Երբ գրվում են այս տողերը, Ազգային ժողովն առայժմ առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ քվեարկության դրված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մշակութային հաստատությունների անվանումներում «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով: Այս հարցի հանրայնացումից հետո կառավարական նախագիծն այնքան արագ մտցվեց խորհրդարանի օրակարգ, որ դրա մասնագիտական ու հանրային քննարկման հնարավորության մասին խոսք լինել երեւի չէր էլ կարող:
Դեռ խորհրդարանական հանձնաժողովի նիստում ներկայացնելով օրինագիծը, ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը մասնավորապես նշել է, թե «անհրաժեշտություն է առաջացել ավելի արժեւորել պետություն, պետական եւ պետականություն բառերը»: Նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելել է, թե «հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը բարձրագույն արժեքն է, մենք առաջնորդվում ենք նրանով, որ մեր սանդղակը պետք է կարգաբերենք պետության համեմատ»: Կարծես թե մինչեւ այժմ դրանք պետական չէին:
Բայց մինչ նման հիմնավորումներին արձագանքել փորձելը մի փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք համացանցային աղբյուրներում՝ պարզելու, թե հարցն ինչպես է դրված աշխարհի տարբեր երկրներում: Նշենք, դիցուք, հանդիպած ազգային թատրոններից մի քանիսը. Թագավորական ազգային թատրոն (Լոնդոն)՝ Մեծ Բրիտանիայի ազգային թատրոնը, երկու ազգային թատրոն (մեկը օպերայի)՝ Չեխիայի մայրաքաղաքում եւ Բռնո քաղաքում, Բելգրադի ազգային թատրոն՝ Սերբիայի ազգային թանգարանի հարեւանությամբ, վեց ազգային թատրոն Ֆրանսիայում՝ սկսած հայտնի «Կոմեդի Ֆրանսեզ»-ից, այդ տիտղոսը կրող թատրոններ Ալբանիայում, Ռումինիայում, Խորվաթիայում, Իսրայելում, Գերմանիայում, Նորվեգիայում, Շոտլանդիայում, Ուելսում, այլուր: Ազգային թանգարաններ միայն Վիքիպեդիայում հաշվեցի ավելի քան ութ տասնյակ, այդպիսի պատկերասրահներ՝ 20-ը: Աշխարհի խոշորագույն գրադարաններից նշվողների թվում են Բրիտանական գրադարանը՝ Մեծ Բրիտանիայի ազգային գրադարանը, աշխարհի խոշորագույն՝ Կոնգրեսի գրադարանը՝ ԱՄՆ-ի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական (Մոսկվա, ազգային համարվող), Ռուսաստանի ազգային (Սանկտ Պետերբուրգ) գրադարանները, այդպիսիք Գերմանիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Դանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ուկրաինայում… 1980-ական թվականներից՝ արդեն նաեւ ազգային էլեկտրոնային գրադարաններ: Գիտությունների ազգային ակադեմիաներ Բելոռուսիայում, Հնդկաստանում, Ղրղզստանում, Ուկրաինայում, ազգերի խառնարան ԱՄՆ-ում, Ադրբեջանում…
Կարելի՞ է ասել, թե այս երկրներում պետականն ու պետականությունը կարեւորված չեն: Եթե որեւէ մեկը կհամարի, թե մերն ուրիշ է, թվում է՝ մեր պարագայում առավել եւս պետք է կարեւորվեր ազգայինն ու ազգայի՛ն պետությունը, պետականությունը, ինչը բացատրելու անհրաժեշտություն երեւի չկա: Կամ պետական են, օրինակ, մի հանրակրթական դպրոցի գրադարանն ու մեր Ազգային գրադարանը՝ աշխարհի ամենախոշոր հայերեն գրականության պահոցը: Դրանք մի հարթության վրա դնելը որքա՞ն ճիշտ է:
Եվ նշենք առավել էականը: Չենք խորացել՝ իրավական հարթությունում ինչպես է գնահատվում ազգ (ժողովուրդ)-պետություն հարաբերակցությունը, բայց պարզ տրամաբանությունը կարծես թե թելադրում է, որ, ինչպես մեկ անգամ արդեն առիթ ունեցել ենք ասելու, առաջնայինը ազգը, ժողովուրդն է, իսկ պետությունը նրան ծառայող գործիքն է: Ըստ այդմ բարձրագույն արժեքը ոչ թե պետությունն է, այլ ազգը, ժողովուրդը, որին որպես կազմակերպման բարձրագույն ձեւ ծառայում է պետությունը: Եվ այս երկու հասկացություններն իրար հակադրելը կարծում ենք՝ ճիշտ չէ: Ի վերջո, պետությունը եւ մեր հազարախնդիր պետականությունը բառը փոխելով չեն կարեւորում ու ամրացնում: Դատելով ընդհանրապես ազգայինի նկատմամբ ներկա կառավարության մինչեւ այժմ վարած քաղաքականությունից, ուղղակի դժվար է չմտածել, որ այս դեպքում էլ կառավարության համար կարեւորը պարզապես «ազգային» հասկացությունից ազատվելն է:
Եվ՝ ո՛չ միայն հացիվ…
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարեւորելով պետության գաղափարը մեկ այլ դիրքից, միտք հայտնեց, թե դրա հետ կապված է նաեւ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» ժողովրդական ասացվածքը: Դա հայտնի խոսք է, որը եթե մեր պատմության հին դարերում է ծագել, ամենայն հավանականությամբ ուրիշ խոր իմաստ է ունեցել, եւ այդ որտեղն էլ այդ ժամանակ մեր հայրենիքի սահմաններում է եղել: Իսկ եթե այն մեզ ինչ-որ ժամանակ ներշնչվել է դրսից, ինչը նույնպես անհավանական չի թվում, ապա դա թշնամու սադրիչ խոսք է եղել, որն այսօր հաճախ ծառայում է նաեւ որպես հայրենալքության արդարացման միջոց: Այսօրվա մեր իրականության ու մարտահրավերների պայմաններում դա շեշտելն առվազն անզգույշ խոսք է ու վտանգավոր: Որովհետեւ հենց միայն հացը, այն է՝ նյութականը կարեւորելով եւ հաճախ այն նաեւ նպատակ դարձնելով՝ մենք այս տասնամյակներին այնքան արժեքներ կորցրինք… Մինչդեռ մեր ժողովրդական քրիստոնեական մեկ այլ հայտնի իմաստություն, հակադրվելով դրան, ասում է՝ մարդն ապրում է ոչ միայն հացիվ, այլեւ բանիվ: Ոչ միայն նյութականով, այլեւ հոգեւորով:
Հայկական «Արտ քոլեջ» (art-collage.com) մշակութային, տեղեկատվական-վերլուծական կայքը չորս տարի առաջ իր ընթերցողներին է ներկայացրել Բեյրութում լույս տեսնող «Էջեր գրականության եւ արվեստի» պարբերականին Պարույր Սեւակի 1969 թվականի «մի անհայտ» հարցազրույցը, որը կայքին է տրամադրել արձակագիր Հովիկ Չարխչյանը: Այստեղ մեզ հետաքրքրող հարցի մասին, ըստ արված մեջբերման, Մեծն Սեւակն ասել է. «Գաղտնիք չէ, որ մեր ազգը դարեր շարունակ ճոճանակվել է երկու խոսքի միջեւ, որոնցից առաջինը պարզապես ահավոր է. «Որտեղ հաց, այնտեղ կաց»: Անկարելի է բոլորի ուղեղներից մեկիկ-մեկիկ քերել այս ահռելի ըմբռնումը, մանավանդ որ դա ոչ միայն մարդկային-բնախոսական մղում է, այլ նաեւ (մեր ազգի պատմական բախտի հաշվառմամբ)՝ պարզապես ճակատագիր: Բայց մեր ազգային բախտը դարեր շարունակ ունեցել է նաեւ իր երկրորդ նժարը. «Ոչ միայն հացիվ կեցցե մարդ, այլեւ բանիվ»: Այս նժարումն է մեր տեղը…»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
2024.09.11