Առիթ ունեցել ենք գրելու, որ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նազիմի Աղաեւը խոստումնալից դիվանագետ է՝ հատկապես Հայաստանի հանդեպ կույր ատելություն բորբոքելու, ադրբեջանական կեղծ օրակարգը շրջանառելու առումով։ Նա երեկ Բեռլինում լուսանկարների ցուցահանդեսով էր հիշատակել Ադրբեջանի «սեւ հունվարը», որն անցել էր ոչ բազմամարդ դահլիճում։ Բերձորի միջանցքի փակումից ի վեր հատկապես նկատելի է, որ սույն պաշտոնյան իր թվիթերյան գրառումներում մատնում է, որ իր պետությունն անհանդուժող է առավելաբար Ռուբեն Վարդանյանի հանդեպ։ Օրեր առաջ իր առաջնորդ Ալիեւին կրկնելով, Բեռլինում Ադրբեջանի դեսպանը կրկնեց Լաչինի միջանցքի բաց լինելու մասին՝ հավելելով, թե «օլիգարխ Ռուբեն Վարդանյանը պիտի դադարեցնի Ղարաբաղում բնակվողներին իր օրակարգի պատանդ դարձնել՝ արտոնելով օգտվել բաց ճանապարհից»։ Ավելի վաղ նույն սոցցանցով տեղեկացրել էր, որ «Վարդանյանը միլիարդատեր օլիգարխ է, որ Ուկրաինայի պատժամիջոցների տակ հանկարծ հրաժարվել է ռուսական քաղաքացիությունից, գնացել Ղարաբաղ, նշանակվել ապօրինի ռեժիմի «պետնախարար»։ Վարդանյանի պահանջով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բոլոր կապերը կտրվել են»։ Ի դեպ, չենք նկատել, որ գերմանալեզու մամուլը Վարդանյանի հանդեպ այս կեղծ տեղեկատվությունը շրջանառի, ընդհակառակը՝ նրա անձի հանդեպ ակնհայտ հարգալից ձեւակերպումներն աչքառու են Արցախ տեղափոխվելու հենց սկզբից։
Բեռլինից հետո Բաքվի հաջորդ թիրախը կաթոլիկ աշխարհն իրեն հնազանդեցնելն է։
1992-ից Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող 85 տոկոս շիա բնակչությամբ Ադրբեջանն առաջին անգամ Սուրբ աթոռում ռեզիդենտ դեսպան ունի՝ 53-ամյա Իլգար Յուսիֆ օղլու Մուխթարովը, հունվարի 16-ին ծանուցում է ավստրիական կաթոլիկական լրատուն՝ KAP-ը։ Այնուհետ լրատվությունը բացառապես վերաբերում է դրացի քրիստոնյա երկրի հետ տեւական հակամարտությանը, 2020-ի Թուրքիայի զինամթերքով իրականացրած պատերազմին, Լաչինի միջանցքի փակմանը, դրա մասին Հայ եկեղեցու Ավստրիայի թեմի՝ երկրի կառավարությանն ուղղված պահանջին, որով ակնկալվում է շրջափակումը վերացնելու հետ ԵՄ-ի հարթակում բարձրաձայնել Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու օգտին։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա