Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը բողոքի ձայն են բարձրացնում Հայ Առաքելական եկեղեցու հալածանքի դեմ
Հոկտեմբերի 21-ին ավստրիական kathpress լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ՀՀ-ում երկու արքեպիսկոպոսի, մեկ եպիսկոպոսի եւ մեկ քահանայի դեմ (պատժիչ) գործողությունները եւ «կուռ համերաշխություն հայտնում Հայ առաքելական եկեղեցուն եւ Հայաստանի ողջ քրիստոնեական համայնքին»: Էկումենիկ խորհուրդը մտահոգություն է հայտնում ՀՀ-ում եկեղեցական պաշտոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքների կապակցությամբ: «Հուլիսից ի վեր իրավիճակը բարելավվելու փոխարեն վատթարացել է, նշվում է հայտարարության մեջ՝ հստակեցնելով, թե արքեպիսկոպոսներ Միքայել Աջապահյանը եւ Բագրատ Գալստանյանը, ինչպես նաեւ մեկ եպիսկոպոս եւ մեկ ծխական քահանա բանտարկվել են: Եկեղեցու ներկայացուցիչների ձերբակալությունն ու դատապարտումը «խոր հիասթափություն եւ ցավ պատճառեց Ավստրիայում եւ ամբողջ աշխարհում բազմաթիվ հավատացյալների», հաղորդում է Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհրդի հայտարարությունը: «Նման միջոցառումները, կարծես, կամայական եւ անհիմն միջամտություն են եկեղեցու ազատությանը եւ կարող են ընկալվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա», նշված է հայտարարության մեջ:
Եկեղեցին «խղճի եւ հասարակության ձայնն է»: Այն ծառայում է խաղաղությանը, արդարությանն ու հաշտեցմանը եւ պետք է «ազատորեն եւ անարգել» կարողանա կատարել վերոհիշյալը: Խորհուրդը համերաշխություն է հայտնում Հայ առաքելական եկեղեցուն եւ խոհեմության կոչ է անում: «Թող Աստված զորացնի իր ժողովրդին Հայաստանում եւ առաջնորդի պատասխանատու պաշտոններում գտնվողներին ճշմարտության, երկխոսության եւ խաղաղության ճանապարհով»:
Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը միավորում է երկրի 17 քրիստոնեական եկեղեցի եւ եկեղեցական համայնք, այդ թվում՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին, Ավստրիայի ավետարանական եւ ուղղափառ (օրթոդոքս) եկեղեցին, օրթոդոքս եկեղեցիները, Հայ առաքելական եկեղեցին, որի թեմակալ առաջնորդը Տիրան եպիսկոպոս Պետրոսյանն է, նաեւ Հին կաթոլիկ եկեղեցին, Մեթոդիստների եւ տարբեր ավետարանական եկեղեցիներ: էկումենիկ խորհրդի հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված է: Ի թիվս այլոց ընդգծվում է Միքայել արք. Աջապահյանի դատապարտումը, որ, ըստ Երեւանի դատարանի որոշման, մեղադրվում է կառավարության բռնի տապալման կոչ անելու մեջ: Շիրակի թեմի առաջնորդը հոկտեմբերի 4-ին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման: Սուրբ Էջմիածինը դատավճիռը որակել է քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, խոսել խոսքի եւ կրոնի ազատության խախտման մասին: Հիշյալ գործը Հայ առաքելական եկեղեցու եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության միջեւ շարունակվող հակամարտության մի մասն է, գրում է kathpress-ը ՝ հաղորդելով, թե մի քանի հոգեւորականներ, այդ թվում՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը կալանքի տակ են դեռ: Ավստրիական kathpress -ը նշում է , որ պատճառը ՀՀ կառավարության՝ ԼՂ-ի հակամարտության նկատմամբ մոտեցումն է, տեղահանված հայ բնակչությանը անբավարար աջակցությունը, որ արժանացել է Եկեղեցու քննադատությանը: Ավստրիական լրատուն ծանուցում է, որ ՀՀ իշխանությունների գործողությունները միջազգային ուշադրության կարժանանան, քանի որ արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանը հայտարարել է, թե մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
«ՀՀ կառավարությունը ձերբակալել է եպիսկոպոսին եւ տասներկու քահանաների» վերնագրով մանրամասն տեղեկատվություն է հրապարակել նաեւ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI): Հոկտեմբերի 22-ին հրապարակված ծավալուն անդրադարձում ընդգծվում է, որ Հայ եկեղեցու նկատմամբ հետապնդումները սրվում են, իսկ քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտում են «մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները»: «Անցյալ շաբաթ ՀՀ կառավարությունը սրեց Հայ Առաքելական եկեղեցու դեմ իր արշավը: Անվտանգության ուժերը խուզարկել են թեմը, ձերբակալել մեկ եպիսկոպոսի, 12 քահանայի եւ եկեղեցու մի շարք աշխարհական աշխատակիցների: Անվտանգության դիմակավորված գործակալները ձերբակալել են նաեւ հունիսից անազատության մեջ գտնվող արքեպիսկոպոսի փաստաբանին: Ձերբակալությունները լրացնում են ՀՀ-ում քաղաքական բանտարկյալների ընդլայնվող ցանկը: Հայ եկեղեցու երկու արքեպիսկոպոս արդեն բանտարկված են, որոնցից մեկը հոկտեմբերի 3-ին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Ռուսահայ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը բանտում է հունիսի 18-ից՝ հեռուստատեսային հարցազրույցում եկեղեցին պաշտպանելու համար», իրազեկում է Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության կայքէջում հրապարակված լրատվությունը:
«Հոկտեմբերի 15-ին անվտանգության ուժերը խուզարկել են Արագածոտնի թեմը: Ձերբակալվել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, 12 քահանաների եւ եկեղեցու մի շարք աշխատակիցների հետ: Կեսգիշերն անց սկսված եւ մինչեւ առավոտյան ժամը 6-ը տեւած դատական նիստից հետո բոլոր ձերբակալվածներն ազատ արձակվեցին, բացառությամբ Պռոշյան սրբազանի, Գարեգին Արսենյան քահանայի եւ թեմի հաշվապահի: Երեքին էլ քաղաքականացված մեղադրանք է առաջադրվել, որ առնչվում է իրենց ընդդիմադիր գործունեության հետ: Հոկտեմբերի 16-ին փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆբ գրառմամբ դատապարտել է եպիսկոպոսի ձերբակալությունը, հանդիմանել գործում ներգրավված դատախազների վրա: Հաջորդ օրը ՀՀ ԱԱԾ -ի դիմակավորված գործակալները Կոչուբաեւին ձերբակալել են դատարանի շենքի դիմացի փողոցում, երբ վերջինս ներկայացել էր ձերբակալված Բագրատ արք. Գալստանյանին պաշտպանելու համար: Այս ձերբակալությունների առիթով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայկական ՀԿ-ների կոալիցիան համատեղ հայտարարություն է տարածել՝ դատապարտելով «քրեական արդարադատության մեխանիզմների ընտրովի, պատժիչ, անհամաչափ եւ անօրինական կիրառումը» եւ զգուշացրել, որ ձերբակալությունները «մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներ» են:
«Ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը հարձակվում եկեղեցու վրա» ենթավերնագրված հատվածում Քրիստոնեական համերաշխություն կազմակերպության մեկնաբանությունը նախ մանրամասն նկարագրում է, թե 301-ից գործող Հայ առաքելական եկեղեցու հետ կապված է հայերի ավելի քան 90%-ը, ՀՀ սահմանադրությունը ճանաչում է այն որպես «ազգային եկեղեցի»՝ Հայաստանի «ազգային ինքնությունը» պահպանելու եզակի առաքելությամբ: «2 տարի առաջ Ադրբեջանի բռնապետությունը հարձակվեց ԼՂ-ի ( Արցախի) վրա եւ վտարեց նրա ողջ հայ քրիստոնյա բնակչությանը՝ մոտ 120,000 մարդու: Եկեղեցու եւ ՀՀ կառավարության միջեւ ներկայիս պայքարը ծագում է այս էթնիկ զտմանը արձագանքելու վեճից: Եկեղեցին հրապարակավ աջակցում է Արցախի հայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու իրավունքին: Վարչապետ Փաշինյանը ձեւակերպել է, որ ԼՂ հարցը «փակված է», իսկ վերադարձի մասին խոսակցություններն անվանել «վտանգավոր»՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի համար: Մայիսին Գարեգին Բ կաթողիկոսը մասնակցեց Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բեռնում կազմակերպած համաժողովին, խոսեց հայերի՝ ԼՂ անվտանգ վերադարձի մասին: (Տե՛ս «Ազգի» մայիսի 23-ի, հունիսի 6-ի մեր հրապարակումները):
Կարճ ժամանակ անց Փաշինյանը սկսեց հրապարակավ հարձակվել կաթողիկոսի եւ եկեղեցու վրա՝ կոչ անելով կաթողիկոսին փոխարինել կառավարության կողմից ընտրված նոր առաջնորդով, ինչը կրոնական ազատության դեմ բացահայտ հարձակում է»: Այնուհետ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը շարադրում է հունիսին Բագրատ արք. Գալստանյանի եւ Միքայել արք. Աջապահյանի ձերբակալությունների մասին, որ «մեղադրվել են կառավարությունը տապալելու դավադրությանը մասնակցելու մեջ»: «Այժմ պարզվել է, որ ՀՀ իշխանությունները կեղծել են արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք առաջադրելու համար օգտագործված ապացույցները: Հոկտեմբերի 3-ին արքեպիսկոպոս Աջապահյանը շտապ դատավարությունից հետո դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մամուլում մեկնաբանությունների հիման վրա ներկայացված անհիմն մեղադրանքով, որի դեպքում պատիժը սովորաբար տուգանքը կամ համայնքային աշխատանքն է: Հայաստանում ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ի սահմանման համաձայն՝ Աջապահյանին պետք է համարել քաղբանտարկյալ»:
Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբները X-ի հարթակում հետեւյալ բովանդակությամբ գրառում է արել՝ եկեղեցու դեմ կառավարության արշավը «ներդաշնակ է Ադրբեջանի քարոզչության հետ» եւ նպատակ ունի «խաթարելու Հայ առաքելական եկեղեցու՝ Հայաստանի քրիստոնեական ավանդույթը պաշտպանելու կարողությունը»: «Այն, ինչ այսօր ՀՀ կառավարությունն է անում, չի տարբերվում չինական կոմունիստական պետության՝ եկեղեցու հանդեպ վարքից, կամ նրանից, ինչ կոմունիստական իշխանություններն արեցին Հայաստանում, ԽՍՀՄ այլ վայրերում»: Այբները կոչ է արել կրոնական ազատության միջազգային շարժմանը «արթնանալ եւ աղաղակել» Հայ առաքելական եկեղեցու հալածանքների առթիվ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Լուսանկարում՝ Ավստրիացի հոգեւորականներն աղոթում են Հայ առաքելական եկեղեցու, Հայաստանի ժողովրդի համար:
Լուսանկարը՝ kathpress-ի











