«Ազգի» նախորդ համարում արդեն ծանուցել ենք, որ Մյունխենի երկրամասային գերագույն դատարանում հունվարի 16-ին սկսվել է գերմանացի նախկին երկու պատգամավորների՝ Էդուարդ Լինթների եւ Աքսել Ֆիշերի եւ նրանց առնչվող երկու անձանց դատավարությունը: Վերջիններիս ԳԴՀ դատախազությունը մեղադրում է Ադրբեջանից կաշառք ստանալու դիմաց այդ երկրի շահերը Գերմանիայում, ԵԽԽՎ-ում պաշտպանելու համար: Նրանց պաշտպաններն առայժմ հերքում են դատախազության ներկայացրած փաստերը, սակայն դեռ սկիզբն է, մինչեւ օգոստոս ընթացող դատավարությունը դեռ շատ բան կպարզաբանի: Մեզ համար հատկապես ուշագրավ է, որ դատարանում անընդհատ շրջանառվում է «ԼՂ-ն Ադրբեջանին է պատկանում» թեզը հիմնավորելու համար պատգամավորների լոբբիստական աշխատանքի մասին, որի դիմաց նրանք գումարներ են ստացել Բաքվից: «Ազգում» առիթ եղել է գրել այդ լոբբիստների, մանավանդ Լինթների մտացածին պնդումները Արցախում հայերի կատարած «ոճրագործությունների» մասին, նաեւ հակահրեական տրամադրությունների մասին նրա ակնարկները, որ պարարտ հող չունեցան:
Հիշյալ դատավարությանն անդրադարձել են գերմանական բոլոր խոշոր ԶԼՄ-ները, մենք էլ հետեւում ենք, տեղի սղության պատճառով առաջիկայում կլուսաբանենք:
Բաքվի մերձակայքում գտնվող դատարանում հունվարի 17-ին սկսված հայ 15 ռազմագերիների դատավարությունը ավելի նվազ լուսաբանում է գտել: «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների քաղաքական մեկնաբան Ֆրիդրիխ Շմիդտը հունվարի 17-ին «Հայերը դատարանի առաջ» վերնագրով հոդվածում Մոսկվայից անդրադառնում է վերոհիշյալին: Կարեւորելով ՖԱՑ-ի հրապարակումը, ներկայացնում ենք այն համարյա անխաթար: « 2023-ին Բաքվի կայծակնային հարձակման հետեւանքով ԼՂ գերեւարված քաղաքական գործիչների ու զինվորականների դեմ դատավարությունն է սկսվել»: Մեկնաբանը նկատել է տալիս, որ Ադրբեջանը եւ Հայաստանը թեեւ բանակցում են սահմանազատման վերաբերյալ, որը «երկու ոխերիմ թշնամիների միջեւ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախապայմանն է, միաժամանակ Բաքուն ավելացնում է ճնշումը Երեւանի վրա»: «Մեղադրյալների թվում են չճանաչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» նախկին «նախագահները» եւ նախկին զինվորականներ, որոնց Բաքուն հետապնդում է՝ որպես «անջատողականների» եւ «ահաբեկիչների»: Մեղադրանքները ներառում են նաեւ սպանություններ, խոշտանգումներ, ցեղասպանություն, ինչպես նաեւ ագրեսիվ պատերազմ վարելն ու պլանավորելը: Ենթադրյալ գործողությունների սկիզբը թվագրվում է 1987 թվականին, երբ ԽՍՀՄ-ում բռնկվեց ազգամիջյան հակամարտությունը: Եթե Երեւանի հետ պայմանավորվածությամբ ազատարձակում չհաջողվի, ապա ամբաստանյալներին սպառնում է ցմահ ազատազրկում: Նույնը նաեւ Բաքվի ամենահայտնի բանտարկյալին՝ Ռուբեն Վարդանյանին է սպառնում: Միլիարդատիրոջ դեմ առանձին գործ է վարվում: Վարդանյանն իր հարստությունը վաստակել է ՌԴ-ում, 2022 -ի նոյեմբերից մինչեւ 2023 -ի փետրվարը եղել է Ղարաբաղի փաստացի վարչապետը: Նա գերեվարվել է 2023 -ի սեպտեմբերի վերջին: Վարդանյանը ընտանիքի միջոցով հայտարարել է, որ նախնական կալանքի 470 օրից 340-ը անցկացրել է մեկուսարանում, իսկ 23-ը՝ բանտախցում:
Նա ասել է, որ դեռ չի կարողացել ուսումնասիրել իրեն առաջադրված 42 մեղադրանքները, հայտարարել է , որ «ինքը եւ իր հայրենակիցները լիակատար անմեղ են»՝ պահանջելով ավարտել «քաղաքականացված այս գործը»: Առնվազն 23 հայ, հնարավոր է` տասնյակ ավելին, գտնվում է ադրբեջանական գերության մեջ: Ալիեւն անզիջում է եւ վերջին շրջանում Հայաստանի դեմ նույնիսկ սաստկացրել է իր հռետորաբանությունը: Նա ՀՀ անվանել է «ֆաշիստական պետություն» եւ պահանջել, որ ադրբեջանցիները հայկական տարածքներ վերադարձի իրավունք ունենան», գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» մեկնաբանը:
Նույն օրը Բաքվի ապօրեն դատավարության մասին գրում է նաեւ գերմանական «Շթեռնը»: Ռուբեն Վարդանյանի լուսանկարով «Ադրբեջանը դատում է ԼՂ նախկին ղեկավարությանը» վերնագրյալ հոդվածն այսպես է սկսվում՝« 2023 -ին ԼՂ հայաբնակ անկլավը վերագրավելուց հետո ավտորիտար Ադրբեջանը 16 հայ առաջնորդների դատի է տալիս: Բաքվում նախատեսվում է սկսել երկու քրեական դատավարություն: Միջազգայնորեն չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (հայերեն Արցախի ընդգծում է «Շթեռնը») կառավարության նախկին ղեկավար Ռուբեն Վարդանյանն անհատապես մեղադրվում է, ի շարս այլ բաների՝ ահաբեկչության, մարդկության եւ Ադրբեջանի պետության դեմ հանցագործությունների մեջ»: Այնուհետ «Շթեռնը» հղում անելով ադրբեջանական պետական լրատվամիջոցներին՝ հավելում է, որ «Բաքվում դատվում են ԼՂ-ից եւս 15 քաղաքական գործիչներ, այդ թվում՝ վերջին նախագահ Արայիկ Հարությունյանը: Գերմանական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ քննադատել են սույնը՝ որակելով քաղաքական դրդապատճառներով ցուցադրական դատավարություններ, նաեւ կոչ արել Գերմանիայի դեսպանատանը տեղում հետեւել դատավարության ընթացքին», իրազեկում է «Շթեռնը»: Հոդվածի վերջում «Պատմական վեճ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ» ենթավերնագրյալ հատվածում թեեւ նշված է, որ «ավելի քան 100 տարի ԼՂ շուրջ վեճը շարունակվում է, հատկապես ուժգին թափով՝ երկաթե վարագույրի անկումից հետո, որ մինչ ԽՍՀՄ փլուզումը ԼՂԻՄ էր, պատկանում էր Խորհրդային Ադրբեջանին, ԽՍՀՄ կազմում էր, իսկ դրա փլուզումից առաջացան երկու անկախ՝ Հայաստան եւ Ադրբեջան պետություններ, որ հայ մեծաթիվ բնակչությամբ ԼՂ-ն միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանին էր պատկանում, ուստի էսկալացիան անխուսափելի էր թվում, եւ 1991-ին ԼՂ-ն անկախություն հռչակեց, ստիպված էր մշտապես այդ կարգավիճակը պաշտպանել, քանի որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հավակնում էին այդ տարածքին»: «Շթեռնը» օգտվել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, APA, OC-Media, DPA գործակալության աղբյուրներից, որ ակնհայտ թաքցնում են գլխավորը՝ ԼՂԻՄ-ի Հայաստանին միանալու որոշումը: 1988թ. փետրվարի 20-ին ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց, որն իր մեջ պարունակում էր դիմում՝ ուղղված Ադրբեջանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմից դուրս գալու, Հայաստանի Գերագույն խորհրդին՝ նրա կազմի մեջ մտնելու եւ ԽՍՀՄ ԳԽ՝ այդ դիմումը բավարարելու մասին: Սրա մասին ինչո՞ւ չենք հիշատակում:
«Հայկական բանակի օգնությամբ ԼՂ-ն Հարավային Կովկասում ինքնիրեն պահեց՝ որպես պետական միավորում: 2023-ի սեպտեմբերին Ալիեւի զորքերը վերահաստատեցին տարածքի հանդեպ վերահսկողությունը: Ավելի քան 100 հազար մարդ բռնաճնշումների վախից փախավ հայրենիք՝ Հայաստան, ղեկավարներից շատերին ձերբակալեցին, տարան Բաքու: Մոտ 6000 հոգի տեղափոխվել է Ռուսաստան՝ այնտեղ պաշտպանություն գտնելու», ամփոփում է «Շթեռնը»:
«ԼՂ հակամարտությունը Դավոսի ֆորումում. Խնդիրները պիտի լուծում գտնեն այնտեղ, որտեղ ծագել են» վերնագրով հրապարակումը, որ հունվարի 22-ին տեղ է գտել «Դի վելթվոխե» (թրգմ. «Շաբաթն աշխարհում») առցանց լրատվականում, տպավորում է սուր եւ սրտացավ տեսակետով: Հեղինակը շվեյցարացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էրիհ Ֆոնթոբելն է (Erich Vontobel):
«Այս շաբաթ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կհանդիպեն Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը: Խորհրդանշական մեծ նշանակություն ունեցող հանդիպմանը կարող է մասնակցել նաեւ Դաշնային խորհրդի անդամ Կասիսը (նա նաեւ արտգործնախարարն է- Ան. Հ.): Դավոսի Կոնգրեսի կենտրոնի փայլեցված արտաքին ճակատի հետեւում մութ ստվերներ են պահվտած՝ Բաքվում ցուցադրական դատավարություններ են ընթանում 100,000 հայերի ներկայացուցիչների դեմ, որ ԼՂ-ից տեղահանվել էին 2023-ի սեպտեմբերին: Համաշխարհային քաղաքականության շամպայնի զրնգացող բաժակներից հեռու՝ ԼՂ փախստականներն ապրում են ծայրահեղ դժվար պայմաններում», գրում է շվեյցարացի պատգամավորը:
«Այն մարդիկ, ում հանդիպել եմ 2024-ի հոկտեմբերին Հայաստան կատարած իմ այցի ժամանակ, ձայն չունեն Դավոսում: Ադրբեջանը կամենում է նրանց մոռացության մատնել, քանի որ ցանկանում է նվաճված շրջանը մահմեդական ադրբեջանցիներով վերաբնակեցնել: Հայաստանը նույնպես՝ գերադասում է լռեցնել իր ժողովրդին, քանի որ վախենում է գերզինված, ագրեսիվ իր հարեւանից: Իսկ Շվեյցարիայի ԱԳ՞Ն-ն: Այնտեղ էլ կնախընտրեն հարցին չանդրադառնալ, թեեւ Շվեյցարիան երկար տարիներ զարգացման թանկարժեք օգնություն է տրամադրում տարածաշրջանին: Անցյալ տարի միջազգային դատարանը վճռեց, որ հայ փախստականները կարող են վերադառնալ, եւ մեր դաշնային նախկին նախագահ Վիոլա Ամհերդը վերջերս հաստատեց այս պահանջը: Բայց Ադրբեջանը հրաժարվում է անհրաժեշտ երաշխիքներ տալ: ԱԳՆ- ն, որը հետեւում է միջազգային յուրաքանչյուր դատարանի, այստեղ հրատապություն չի տեսնում: Ի վերջո, բոլոր կողմերը հույսը դնում են միջնաժամկետ հեռանկարում խնդրի լուծման վրա՝ փախստականների Արեւմուտք, այդ թվում՝ Շվեյցարիա մեկնելու միջոցով, ինչպես Մերձավոր Արեւելքի միլիոնավոր քրիստոնյաների պարագայում արդեն եղել է», գրում է հեղինակը եւ շարունակում. «Հետեւաբար, քրիստոնյա ժողովրդի հետ եղբայրության, համերաշխության խնդիր չէ միայն, այլ Շվեյցարիայի շահերից է բխում նաեւ քայլեր ձեռնարկելը: Չեզոքության քաղաքականությունը չպետք է նշանակի, թե փակում ենք մեր աչքերն ու վճարում հաշիվը: Անցյալ աշնանը ես միջնորդություն էի ներկայացրել արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ կոչ անելով խաղաղ համաժողով կազմակերպել՝ բանակցելու ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ: Շվեյցարիան կարող է անփոխարինելի ներդրում ունենալ կողմերի միջեւ միջնորդության գործում: Սա նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը եւ ուղղակիորեն օգուտ է բերում մեզ: Դեկտեմբերին Ազգային խորհրդի մեծամասնությունը կողմ է քվեարկել նախագծին, իսկ վերին պալատը այն կքվեարկի գարնանը: «Այո»-ն հալածյալ քրիստոնյաներին ուղղված մեր համերաշխության ազդանշանից բացի, մեր համոզմունքի արտահայտումն է նաեւ՝ խնդիրները պետք է լուծվեն այնտեղ, որտեղ դրանք առաջացել են»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա