Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի 2022-ի սեպտեմբերյան համերգին Սեդրակ Երկանյանի հեղինակած բազմաճյուղ ստեղծագործության հինգերորդ մասի պրեմիերան էր: Այն կազմված էր երկու տասնյակ երգ ու նվագներից:
Սփոփիչ, ապրեցնող երեւույթների կարիքն հիմա մեր ազգն առավել ունի, քան երբեւէ: Սպեղանի դնում են ոչ միայն մարմնին, այլեւ հոգուն, իսկ պատերազմի բերած կորուստների հետեւանքները մեղմելու, ցավին դիմանալու եւ ապրելու լիցք ստանալու համար անհրաժեշտ են ճիշտ ասված խոսքը, ճիշտ ընտրված երաժշտությունը: Այդ երաժշտության փնտրումը, այդ հոգեւոր սպեղանու արարումը եղավ մաեստրո Սեդրակ Երկանյանի՝ նախորդած վերջին երկուսուկես տարիների գործը: Իր դարակներում եւ սեղանին ուներ երաժշտական բանահավաքչության ծո՜վ նյութ, որը սպասում էր վերակենդանացման, մշակման, մեղեդիական նոր երանգախաղով ներկայացնելուն: Ժամը հասունացել էր այդ նյութին անդրադառնալու, եւ իրարու հաջորդելով՝ ստեղծվեցին երգաշարերի վեց ծավալուն տետրեր, յուրաքանչյուրը՝ իրենում համահավաք կերպով ներառելով երգերի, նվագների եւ պարեղանակների շարաններ՝ որոշակի ներքին տրամաբանությամբ մեկմեկու լրացնող, սկիզբ եւ շարունակություն կազմող, տրամադրությունից տրամադրություն անցում կատարող: Բոլոր ստեղծագործությունների «հումքը» Ս. Երկանյանը քաղել է ազգային երաժշտարվեստի ակունքներից՝ դրանք հեղինակային մեկնությունների, մեղեդիական կառույցի կատարեգործման եւ գործիքավորման երանգանախշման ենթարկելով:
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի՝ 2022 թ. սեպտեմբերի 29-ի համերգում ներկայացվեց այդ շարքերից հինգերորդը: Բոլոր շարքերն ամփոփված են «Հայկական խճանկար» խորագրի ներքո, իսկ համերգը կրում էր «Ետ ու առաջ» անվանումը՝ պայմանավորված տվյալ շարքում համահավաք պարեղանակների եւ երգերի հերթականությամբ: Իրարով ներդաշնակված, մեկմեկու ներհյուսված երգ ու նվագներն ամբողջական եւ ավարտուն ստեղծագործություն էին կազմում: Այնտեղ հեղինակը մտովի շրջելով պատմական Հայաստանի հյուսիսից հարավ, արեւմուտքից արեւելք՝ իրար է կապել – շաղախել երգերն ու պարեղանակները, որոնք աշխատանքի, սիրո, կարոտի, մաքառման մասին են պատմում, եւ դա՝ ոչ միայն բարբառային բազմատեսակ խոսքով, այլեւ՝ հունչ ու ոգով, իրենց զտարյուն հայկականությամբ:
«Հայկական խճանկարը» հայոց կյանքի, ստեղծարար աշխատանքի, սիրո, կարոտների, ձգտումների, մտահայեցողության երաժշտական մի ուրույն համայնապատկեր է՝ գույն առ գույն հավաքված մեր լեռնաշխարհի բազում երկրամասերից, մեղեդի առ մեղեդի փնջած մի քանի տասնյակից ավելի նահանգներից, գավառակներից եւ գյուղերից, որոցում մի ժամանակ շրջել են բանահավաքները, ձայնագրել գեղջկական երգ ու պարեղանակների հյուսվածքները եւ որպես թանկարժեք «հումք» պահպանել, որպեսզի մի օր նոր սերունդներն անդրադառնան դրանց՝ մեկնության մի այլ տեսլականով, բայց միշտ հարազատ «ակնաղբյուրից», ասել է, թե՝ ազգային ռիթմն ու կառուցվածքը կրող մեղեդիներից առնված նյութին: Որքա՜ն պրակներ կան մշակելու, որչա՜փ հարուստ եւ անսպառ է անհիշելի ժամանակներից մեզ հասած նյութը՝ քանիցս իր հիացումն է արտահայտել մաեստրո Ս. Երկանյանը՝ շարունակաբար անդրադառնալով բանահավաքչական հարստությանը: Եվ ահա նախորդած մի քանի տասնամյակներին իր արարումներին՝ հարսանեկան երգերի շարքերին, անզուգական հորովելներին, «Կարոս խաչ» ասքապատումին, հարյուրավոր մշակումներին գումարվել են «Հայկական խճանկար» ընդհանուր խորագրով վեց շարանները, յուրաքանչյուրը՝ մի-մի անթերի ձեռագրահյուսք: Հեղինակային մտահղացմամբ՝ դրանք միահյուս են, մեկի ավարտը հաջորդի սկիզբն է, անցումները սահուն են՝ ազգային նվագարանների հունչը լիարժեքորեն ներկայացնելու հնարավորությամբ: Ունկնդրում ես երկանյանական ձեռագրի երաժշտահյուսքով արված այս ամբողջական երկը, եւ մտովի հայտնվում հայկական անպիղծ բնաշխարհում, որտեղ երկինք ու երկիր խոսում են բլուլականչի հովվերգով, որտեղ սիրո հունչն ունի ուդի լարերից հոսող թախծությունը, որտեղ բաս-սանթուրը բնության եւ պարեղանակի շարժերի տարածականությունն է հաղորդում, որտեղ դուդուկը հայ շինականի հոգեխորով հոգոցն է, որ կարտահայտի:
Գործիքային անսամբլի կատարած պարեղանակները՝ մի քանի «Ետ ու առաջ»-ները, «Աստվածազնա պար»-ը եւ «Հարսանեկան պար»-ը, «Գորանի»-ն, «Արտաշատի պար»-ը, «Դիբազի խաղ»-ը, «Թամըր աղա»-ն եւ «Լե, լե թամզարա»-ն, այլ նվագներ անծանոթ էին հանդիսականին, իսկ եթե անգամ մի քանի անվանումներ ծանոթ էին, ապա մեղեդիական կառույցով դրանք այլազան եղանակներ էին: Նույնը կարելի է ասել սիրո եւ աշխատանքային երգերի, բլուլի, սանթուրի, դուդուկի, ուդի, քանոնի մենանվագներով կամ զուգանվագներով կատարվող մեղեդիների մասին: Գործիքային նուրբ հյուսվածքով գործեր են դրանք՝ մեկը մյուսից սահուն անցումներով, որ վարպետորեն կատարվեցին Հասմիկ Մուրադյան-Հարությունյանի զուլալ-հովվականչ բլուլով, Լուսինե Դավոյանի կարոտազեղ-տխրալար ուդով, Արտակ Ասատրյանի դուդուկի հոգեհույզով, Քրիստինե Մնացականյանի զվարթուն-հնչեղ բաս-սանթուրով, Մարիաննա Գեւորգյանի քանոնով: Դրանց հնչմանը միանում էր ՝ մարդկային ձայնի տարածայնությամբ Հովիկ Օգանեզովի թավջութակի հնչումը:
Սիրո եւ աշխատանքի երգերը պարեղանակներին մեկընդմեջ կատարեցին «Տաղարանի» մեներգիչներ Լուսինե Մարկոսյանը, Հովսեփ Նշանյանը, Գալինա Ցոլակյանը, Ֆերդինանդ Մուրադյանը, Գայանե Ղամբարյանը: Հարուստ, լեցուն, զգացմունքային, յուրատիպ տոնայնությամբ այս ձայները համույթի հարստությունն են: Խորը, շքեղորեն հասուն եւ գեղեցիկ է Լուսինեի մեցցո-սոպրանոն, Գալինան վաղորդյան թռչնանց անխառն զուլալ ձայնն ունի, Ֆերդինանդը՝ բասի հզորություն, Հովսեփը՝ բարիտոնի փափկությունն ու կատարողի առանձնահատուկ մեղմության գրավչությունը, Գայանեի կատարումներն աչքի են ընկնում իր ձայնի հաղորդած ընդգծված դրամատիկությամբ:
«Սարեն իջավ ջուխյըմ շող», «Ջրի դըգի ուդիլը», «Լուսի լուսնակը ես իմ», «Այ, բըլբուլ ախպեր», «Ելիր», «Ախ, երնեկ եմ ձեզի»,- սրանք երգերի անվանումներ են, որոնք մեկ հարյուրամյակ եւ գուցե ավելի մոռացության տրվելուց հետո նորեն կենդանացան Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգին՝ նոր, անսպասելի փայլով, մեղեդահյուսքերի եւ ձայնարձակման «գունապնակի» ողջ հարստությամբ:
Համերգն ամփոփվեց համույթի ողջ երգչական կազմի խմբերգով: Ի դեպ, «Հայկական խճանկարների» բոլոր պրակներն ավարտվում են «Թագվորի մեր» երգի զանազան տարբերակներով՝ մեկը մյուսից տարբեր՝ հնչմամբ, երաժշտական կառույցով եւ գործիքավորման լուծումներով:
Մի համերգային երեկոյի մեջ ամփոփված էին ազգային հնագույն երաժշտարվեստի թանկ նմուշներ, որոնք իրենց բերած տրամադրությամբ, հնչման տոնայնությամբ ունկնդրին հրճվանք եւ հոգեապաքինում բաշխելու առաքելությունն ունեին:
«Ամեն մեկս կոչված ենք հայրենիքի մի կտոր պահել»,- ասում է Ս. Երկանյանը: Նա դա անում է իր ստեղծագործությամբ՝ հայ հնագույն երաժշտական մշակույթի գանձերը փրկելով մոռացությունից եւ ներկայացնելով հեղինակային անկրկնելի ձեռագրով: «Հայկական խճանկարներ»-ը շարունակելի է՝ հավաստիացնում է մաեստրոն, քանի որ երաժշտական արխիվների պահոցներում եւ գրականությունում բանահավաքչական նյութերը՝ ձայնագրություններն ու նոտագրումներն անհատնելի են:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ