Ամերիկահայ գրասեր բարերարներ Յովսէփ եւ Գարոլին Նալպանտեանների մեկենասությամբ վերջերս լույս են տեսել գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանի «Սայաթ-Նովայի կյանքը» մենագրությունը եւ «Հայ միջնադարյան բանաստեղծությունը» հինգ ընդարձակ հատորներից բաղկացած ուսումնասիրությունը: Նոյեմբերի 2-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ այդ գրքերի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը՝ ընդգծելով ընթերցողի համար Հ. Բախչինյանի հեղինակած գրքերի կարեւոր նշանակությունն ու արժեքը:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանն իր ելույթում անդրադարձավ նորատիպ հինգհատորյակին՝ նշելով, որ այն ամբողջական, համապարփակ պատկերացում է տալիս հայ միջնադարյան բանաստեղծության մասին: «Սայաթնովագիտության մեջ Բախչինյանի կատարած ներդրումը եւս անուրանալի է: Համարձակություն էր, որ ժամանակին դեռեւս բավական երիտասարդ գիտնականը, Պարույր Սեւակից հետո, գրեց Սայաթ-Նովային նվիրված դոկտորական ատենախոսություն»: Ըստ բանախոսի՝ Բախչինյանը մի շարք հարցերում գիտական նորույթներ է բերել, մասնավորապես՝ տաղաչափական հարցերի քննությամբ, ինչն արված չէր Սեւակի ուսումնասիրության մեջ, քանի որ այնտեղ խնդրադրությունն այլ էր: Բախչինյանի բազմաբեղուն գրչի արդյունքն են տասնյակ մեծարժեք հրատարակություններ, որոնց մեջ Եղիազարյանն առանձնացրեց «Գրիգոր Նարեկացու Գանձարանը», որտեղ կիրառվել է տեսական մի նոր մոտեցում. «այստեղ բավական բարդ բանաստեղծական տեքստը վերծանված է, բացատրված, փոխադրված աշխարհաբարի, միաժամանակ տրված են Նարեկացու խորհրդաբանությունների մեկնությունները, կատարարված է գրականագիտական խոր վերլուծություն»:
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանի՝ հինգհատորյակն արժեւորող գրախոսությունը ներկայացրեց Արծվի Բախչինյանը: Ավագյանն ի մասնավորի նշել է. «Նման տարողությամբ քննություն մեզանում կատարվում է առաջին անգամ, որը թանկագին արգասիքն է Հենրիկ Բախչինյանի բազմամյա տքնաջան աշխատանքի, նա տարիներ ի վեր զբաղվում է հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությամբ»: Գրախոսը բարձր է գնահատել ուսումնասիրության համընդգրկուն բնույթը եւ բազմակողմանիությունը, արված բնագրային եւ բանասիրական ճշտումները:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը նշեց, որ Բախչինյանը գրականագետի իր բեղուն ուղին սկսել է 1965 թվականից, երբ ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որտեղ էլ նրանք ծանոթացել ու մտերմացել են: «Պարույր Սեւակից հետո Հենրիկ Բախչինյանն է հաջորդ իրական սայաթնովագետը». նշեց Մուրադյանը եւ հատկապես կարեւորեց Բախչինյանի հետեւյալ բանաձեւումը. «Սայաթ-Նովան իր թուրքերեն խաղերը գրել է մեջլիսների համար, վրացերեն խաղերը՝ արքունիքի պահանջները բավարարելու նպատակով, իսկ որպես հայ մարդ ու հայ բանաստեղծ՝ հանճարեղորեն կերտել է իր հայերեն խաղերը»: Բանախոսը նաեւ նշեց, որ Պարույր Սեւակը 15 փաստ է բերել՝ հիմնավորելու համար, որ Սայաթ-Նովան ծնվել է 1722 թվականին, 15 փաստ էլ իր դոկտորական ատենախոսության մեջ ավելացրել է Բախչինյանը:
Գրքերի մեկենաս Յովսէփ Նալպանտյանը շնորհակալություն հայտնեց Վանո Եղիազարյանին՝ իրեն Հենրիկ Բախչինյանի հետ ծանոթացնելու համար եւ նշեց, որ Բախչինյանի հետ մտերմության հիմքում ոչ միայն հրատարակչական աշխատանքներն են եղել, այլեւ համակարծությունը, մասնավորապես՝ մեկ միասնական ուղղագրության անցնելու անհրաժեշտության վերաբերյալ:
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանն իր խոսքում ուրախություն հայտնեց, որ դահլիճը լեցուն է՝ ավելացնելով. «Հենրիկ Բախչինյանն այս քաղաքում, մեր աշխարհում, մեր միջավայրում իմ ամենասիրելի մարդկանցից մեկն է… մխիթարված եմ նման միջոցառումներով… Կրե՛նք մեր լեզուն, մեր հոգեւոր հարստությունները: Հենրիկ Բախչինյանի հոգեւոր կենսաձեւում Սայաթ-Նովան իր հետ է»: Նա նաեւ անդրադարձ կատարեց սայաթնովագիտության առջեւ ներկայումս ծառացած խնդիրներին:
Իր շնորհակալական խոսքը Հենրիկ Բախչինյանն սկսեց մի հիշողությամբ՝ արցախյան առաջին պատերազմի օրերից, երբ Բաղրամյան պողոտայի վրա, իր ավագ գործընկեր Արշալույս Ղազինյանի հետ գրադարանից դուրս գալիս տեսել են հայոց սուրբ հողը պաշտպանելու մեկնող հայ երիտասարդների: Ղազինյանն այդ ժամանակ ցավով նշել է, թե մենք՝ մտավորականներս, մեր ժողովրդի լավագույն զավակները չենք: Սակայն հետագայում Բախչինյանը՝ անդրադառնալով իր ավագ ընկերոջ եւ Պողոս Խաչատրյանի վիթխարի ջանքերով իրագործված Գրիգոր Նարեկացու Ողբերգության մատյանի համահավաք բնագրին, համոզվել է, որ դա էլ ճակատամարտ գնացող զինվորների կատարած մի ահռելի գործ է՝ դարերի համար, ինչպես եւ իրենց մյուս գործընկերների ուսումնասիրությունները:
Բախչինյանն ընդգծեց, որ շուրջ մեկ տարի աշխատելով իր սիրելի բանաստեղծ Պարույր Սեւակի հետ՝ նրանից է «ժառանգել» Սայաթ-Նովայի ուսումնասիրման գործը: Նա նշեց, որ Նալպանտեանի բարեգործությունը վարակիչ եղավ նաեւ «Էդիթ Պրինտ» հրատարկչության համար, որը հոժարակամ հրատարակեց Բախչինյանի մյուս ՝ «Սայաթ-Նովայի ստեղծագործությունը» աշխատությունը՝ նվիրված մեծ աշուղ-բանաստեղծի ծննդյան 300-ամյակին: Շնորհակալություն հայտնեց նաեւ «Սարգիս Խաչենց» հրատարակչությանը, որ իրագործել է իր կարեւոր գիտական ծրագրերից մեկ ուրիշը՝ վեց հատորով հրատարակելով մեր շարականները՝ ըստ հեղինակների: Բախչինյանի խոստովանությամբ՝ հայ միջնադարյան բանաստեղծությանը նվիրված հինգհատորյակը իր 45 տարիների աշխատանքների հանրագումարն է՝ գրված նորօրյա գրականագիտության ընկալումներով եւ հայ միջնադարագիտության հարուստ փորձի հիման վրա:
Նշենք, որ հեղինակն իր հինգհատորյակը նվիրել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին եւ միջնադարյան գրականության բաժնի իր վաղեմի գործընկերների՝ հայ միջնադարյան քերթության ուսումնասիրության եւ հրատարակության ասպարեզում մեծ ավանդ ունեցած երախտավորների (Գրիգոր Հակոբյան, Մայիս Ավդալբեկյան, Արմենուհի Սրապյան, Մանիկ Մկրտչյան, Վարագ Ներսիսյան, Պողոս Խաչատրյան, Արշալույս Ղազինյան, Պարույր Սեւակ եւ ուրիշներ) հիշատակին:
Միջոցառման ընթացքում Գայանե Սամվելյանը եւ Նարեկ Ղազարյանն ասմունքեցին միջնադարյան պոեզիայի գոհարներից, իսկ Արսեն Համբարյանը կատարեց Սայաթ-Նովայի երգերից, ինչպես նաեւ հայրենների տեքստերով գրած իր ստեղծագործություններից՝ արժանանալով ներկաների ծափողջույններին:
Առանձին ցուցադրափեղկում ներկայացված էին Հենրիկ Բախչինյանի տարբեր հրատարակությունները: Նոր հրատարակված գրքերի առաջին օրինակները վաստակաշատ բանասերը նվիրեց գրադարանին:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ