Թեսսա Հոֆմանն Սավվիդիսը հոկտեմբերի 20-ին արժանացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձր պարգեւին՝ Արժանիքների խաչին: Այն շնորհվում է քաղաքական, տնտեսական, մշակութային, մտավոր կամ կամավորական աշխատանքի բացառիկ նվաճումների համար:
Հոֆմանը գերմանացի բանասեր է, սոցիոլոգ, Օսմանյան կայսրության՝ հայերի, հույների եւ ասորիների հանդեպ իրագործված ոճրի՝ ցեղասպանության հետազոտող, Թուրքիայի փոքրամասնությունների, Հայաստանի անցյալի եւ ներկայի, նաեւ սփյուռքի վերաբերյալ տարբեր աշխատությունների հեղինակ: 1999-ին Թեսսա Հոֆմաննը Բեռլինում հիմնադրեց «Ճանաչում՝ընդդեմ ցեղասպանության, հանուն ժողովուրդների փոխըմբռնման» (AGA) աշխատանքային խումբը, որ ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ այսօր: Հոֆմաննի նախաձեռնությամբ Բեռլինի Լուիզեն եկեղեցու բակում մի հուշավայր կա, որ միավորում է 1912-20 թվականներին երիտթուրքերի եւ քեմալիստների ազգայնականությանը զոհ դարձած բոլոր քրիստոնյաներին: Թեսսա Հոֆմաննը մարդու իրավունքների հանձնառու պաշտպան է, Արցախի նվիրյալ, իսկ էթնիկ զտումից հետո՝ արցախցիների վերադարձի իրավունքի համար պայքարողներից ամենաակտիվը:
«Ազգի» խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է Թեսսա Հոֆմաննին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ











