Երկուշաբթի օրվանից՝ փետրվարի 24-ից ի վեր հանրության մի մասը Գերմանիայում հարց է տալիս՝ ինչպե՞ս եղավ, որ երկրում աջ ծայրահեղական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ուժը Բունդեսթագի ընտրություններում երկրորդ տեղը շահեց։ Առաջին հերթին՝ ներգաղթի թեման օգնեց նրանց, կարծիք է հայտնում սոցիոլոգ Աքսել Զալհայզերը՝ նկատել տալով, որ մյուս կուսակցությունները փորձել էին այդ թեման ուշադրության առանցքում պահել, սակայն տարիներ ի վեր լուծումների մեջ թերացել էին։ Ողբերգություններով լի լրահոսը, անվտանգության դեֆիցիտը սրում են կրքերը, ամբոխահաճո խոսքը դառնում է դարման։ Փետրվարի 23-ից առաջ եւ հետո Գերմանիայի տարբեր քաղաքներում ահաբեկչությունը, դանակահարության դեպքերն ամենօրյա լրահոսի մաս են, իսկ հանցագործների մեծ մասն օտարերկրացի է, մահմեդական։ Երեկ Գերմանիայում սկսվեց տարվա «հինգերորդ եղանակը»՝ կառնավալը, որ կտեւի մինչեւ առաջիկա չորեքշաբթի։ Եկեղեցական ամուր ավանդույթ ունի այն ԳԴՀ-ում, հատկապես երկրի արեւմտյան հատվածում հանրության մի ստվար հատված ողջ տարին սպասում է դրան, եւ կարելի է պատկերացնել գերմանացիների զայրույթը, երբ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունը 2 օր առաջ սպառնաց խոչընդոտել Քյոլնի բազմամարդ շքերթը։ Երեկ ոստիկանությունը հաստատեց, որ Քյոլնում լրացուցիչ ուժերով երաշխավորելու են անվտանգությունը, ահաբեկիչները ժողովրդին իրենց կամքը չեն թելադրելու, սակայն բոլոր քաղաքներում, ավաններում ինչպե՞ս պիտի հսկեն։ Նյուրնբերգում արդեն չեղարկել են երկուշաբթի օրվա շքերթը։
Ընտրություններից առաջ հարցվածների 46 տոկոսը հիմնականում դրական էր գնահատել այն, որ «Այլընտրանք»ն ուզում է սահմանափակել ներգաղթը։ Թեեւ «Այլընտրանքը» շատ ձայն է ստացել, սակայն առայժմ հզոր ընդդիմություն է, բայց Բունդեսթագում մեկուսացված է, եւ կառավարություն կազմելու, պաշտոն զբաղեցնելու արտոնություն չունի։ Սակայն ո՞վ կմոռանա Ալիս Վայդելի ընտրությունների հաջորդ օրն ասածը՝ «գալիք տարիներին քրիստոնյա դեմոկրատներից առաջ կանցնենք, նրանց կհալածենք, եւ դա շատ շուտ կլինի»։ Այս արտահայտություններն իհարկե ստիպում են, որ մի խումբ պատգամավորներ կրկին ցանկություն հայտնեն ստուգելու՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը համապատասխանո՞ւմ է ԳԴՀ սահմանադրությանը։ Բայց նմանատիպ աչալրջություն էլի է եղել, եւ արդյունք չի տվել։
Քաղաքագիտության պրոֆեսոր Վոլֆգանգ Շրյոդերը կարծում է, որ հնարավոր է կուսակցությունն այժմ հասել է «արմատականացման գագաթնակետին», ապագայում կչափավորի իրեն, որպեսզի կարողանա կոալիցիա կազմել։ Քչերն են հավատում պրոֆեսորի հիշյալ «լավատեսությանը»։ «Նույնիսկ եթե ավելի շատ ձայն հավաքի, մշտական արմատականացմամբ սահմանափակում է իշխանության սեփական հնարավորությունները։ Այնուամենայնիվ, «Այլընտրանքի» ընտրողների ներուժը սահմաններ ունի, քանի որ կուսակցությունն ունի «բևեռացման մեծ ներուժ»։ Պրոֆեսորի այս վերջին դիտարկումը երեւաց ընտրությունների ժամանակ։ Ընտրողների մի մեծ զանգված ծայրահեղ աջ գաղափարախոսության դեմ իր բողոքն արտահայտեց Բունդեսթագում Ձախերին քվե տալով, եւ նրանք հաղթանակ տարան։ Հատկապես ուշագրավ է նրանց բացարձակ հաղթանակը Բեռլինում, այնինչ սահմանակից Բրանդենբուրգում հաղթել են աջերը։ 2025-ի ընտրություններում երիտասարդությունն ընտրեց ծայրահեղականությունը՝ աջերին եւ ձախերին, նաեւ այն պատճառով, որ թվարկած երկուսը հատկապես տիկտոկ հարթակում ակտիվ էին։ Միջին տարիքի ընտրողները պահպանողական գաղափարներին հավատարիմ մնացին, դժգոհ լինելով սոցիալ դեմոկրատներից ընտրեցին քրիստոնյա դեմոկրատական, ք. սոցիալական միությանը, նվազ քվեներով պաշտպանեցին կանաչներին, իսկ լիբերալ հայացքներով ազատ դեմոկրատներին դուրս թողեցին Բունդեսթագից։
Ձախերից անջատված, սեփական անունով դաշինք ստեղծած Զառա Վագենկնեհթի ձայնը ընտրություններից հետո չի լսվում։ Նրա դաշինքը 4,97 տոկոս հավաքեց։ Լուր տարածվեց, թե ընտրության արդյունքը բողոքարկելու են սահմանադրական դատարանում, քանի որ 230.000 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացի զրկվել է արտասահմանում իր իրավունքն իրացնելուց՝ լոգիստիկ (հիշեցման թերթիկը, մասնակցության կտրոնը ժամանակին չստանալու) պատճառով։ 5 տոկոսի շեմը կհաղթահարվեր, եթե 14 000 ձայն էլ ստացած լինեին։ Օրերն անցնում են, եւ չի հրապարակվել՝ Կարլսռուհեի սահմանադրական դատարան դիմելո՞ւ են։
Ի դեպ «Ազատ ընտրողներ» կուսակցությունը չհաղթահարեց Բունդեսթագ անցնելու շեմը։ Այս կուսակցության ցուցակով Հյուսիս Հռենոս Վեստֆալիա ամենախիտ բնակեցված երկրամասում երկու հայ թեկնածու նկատեցինք՝ Հովիկ Բաբախանյանը (Howik Babachanjan) եւ Արբի Դավուդ Մկրտիչը (Arbi Davood Megerdich)։ Ցարդ Բունդեսթագում միայն մեկ պատգամավոր ենք ունեցել, որ մոր կողմից հայ է եղել՝ քրիստոնյա դեմոկրատ Մարտին Պեթցոլդը։
Ընտրողների 7 միլիոնից ավելին սերում է ներգաղթյալների ընտանիքներից։ Ու՞մ են ընտրել, դեռ հայտնի չէ։ Թուրքերը, որ սովորաբար սոցիալ դեմոկրատների ընտրազանգվածն են կազմում, այդ ուժին հավատարիմ են մնացե՞լ, դեռ հայտնի չէ։
Ընտրողների մեկ երրորդը կարծում է, որ կանցլերի հավակնորդ Ֆրիդրիհ Մերցը միայն մեկ հնարավորություն ունի՝ կոալիցիա պիտի կազմի սոցիալ դեմոկրատների հետ, սակայն 17 տոկոսը՝ հարցվածների մեկ վեցերորդից ավելին համարում է, որ «Այլընտրանք Գերմանիայի համար»(AfD) կուսակցության հետ էլ կարող է, եւ դրա անտեսումը հակադեմոկրատական է։ Իհարկե, ընտրության արդյունքը նման կոալիցիայի հնարավորություն տալիս է, բայց Մերցն այն կատեգորիկ բացառել եւ ցայժմ բացառում է։ 69-ամյա Մերցը ընտրություններից 3 շաբաթ առաջ հայտարարեց, թե «Այլընտրանքը» (AfD) դեմ է այն ամենին, որ մեր կուսակցությունը, մեր երկիրը վերջին տարիներին, տասնամյակներին Գերմանիայում կառուցել է»։

Հետաքրքրականն այն է, որ ծայրահեղ աջ գաղափարախոսությամբ «Այլընտրանքի» կողմնակիցներից բացի նմանատիպ տեսակետ են հայտնում նաեւ ոչ համակիրներ՝ նկատել տալով, որ 10 միլիոնից ավելի մարդկանց ձայնը հաշվի չառնելը վտանգավոր է եւ ժողովրդավարությանը դեմ։ Եթե իրավական տեսակետից ստուգել են, արտոնել են կուսակցությանը ընտրությունների մասնակցել, ուրեմն սահմանադրությանը հակասող բան չեն գտել։ Այս կարծիքը հիմնավորողները նաեւ ընդգծում են, եթե ցանկալի չէր կուսակցության մասնակցությունն ընտրություններին, պիտի գտնեին իրավական ամուր հիմնավորում դրա գործունեությունն արգելելու մասին։
Հիասթափվածների պատճառաբանությունը, թե ընտրությունների արդյունքը հաշվի չառնելը՝ երկրորդ տեղը գրաված կուսակցության հետ կոալիցիա կազմելու բանակցություն վարելու փոխարեն պայմանավորվել այն ուժի (սոցիալ դեմոկրատների) հետ, որ կառավարում էր եւ որին մերժեց ընտրողը, արհամարհանք է նշանակում ժողովրդավարության հանդեպ։ Բոլորի հետ պիտի բանակցել։
Մյուս կողմից, փետրվարի 26-ին Աուշվիցի (հայերս կիրառում ենք Օսվենցիմ ձեւը) միջազգային կոմիտեն «սկանդալ» է որակել, քննադատել «Այլընտրանք»ին, որ Բունդեսթագի խմբակցության կազմում ընդգրկել է Մաքսիմիլիան Կրահին (Maximilian Krah) եւ Մաթթիաս Հելֆերիհին (Matthias Helferich)։ Երկուսն էլ նվազեցնում են նացիոնալսոցիալիզմի դերը։ Նրանց ներկայությունը Բունդեսթագում ոչ միայն զոհերի ժառանգներին է վիրավորում, այլեւ Գերմանիայի հեղինակությանն է հարվածում։ Նրանք, որ ծայրահեղական չեն եւ «Այլընտրանքին» են ձայն տվել, հիմա թող տեսնեն, թե ո՞ւմ են ձայն տալով հզորացրել, հուշել է Աուշվիցի կոմիտեն։
Հոլոքոսթի վերապրող 93-ամյա Շառլոտտե Քնոբլոխը, որ Մյունխենի եւ Վերին Բավարիայի իսրայելյան մշակութային միության նախագահն է, նախկինում Գերմանիայում հրեաների կենտրոնական խորհրդի նախագահը, դեռ ընտրություններից առաջ, սուր քննադատեց քրիստոնյա դեմոկրատական քրիստոնյա սոցիալական միությանն ու ազատ դեմոկրատներին, որ «Այլընտրանքի» հետ համատեղ Բունդեսթագում քվեարկեցին ներգաղթի օրենքը խստացնելուն ի նպաստ։ Քնոբլոխի կարծիքով, Բունդեսթագում նստած «Այլընտրանք»ը Գերմանիայի հրեաների հանդեպ ամենամեծ սպառնալիքն է, ունի ազդեցության լծակներ, պետությունից փող է ստանում եւ իր հակաժողովրդական կառույցները հզորացնում։ Այդ կուսակցությունը վտանգում է հիշողության մշակույթը, տարածում հակահրեականություն»։
Եվրոպական ընտրություններին հիշյալ կուսակցության առաջադրած թեկնածուներից Կրահին արգելեցին մասնակցել՝ հետեւյալ արտահայտության համար՝ «Երբեք չեմ ասի, թե նա, ով Հիտլերի հիմնած Էսէսի (SS) համազգեստ է հագել, ինքնաբերաբար ոճրագործ է եղել»։ Սակայն նա մասնակցեց Բունդեսթագի 2025-ի ընտրություններին եւ իր կուսակից Մաթթիաս Հելֆերիհի հետ «Այլընտրանք» խմբակցության կազմում է լինելու։ Հելֆերիհն ինքնիրեն բնութագրելիս նույնիսկ ասել է՝ «նացիոնալ սոցիալիզմի սիրալիր դեմքն եմ»։
Այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հինգերորդը «Այլընտրանք»ին է ձայն տվել, նշանակում է, որ Գերմանիան այլեւս ապահով չէ, հեռանալու եմ Գերմանիայից, 2 օր առաջ կարծիք հայտնեց հրեա ուսանողների միության նախագահ Հաննա Վայլերը, որ Գերմանիա է եկել տարիներ առաջ Բելառուսից։ Նա սոցհարթակներում սպառալից գրություններ շատ է ստանում, քանի որ քննադատում է Պաղեստինին սատարող ցույցերը։ Հրեաների կենտրոնական խորհուրդն ընտրությունների շեմին հայտարարություն տարածեց, զգուշացրեց քվե չտալ հակասեմականություն տարածող երկու՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ Զառա Վագենկնեհթ դաշինքին։ Բայց «Այլընտրանքի» նախագահ Ալիս Վայդելը հարցազրույցներից մեկում բացահայտում արեց՝ իրենց հրեա անդամների թիվը քառանիշ է։ «3ուդիշե ալգեմայնե» թերթի ծանուցմամբ, իրականությունն այլ է՝ գոյություն ունի «Հրեաներն Այլընտրանք Գերմանիայի համար» միությունը, որ պաշտոնապես նույնանուն կուսակցությանը չի պատկանում։ Միությունն ունի մոտ 30 անդամ, անդամակցել կարող են նաեւ հուդայականություն դավանող ոչ հրեաները, նախագահն է Ուկրաինայում ծնված Արթուր Աբրամովիչը, իսկ անդամներից մեկը Հայաստանում ծնված, այժմ գերմանաբնակ Լեոն Հակոբյանն է (Leon Hakobian)։ Ըստ որոշ տվյալների, աջ ծայրահեղ «Այլընտրանք» կուսակցությունում հրեաների թիվը 44-ի սահմանը չի հատում։ Հրեաների կենտրոնական խորհուրդը, նաեւ այլ կազմակերպություններ խիստ քննադատել են աջերի հետ համագործակցող հրեաներին, միությանը, նրանց գործունեությունը նկատել վտանգավոր, դատապարտելի։ Աբրամովիչի միությունը սակայն հրեաների պառակտման մեջ Մերկելի՝ ներգաղթը խրախուսող քաղաքականությունն է տեսնում, քննադատում հրեական կազմակերպություններին, որ դրա մասին չեն խոսում, պետությունից ֆինանսավորվում են։
Ադրբեջանից սերող հրեա Ամիր Մակատովը (Amir Makatov) նույնպես աջերին է հարում, Betar Germany խմբավորման ինքնահռչակ ղեկավարն է։ Նա Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհրդի նախագահ Շուստերին, որ հայտնի է իր ծանրակշիռ խոսքով, հավասարակշիռ կեցվածքով, հրեաների համար ավելի մեծ վտանգ է նկատում, քան ամբողջ «Այլընտրանք» կուսակցությանը։ Ամիրը պայքարում է, որ հուշավայր դարձած համակենտրոնացման ճամբարները փակվեն։ «Այլեւս երբեք» ասողները պիտի հասկանան, որ հրեաներիս այդ հուշավայրերն արդեն բավական վնասել են»։
Քամին համոզում է փրկվելու համար կացին դառնալ
Ծանոթ հարված է, չէ, ՞ցեղասպանություն տեսած, վերապրողի մեր ինքնությանը։ Տարեկից ծառեր ենք, արմատներն այնքան խորն ենք հրել, որ ցողուններին բաց ենք թողել, եւ հիմա քամին համոզում է փրկվելու համար կացին դառնալ։ Ամբոխահաճ, մակերեսային, ցինիկ այս աշխարհում ինչպե՞ս պիտի դիմակայել։ Շատերն ուրախանում են, որ Գերմանիայում հաղթել է քրիստոնյա դեմոկրատական գաղափարախոսությունը։ Սա էլ չափազանցություն է։ Այդ կուսակցությունից էին Բունդեսթագի այն պատգամավորները, որ Ալիեւի խավիարով քրիստոնյաներիս ուրանում էին։ Սոցիալ դեմոկրատներից էլ կային այդ ցուցակում, բայց նրանցից մեկի՝ Շվաբեի ազնվությունն անկաշառ եղավ, եւ Մյունխենի դատարանում «քրիստոնյա» երկու նախկին պատգամավորի այժմ քննում են։ Շոլցն էլ Ալիեւի ձեռքն էր սեղմում սիրով, բայց չմոռացավ ակնարկել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Մենք նշաձողն իջեցրինք…
Ադրբեջանի պահանջը՝ Հայաստանից եւ ԳԴՀ նոր կառավարությունից
Փետրվարի 23-ին՝ ընտրությունների օրը դժվար չէր կռահել, որ Քրիստոնյա դեմոկրատական քրիստոնյա սոցիալական միությունն է լինելու հաղթող ուժը, եւ իրականանալու է Ֆրիդրիհ Մերցի երկար տարիների կանցլերի պաշտոնին հասնելու բաղձալի նպատակը, այդուհանդերձ նույն օրը նրանից բան պահանջելը համարձակության հարց չէ միայն, այս դեպքում սանձարձակություն է կամ նոր աշխարհակարգի համաձայն միգուցե «հաղթողի» թելադրանք։
Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ կարեւոր բաղադրիչ է Խոջալուի ողբերգությունը կամ կոտորածը՝ որպես ցեղասպանություն (գենոցիդ) ճանաչել տալը։
Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւը ցարդ մեզ անծանոթ capital-beat.tv-ին հարցազրույց է տալիս՝ « Մոռացված կոտորածի՝ Խոջալուի» մասին։ Հարցազրույցի հեղինակ Mathias Messerschmitt-ի անունը երկար որոնեցինք ինտերնետում, ապարդյուն։ Պատճառը նրա հետեւյալ ձեւակերպումն է՝ «Սառը պատերազմից հետո Խոջալուն որակվում է որպես առաջին ցեղասպանությունը Եվրոպայում։ Ինչու՞ այն միջազգայնորեն նույնքան ուշադրության չի արժանացել, որքան այլ կոտորածներն ու ցեղասպանությունները»։ Ի շարս այլ անհիմն պատճառաբանությունների, դեսպան Աղաեւը շեշտում է՝ «Հայաստանն իր ազդեցիկ սփյուռքով հնարավորություն ունեցավ մանիպուլացնել միջազգային ընկալումները՝ մթագնելով այս հանցագործության իրականությունը»։ Բավական երկար այս հարցազրույցի մեջ Աղաեւը շեշտադրում է Հայաստանից ակնկալվող քայլը՝ «Խոջալուի (ցեղասպանության )ազնիվ վերանայումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանում արդարության և երկարաժամկետ խաղաղության ճանապարհին»։ «Ճանաչումն է հաշտության նախապայմանը»։ «Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում պատմական հանցագործությունների դեմ պայքարի հարցում։ Հույս ունեմ, որ դաշնային նոր կառավարությունը ոչ միայն կճանաչի Խոջալուն՝ որպես ցեղասպանություն, այլև ակտիվորեն կաշխատի դրա միջազգային հետաքննության ուղղությամբ։ Խոջալուի արդարադատությունը սոսկ ադրբեջանական պահանջ չէ, այլ համընդհանուր մարդասիրության հարց»։
Հայերիս պահանջն արդեն ձեւակերպել է Բունդեսթագը, սակայն հիշեցնող չկա, որ ցեղասպանության 2016-ի բանաձեւով մեզ խոստացել է անվտանգության երաշխիքներ։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա