Նոյեմբերի 30-ին Բունդեսթագը գերազանցեց իր լիազորությունները. Պատմագիտությունը դարձավ ավելորդ դիսցիպլին, իրավաբանությունը՝ մահակ, քաղաքականությունը գերգերակա հրեշ դարձած՝ կուլ տվեց բարոյականության փշուրները … Գերմանիայի դեմոկրատիայի տունը նոյեմբերի 30-ին հիշեցնում էր մի հիվանդասենյակ, ուր բանականությունը մթագնել էր: Ձախ խմբակցության պատգամավոր Գրեգոր Գիզիի ելույթը եթե չլիներ, կարելի էր եզրակացնել, թե Հիտլերը, Ստալինը, Պուտինը նույն ոճրագործն են, ավելին՝ օրվա բանախոսները չխուսափեցին բազմիցս կրկնել, դրոշմել մեր մտապաստառին իրավական մի բառեզր, որ նախկինում շատ զգույշ էին գործածում՝ այս երեքը մարդասպան չեն սոսկ, ցեղասպան են:
Չորեքշաբթի օրը Բունդեսթագը վավերացրեց իշխող կոալիցիայի՝ Սոցիալ դեմոկրատների, Կանաչների, Ազատ դեմոկրատների եւ ընդդիմադիր Քրիստոնյա դեմոկրատական- քրիստոնյա սոցիալական միության միացյալ առաջարկը Ուկրաինայի 1932- 33 թվականների Հոլոդոմորը (Սովամահության դատապարտելը կամ բռնի սովի մատնելը) դասակարգել որպես ցեղասպանություն: 50 րոպե տեւած նիստից հետո Բունդեսթագի խմբակցություններից միայն երկուսը՝ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար»-ը եւ Ձախերը ձեռնպահ քվեարկեցին, մնացածները կողմ էին, որեւէ դեմ չկար: Գերմանիան դարձավ 22-րդ երկիրը, որ վավերացրեց այն՝ երկարամյա մերժումներից հետո:
Այստեղ մի փոքր ընդմիջեմ Բունդեսթագի նոյեմբերի 30-ի նիստի մասին իմ շարադրանքը: Քանի որ Երեւանում նստած եմ գրում այս հոդվածը, այն կառուցեմ մի հեռադիտակով, որից Բեռլինին ուղղված մեր խոշորացույցը մի քանի նախադասությամբ «ընդլայնում» է եվրոպական պատկերը:
Նույն օրը՝ նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձեւ: Մինչ նախագահ Մակրոնը, ֆրանսիացի օրենսդիրները ուշադրության առանցքում են պահում ԼՂ-ն ու Հայաստանը, մանավանդ սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո բանավոր խոսքը դարձնում գրավոր փաստաթուղթ, հարեւան Գերմանիայում, ավելի ստույգ՝ նրա արտգործնախարարությունում հրաժարվում են պատասխանել մի պարզ հարցի՝ Ադրբեջանը խախտե՞լ է Հայաստանի ինքնիշխան տարածքը: Պաշտոնական ձեւակերպումներում որեւէ նախադասություն, նույնիսկ կետադրական նշան չի փոխվել: Այս խորապատկերին հավելենք այն տեղեկույթը, որ նոյեմբերի 29-ին մատուցեց ՀՀ կառավարության լրատվականը՝ «Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԳԴՀ կանցլերի արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ: Քարտուղարը նաեւ հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում»: Գերմանացիները խիստ ուշադիր են պաշտոնատար անձանց անձնականին, կենսագրական տվյալներին, որ հանկարծ չխախտեն նրբանկատության սահմանը, հետեւաբար չեմ կասկածում, թե տեղյակ չեն, որ Արմեն Գրիգորյանը Արցախում ծնված, Արցախում պսակված երիտասարդ պաշտոնյա է, որին հայաստանաբնակներն արտոնել են իրենց անվտանգության մասին հոգալ: Նկատի ունենալով նաեւ, որ արցախցին ուրիշ շնչառությամբ է զգում անվտանգության կենսականությունը: Ինչի՞ մասին են խոսել Գրիգորյանի հետ գերմանացի վերոհիշյալ պաշտոնյաները, հայտնի չէ անշուշտ, քանի որ գերմանական մամուլը չի գրում դրա մասին, իսկ հայաստանյան աղբյուրները չեն բացահայտում: Արդյունավե՞տ են այդ հանդիպումները…երբ ԳԴՀ ԱԳՆ-ի կայքում Հայաստանի, Արցախի մասին տեղեկագրության մեջ այդ հանդիպումների, ջերմ զրույցների արտացոլանքը չի երեւում: Վերադառնանք արծարծվող թեմային:
Հոլոդոմորը ցեղասպանությո՞ւն
Այն, որ Բունդեսթագն այս ճանաչմամբ գերազանցել է իր լիազորությունները, բարեբախտաբար միայն իմ կարծիքը չէ: «Հոլոդոմորը ցեղասպանությո՞ւն. Բունդեսթագն այս հարցի որոշմամբ գերազանցեց իրավասությունների սահմանը» վերնագրյալ վերլուծականով է «Նոյե ցյուրխեր ցայթունգի» մեկնաբանը ձեւակերպում այսպես ՝ «Այն, որ ուկրաինացիներին սովամահության հասցնելու Ստալինի ծրագրված գործողության մասին պիտի խոսվի Գերմանիայում, անկասկած կարեւոր է, բայց «ցեղասպանություն» բառեզրով աստիճանակարգելը հիշողության մշակույթի վերանայում է, մանավանդ հակասական փաստական հենքով»:
Այսպես մտածողների քանակը, համոզված եմ, նվազ չէ, մամուլի արձագանքներից էլ երեւակվում է: Գերմանական հեղինակավոր «Ցայթի» մեկնաբանն էլ շատ հիմնավորված եւ պարզ շարադրում է, որ ԽՍՀՄ- ում տաբու կար, այս թեմայի մասին չէին խոսում, եւ մեջբերում է Լուդվիգ Մաքսիմիլիան համալսարանի Արեւելյան Եվրոպայի պատմության մասնագետ Ֆրանցիսկա Դեվիսի մեկնաբանությունը, թե Գորբաչովի հալոցքի ժամանակաշրջանում են սկսել խոսել դրա մասին: 1991-ին Ուկրաինայի անկախ պետության կենտրոնական խոսույթն է դառնում, 2004-ին վարչապետ Յուշչենկոն քաղաքական օրակարգում ընդգծեց Հոլոդոմորն իրենց պատմության, հիշողության կենտրոնական առանցք դարձնելու կարեւորությունը: Ժամանակին Ուկրաինայում բոլորը չէ, որ այսօրվա նման համոզված էին, թե ցեղասպանություն է իրականացվել իրենց հանդեպ: 2006-ին Ուկրաինայի Ռադան Հոլոդոմորը որպես ցեղասպանություն վավերացրեց, իսկ դրա ուրացումը պատժելի արարք սահմանեց: Ուկրաինայում կան որոշակի ուժեր, որ ձգտում են Հոլոքոսթի զոհերի հետ մրցակցության եւ այդպես էլ ձեւակերպում են. Հոլոդոմորը՝ ուկրաինացիների Հոլոքոսթը: Բայց նացիոնալսոցիալիստների ձեռամբ հրեաների զանգվածային ծրագրված սպանդի եւ Ստալինի սովամահության ենթարկելու միջեւ կարեւոր տարբերություն կա, նկատել է տալիս պատմաբանը՝ Ստալինը ազգն ի սպառ ոչնչացնելու ծրագիր չի ունեցել:
Այն, որ նոյեմբերի 30-ին Բունդեսթագը պիտի վավերցներ եւ դասակարգեր Հոլոդոմորը՝ որպես ցեղասպանություն, այսինքն ծրագրված էր, հստակ է դառնում, երբ կարդում ենք նախորդ օրվա «Բեռլիներ ցայթունգը»: Բեռլինի Մայր տաճարում Բունդեսթագի նիստից մեկ օր առաջ Ուկրաինայի դեսպանի կազմակերպած հուշահանդեսն է՝ Հոլոդոմորի զոհերի ոգեկոչման արարողությունն անցկացվել է երեքշաբթի երեկոյան: «Բեռլիներ ցայթունգի» թղթակցի հայացքով փոխանցենք կարեւորը՝ տաճարում վառվող մոմերի լույսը շրջանակում է զոհասեղանին դրված ծաղկամանը, որի մեջ ցորենի հասկեր են եւ հաց: Հնչում է երգեհոնի հոգեպարար մեղեդին, հավաքված բազմությունը սատարում է Ուկրաինային, իսկ ուկրաինացի հոգեւորականը՝ Գերմանիայում եւ Սկանդինավյան երկրներում ուկրաինացիների հոգեւոր ներկայացուցիչ եպիսկոպոս Բոհդան Ձյուրախը ներկաներին խնդրում է աղոթք հղել առ աստված ոչ միայն ուկրաինացիների, այլեւ Սիրիայում, Իրանում զոհվածների համար, աշխարհում կլիմայական փոփոխությունների պատճառով տուժածների համար: (Հայաստանի, հայ ժողովրդի համար չի աղոթում ուկրաինացի հոգեւորականը: Ինչպե՞ս այսքան մենակ մնացինք)։ Հոգեւորականն այնուհետ ներկայացրել է, թե խորհրդային տարիներին Հոլոդոմորի մասին արտոնված չէր խոսել, բայց այժմ նրանք՝ Հոլոդոմորի զոհերը մեր աղոթքներում հիշվում են, ինչպես Հիսուսն էր ասում՝ «Դուք կճանաչեք ճշմարտությունը եւ այն ձեզ կազատի»:
Որտե՞ղ փնտրել Ճշմարտությունը: Բունդեսթագում հենց սկզբից ուղղորդեցին, որ այն չի կարելի որոնել ռուսական նարատիվներում, որ պնդում է, թե սովը համատարած է եղել, կոլեկտիվացման տարիներին քաղաքական ղեկավարության սխալների հետեւանքով շատերն են սովամահ եղել, նաեւ՝ ռուսներ, եւ ուկրաինացիների դեմ՝ որպես հավաքական էթնիկ միավորի ուղղված չի եղել Ստալինի գործողությունը: Որտե՞ղ փնտրել ,պատմության ո՞ր դասագրքում, ո՞վ է այն հեղինակը, որի փաստերը ուսումնասիրել է գերմանացի օրենսդիրն ու հիմա խիստ ճշգրիտ ներկայացնելու է, ինչպես սիրում է ճառասացել ու պահանջել այդ ամբիոնից, երբ խոսքն այլ ոճրագործությունների մասին է… Այսինքն փաստ կա, նշում են,որ Սովը չեն հաղթահարել նաեւ Հյուսիսային Կովկասում, Ղազախստանում, որի բնակչության մեկ քառորդը զոհվել է սովամահությունից, Մերձվոլգայում, Ուկրաինայում, եւ փաստ չկա, չի գտնվել գրավոր հրահանգ, ըստ որի Ստալինը հրամայել է ի բնե ոչնչացնել ուկրաինացիներին, բայց…այն, ինչ այսօր անում է Պուտինը բոլորիս աչքի առջեւ՝ հացահատիկի շտեմարան Ուկրաինան սովի է մատնում, լույսն ու ջերմությունը կտրում, ծեր ու մանուկ կոտորում, մեզ արտոնում է վավերացնել, որ Հոլոդոմորը ցեղասպանություն է, որ պատմության դիվային կերպարը Հիտլերը չէ միայն, Ստալինը նույնն է արել, իսկ ստալինիզմն արդարացնող Պուտինը ինքն էլ ցեղասպան է: Գրեգոր Գիզին հիշեցրեց, որ Ստալինը վատն է, բայց Հիտլերն, չմոռանանք, ավելի վատն է, իսկ երեքին նույնացնելն, մեղմ ասած, ազնիվ չէ:
2006 թվականից ի վեր Ուկրաինայի բոլոր կառավարությունները ձգտել են միջազգային հարթակում ճանաչել տալ Հոլոդոմորը (Մեծ սովը կամ Սովամահությունը) որպես ցեղասպանություն: ԳԴՀ-ում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Օլեկսի Մակեեւը հուշահանդեսի օրը՝ Բունդեսթագի նիստից մեկ օր առաջ գերմանական ԶԼՄ-ներին փոխանցում է՝« Շատերն են Ուկրաինայում, բայց նաեւ Գերմանիայում անցյալի եւ ներկայի միջեւ զուգահեռներ տանում»: Ռուսաստանի հարձակումը ցեղասպանանման պատերազմ է, կարծիք է հայտնել դեսպանը եւ եզրափակել այսպես՝ այս պատերազմը պիտի վերջանա, որ ուկրաինացի ժողովրդի հանդեպ ցեղասպանություն էլ չլինի»: Դեսպանը ճանաչումից մեկ օր առաջ արդեն համարձակություն է գտնում խոստովանել, թե կասկած չունի՝ բանաձեւը վավերացվելու է: «Պատմաբանները միակամ են եզրույթի հարցում», ասում է դեսպանը՝ առանց հիշատակելու, հուշելու՝ ո՞ր պատմաբանները: Դեսպան Մակեեւը հույս է հայտնում, որ Գերմանիայում Ուկրաինայի պատմության այս կարեւոր դրվագի հանդեպ ուշադրությունը կաճի եւ երեւի առիթ կլինի դպրոցներում ուսուցանելու:
Դեսպանի խոսքն արդարեւ փոխանցում է այն մտայնությունը, որ տիրապետող է ոչ միայն ուկրաինացիների խոսույթում, այլ՝ աշխարհի այն մայրաքաղաքներում, որտեղ մի բանաձեւ են շրջանառում՝ Պուտինը ցեղասպան է, պիտի հեռանա:
Երբ 2016-ի հունիսի 2-ին վերջապես, մեկուկես տարի քաղաքական տուրեւառումներից հետո, Բունդեսթագը բանաձեւ ընդունեց, Հայոց կոտորածներ, եղեռն բառակապակցությունը իրավական դասակարգմամբ ցեղասպանություն որակեց, խոսք չեղավ՝ Էրդողանը ցեղասպան է, պիտի հեռանա: Թուրքերին չնեղացնելու համար միշտ ամրագրվում է, այսօրվա թուրքը չէ, նրանց նախնիներն են իրագործել: Նույն կաղապարն է՝ գերմանացիները չէ, նացիստական Գերմանիան է, անցյալում մեղանչել է, 1915-ին Հայոց ցեղասպանության համապատասխանատու է եղել, ճանաչել է, Աֆրիկայում գաղութարար Գերմանիան Նամա եւ Հերերո ցեղերի հանդեպ կատարածն էլ ճանաչել է, բոլորին փոխհատուցում անշուշտ չի կարող տալ, բայց հրեաներին ողջակիզելու՝ Հոլոքոսթի փաստը, Շոան հիշեցնողների սերունդներին ցայսօր վճարում է, ավելին՝ Իսրայել պետության անվտանգության երաշխավորն է: Իսկ հիմա եկել է պահը իր եւ այլոց պատմությունը վերաշարադրելո՞ւ: Այսպե՞ս ընկալենք Գերմանիայի օրենսդիրի վարքը, խոսքը:
Այսինքն ուրացող Էրդողանը ցեղասպան չէ՞: Նոբելյան մրցանակակիր Վեզելի խոսքը գերմանացին չի կարող չիմանալ, թե ուրացումը զոհի երկրորդ սպանդն է, բայց՝ Էրդողանին խնայում է:
Իսկ Ալիեւի՞ն: Եթե գերմանական քաղաքական վերնախավը մամուլին կաղապարային սահմանում է տրամադրել, թե ԼՂ միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանին է պատկանում, չի կարող գրել, թե Ալիեւը ցեղասպան է, պիտի հեռանա: Բայց մենք էլ չխոսե՞նք:
Բունդեսթագում երեկ ազդու շեշտով պատմություններ էին պատմում ամբիոնից, թե ուկրաինացիներին ուզում է ոչնչացնել Պուտինը, հարվածում է քաղաքացիական ենթակառուցվածքներին, գազն ու լույսն է կտրում, նորածին է մահանում ծննդատանը, քանզի Պուտինը ռազմական հարձակմանը զուգահեռ ոչնչացնում է ազգի արժանապատվությունը, նսեմացնում է զոհին, նրանց մինչեւ սպանելն է սպանում: Իսկ մենք լսում ենք՝ լուռ, գրեթե լուռ:
Մեղք է Ուկրաինայի ժողովուրդը, որ զոհվում է, որ թույլ է տալիս ավեր երկիր դարձնել իր մեծ տարածքը, որ իր քաղաքական ղեկավարությանն արտոնում է սրել թշնամանքի շեղբը, որ թույլ է տվել փոխարտգործնախարարի պաշտոն ստանձնել Գերմանիայում նախկին դեսպան Մելնիկին, որ իր համարձակ, առավել ստույգ՝ ամբարտավան ելույթներով գերմանացիների զայրույթն էր հարուցել, որ պաշտպանում էր Բանդերային, իսկ գերմանացի մտավորականների՝ պատերազմը շուտափույթ դադարեցնելու բաց նամակը, նրանց հեղինակությունն ու անկեղծությունը ծաղրել էր…այս մարդիկ սիրում են պատերազմը, որի սուրը պատյան չի գտնում: Չեն խորշում պատերազմից, զենք են վաճառում, խիղճ են վաճառում, պատմություն են վերաշարադրում՝ դրախտն ու դժոխքը մերձեցնելով:
Աստվածուրացության ժամանակներ են:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարում`գրաֆիտին ներկայացնում է Բունդեսթագի նոյեմբերի 30-ին կրկնվող խոսույթը՝ երեք ցեղասպանները: