Անվտանգության հարցերով Իրանցի փորձագետ Խոդայար Սաիդ-Վազիրիի ուշադրությունից նույնպես չի վրիպել «Զանգեզուրյան» միջանցքի թեման: Սակայն մինչեւ «Գորշ գայլերը հետամուտ են զանգեզուրյան միջանցքին» խորագրի ներքո այդ թեմային անդրադառնալը, որը հրապարակվել է Iranian diplomacy կայքում, փորձագետը հարկ է համարել նախ քննության առնել թուրք-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական ու անվտանգային ասպեկտները:
Իրանցի փորձագետը նշում է, որ Թուրքիայում առկա են երկու խոշոր մաֆիոզ խմբավորումներ՝ «հարավային» մաֆիան, որը P.K.K-ի հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող քրդական խմբավորում է եւ կոնֆլիկտային հարաբերությունների մեջ է երկրի կառավարող շրջանակների հետ: Մյուսը «Հյուսիսային» կամ «Տրապիզոնի» մաֆիան է, որի ներկայացուցիչները ցեղապաշտական հակումներով ծայրահեղ ազգայնական թուրքեր են եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ սերտ կապեր ունեն:
Ըստ վերլուծաբանի, վերջինս պանթուրանիզմի գաղափարախոսության ջատագով թուրքական նեոֆաշիստական խմբավորում է, որը ֆինանսավորում է «Գորշ գայլերին»՝ մաքսանենգ ճանապարհներով զենք ու թմրանյութ տեղափոխելու եւ թրաֆիքինգով զբաղվելու համար:
Ըստ հոդվածագրի, ելնելով պանթուրանիզմի գաղափարախոսությունից՝ Թուրքիայի ներկայիս կառավարիչները հավատացած են, որ Թուրքիայից մինչեւ Կասպից ծովի արեւելյան հատվածն ու «Արեւելյան Թուրքիստան» կոչված տարածքներում պետք է ստեղծվի թյուրքական կայսրություն, եւ այս գաղափարը պատճառ է դարձել, որ «Զանգեզուրի» միջանցքը չափազանց կարեւոր նշանակություն ունենա Անկարայի ու նրա մերձավորագույն դաշնակից Բաքվի համար:
Հստակ է, որ Իրանի ու Հայաստանի սահմանին գտնվող «զանգեզուրյան» միջանցքը Թուրքիային հնարավորություն կտա Նախիջեւանի միջոցով միանալ Կասպից ծովին, այնտեղից էլ ճանապարհ հարթել դեպի արեւելք՝ Թուրքմենստան, Ուզբեկստան եւ այլուր:
Հեղինակը նաեւ ահազանգում է, որ Չինաստանից դեպի Թուրքիա ու Եվրոպա ձգվող ցամաքային տարանցիկ ճանապարհին փոխարինելու ներուժ ունեցող «զանգեզուրյան» առանցքը գործելու է ի վնաս Իրանի տնտեսական շահերի: Սաիդ-Վազիրին նաեւ հիշեցնում է, որ հայ-իրանական սահմանը վերանալու դեպքում, Եվրոպայի հետ հաղորդակցվելու համար, Իրանը կարողանալու է օգտագործել միայն Թուրքիայի ճանապարհը եւ խախտվելու է տարածաշրջանում շահերի հավասարակշռությունը, որը հանգեցնելու է անվտանգային ու քաղաքական բացասական հետեւանքների:
Ըստ հեղինակի, «զանգեզուրյան» միջանցքի գործարկումը մի կողմից կնպաստի Նախիջեւանի, Թուրքիայի ու Ադրբեջանի տնտեսական բարգավաճմանը, մյուս կողմից բացասաբար կանդրադառնա Իրանի Արեւելյան ու Ատրպատական նահանգների, ինչպես նաեւ Արդեբիլ նահանգի տնտեսության վրա: Իսկ տնտեսական հավասարակշռության խախտումը պանթուրքիստական քարոզչության տեսակետից լուրջ սպառնալիք է Իրանի ազգային անվտանգության շահերին:
Ըստ փորձագետի, ներկայումս Թուրքիան ավելի ավտորիտար ու ռազմատենչ համակարգ ստեղծելու ուղղությամբ է շարժվում: Սաիդ-Վազիրին նաեւ նշում է, որ Թուրքիայի հետախուզական կազմակերպությունը (MET), որն ստեղծման պահից մինչեւ 2016 թվականը, PKK-ի հետ առնչվելուց բացի, որեւէ նկատելի առաջընթաց չէր գրանցել, ներկայիս ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի՝ MET-ի ղեկավար նշանակվելուց հետո միայն վերածվեց խոշոր անվտանգության կազմակերպության, որի խոսքը վճռական նշանակություն ունի Թուրքիայի համար: Թուրքական անվտանգության կառույցի այս հզոր ղեկավարին, ինչպես նշված է Սաիդ-Վազիրիի հրապարակած հոդվածում, KGB-ում համեմատում են Պուտինի հետ: Ըստ հեղինակի, Հաքանին Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնին նշանակվելուց հետո, Թուրքիայի արտաքին քաղաքականությունն առավել քան երբեւէ վերածվել է անվտանգային համակարգի: Հոդվածագիրը չի բացառում, որ ապագայում Հաքան Ֆիդանը փոխարինելու է նախագահ Էրդողանին:
Սաիդ-Վազիրիի համոզմամբ, կովկասյան տարածաշրջանում վերջին մեկ տարվա ընթացքում թե՛ Հայաստանը, եւ թե՛ Ադրբեջանն ընդլայնում են ռազմական ու անվտանգային կապերն իրենց դաշնակիցների հետ: Իսկ Կովկասում զենքի կուտակումներն այնքան մեծ ծավալների են հասել եւ ռազմական գործողությունների ակտիվացումն այնքան ակնառու է, որ վերլուծաբանը մոտ ապագայում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ լայնածավալ պատերազմի հավանականությունը չի բացառում: Նա ենթադրում է, որ այս հակամարտության մեջ բախվելու են ո՛չ միայն հարեւան երկրների, այլ նաեւ արտատարածաշրջանային խաղացողների շահերը:
Այս հակամարտության մեջ, ըստ փորձագետի, Ռուսաստանը կանգնած է լինելու Ադրբեջանի, իսկ Ֆրանսիան՝ Հայաստանի կողքին: Մյուս կողմից, Սաիդ-Վազիրիի բնորոշմամբ, Պակիստանն Ադրբեջանին իր արյունակից եղբայրն է համարում, իսկ Պակիստանի թշնամի Հնդկաստանը օգնում է Հայաստանին:
Սաիդ-Վազիրին այն կարծիքին է, որ Կովկասը ներկայումս տարբեր երկրների համար վերածվել է կռվախնձորի: Հոդվածագիրը զգուշացնում է Թեհրանին, որ նման պայմաններում, համագործակցելով Կովկասի հարցում համախոհ երկրների հետ, Իրանն աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու եւ հայ-իրանական պետական սահմանը պահպանելու հարցում պետք է առավելագույն ջանք գործադրի:
Այնուհետեւ, վերլուծաբանն անդրադառնում է «զանգեզուրյան» միջանցքի հարցում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ծագած տարաձայնություններին, ինչն Իրանի մոտ լուրջ մտահոգություններ է առաջացրել՝ խնդիրը դարձնելով ավելի վիճահարույց: Ըստ հեղինակի, հարցը Ռուսաստանի համար կարեւոր է նրանով, որ Արեւելքն ու Արեւմուտքն իրար կապող այս միջանցքը ցամաքային փոխադրումների տեսակետից հավասարազոր է Սուեզի ջրանցքին, որը բացառիկ առավելություններ է տալիս միջանցքը վերահսկող երկրին: Տվյալ նախագծի գործարկման դեպքում, փորձագետի համոզմամբ, Ռուսաստանն ունենալու է ազդեցության լծակ, որը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո, արտաքին առեւտուրը կազմակերպելու առումով, մեծ նշանակություն է ունենալու Ռուսաստանի համար:
Հեղինակը չի կարծում, որ Թուրքիան երկարաժամկետ կտրվածքով կարող է իրանցիների համար ներդրումներ կատարելու ապահով վայր հանդիսանալ, քանի որ մեծ հավանականությամբ այդ երկիրն Իրանից աստիճանաբար հեռանալու միտում ունի: Եվ գործնականում երկու երկրների հակասությունները ռազմավարական առումով այնքան լուրջ կլինեն, որ Թուրքիայում ներդրումներն իրանցիների համար ոչ շահավետ կդառնան:
Ամփոփելով միտքը, հեղինակը հայ-իրանական սահմանն իր կարեւրությամբ ու նշանակությամբ համեմատելի է համարում Իրանի ու Իրաքի միջեւ գտնվող Արվանդ-ռուդ (Շաթ ալ-Արաբ) սահմանային գետի հետ, որի անվտանգությունն ապահովելու համար Իրանը պետք է դիմի բոլոր միջոցների, այդ թվում՝ ռազմական:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ
Նկարում` Խունջիկ-մունջիկ հարս ու փեսա…