Բրիտանական եւ թուրքական թատրոնի, հեռուստատեսության ու կինոյի դերասան Գեւորգ Մալիքյանը (ծն. 1943, Դիարբեքիր-Տիգրանակերտ) տասը տարեկանից ապրել է Ստամբուլում: 1963-ին ավարտել է տեղի Հայոց Սուրբ Խաչ դպրեվանքը: 1963-1967 թթ. ՀԲԸՄ թոշակով թատերական կրթություն է ստացել Լոնդոնի արքայական թատերական վարժարանում: Այստեղ նրա խաղը դիտել եւ խրախուսել է Անգլիայի թագուհին: 1968-ից Մալիքյանը սկսել է հանդես գալ դերասանությամբ: Թատրոնում խաղացել է Կամյուի, Շոուի, Շիլլերի թատերախաղերում, հանդես է եկել նաեւ հայերեն ներկայացումներում (Գրիգոր Սաթամյանի բեմադրած «Մեծապատիվ մուրացկաններ» եւ «Կասկածը կնոջ մտքում») եւ ասմունքով: Նկարահանվել է Քրիսթոֆեր եւ Մորիս Բարիների «Պարոն Ով», Դընիս Էբիի եւ Ջեյմս Ալենի «Պրոֆեսիոնալները», Ագաթա Քրիսթիի «Պուառո» հեռուստաշարքերի տարբեր դրվագներում, Ջեյմս Դեւիսի եւ Ջոն Հոլի «Փրես գանգ», Ռոբերթ Նայթսի «Կրկնակի այցելություն», Ֆրանքլին Շաֆների »Սֆինքս», Մայքլ Թաչների «Սպորտային հագուստ» եւ բազմաթիվ այլ ֆիլմերում:
Գեւորգ Մալիքյանը եւ կինը՝ կիպրահայուհի Մայտան, ունեն երկու զավակ՝ Սոնյա եւ Սեւան: Սոնյան բնակվում է Թունիսում, իսկ Սեւան Մալիքյանը (ծն. 1972, Լոնդոն), իր սերնդի բրիտանացի անվանի նկարիչներից է:
Չնայած Գեւորգ Մալիքյանը հայերեն գրում եւ կարդում է, նրա հետ իմ գրավոր հարցազրույցը վարեցի անգլերեն: Հայերեն թարգմանության մեջ պահպանել եմ Մալիքյանի յուրահատուկ սկզբունքը՝ որոշ բառեր գրել մեծատառ…
–Սիրելի՛ Գեւորգ, ձեր կյանքի առաջին տասը տարիներն անցել են Դիարբեքիրում, պատմական հայկական Տիգրանակերտում: Այս քաղաքի հայկական կյանքի մասին գիտենք Մկրտիչ Մարկոսյանի գրվածքներից: Ի՞նչ հիշողություններ ունեք ծննդավայրից:
-Այնքա՜ն շատ հիշողություններ, թե՛ տխուր, թե՛ ուրախ, որ գուցե մի ամբողջ գիրք կլցնեն… Երբ ծննդավայրդ խլում են քեզնից կամ քեզ՝ քո ծննդավայրից, հիշողությունները տարբեր գույներ են ստանում: Իմ սիրելի Հոր հետ Սուրբ Կիրակոս եկեղեցում անցկացրած ժամանակը, Եկեղեցու Բակում խաղալը կամ եկեղեցում աղոթելը, հավանաբար, այն հիշողություններն են, որոնք ամենից շատն եմ ես փնտրում…
–Հիշո՞ւմ եք՝ ո՛րն է եղել ձեր առաջին դերը Սուրբ Խաչ դպրեվանքում:
-Դերասանական արվեստ ուսանելով՝ Դպրեվանքում բեմադրություններ եմ արել հայերեն, անգլերեն եւ թուրքերեն:
–Ի՞նչն է ձեզ ամենաշատը ցնցել, երբ առաջին անգամ ժամանեցիք Լոնդոն:
-Ցուրտը, մառախուղը, լռությունը…
–Ձեր արտաքինով եւ ծագումով դերասանները կարծես թե միշտ «դատապարտված են» բրիտանական կինոյում եւ հեռուստատեսությունում էթնիկ դերեր խաղալու: Սա ձեզ երբեւէ անհանգստացրե՞լ է:
-«Դատապարտելը» խիստ բառ է, թերեւս՝ սխալ կիրառվող: Դերասանն ուրախ է խաղալու որեւէ դեր, հատկապես իր արհեստը սովորելու առաջին տարիներին: Նրանց ազգային պատկանելությունը նշանակություն չունի: Չե՞ս կարծում, որ բոլոր դերերն էլ «էթնիկ» են: Ամերիկացին հայի համար է էթնիկ, հայը՝ ամերիկացու (ծիծաղում է): Համենայն դեպս, մեր մասնագիտության մեջ «էթնիկի» հարցը երկար ու բարդ թեմա է:
–Առաջին անգամ ձեզ տեսել եմ Էլվին Ռաքովի «Հիշի՛ր քո լեզուն» կատակերգական հեռուստաշարքում, որը պատմում է անգլերեն սովորող մի խումբ օտարերկրացիների մասին: Այնտեղ ձեր կերպարը հույն է՝ Մաքսիմիլիան Պապանդրիուսը: Իսկ ինչո՞ւ ոչ հայ կամ թուրք: Այդ դերի համար դուք ուսումնասիրե՞լ եք հունարեն առոգանանությամբ անգլերենի հնչողությունը:
-Ոոոոոո՛չ: Դերը գրված էր հույնի համար, եւ ես հույն Կերպար եմ խաղացել: Բացի այդ, հայերը տաղանդավոր լեզվագետներ են: Հնարավորության եւ ժամանակի դեպքում նրանք գեղեցիկ կխոսեն ցանկացած լեզվով, ներառյալ անգլերենը: Ես մի փոքր աշխատել եմ իմ հունարեն առոգանության վրա, որպեսզի Այն մի փոքր վավերական հնչի…
–Ալան Փարքերի «Կեսգիշերային ճեպընթաց» շարժապատկերում թուրք դատախազի ձեր դերը փոքր է, բայց բավական տպավորիչ: Ինչպե՞ս կբնութագրեք այդ փորձառությունը:
-Իմ դերասանական աշխարհում «փոքր դեր» հասկացությունը չկա: Ֆիլմից անցել է ավելի քան քառասուն տարի, իսկ Դատախազը դեռ հիշվում է: Այնպես որ, դա չի կարող «փոքր դեր» լինել: Սթիվեն Սփիլբերգը հիշեց ինձ այդ ֆիլմում, երբ ես հրավիրվեցի նկարահանվելու Նրա «Ինդիանա Ջոնսը եւ վերջին խաչակրաց արշավանքը» կինոնկարում:
–Ինչպիսի՞ն էր աշխատանքը Սթիվեն Սփիլբերգի հետ:
-Մենք հրաշալի աշխատանքային հարաբերություններ հաստատեցինք առաջին իսկ օրվանից: Նույնը կատարվեց եւ մյուս դերասանների հետ: Նա հիանալի Մարդ է, հիանալի Բեմադրիչ… արտադրիչներ Ջորջ Լուքասը եւ Ռոբերթ Ուոթսը՝ նույնպես:
–Դուք աշխատել եք լեգենդար կինոաստղերի հետ՝ Շոն Քոների, Բերթ Լանքասթեր, Ռոջեր Մուր, Հարիսոն Ֆորդ, Էնթոնի Հոփքինս, Սիգուրնի Ուիվեր, Մայքլ Քեյն, Սթիվեն Սիգալ եւ այլք: Ի՞նչ հիշողություններ կարող եք պատմել նրանցից:
-Կներես, բայց Սթիվեն Սիգալը՝ «լեգենդա՞ր»… Ես նրա հետ նկարահանվեցի, որովհետեւ ուզում էի գոհացնել որդուս՝ Սեւանին, որը սիրում էր նրա մարտաֆիլմերը: Ինչեւէ, փորձառությունն այնքան էլ հաճելի չէր, որովհետեւ մարդը «դերասան» չէ… Բայց Քոներին եւ Ֆորդն ԻՍԿԱԿԱՆ ԼԵԳԵՆԴՆԵՐ են, հիանալի ՄԱՐԴԻԿ, հրաշալի դերասաններ…
–Դուք հանդես եք եկել Շեքսպիրի մի շարք թատերախաղերում, ինչպես նաեւ մի շարք դերեր եք մարմնավորել Շեքսպիրյան թագավորական թատերախմբում: Որքան գիտեմ, դուք առաջին հայազգի դերասանն եք, որն աշխատել է այդ թատրոններում: Ինչո՞վ էր առանձնահատուկ այս համագործակցությունը:
-Իսկապես, բարեկա՛մս, ինձ բախտ վիճակվեց աշխատել Շեքսպիրյան թագավորական թատերախմբում, Շեքսպիրի «Գլոբուս» եւ Թագավորական ազգային թատրոններում, մասնակցեցի մի քանի հիանալի դասական եւ ժամանակակից թատերախաղերի… ՄԻԳՈՒՑԵ ԵՎ առաջին հայն էի… Այսպես ասենք՝ առաջին հայ դերասանն էի Տիգրանակերտից, որն աշխատել է այդ թատրոններում…
–Դուք կատարել եք տարբեր ազգության հերոսների դերեր, նաեւ հայերի՝ «Երիտասարդ Ինդիանա Ջոնսի ժամանակագրությունը», «Պասկալիի կղզին», «Սպին» եւ «Խոստումը» ֆիլմերում: Կպատմե՞ք դրանց մասին:
-Անշուշտ, մեծ հնարավորություն էր, որ իմ դերասանական կարիերայի վերջին փուլերից մեկում առիթ ստեղծվեց նկարահանվելու այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սպին» եւ «Խոստումը»: Երկուսն էլ մեծ փորձեր են՝ ներկայացնելու 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ զոհվել են նաեւ իմ հարազատները: Երկու շարժանկարների մասին էլ կարելի է անվերջ խոսել: Բայց, ըստ իս, այս ֆիլմերից ոչ մեկն էլ չհասավ ցանկալի միջազգային ազդեցության եւ Հայոց Հոլոքոսթի ամբողջական պատմության ճանաչման, ինչին այնքա՛ն արտահայտիչ կերպով հասել է իմ սիրելի բեմադրիչ Սթիվեն Սփիլբերգն իր «Շինդլերի ցուցակով»:
–Երբեւէ եղե՞լ եք Հայաստանում: Եթե ոչ, ապա միշտ՝ բարո՛վ գաք:
-Ցավոք, միայն մեկ անգամ եմ եղել Հայաստանում, շատ կարճ ժամանակով, կազմակերպելու համար Սունդուկյանի անվան թատրոնի մասնակցությունը Շեքսպիրի «Գլոբուսում» տեղի ունեցող «Աշխարհը՝ Գլոբուսին» փառատոնին, որի ժամանակ Շեքսպիրի 37 թատերգությունները ներկայացվեցին 37 տարբեր լեզուներով, ներառյալ՝ հայերեն: Եվս մեկ «առաջինը», միգուցե…
–Միացյալ Թագավորությունում կեսդարյա հաջող կարիերայից հետո որոշեցիք վերադառնալ Թուրքիա: Երեւի շատերն են զարմացել ձեր այս որոշումից:
-Իմ սիրելի՛ Արծվի, իմ գործը Միջազգային է, իմ գործը Համընդհանուր է… Ոչ մեկին չպիտի զարմացնի, որ ես աշխատում եմ Թուրքիայում… Այն երկիրը, որտեղ ծնվել եմ, ինձ հրավիրեց աշխատանքի, եւ հինգ տարվա ընթացքում մասնակցեցի մի քանի խոշոր թատերական, հեռուստատեսային եւ կինոնախագծերի: Այս հնարավորության շնորհիվ ես մի քանի մեծ հարցազրույցներ եմ տվել հեռուստատեսությանը եւ թերթերին, որոնցում խոսել եմ իմ ժողովրդի, իմ անցյալի եւ այլնի մասին: «Հրանտ Դինք» հիմնադրամի շնորհիվ կազմակերպվեց ինձ նվիրված եռօրյա փառատոն, որի ընթացքում նշեցին իմ դերասանական գործունեության 50-ամյակը: Պարզապես մոգական էր: Ես չեմ կարող բավականաչափ շնորհակալություն հայտնել նրանց: Ի դեպ, ինձ երբեք չեն հրավիրել աշխատելու Հայաստանում, նույնիսկ որպես այնտեղի ամենամյա կինոփառատոնի ժյուրիի անդամ: Բայց ո՛չ մի խնդիր, աշխատանքը շարունակվում է, կյանքը շարունակվում է…
–Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա մի տեսակ կիսով չափ թոշակառու եմ: Բայց դեռ աշխատում եմ, այս տարի որոշ նախագծեր կցուցադրվեն:
–Շատ շնորհակալ եմ այս հարցազրույցի համար, հարգելի՛ Գեւորգ: Եվ ես մեծ հույս ունեմ, որ մի օր դուք գիրք կգրեք ձեր կյանքի եւ դերասանական փորձառության վերաբերյալ…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ