2022-ին գերմանական ճանաչված «Նոմոս» (Nomos) հրատարակչությունը լույս ընծայեց «Լեռնային Ղարաբաղ. Արցախի հակամարտության վերաբերյալ միջազգային իրավական վերլուծություն» 448 էջանոց գերմաներեն աշխատությունը, որը հեղինակել են միջազգային իրավունքի երեք դոկտորներ՝ Գուրգեն Պետրոսյանը, Սառա Բաբայանը եւ Արլետ Զաքարյանը: Գրքի պաշտոնական շնորհանդեսը կայացավ սեպտեմբերին Պոտսդամի Լեփսիուսի հիշատակի տանը, այն վերահաստատեց՝ աշխատության հանդեպ կա մեծ հետաքրքրություն: Հատկապես կարեւոր է ընդգծել, որ գրքում տեղ գտած վերլուծականներն անդրադառնում են նաեւ արցախյան երրորդ պատերազմից հետո ստեղծված իրադրությանը՝ վերաբերում են ականների, փախստականների խնդիրներին, ՄԻԵԴ-ում ռասայական խտրականության և մարդու իրավունքների խախտումների դատավարությանը, ռազմական հանցագործությունների հնարավոր հետապնդմանը, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման համար պետության պատասխանատվությանը: Գիրքը ձեռք են բերել Գերմանիայի տարբեր համալսարանների գրադարաններ, ինչպես նաեւ ԳԴՀ արտգործնախարարությունը: Գրքի մասին ստորեւ ներկայացվող մեր զրույցը Գուրգեն Պետրոսյանի հետ է: Նա գլխավորում է Գերմանահայ իրավաբանների միությունը (ԳԻՄ), մի կազմակերպություն, որի օպերատիվ պրոֆեսիոնալ աշխատանքը՝ հատկապես ֆեյսբուք սոցցանցային տիրույթում, խիստ տպավորիչ է. Հատկապես 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո գերմանալեզու տիրույթում ԳԻՄ-ը ներկայացնում է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, բացահայտում այդ երկրի կեղծ, վտանգավոր խոսույթը, որ ժամանակ առ ժամանակ մեր հարեւանը գործողություն է դարձնում: «Ազգ»ի հաջորդ համարներում կանդրադառնանք Գերմանահայ իրավաբանների միության գործունեությանը:
– Գիրքը եւ թեման նոր չեն գերմանական իրավաբանական գրականության մեջ, կան հրատարակություններ, որ անդրադարձել են ԼՂ-ին, Արցախի հարցին: Սկսած 1991 թվականից մինչեւ 2015-16 թվականները միջազգային իրավունքի հայտնի մասնագետներ անդրադառնում էին այս հարցին, սակայն՝ որոշակի կողմնակալություն, կողմնապահություն նկատելի էր: Դա պայմանավորված է նրանով, որ գերմանական իրավաբանական համայնքն իրականում ավելի շատ պոզիտիվ իրավունքի ներկայացուցիչներից է բաղկացած, առաջնորդվում է այն օրենքով, որ գրված է: Բնական իրավունքի մասնագետները Գերմանիայում այդքան շատ չեն:
Բանն այն է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածքային ամբողջականությունը դարձել է միջազգային իրավունքի մեջ անքակտելի մաս: Գերմանական իրավունքում ազգերի ինքնորոշումն ավելի շուտ ստորադասվում է տարածքային ամբողջականությանը, սա է հիմնական խնդիրը: Երբ խոսում ենք բնական իրավունքից, ազգերի ինքնորոշումն ու տարածքային ամբողջականությունը համարժեք սկզբունքներ են: Բայց գերմանական պատկերացմամբ դա այդքան էլ այդպես չէ: Հաշվի առնելով, որ կա ադրբեջանական գրականություն, նաեւ գրքեր, որ ամբողջովին պաշտպանում են ադրբեջանական գիծը, պատերազմի ժամանակ հարկ համարեցինք ստեղծել այլընտրանք բոլոր այն գրքերին, որ գոյություն ունեն գերմանական իրավաբանական գրականության մեջ: Հուրախություն մեզ՝ գիրքը բոլոր համալսարանների գրադարաններում կա, հասանելի է բոլոր ուսանողներին: Հաշվի ենք առել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր իրավաբան իր թեզը ներկայացնելիս, աշխատություն եւ վերլուծություն անելիս պետք է նկատի առնի նաեւ այն կարծիքը, որ ներկայացրել ենք:
Աշխատության համահեղինակները 13 հոգի են, բոլորն իրավաբաններ են, Գերմանիայի տարբեր հատվածներից, անդրադարձել են միջազգային իրավունքի շրջանակներում Արցախին վերաբերելի բոլոր հարցերին, ինչպես ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբոջականությանը, ՄԱԿ-ի բանաձեւերին, պատերազմական հանցագործություններին, հումանիտար իրավունքի խախտումներին, ինչպես նաեւ միջազգային ատյանների կողմից որոշումների վերլուծությանը: Այդպիսի ընդհանուր բովանդակություն ունի գիրքը, բավականին ծավալուն վերլուծություն է, որ նույնիսկ ներառում է Գերմանիայի դերակատարությունը, թե զենքի ինչպիսի մատակարարում է եղել այս 10 տարիների ընթացքում դեպի Ադրբեջան: Զենքի որոշակի մասերի մատակարարումը նույնպես կարող է որակվել որպես զենքի մատակարարում: Որոշ պրոֆեսորներ գրախոսականներ են գրում ժողովածուի վերաբերյալ, դրանք պիտի լույս տեսնեն գիտական պարբերականներում:
-Նրանցից մեկը երեւի Օտտո Լուխթերհանդն է:
-Ոչ, Լուխթերհանդն արդեն մեծաքանակ աշխատություններ հրատարակել է: Ամենայն հարգանքով պարոն Լուխթերհանդի հանդեպ, կարելի է ասել, որ նա միայն մի դիրքորոշում է ներկայացրել՝ ինքնորոշման իրավունքը, հետեւաբար իր վերլուծությունը կարող է ավելի կողմնակալ դիտարկվել: Ուրիշ պրոֆեսորներ են, որոնք այս թեմայի շրջանակներում դեռեւս վերլուծություն չեն արել, նրանք են գրախոսելու:
-Պարո՛ն Պետրոսյան, ադրբեջանաթուրքական խոչընդոտներ կա՞ն, գրքի դեմ արշավ չե՞ն ծավալում:
-Չեմ կարծում, որ Ադրբեջանի ներկայությունը Գերմանիայում հասկանում է այդ գրքի թիրախը որն է: Թե պատմագիտական ի՞նչ գրքեր են լույս տեսնում, չեմ կարող կարծիք հայտնել, սա իրավաբանական վերլուծություն է, ուղղված է գերմանացիներին, որ իրենց աշխատություններում գիտական անկախությունից ելնելով պարտավոր են մեր կարծիքը եւս հաշվի առնել: Նախ «Նոմոս» կարեւոր հրատարակչությունում է տպագրվել, անհայտ հրատարակչություն չէ: Յուրաքանչյուր աշխատություն, որ մտնում է հրատարակչություն, այնտեղ գրաքննություն է անցնում, մասնագետները գնահատում են՝ որքանով է գիտական աշխատանք, որքանով չի վնասի իրենց հրատարակչության համբավին: Իրենց եզրակացությունից հետո թույլ են տալիս, որ դա տպագրվի: Գերմանիայում գոյություն ունի գիտական անկախություն:
-Պարո՛ն Պետրոսյան, ենթադրում եմ, որ գիրքը երկարամյա աշխատանքի արդյունք է: Այն պահին, երբ գիրքը ստեղծում էիք, մեր երկրում, Արցախում մթնոլորտը տարբեր էր: Գիրքը նոր հանձնառություն է ստանում:
-Պետք է տարանջատել իրավաբանական իրականությունը եւ քաղաքական իրականությունը: Առաջինը ներկայացնում է բոլոր այն իրավական հիմքերը, որոնց վրա ձեւավորվում է կոնկրետ իրավահարաբերությունը: Քաղաքականը ռեալպոլիտիկն է, կարող է հաշվի չառնել իրավական իրականությունը եւ առաջնորդվել բացառապես սեփական շահերով: Մեր առաքելությունը եղել է այն, որ տարատեսակ քաղաքական ազդեցություններից կարողանանք ներկայացնել այն իրավական հիմքը, որ կար մինչեւ 2020 թվականի պատերազմը եւ շարունակվում է 2020-ից հետո: Իրավական տեսանկյունից որեւիցե փոփոխություն Արցախի շուրջ տեղի չի ունեցել: Շարունակում է պահպանել այն նույն իրավական հենքը, որ ի սկզբանե դրվել էր 1991 թվականից: Այսինքն՝ եղել է ընտրություն, հանրաքվե, որի արդյունքում այն ժամանակվա ԼՂԻՄ-ը դուրս է եկել ոչ թե Ադրբեջանի, այլ՝ ԽՍՀՄ կազմից, հիմք ընդունելով ԽՍՀՄ այն ժամանակվա օրենսդրությունը, դրանով ստեղծել է իր անկախության բոլոր հիմքերը: Թե դրա ճանաչումն ինչպես պիտի լինի, դա քաղաքական քննարկման հարց է:
Այստեղ ուրիշ խնդրի առջեւ ենք կանգնում: «Ճանաչում հանուն փրկության» եզրաբանությունը միջազգային իրավունքում այնքան էլ ճանաչված չէ, բայց երբ բնակչությանը սպառնում է ցեղասպանություն կամ պատերազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն, ապա չճանաչված պետության ճանաչումը դառնում է անհրաժեշտություն: Եւ դա է նաեւ մեր հիմնական փաստարկման հիմքը. Եթե միջազգային հանրությունը պատկերացնում է, որ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի անքակտելի մասն է, ապա պիտի շեշտել, որ երկու բնակչությունները մի պետության շրջանակներում համատեղ ապրել չեն կարող, որովհետեւ մեկի նկատմամբ սպառնում է ոչնչացման վտանգը: Այդ պատճառով դե ֆակտո պետությունը պիտի ճանաչվի, ինչպես եղավ Կոսովոյի պարագայում: Համեմատություն ենք բերում Կոսովոյի ճանաչումը: Արդարադատության միջազգային դատարանի առանձին կարծիքի շրջանակներում արձանագրվել էր. քանի որ Կոսովոյի բնակչության նկատմամբ կար վտանգ, եւ ԵՄ-ի Կոսովոյի ճանաչումը եղել է հանուն փրկության: Ամփոփելով արձանագրենք, որ իրավական առումով Արցախի վերաբերյալ որեւէ փոփոխություն չի եղել:Կա իհարկե քաղաքական փոփոխություն, կա իհարկե ռեալպոլիտիկ, որ ցավոք սրտի պետք է հաշվի առնել, բայց որեւէ մեկը չի կարող զրկել Արցախին օգտվելու ազգերի ինքնորոշման իր իրավունքից: «Ճանաչում հանուն փրկության» եզրույթը խիստ արդիական է:
-Ավելի շատ շրջանառվում էր «անջատում հանուն փրկության» եզրույթը:
– Անջատումը իրավաբանորեն սխալ է, քանի որ անջատումն արդեն վաղուց տեղի է ունեցել: Դա նշելով կարծես փոխանցում ենք, որ դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի մաս, բայց Արցախի Հանրապետությունը երբեւիցե Ադրբեջանի Հանրապետության մաս չի եղել, քանի որ դուրս է եկել ԽՍՀՄ-ից:
-Խիստ նկատելի է, որ իրավաբանությունը դառնում է քաղաքականության պատանդը: Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ պիտի անել, որ իրավաբանությունը գերակա մնա:
-Դժվար է: Տարիների երկխոսություն է՝ միջազգային իրավունքը քաղաքականությո՞ւն է, թե՞ իրավաբանություն. Դժվար է կոնսենսուս գտնել: Իրավաբանությունը դառնում է գործիք քաղաքականության ձեռքում: Բոլորս տեսնում ենք ինչպիսի երկակի ստանդարտներ են կիրառվում: Մի տեղ պարզապես արհամարհվում է իրավունքի որեւէ խախտում, բայց մյուս պարագայում ամեն տեղ խոսում են, որ իրավունքի խախտում է եղել: Իրավաբանությունը գոյություն ունի անկախ նրանից, թե քաղաքականությունն ինչ կորոշի: Փաստաթուղթը գոյություն ունի, իսկ քաղաքականությունը այդ փաստաթղթի շուրջ ի՛նչ որոշում էլ կայացնի, այդ իրավական ուժը շարունակելու է մնալ: Ժամանակի հարց, թե երբ կփոխվի, իրավունքի ուժը երբ գերակա կլինի քաղաքական որոշման:
-ՀՀ-ում խելացի իրավաբանների, միջազգային իրավունքի լավ մասնագետների պակաս կարծես չկա: Ինչո՞ւ նրանց կարծիքը հաշվի չեն առնում քաղաքականություն իրականացնողները:
– Միջազգային իրավունքը, ցավոք սրտի, մեր իրականության մեջ այդքան շատ չի գովերգվել, կամ ուսանողների համար հետաքրքրական ոլորտ չի եղել: Ցավոք սրտի, ինչ սովորել ենք, մակերեսային է եղել: Պայմանավորված նրանով, որ միջազգային իրավունքի ոլորտում չես կարող փող աշխատել: Այդ ասպարեզը միայն նրանք են ընտրում, որոնք իրոք նվիրյալ են: Նույնիսկ այդ նվիրյալներն էլ երբեմն իրենց մասնագիտացումը մի կողմ են դնում, զբաղվում քրեական, քաղաքացիական գործերով, որ կարողանան իրենց առօրյան ապահովել: Բայց միջազգային իրավունքի նկատմամբ այսպիսի մոտեցումը մեր պետության համար շատ վտանգավոր է: Արտասահմանցի որեւէ փաստաբան չի կարող հասկանալ այն ցավը, ինչ մենք գիտենք: Ինչքան էլ գումար հատկացնենք, արտասահմանից իրավաբան վարձենք, նա աաջնորդվելու է զուտ փողով, ոչ թե գաղափարով: Եթե մենք տասնապատիկ, քառապատիկ ավել մասնագետներ ունենայինք, կկարողանայինք ճիշտ ուղու վրա դնել, ճիշտ ներկայացնել հայկական ինքնորոշման իրավունքի ճանապարհը, մեթոդները, միգուցե ավելի շուտ հաջողությունների հասած լինեինք:
Ծանոթություն.- Այցեքարտ Գուրգեն Պետրոսյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է գերմանական Հայդելբերգում, Մարբուրգում, Էրլանգեն- Նյուրնբերգի համալսարաններում, միջազգային իրավունքի դոկտոր է: 2017-ին հայ եւ գերմանացի համախոհների հետ հիմնել եւ ղեկավարում է Գերմանահայ իրավաբանների 50 անդամ ունեցող միությունը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ