Գրանադա ժամանող Եվրոպայի 40 երկրների առաջնորդներն ուղղակի եւ անուղղակի ընդգծելու են Պուտինին եւ նրա արբանյակ Լուկաշենկոյին մեկուսացնելու շուրջ ԵՄ համայնքի համախմբվածությունը: Սա՝ գերմանացի մեկնաբանների հայացքով: ՀՀ վարչապետն այնտեղ է, Ալիեւը նախօրեին հրաժարվել է մեկնել ՝հետեւյալ պատճառաբանությամբ՝ « մասնակիցների տրամադրվածությունը «հակաադրբեջանական» է: ( Այս արտահայտությունը գերմանական dpa -ն սփռելիս հղում է տվել ադրբեջանական APA գործակալությանը): Գրանադա չգնալը նշանակում է, որ Ալիեւը փոխզիջման պատրաստ չէ, նոր պայմաններ է թելադրում՝ Ֆրանսիան չլինի, Թուրքիան լինի…
Հոկտեմբերի 5-ի առավոտյան Շոլցի մամլո խոսնակը ծանուցեց, որ նախորդ օրը կանցլերը զանգահարել է Ալիեւին: Մի բան, որ վերջին շրջանում չէր արել: «Կանցլերն իր մերժումն է հայտնել ռազմական ուժի կիրառման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը վճռականորեն հավատարիմ է բանակցային լուծմանը , Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կայուն տեւական խաղաղությանը՝ հիմնված Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Դաշնային կառավարությունը լիակատար աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին: Կանցլերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի եւ զարգացման հարցում հնարավորինս մեծ թափանցիկության կարեւորությունը, ինչպես նաեւ շեշտել, որ հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Լեռնային Ղարաբաղ այցը դրական քայլ է, որի վրա պետք է հիմնվել»:
Մինչ Գրանադայի գագաթնաժողովը Ֆրանսիան ռազմական կցորդ է ուղարկում, ՀՀ-ում հյուպատոսություն բացում, ռազմական համագործակցություն առաջարկում, Գերմանիան՝ վիզայի ազատականացման 90 -օրյա ժամկետի մասին է ակնարկում, ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն ամրապնդում: Իսկ Գրանադայից հետո նոր խոստում կստանա՞ Հայաստանը:
Այս համատեքստում կարեւոր է իրազեկել, որ Ֆրանսիայի արտգործնախարար Կոլոնան Երեւան մեկնելուց առաջ ցանկություն է հայտնել, որ իրեն ընկերակցի ԳԴՀ իր պաշտոնակից Բերբոքը: «Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը պետք է լինի ԵՄ քաղաքականության ուղենիշը»: Կոլոնայի այս համոզմունքը , որի մասին գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեի» Փարիզի թղթակիցը հոկտեմբերի 4-ին, հաստատում է նրա՝ Բերբոքին ուղղված հրավերը, որին ԳԴՀ արտգործնախարարը չի ընդառաջել: Ֆրանսիան ուզում է, որ Հայաստանի հանդեպ քաղաքականություն իրականացնելիս Գերմանիայի հետ վճռական եւ միասնական լինեն ԵՄ-ի ուղղվածության հարցում, գրում է նույն աղբյուրը:
Հոկտեմբերի 4-ին գերմանական հեռուստատեսության առաջին ալիքի մեկնաբան Զիլվիա Շթյոբերը (Silvia Stöber)) Երեւանից «Օրվա համայնապատկեր» լրատվականի կայքում ծավալուն անդրադառնալով «Ադրբեջանի՝ ԼՂ-ն նվաճելուց հետո Հայաստանի վրա հնարավոր հարձակմանը», փորձում է «չափել» Հայաստանի անվտանգությունը: «Հայաստանում վատագույնի սպասումն ունեն, պատրաստվում են: ԱԻՆ-ի ծանուցումները մի քանի օր է, ինչ փակցված են մայրաքաղաքի տների մուտքերին: Ի՞նչ անել օդային տագնապի դեպքում», վտանգին մերձ լինելն է նկարագրում է Շթյոբերը: Նրա գրածից կարեւորն ամփոփենք:
«Թեեւ բանակցությունները շարունակվում են 2020 թվականի նոյեմբերին հաստատված հրադադարից հետո, ադրբեջանական զորքերն արդեն մի քանի անգամ հարձակվել են հայկական տարածքի վրա եւ գրավել ռազմավարական կարեւոր բարձունքներ լեռնային սահմանային գոտում: Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ամենանեղ հատվածում հայկական տարածքը 30 կիլոմետր էլ չկա: Բաքվից քարոզում են, թե Ադրբեջանը հավակնություն ունի Հայաստանի հարավի կամ նույնիսկ ամբողջ երկրի նկատմամբ», գրում է Շթյոբերը: Հայ լրագրող Րաֆֆի Էլլիոթը Շթյոբերին ծանուցել է, թե Հայաստանը նպատակ ունի դիմակայել Ադրբեջանի սպառնալիքներին սպառազինվելով այնպես, որ այդ երկիրը հարձակվելու մտադրությունից հրաժարվի: Էլլիոթը նշել է Հնդկաստանի, Չեխիայի հետ ռազմական համագործակցության մասին, իսկ Ֆրանսիայի խոստացած ռազմական համագործակցությունն ի՞նչ է հստակ ներկայացնում, դեռ իրազեկ կդառնան:
Փորձագետ Էրիկ Հակոբյանը Ալիեւին բնութագրել է՝ որպես խորամանկ խաղացողի, որ գիտի՝ ինչպես օգտագործել Ադրբեջանի ռազմական եւ ռազմավարական առավելությունները: Ալիեւն անձամբ էր խոստացել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչներին, որ ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԼՂ-ի բնակչության դեմ: Հայաստանի նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դա համարում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար նվաստացում: Ալիեւն իր ԶՈՒ-ն առաջ է մղում ԼՂ կամ Հայաստան եւ սպասում միջազգային արձագանքների:
Հակոբյանը, Մնացականյանը եւ ուրիշներ տեսնում են, որ իրենց երկրին սպառնում է նաեւ դաշնակից Ռուսաստանը: Պուտինը բազմիցս նախապատվությունը տալիս է Ադրբեջանին, Հայաստանի ղեկավարությունն այժմ իր ուշադրությունը սեւեռում է այլ պետությունների վրա եւ հատուցում ակնկալում Մոսկվայից: Շրջանառվում է գազի թանկացման նկատառումը, թե որքան վատ կանդրադառնա տնտեսության վրա, նաեւ՝ արդյոք փայտը կարո՞ղ է փոխարինել ջեռուցմանը: Չի կարելի բացառել նաեւ Փաշինյանի դեմ հեղաշրջումն ու մահափորձը, նշում է Շթրյոբերը:
Անդրադառնալով Գրանադայի հանդիպումից Ալիեւի հրաժարմանը, նա նկատել է տալիս, որ դրանով վերջինս ցույց է տալիս, որ որեւէ փոխզիջման պատրաստ չէ եւ նոր պայմաններ է թելադրում: Օրինակ՝ Ֆրանսիայի միջնորդությունից հրաժարումը: Եթե այդ երկիրը ռազմական կցորդ է ուղարկում Երեւան եւ Հայաստանի հարավում հյուպատոսություն բացելու նպատակ ունի, ապա դրանք Ադրբեջանին ուղղված զորեղ ազդակներ են: Իսկ Գերմանիա՞ն: Առաջարկում է վիզայի 90 օրյա ազատականացում, նշում է հոդվածագիրը:
Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին առցանց «Ազգ»ում գրել էինք Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթի՝ նույնաբովանդակ ակնարկի եւ համոզվածության մասին, թե վիզայի ազատականացմանը Հայաստանում սպասում են: Շթյոբերը Երեւանում «Կանանց կենտրոն» ՀԿ-ի (Women s Resource Center) աշխատակիցներից Լարա Ահարոնյանի դրական կարծիքն է փոխանցում, թե շատ ուրախ է, արտերկրում ժողովների մասնակցելն իր համար դյուրին կդառնա, բացի դրանից այն կլինի Հայաստանի հանդեպ վստահության ազդանշան: Հաջորդ ջանքը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ամրապնդմանն է ուղղված: Ալիեւը նրանց տեղակայվելուց հետո խոշոր հարձակում չի ձեռնարկել ՀՀ-ի վրա, սահմանային գոտում իրավիճակը համեմատաբար կայուն է, գրում է Զիլվիա Շթյոբերը:
Հոկտեմբերի 4-ին առցանց «Ցայթը», անդրադառնալով Գրանադայում հնգակողմ հանդիպումից Ալիեւի հրաժարվելուն եւ նշելով արդեն հայտնի պատճառները, հավելում է՝ Ադրբեջանի նախագահը շեշտել է, թե Ֆրանսիայի հետ ապագայում էլ չի բանակցելու, սակայն բաց է եռակողմ՝ ԵՄ-ի եւ Հայաստանի հետ բանակցություններ վարելու ձեւաչափին: Նույն լրատվամիջոցը մեկ օր առաջ գրել էր Կութ բնակավայրում ադրբեջանական զինուժի կրակահերթից զոհված հայ 1 զինծառայողի, 2 վիրավորի մասին՝ հղում անելով ՀՀ ՊՆ-ին: Նույն լրատվության մեջ մատուցվում է, թե ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ-ում կազմել է արձանագրություն, ըստ որի տեղում «ոչ մի վնաս» չեն գտել: Առաքելությանը զարմացած է, թե ի՞նչ անսպասելի կերպով է տեղի բնակչությունը լքել իր տունը:
Ավստրիական «Դեր Շտանդարտը» հոկտեմբերի 1-ին «ՄԱԿ-ի առաքելությունը ժամանեց ամայացած ԼՂ» վերնագրյալ հոդվածը սկսում է հետեւյալ նախադասությամբ՝ «30 տարի ի վեր սա ԼՂ-ում ՄԱԿ-ի առաջին առաքելությունն է: Հայաստանը փախստականների զանգվածային հոսքը նկատի առնելով, ավելի վաղ օգնություն էր խնդրել ԵՄ-ից»: Հոդվածի վերջաբանում կրկնվում է այն անհիմն կաղապարը, որ «ԼՂ միջազգային իրավունքի համաձայն պատկանում է Ադրբեջանին»: Սակայն արձանագրում է գերմանագիր լրատվամիջոցներում գրեթե մոռացված, հայկական պաշտոնական, դիվանագիտական խոսույթում այժմ չհիշատակվող մի կարեւոր փաստ՝ «ԼՂ-ն (ԼՂԻՄ-ը) 1991-ին հանրաքվեի միջոցով է հայտարարել իր անկախությունը, որ միջազգայնորեն չի ընդունվել, իսկ ադրբեջանական փոքրամասնությունն այն բողոքարկել է»:
Հոկտեմբերի 2-ին գրավոր հարցում էինք ուղարկել ԳԴՀ ԱԳՆ՝ Արցախում ՄԱԿ-ի առաքելության կազմի վերաբերյալ ճշգրտող հարցերով՝ մասնավորապես գերմանացի կա՞ կազմում, կամ նպատակ ունե՞ն գերմանացի աշխատակիցներով համալրելու: Հոկտեմբերի 4-ի երեկոյան մեզ ուղարկած պատասխանը հակիրճ էր: «ԼՂ-ում ՄԱԿ-ի մշտական ներկայություն չկա: Մեր տեղեկություններով ներկայումս Բաքվում՝ Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունում գերմանացի աշխատակիցներ չկան: Խնդրում ենք այլ աշխատակիցների ազգության վերաբերյալ հարցումներն ուղարկել Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչություն»:
Եթե Արցախում գերմանացի աշխատակիցներ լինեին, դժվար չէր լինի նրանց հրամցնել գերմանալեզու մամուլում հրապարակված բազմաթիվ հոդվածներ, որտեղ նկարագրված է այն միակ պատճառը, որ ստիպեց իրենց հողին կառչած արցախցիներին մի քանի օրվա մեջ բռնագաղթել, հայրենազուրկ դառնալ: Ալիեւի Ադրբեջանը սեփական ինքնիշխանությունը զոհելու գնով Էրդողանի Թուրքիան հզորացնելու մի նպատակ ունի՝ հայերի եւ հայկական հետքի լիակատար բնաջնջումն Արցախից: Նա Գրանադայից հրաժարվեց Թուրքիայի ներկայությունը մերժելու պատճառով նաեւ:
«Հայերը հարկադրված են լքել ԼՂ-ն, եթե դա չանեն, նրանց կյանքին վտանգ է սպառնում»
Մի լրատվամիջոց ընտրենք, հակիրճ ներկայացնենք մի քանի օրվա լրահոսից հատվածներ, նաեւ՝ վերնագրերը՝ փաստելու համար, թե ՄԱԿ-ի արձանագրության մեջ նշված Արցախի անսպասելի արագ ամայացումը, նաեւ բիրտ ուժի հետք չգտնելու փաստերն արժանահավատ չեն: Սեպտեմբերի 28-ին «Շթեռնի» լրագրող Մորից Գաթմանը (Moritz Gathmann) Գորիսից տեսակապով հաղորդեց այն, ինչ տեսել է՝ «40 ժամ ճանապարհ կտրելով, մահու չափ հոգնած՝ մարդիկ Արցախից փախչում են դեպի Հայաստան, քանի որ չեն ուզում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո»:
Նույն լրատվամիջոցի առցանց տարբերակում «ԼՂ-ի պատմությունը մոտենում է ավարտին, հաղթում է բռնատիրությունը, իսկ աշխարհի համար միեւնույնն է» վերնագրով ծավալուն հոդված էր հեղինակել Աննա Արիջանյանը: «Ուժեղի իրավունքը հաղթեց: Դիվանագիտությունն ու ժողովրդավարությունը ոտնահարվեցին»:
Սեպտեմբերի 26-ին Կատարինա Կուներտի (Katharina Kunert) «Շթեռնի» հոդվածն այսպես է վերնագրված՝ «Կովկասում հայրենազուրկ. Ինչ են զգում սահմանը հատել ցանկացողները»: «Շթեռնը» հոկտեմբերի 3-ին տպագրել է նաեւ «Ամեն ինչ կորցրինք. Ավելի քան 100000 հայի անորոշ ապագա է սպասվում» վերնագրյալ հոդվածը, որ անկարելի է կարդալ՝ առանց հուզմունքի:
Գերմանալեզու բոլոր թերթերը, առցանց կայքերը, հեռուստատեսությունն ու ռադիոն բազմաձայն աղաղակում են՝ Ադրբեջանը շրջափակել է, նախահարձակ է եղել, նվաճել է Արցախը, հայ բնակչությանը զրկանքների է ենթարկել, սպանել խաղաղ բնակչությանը, բռնագաղթի հանգեցրել: Կասկած կա՞, թե ոճրագործ, ահաբեկիչ պետություն է:
Դեռ սեպտեմբերի 8-ին շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգ»-ում մեկնաբան Անդրեաս Ռյուշը (Andreas Rüesch) «Ցեղասպանություն Եվրոպայի եզրին, եւ ոչ ոք չի՞ միջամտում» վերնագրյալ հոդվածում նկատել էր տվել, թե Արցախում «էթնիկ զտումների» մտավախություն կա, ինչպես տեղի ունեցավ Բոսնիայի պատերազմի ժամանակ, իսկ մեծ տերությունները չեն կամենում միջամտել:
Այստեղ տեղին է հաղորդել, թե դժնդակ ճակատագրի հարցում մեզ հետ մրցակցելու նոր հայտ են ներկայացրել բոսնիացիները: Արցախի հայերի հանդեպ «էթնիկ զտում» որակումը նրանցից ոմանք տեղին չեն համարում՝ պնդելով, թե դա իրե՛նց ողբերգության պիտակն է, մենաշնորհը:
«Բեռլիներ ցայթունգում» սեպտեմբերի 22-ին Օֆելյա Մաղաքյանի հեղինակած հոդվածի վերնագիրն առավել խոսուն է՝ «ԼՂ. Մեր նպատակը հայերի լիակատար բնաջնջումն է», որ հիշատակում է Բաքվի քաղաքապետի 2006-ին արված հայտարարությունը, ինչին հետամուտ են: Սա վկայություն է նաեւ նրա մասին, որ Ադրբեջանի հայասպան քաղաքականությունը սիստեմատիկ, հետեւողական պետական բնույթ ունի եւ որի իրավական բնորոշումը «ցեղասպանություն» է: Հեղինակը նկատել էր տվել, որ Արցախի վերաբերյալ քաղաքական ելույթները, որոնց հստակ գործողություններ չեն հետեւում, չեն կանխելու հայոց հանդեպ իրականացվող հաջորդ ցեղասպանությունը:
Սրա վկայությունն է նաեւ գերմանագիր լրագրող Աննա Արիջանյանի X-ի միկրոբլոգում երկու օր առաջվա հետեւյալ իրազեկումը՝ «Ալիեւի եւ Էրդողանի երկրպագուները սպառանցին ցեղասպանությամբ, երբ կարդացին իմ՝ «Էնվերը ցեղասպան է» գրառումը: Ցեղասպանություն երբեւէ չի եղել, իսկ եթե այդպես, ուրեմն հիմա էլ կանենք, քանզի հայերին հասնում է», ըստ Արիջանյանի, գրել են ի պատասխան:
Ստեփանակերտի փողոցներից մեկը Էնվերի անունով կնքելու Բաքվի նորօրյա սանձարձակ վարքը, ո՛չ ՄԱԿ-ն է տեսնում, ո՛չ էլ այն երկրների խորհրդարանների պատգամավորները, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ ամեն տարի կրկնել՝ «այլեւս երբեք»: Ինչո՞ւ են լռում հատկապես Բունդեսթագում, նաեւ՝ ԳԴՀ կառավարությունում, իսկ երկրի նախագահ Շթայնմայերը Արցախի մասին բնավ չի խոսում: Հայոց ցեղասպանության մեջ Գերմանիայի պատասխանատվությունը ենթադրում է հատուկ կանխարգելիչ գործողություն: Դա անշուշտ վիզայի ազատականացումը չէ՛:
Սեպտեմբերի 21-ին առցանց «Ցայթում» հրապարակված «ԵՄ-ն բռնակալին արտոնեց խաղաղության գործընթացն առեւանգել» վերնագրյալ հարցազրույցում Հարավային Կովկասի փորձագետ Աննա Օհանյանը կարծիք էր հայտնել, թե ԵՄ-ն միամտություն է արել, որ Ադրբեջանի հետ գործարքներ է կնքել: «Եվրոպան պետք է Հայաստանին սատարի», «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթում Ռայնհարդ Ֆեզերը (Reinhard Veser) սեպտեմբերի 26-ին հոդվածն այդպես էր վերնագրել:
Հոկտեմբերի 2-ին «Դոյչլանֆունկի» հաղորդման համաձայն՝ Բունդեսթագի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերը (Anton Hofreiter) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջ էր ներկայացրել ԵՄ-ին, Ալիեւի՝ ԼՂ-ն գրավելուց հետո: Նա անշուշտ միակը չէ, բայց…ձայն բարբառոյ յանապատի:
Այն, որ Բաքուն օրեցօր մոլորակից դուրս անպատժելի մի պետություն է դառնում, ակնարկել ենք գերմանացիների հետ մեր բանավոր զրույցներում: Քաղաքականությամբ զբաղվողները տարակուսած փորձել են արդարացնել իրենց գործակիցների՝ մեր մատնանշմամբ անգործունյա վարքը՝ պատճառաբանելով, թե լծակ չունեն, միշտ հիշատակել են այն հանգամանքը, որ Ալիեւը կարողացել է կաշառել տարբեր երկրների պաշտոնյաների, որ նա բռնակալ է, ավտոկրատ, որ խիստ պատժամիջոցների պարագայում կարող է անհավասարակշիռ վարք ցույց տալ, որ հավանական է՝ հարձակվի Հայաստանի վրա… Ե՞վ՝ լռե՞նք:
Հարավային Կովկասի հարցերի մասնագետ Շտեֆան Մայսթերը (Stefan Meister) բազմաթիվ հարցազրույցներում նույնն է կրկնել՝ ԵՄ-ն անտարբեր է կամ բավարար, անհրաժեշտ քայլ չի անում Ադրբեջանին զսպելու հարցում: Մայսթերը t-online-ի սեպտեմբերի 20-ի հարցազրույցում ասել էր. «Հայերը հարկադրված են լքել ԼՂ-ն, եթե դա չանեն, նրանց կյանքին վտանգ է սպառնում: Ես այլընտրանք չեմ տեսնում»: «Ռազմական առումով հայերն այլ տարբերակ չունեին, քան հրադադար հաստատելը, ինչը Ադրբեջանի պահանջը կատարել էր նշանակում, բայց դա միակ ճանապարհն էր՝ հետագա զոհերի եւ վիրավորների թիվը չավելացնելու համար»:
Մայսթերի կարծիքով, Արեւմուտքը, Գերմանիան կարող էին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել, խաղաղապահներ ուղարկել: Ջանք չեն թափել: Արեւմուտքը ձախողել է, կարծիք է հայտնում Մայսթերը: «Չնայած դիվանագիտական ջանք էր գործադրվում, սակայն Ադրբեջանը հստակ նախապատրասեց, իրականացրեց հարձակումը ԼՂ-ի վրա: Արեւմտյան դիվանագիտության համար սա սնանկացում է», քննադատում է Մայսթերն՝ ասելով՝ «ի՞նչ է մնում. այն՝ որ ԵՄ-ն կարող է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերին»:
Հռոմի ստատուտի վավերացումն այդքան կարեւո՞ր է Գերմանիայի համար
Գերմանագիր ԶԼՄ-ներն անմասն չմնացին, հաղորդեցին, որ ՀՀ ԱԺ-ն 60 կողմ ձայնով վավերացրեց Հռոմի ստատուտը: Քանի որ անկյունը ՀՀ-ՌԴ հարաբերություններին անդրադառնալն էր, ՀՀ-ի՝ Պուտինին հակառակվելու, Արեւմուտքի՝ առագաստ որոնող նավին՝ համընթաց քամի, Հայաստանը լրատվական փոթորիկ գրանցեց, որ կարեւորեցին նաեւ գերմանական հեռուստատեսության 2 ալիքներն էլ: Երկրորդ ալիքի՝ ZDF-ի «Այսօր» (heute journal) հաղորդումը հոկտեմբերի 3-ին անդրադարձավ ԱԺ-ում Հռոմի ստատուտի վավերացման, Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, Պեսկովի արձագանքին: Լրագրող Նինա Նիբերգալլը (Nina Niebergall), որին թիրախավորել էր Ադրբեջանը, հատկապես նախորդ տարի Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցից, Արցախում շրջափակման իրական պատկերը ներկայացնելուց հետո, Երեւանում է: ԱԺ-ի քվեարկության օրը ներկա է, հարցազրույց է անում Վլադիմիր Վարդանյանի, այնուհետ՝ Երեւանի փողոցներում անցորդների հետ: Մեր կարծիքով, արտառոց բան չկար այդ ռեպորտաժում, բացի լրագրողի այն եզրահանգումից, թե Պուտինը Երեւան մտնելուն պես կձերբակալվի:
Գրանադայից առաջ պատերազմի մահաբեր շունչն Արցախը սրբեց, իսկ Ադրբեջանը առեւանգելով ձերբակալում է Արցախի պետության խորհրդանիշներին, այժմ լարվածության աճ կա նաեւ Բալկաններում: Գոնե Գրանադայից հետո՝ պատերազմին նոր կարգավիճակ տան՝ անցանկալի հայտարարեն:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա