Ինչպես ծանուցել էինք «Ազգի» նախորդ համարում, Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնը գալիք շաբաթասկզբին՝ մայիսի 26-28-ը, դառնում է Հայկական վտանգված շահերի պաշտպանության կարեւոր հարթակ։ Երկու տարբեր նախաձեռնություն, որ լրացնում են իրար։
Մայիսի 26-ին պաշտոնապես կմեկնարկի Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախաձեռնությունը՝ Շվեյցարիայի խորհրդարանի անդամների միջկուսակցական խմբի հովանու ներքո։
Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (Christian Solidarity International – CSI), որ ծանուցում է մայիսի 26-ին ժամը 11.30-ին Բեռնի Կրոյց հյուրանոցում անցկացվելիք Արցախի՝ խաղաղության շվեյցարական նախաձեռնության կոմիտեի տեղեկատվական միջոցառման ծրագրի մասին, ընդգծում է, որ Խաղաղության նախաձեռնությունը ներկայացնում է 19 պատգամավորներից բաղկացած միջկուսակցական կոմիտեն, որը ղեկավարում են Ազգային խորհրդի անդամներ Էրիհ Ֆոնտոբելը եւ Շտեֆան Մյուլլեր–Ալթերմաթթը։
Համանախագահների ելույթից հետո տեսակապով ներկաներին կողջունի Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատի անդամ Կարլո Սոմմարուգան։ Հայ բանախոսներից առաջինը, որ Բեռնում դիմելու է ներկաներին, ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է, որ այժմ ԼՂ հայերի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահն է։ Այնուհետ տեսաուղերձով ներկաներին խոսք կուղղի Ստեփանակերտի՝ այժմ Երեւանի Լեդի Քոքս վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադեւոսյանը։ Նրա ելույթից հետո Բեռնի Կրոյց հյուրանոցում ներկաներին կողջունեն Շվեյցարիա- Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը, Քրիստոնեական համերաշխություն համաշխարհային կազմակերպության միջազգային հաղորդակցության տնօրեն դոկտ. Ջոյել Ֆելդկամփը։
Նախաձեռնության նպատակն է աջակցել Շվեյցարիայի հանձնառությանը՝ նպաստելու Ադրբեջանի եւ ԼՂ-ի հայ ժողովրդի ներկայացուցիչների միջեւ միջազգային վերահսկողության ներքո կամ միջազգային դերակատարների ներկայությամբ բաց երկխոսության հաստատմանը, որն ուղղված է ԼՂ բուն բնակիչների՝ հայ բնակչության անվտանգ եւ համատեղ վերադարձի բանակցային գործընթացին։
Սա ուղղված է այն մտավախությունների մեղմացմանը, որ առանց անկախ եւ թափանցիկ մեխանիզմների որեւէ բանակցություն կարող է վերածվել ապակառուցողական մանիպուլյացիայի։
Շվեյցարիան չեզոքության ավանդույթ ունեցող երկիր լինելով՝ փորձում է լրացնել միջազգային միջնորդության այն բացը, որը գոյացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստացի չգործելու պայմաններում։ Վարդան Օսկանյանի եւ Վարդան Թադեւոսյանի ներկայությունը վկայում է այն մասին, որ նախաձեռնությունը փորձում է ընդգրկել ոչ միայն միջնորդող կողմերին, այլեւ՝ ԼՂ-ի հայերի ներկայացուցիչներին՝ որպես անկախ եւ լիիրավ կողմ բանակցային գործընթացում։ Սա հակադրվում է Ադրբեջանի այն մոտեցմանը, ըստ որի հարցը դիտարկվում է որպես ներքին վարչական խնդիր։
Միջոցառմանը հրավիրված են ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Սա կարեւոր քայլ է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ միջազգային հանրային ուշադրությունը վերստին կենտրոնացնելու եւ խնդիրն արդար ու իրավական հարթությունում բարձրաձայնելու համար։
Շվեյցարիայի խաղաղարար նախաձեռնությունը ԼՂ-ի հարցում կարող է հանդես գալ որպես միջազգային հարթակի վերականգնման փորձ՝ հատկապես այն դեպքում, երբ համարժեք այլ ձեւաչափեր այժմ չեն գործում։ Այս քայլը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը վերանայելու հարցը՝ ոչ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականության միակողմանիության, այլ՝ բնակչության ինքնության, իրավունքների եւ վերադարձի իրավունքի համատեքստում։
Այս նախաձեռնությունը կարող է նաեւ հիմք դառնալ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի շրջանակներում նոր ներգրավվածության ձեւերի համար՝ փոխարինելու կամ լրացնելու պասիվացած Մինսկի խմբին։ Վերեւում փոխանցելով Քրիստոնեական համերաշխություն համաշխարհային կազմակերպության ամփոփ նկարագրությունը, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանից փորձեցինք պարզել մայիսի 26-ին իր ելույթի գլխավոր շեշտադրումը ո՞րն է լինելու։ «Այսօրվա ռազմավարական վիճակից ելնելով ես պիտի պնդեմ ԵԱՀԿ- ի ներքո «Մոսկվայի մեխանիզմ» կոչվածի հնարավորությունը։ Ըստ իս կարեւոր կետը սա է։ Եթե 10 երկիր դիմեն նախագահությանը, որ ԵԱՀԿ անդամ մի երկրում տեղի ունեցած մարդու իրավունքների, օրինակ՝ դատավարությունների խախտումներ են եղել, ԵԱՀԿ ղեկավարությունն ունի պարտավորվածություն փաստահավաք առաքելություն ուղարկել՝ հաստատելու կամ ժխտելու, թե մեղադրանքը ճիշտ է, թե՞ ոչ։ Դրա մասին զեկույց պիտի լինի։ Ադրբեջանը իրավունք չունի ԵԱՀԿ անդամ լինելով, խոչընդոտելու առաքելության աշխատանքին։ Մեր ակնակալած խնդիրների ամենաբարձրն՝ այսինքն Արցախ վերադարձը ճիշտ է, բայց Ադրբեջանի հետ ունինք մեկ ուրիշ կարեւոր կետ, որ արդեն բացվել է՝ դա ռազմագերիների եւ իրենց ֆեյք դատավարությունների խնդիրն է։ Սրանց համար արդեն դիմում կատարվել է զանազան եվրոպական, ամերիկյան ուղղությամբ, որ այդ մեխանիզմն իրագործվի։ Իսկ հայերի՝ Ղարաբաղ վերադարձի անկարելիության մասին հիշեցնել կարելի է՝ նշելով, թե արդեն պայթեցնում են տուները, քանդում մարդկանց վերադարձի հնարավորությունը։ Եթե կուզեք, նույն բանն է, որ անում է Իսրայելը պաղեստինցիների հետ թե՛ Գազայում, թե՛ Պաղեստինում։ Նուրբ խնդիր է եւ պիտի հասկնանք՝ ո՛ր ծայրից սկսել։ Չպիտի կարծել, որ այս կոմիտեի ստեղծումը պիտի լուծե մեր բոլոր խնդիրները։ Ճիշտ հակառակը՝ սա սկիզբ է եւ հնարավորություն, հետո ի՞նչ պիտի լինի կոմիտեի ճակատագիրը, ինչպե՞ս պիտի կարողանա գործածել իր ազդեցությունը Զվիցերիո գործադիրի վրա, դա լրիվ ուրիշ պատմություն է»։ Շահինյանը նշում է առաջին անհրաժեշտը՝ հայ ռազմագերիների եւ պատանդների ազատարձակման հարցի միջազգային լայն դիտարկման միտումը, ուշադրությունը բեւեռելով Ադրբեջանի՝ միջազգային պարտավորություններն արհամարհելու խնդրին։ Մեր զրուցակցի խոսքը լրացրինք, հիշատակելով «Ավրորայի» պակիստանցի մրցանակակրի հրապարակումն այն մասին, որ Բաքու հասնելով մերժում էր ստացել հայերի դատավարությանը ներկա լինել չէին արտոնել։ Այնինչ դրանից առաջ Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը ԶԼՄ-ներին հավաստիացնում էր, թե դատավարությունը բաց է։
Այն, որ մայիսի 26-ի միջոցառմանը Հայաստանից որեւէ պաշտոնյա չի մասնակցում, հաստատեց նաեւ Սարգիս Շահինյանը։ Չե՞ն ցանկացել։ «ՀՀ դեսպանությանը հրավեր ուղարկվել է։ Բայց այս միջոցառման իմաստը շվեյցարացի խորհրդարանականներու կոմիտեի ծանուցումն է», պատասխանում է Շահինյանը։ Բաքուն պահանջում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում, Երեւանը գոնե առերեւույթ չի առարկում դրան։ Հիմա ստեղծվում է միջազգային մեկ որիշ վերահսկող մարմին։ Համամի՞տ եք, որ Շվեյցարիայի նման նախաձեռնությունը պիտի գոհունակություն պատճառի Հայաստանին։ «Անկասկած։ Արեւմտյան այդքան պահպանողական քաղաքականություն որդեգրող մի պետություն կարողանում է մարդու իրավունքների խնդրին այդքան հետամուտ լինել։ Հայաստանը պիտի ուրախ լինի, որ այստեսակ հնարավորություն է ստեղծվել», կարծիք է հայտնում Սարգիս Շահինյանը։
Արցախի հայկական ժառանգության պահպանման վերաբերյալ գիտաժողովը՝ գերհագեցած ծրագիրով
Բեռնում նույն օրը՝ մայիսի 26-ին, մեկնարկող եւ մինչեւ մայիսի 28-ը տեւող գիտաժողովի վայրը Kursaal- ն, AARE rooom կոնֆերանսի սրահ այցելելիս կարելի է տեսնել Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդեսը, որ Արցախի պատերազմի տպավորիչ փաստագրությունն է։ Մայիսի 26-ին կոնֆերանսը կսկսվի երեկոյան ընթրիքով, իսկ հաջորդ առավոտյան մասնակիցներին կողջունեն Շվեյցարիայի բողոքական եկեղեցու նախագահ Ռիտա Ֆամոսը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը (ողջույնը կհղի տեսակապով), Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար դոկտ. Ջերրի Փիլլայը։ Ժամը 11-12.30-ին «պատմական եւ քաղաքական հեռանկարները» վերնագրյալ նիստին, որ վարելու է դոկ. պրոֆ. Վալենտինա Կալցոլարին, ելույթ կունենան դոկտ. պրոֆ. Հանս Լուկաս Քիիզերը «Հետխորհրդային Արցախի/ԼՂ-ի հիմնադրումը. Պատմական համատեքստ եւ վերլուծություն»,Մայքլ Ռուբինը «Ժառանգության պահապաններ. Մարդու իրավունքների զարգացում եւ փոքրամասնությունների եւ բնիկ ժողովուրդների մշակութային իրավունքների պաշտպանություն», տեսակապով՝ դոկտ. պրոֆ. Յասմին Դում Թրագութը «Ալբանական եկեղեցի. Փաստեր եւ կեղծիքներ», բրիտանացի եպիսկոպոս Սթիվեն Քոթրելը «Պատմությունը՝ որպես ճշմարտության վկա. Ի՞նչ է պահանջում մեր միաբանությունը»։
Ժամը 14.30-16-ին կկայանա երկրորդ նիստը՝ «Միջկրոնական հեռանկարներ» վերնագրով։ Դոկտոր Մե Էլիզ Քեննոնի վարած նիստում կլսվեն հետեւյալ զեկուցումները՝ դոկտոր Ազզա Քարամի «Միջկրոնական եւ բազմակողմանի հրամայականը ցեղասպանության ժամանակ», ռաբբի Ալեքսանդր Գոլդբերգի «Հավատքի եւ հոգեւորականության դերը՝ ներդաշնակ, բազմակարծիք համայնքների խթանման գործում», դոկտոր Ֆարիս Իլիաս Քեթիի «Կրոնական ազատություն. Եզդիների կրոնական, մշակութային եւ պատմական ժառանգության պահպանում», դոկտոր Ալի Աքբար Զիաեիի «Միջկրոնական երկխոսություն՝ շիաների տեսանկյունից»։

Ժամը 16։30–18։00-ին կկայանա «Միջազգային իրավունք եւ վկայություններ» վերնագրյալ նիստը, որ վարելու է եպիսկոպոս, դոկ. պրոֆ. Հայնրիհ Բեդֆորդ– Շթրոհմը։ Զեկուցողներն են դոկտ. Լուիս Մորենո Օկամպոն՝ «Արհեստական բանականության օգտագործումն ի պաշտպանություն հայերի», Կարո Փայլանը՝ «Ցեղասպանությունից մինչեւ ջնջում. մշակութային ոչնչացման շարունակականությունը հայոց պատմության մեջ», Դավիթ Ղահրամանյանը՝ «Արցախի ձայները. Կենդանի վկայություններ», Կարոլինա Ֆրիշկոփֆը՝ «Արցախը ճգնաժամի մեջ. մարդասիրական արձագանք, մշակութային պաշտպանություն եւ քրիստոնեական համերաշխության կոչ»։
Մայիսի 28-ին ժամը 8։45–10։30-ին «Միջազգային պատասխանատվություն» վերնագրյալ առավոտյան նիստը վարելու է Պաուլա Յակուբյանը։ Առաջին բանախոսը շվեյցարացի խորհրդարանական Շտեֆան Մյուլլեր–Ալթերմաթթն է՝ «Արցախի համար շվեյցարական նախաձեռնությունը միջազգային համատեքստում» թեմայով, այնուհետ ելույթ կունենան Պիտեր Պրովը՝ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը Արցախում/ԼՂ-ում հայկական ժառանգության պաշտպանության գործում», Ադամա Դիենգը՝ «Էթնոմշակութային զտումների պատասխանատվության քննարկում՝ անցյալի եւ ընթացիկ հակամարտությունների համատեքստում», դոկտ. պրոֆ. Վան Զ. Գրիգորյանը՝ «Արդի 21-րդ դարում եկեղեցիների փրկության, կրոնի ազատության պաշտպանության եւ ցեղասպանության դեմ պայքարի իրավական ձախողված շրջանակների քննարկում. Լավագույնն անել՝ բարիք ստեղծելու համար»։
«Անցյալին հայելով» վերնագրով է ժամը 11։00–12։30 հրավիրվող նիստը, որ վարելու է Մերլին Հայդ Ռայլին։ Բանախոսներն են դոկտ. Թաներ Աքչամը՝ «Հայոց ցեղասպանության դասերը. Հանրապետության վաղ շրջանը եւ հայկական բռնագրավված կալվածքներ», հույն եկեղեցու հոգեւոր սպասավոր Նորին սրբություն Գաբրիելը՝ Նեա Իոնիայի, Ֆիլադելֆիայի, Հերակլիոնի եւ Քաղկեդոնի մետրոպոլիտը՝ (H.E. Gabriel of Nea Ionia, Philadelphia, Heraklion, and Chalkedon)՝ «Ինչ է մնացել օկուպացված տարածքների քրիստոնեական եւ ազգային ինքնությունից» (Հունաստան), Թասուլա Հաջիթոֆին՝ «Ինչ է մնացել օկուպացված տարածքների քրիստոնեական եւ ազգային ինքնությունից, երբ ուշադրության առանցքում փախստականների մարդկային արժանապատվության պահպանումն է» (Կիպրոս)։ Ժամը 14։30–16։00-ին նախատեսված հաջորդ նիստը, որ բանավեճ-քննարկում է լինելու, վարելու են Վիգեն արք. Այքազյանը եւ Պաուլա Յակուբյանը, ունկնդրելու են պատերազմող երկրներում աշխատած լրագրող ամուսիններ Ամալյա ֆան Գենթը եւ Վերներ ֆան Գենթը։ Ժամը 16։30–18։00-ին կգումարվի ամփոփիչ նիստը, որ վարելու են Ռիթա Ֆամոսը, դոկտ. պրոֆ. Ջերրի Փիլեյը։ Համաժողովի ավարտին կընդունվի համատեղ հռչակագիր՝
Արցախում հայկական կրոնական, մշակութային եւ պատմական ժառանգությունը պաշտպանելու վերաբերյալ։

Սարգիս Շահինյանին հարցրինք՝ քրիստոնեական համերաշխության այս սատարումն արդյոք արձագանք կգտնի՞ Ադրբեջանում ապրող քրիստոնյաների մեջ, գործող հոգեւորականներին, եկեղեցիներին դիմում պիտի ուղարկվի՞։
«Կազմակերպչական տեսակետից չեմ կրնար պատասխանել եթե այդ տեսակ հրավեր եղել է։ Իրականությունը Ղարաբաղի հայության ժառանգության պահպանությանն է վերաբերում, ինչ որ իհարկե չի կրնար հեռացնել այն իրականությունից, որ այսօր Ղարաբաղում հայ չի մնացել, քանի որ էթնիկ զտման ենթարկվեցան։ Դրա մաին խոսել՝ առանց վերադարձի իրավունքի մասին խոսելու՝ խնդիրը խորթ է դարձնում, ոնց որ խոսենք լուսնի վրա եղած ջրի մասին, առանց լուսին երթալու կարողության։ Իհարկե շատ կարեւոր է եւ իհարկե քրիստոնեական ժառանգության մասին է խոսքը, բայց՝ ոչ միայն։ Տիգրանակերտի պեղումները վկայեցին նախաքրիստոնեական ժառանգության մասին։ Սա եւ մնացած 4000-ից ավելի հայկական հուշարձանները կենթարկվին այդտեսակ զրոյականցման, ինչ Նախիջեւանի մեր ունեցած ժառանգության հետ եղավ 2005-ի դեկտեմբերին, հատկապես Ջուղայի խաչքարախմբի պարագան։ Կա՛մ պիտի լինի միջայգային մի մարմին, որը սա թույլ չի տալու, կա՛մ… մնացած մեր խոսակցությունները, Ադրբեջանի բռնի ուժի գործածումը ցույց են տալիս, որ որեւէ նպատակ չունեն հայկական իրողությունը այսօր Ադրբեջան դարձած տարածքի վրա պահպանելու։ Ինչ կվեարաբերի քրիստոնեական մյուս իրողություններին, որքան ալ փոքրամասնություն, բայց մինչեւ մեկ տարի առաջ իրենց մասին ուղղակի խոսք չկար եւ մեկեն մեկ սունկի նման մեջտեղ եկան։ Որեւէ մեկը չի հասկանում, թե որտեղից է այդ հետաքրքրությունը ստեղծվել, անգամ մինչեւ Վատիկան գնացին եւ գիտաժողով անցկացրին»։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա