մասին, թե ինչպես է Էրդողանի վերընտրությունը ազդելու Թուրքիայի արտաքին քաղաքականության եւ մասնավորապես Մ. Նահանգների հետ այդ երկրի հարաբերությունների վրա: Ընդհանուր առմամբ իշխող նախագահի վերընտրությունը նախատեսում է ոչ թե փոփոխություն, այլ շարունակություն նախկին քաղաքականության: Էրդողանի արտաքին քաղաքականության երեք գլխավոր հենասյուները շարունակելու են գործել: Դրանք են. (ա) ռազմավարական կիսանկախություն՝ խարսխված ՆԱՏՕ-ի շրջանակներում տարածական զգուշավորությամբ, (բ) հավասարակշռված մոտեցում եւ առանձին վերաբերմունք գերտերությունների հանդեպ եւ (գ) խստագույն իշխանության եւ հայեցակարգային դիվանագիտության խառնուրդ հանդիսացող «մտրակի ու բլիթի» քաղաքականության կիրառում անմիջական հարեւանների հետ:
Եզրակացությունն այն է, որ Էրդողանի արտաքին քաղաքականությունը հիմնականում մնալու է նույնը: Թուրքիան փորձելու է առավելագույնը ստանալ ամենատարբեր, երբեմն հակամարտության մեջ գտնվող երկրների հետ հարաբերություններում: Թուրքիան շարունակելու է խուսանավել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, խորացնելու է հարաբերությունները Ծոցի երկրների հետ, փորձելով նրանցից ներդրումներ կորզել, օգտագործելով Իսրայելի հետ իր ջերմ հարաբերությունները՝ բարելավելու է գործակցությունը Մ. Նահանգների հետ եւ փորձելու է մեկուսացնել Հունաստանին, Եգիպտոսի հետ կապերը բարելավելու միջոցով:
Երբ խոսքը իր հարեւանների (եւ ոչ միայն) հետ կարեւորագույն հարցերին է վերաբերում, Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ավանդական դարձած այսպես կոչված «գործարքային» սկզբունքով:
Օրինակ, ՆԱՏՕ-ում Շվեդիայի անդամակցության հարցի շուրջ ընդդիմությունը, որը լուրջ մարտահրավեր էր Մ. Նահանգներ-Թուրքիա հարաբերություններում, կարելի է կապել կոնգրեսում առկախ մնացած Թուրքիային F-16-երի վաճառքի հետ: Էրդողանը նաեւ շաունակելու է հանդես գալ որպես ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանն ընդունակ աչքի ընկնող միջնորդի:
Այստեղից էլ պետք է ենթադրել, որ Մ. Նահանգներն էլ շարունակելու է «գործարքային» հարաբերությունները իր «դժվարհասկանալի դաշնակցի» հետ, ինչպես Բլինքենն էր բնութագրել Թուրքիային՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի առաջ ելույթ ունենալով: Ինչ խոսք, ակնկալվում են բազմաթիվ մարտահրավերներ եւ դժվարություններ, որոնցից շատերը անցյալ տասնամյակից են սկզբնավորվել:
Մյուս կարեւորագույն խնդիրը, որը կարող է ազդել Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, տնտեսությունն է: Թուրքիան կարիք ունի ֆինանսական նոր հոսքերի՝ արտասահմանից: Վերջինիս բացակայությունը հնարավոր է պատմության մեջ առաջին անգամ Թուրքիային կանգնեցնել «դեֆոլտի»՝ այսինքն պարտքերի մարման անկարողության առաջ: Այդ պատճառով էլ Թուրքիան նախեւառաջ ֆինանսական օժանդակություն է ակնկալելու Ռուսաստանից, Քաթարից եւ Ծոցի երկրներից: Կանխատեսվում է նաեւ, որ Թուրքիան խուսափելու է «միտումնավոր ընդհարվելու Արեւմուտքի հետ, կամ գործելու որպես խանգարող պետություն», հույս ունենմալով ստանալ ներդրումների եւ կրեդիտների նոր, հավելյալ հոսքեր:
Այսպիսով, ուղեղների շտեմարանները հավատացած են, որ ավանդական դարձած «գործարքային» հարաբերությունները Թուրքիայի հետ կշարունակվեն, ինչը կբացառի, իր հերթին, հետագա լուրջ բախումները կամ հարաբերությունների վատթարացումը արեւմտյան դաշնակիցների հետ, որպեսզի Թուրքիան կարողանա փրկել իր տնտեսությունը:
Միաժամանակ՝ Թուրքիան շարունակելու է, իր շահերից ելնելով, հարաբերություններ զարգացնել Ամերիկայի գլխավոր մրցակից պետությունների՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ինչը հավանաբար խնդիրներ է առաջացնելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների բնագավառում:
Ինչ վերաբերում է Էրդողանի վերընտրության վերաբերյալ ամերիկյան մամուլի արձագանքներին, ապա մի քանի նկատառումներ կարելի է մատնանշել:
Առաջին: Էրդողանի վերընտրությունը ամրապնդելու է ինքնիշխանությունը Թուրքիայում: Ըստ Մ. Նահանգների զանգվածային լրատվամիջոցների, Էրդողանը օգտագործել էր պետության բոլոր հնարավոր ռեսուրսները, ներառյալ տեղեկատվության վերահսկման եւ ընտրական ձեռնտու օրենքների կիրառման ոլորտների ընձեռած պայմանները: էրդողանի հաղթանակը համարվում է «ինքնիշխանության համաշխարհային ակումբի» հաղթանակը: Ավելին, Էրդողանի իշխանության հետագա հինգ տարիները է՛լ ավելի սնամեջ են դարձնելու գործող ինստիտուցիոնալ կառույցները եւ խորացնելու են ինքնիշխանության քաղաքական ավանդույթները երկրի հոգեբանության մեջ»: Որոշ աղբյուրներ նաեւ նշում են, որ Էրդողանի հաղթանակը է՛լ ավելի է ընդարձակելու նրա «ինքնիշխանական կարողությունները»: Նա պատրաստվում է նոր սահմանադրության օրինագիծ ներկայացնել, որտեղ ներառված կլինեն իր «Արդարություն եւ բարգավաճում» պահպանողական եւ կրոնական կուսակցության նախատեսած բոլոր բարեփոխումները:
Երկրորդ: Թուրքիան շարունակելու է կապերն ամրապնդել Ռուսաստանի հետ, հեռանալով Արեւմուտքի ուղեծրից: Մ. Նահանգները, մասնավորապես, մտահոգված է Թուրքիայի այս հակա-արեւմտյան կողմնորոշումից: Էրդողանը քանիցս պնդել է, որ ընտրությունների ընթացքում Ամերիկան պաշտպանել է իր քաղաքական հակառակորդին, մինչդեռ մրցակից թեկնածու Քըլըչդարօղլուն, իր հերթին, մեղադրել էր Ռուսաստանին՝ ընտրություններին միջամտելու համար: Թվիթերյան իր բլոգում նա ռուսերենով պահանջել էր չմիջամտել Թուրքիայի ներքին ընտրություններին:
Էրդողանն անընդհատ փորձում է հեռանալ անդրատլանտյան ուղեծրից, առավել խորացնելով իր կապերը Ռուսաստանի հետ: Իր տնտեսական խնդիրները կարգավորելու նպատակով նա կարողացավ կենտրոնական բանկային փոխառությունների միջոցով ֆինանսական օգնություն ստանալ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Սաուդյան Արաբիայից, Արաբական միացյալ էմիրություններից եւ Քաթարից: Դրանով նա ի վիճակի եղավ բարձրացնել աշխատավարձերը ընտրություններից առաջ:
Ամերիկյան լրատվամիջոցները հատկապես ընդգծել էին այն փաստը, որ ընտրություններից հետո առաջին շնորհավորանքները Էրդողանը ստացավ մի շարք ինքնիշխան պետությունների ղեկավարներից: Այդ պետությունների շարքում թվարկվում էին Ռուսաստանը, Քաթարը, Լիբիան, Ալժիրը, Հունգարիան, Իրանը եւ Պաղեստինի իշխանությունները: Ռուսաստանը, ինչ խոսք, կիզակետում էր հայտնվել: Հատուկ ուշադրության էր արժանացել Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձը, որտեղ ասված էր. «Ընտրությունները հստակ ապացուցեցին թուրք ժողովրդի պաշտպանությունը՝ պետությունների ինքնավարությունը ամրապնդելու եւ անկախ արտաքին քաղաքականություն վարելու Էրդողանի գործադրած ջանքերին»:
Ըստ ամերիկյան լրատվական գործակալությունների՝ ՆԱՏՕ-ի դաշնակից պետություն լինելով Թուրքիան հաջողությամբ կարողացավ սերտ կապեր հաստատել Ռուսաստանի հետ եւ խորացրեց ինքնիշխանության արմատները երկրում: Այդ պատճառով էլ նման քաղաքականությունը իր հետեւանքներն է ունենալու Թուրքիայից դուրս՝ ամբողջ աշխարհում, պահանջելով մարտավարական նոր կողմնորոշում Եվրասիական խաչմերուկի հանդեպ:
Եվ երրորդ, բայց նույնքան կարեւոր որքան նախորդները, ամերիկյան լրատվամիջոցները շեշտադրեցին, որ Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան շարունակելու է ընդարձակել իր աշխարհաքաղաքական դերակատարությունը՝ օգտվելով Արեւմուտք-Ռուսաստան ընթացիկ հակամարտությունից:
Դարձյալ ըստ ամերիկյան տարբեր լրատվամիջոցների հաղորդագրությունների, հակառակ բոլոր մարտահրավերներին Էրդողանն, այնուամենայնիվ, ուներ մեկ կարեւոր առավելություն հաղթանակ ձեռք բերելու համար ընտրություններում: «Նա ձեռք էր բերել ճարպկորեն խուսանավելու ընդունակ լինելու համբավ, որի հետեւանքում մեծացրել էր իր երկրի ազդեցությունը տարածաշրջանում, հատկապես այդ տարածաշրջանի նկատմամբ առավել սուր ընթացող Ռուսաստան-Արեւմուտք մրցակցության պայմաններում»:
Ավելին, ասում են՝ Էրդողանը բարելավել է Թուրքիայի հեղինակությունը, դառնալով աշխարհի կարեւոր ղեկավարներից մեկը, որ փորձում է դյուրացնել երկխոսությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ:
Էրդողանը կարողացավ Կիեւին զենք վաճառել՝ միաժամանակ ընդարձակելով տնտեսական կապերը Ռուսաստանի հետ: Ինչ վերաբերում է Արեւմուտքի հետ հարաբերություններին, Էրդողանն իր բոլոր լծակներն է գործի դնում դանդաղեցնելու համար, օրինակ, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, մինչեւ իր պայմանների ի կատար ածումը:
Մ. Նահանգները քաջ գիտակցում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակից պետություն լինելով հանդերձ նախագահ Էրդողանը կարողանում է սերտ կապեր հաստատել Մ. Նահանգների թշնամի պետությունների, մասնավորապես Ռուսաստանի եւ Չինաստանի հետ: Թուրքիան կարողանում է իր շահերը պաշտպանել երկու բեւեռների հետ հավասարակշռված միջամտությունների շնորհիվ: Նա կարողանում է Ռուսաստանին մեղադրել Ուկրաինա ներխուժելու համար, բայց միաժամանակ մերժում է նրա դեմ պատժամիջոցներ կիրառել: Ընդհակառակը, նա ընդարձակում է Մոսկվայի հետ առեւտրաշրջանառությունը: Էրդողանը Վլադիմիր Պուտինին «իմ ընկերն» է անվանում եւ խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ընդարձակման ջանքերը, չթողնելով, որ Շվեդիան միանա այդ կառույցին:
Ընդհանուր առմամբ, դատելով պետական պաշտոնյաների, մամուլի եւ ուղեղների շտեմարանների արձագանքներից, հստակ եզրակացությունների կարելի է հանգել Էրդողանի վերընտրության առթիվ ձեւավորված ամերիկյան դիրքորոշման վերաբերյալ: Ակներեւ է, որ Մ. Նահանգները այնքան էլ ոգեւորված չէ ընտրությունների արդյունքից եւ Էրդողանի վերընտրվելուց, սակայն շարունակելու է համագործակցել վերջինիս եւ իր թիմակիցների հետ՝ ունենալով միաժամանակ ե՛ւ խորը տարաձայնություններ, ե՛ւ ընդհանուր շահեր:
ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Սուրեն Արմենի Սարգսյանը Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր նախագահն է: Երեւանի պետական համալսարանն ավարտելուց հետո իրավագիտության մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Հայաստանի ամերիկյան համալսարանից եւ միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան՝ ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի եւ դիվանագիտության դպրոցից: Վերլուծական հոդվածներով հանդես է գալիս ՌԱԿ Բոստոնի «Armenian Mirror-Spectator» շաբաթահանդեսում, որտեղից էլ թարգմանաբար՝ ներկա հոդվածը: Դասավանդում է Բրյուսովի անվան համալսարանում:
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)