Երկար ժամանակ է շնորհակալությամբ ստացել եմ բարեկամ եւ գրչակից ընկերոջս ջերմ մակագրությամբ այս խիստ շահեկան ուսումնասիրությունը , ընթերցել այն, նշումներ արել, բայց ամեն անգամ ինչ-որ պատճառով գրախոսելը հետաձգվում էր։ Հավանաբար անհրաժեշտ էր, որպեսզի ասելիքը հստակվի եւ բյուրեղանա, որ աշխատությանը հարիր ստացվի։
Երկրորդ համաշխարահային պատերազմի եւ հայ ժողովրդի դրան մասնակցության մասին շատ է գրվել։ Այդ գրվածքները պայմանականորեն կարելի է բաժանել երեք հիմնական խմբի.
ա) Պատերազմին ականատես ու մասնակից ուսումնասիրողների անմիջական տպավորությունների ներքո գրված աշխատություններ,
բ) Շարքային եւ զորահրամանատար մասնակիցների հուշեր, պատումներ, նկարագրություններ եւ վերլուծություններ,
գ) Արխիվային, մասնագիտական գրականության եւ մամուլում սփռված նյութերի հիման վրա խորը վերլուծություններով եւ եզրահանգումներով հարուստ ուսումնասիրություններ։
Զավեն Մսրլյանի «Հայերը համաշխարհային Բ. Պատերազմին» գրախոսվող սույն աշխատությունը պատկանում է վերջին խմբին։ Այն համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության ու դերակատարության մասին գրված բազմաքանակ ուսումնասիրություններից տարբերվում է իր փաստավավերագրերի առատությամբ, թարմ ասելիքով եւ ոչ միայն խորհրդային ու հայաստանյան աղբյուրագիտական հենքով։ Այդպիսիք են օգտագործվել իհարկե, սակայն աղբյուրագիտական հենքի գերակշռող մաս են կազմում օտար աղբյուրները։ Այս առումով ուսումնասիրությունը հայրենի պատմագիտական մտքին հնարավորություն է ընձեռում նորովի մոտենալ պատերազմի պատմությանը եւ իրադարձությունները գնահատելիս խուսափել միակողմանի գնահատականներից եւ ավելի անաչառ լինել։
Ստվարածավալ այս ուսումնասիրությունը բաղկացած է Նախաբանից, 34 գլուխներից, անձնանունների ցանկից եւ հեղինակի կենսագրականից։ Այն գրված է աղբյուրագիտական հարուստ եւ վստահություն ներշնչող հենքով։ Հեղինակն «անձամբ ձեռք ձգած է Անգլիոյ Ֆորեյն Օֆիսի» նյութերը, վարպետորեն է օգտագործել գերմանական «վաւերաթուղթեր եւ սկզբնաղբյուրներ», որոնք օգտագործել են գերմանացի եւ ոչ գերմանացի հեղինակները, եւ, հատկապես, ամերիկահայ պատմագիր Լեւոն Թումասյանի աշխատությունը։ Անգլերենի փայլուն իմացությունը հեղինակին հնարավորություն է ապահովել լիովին օգտագործել նաեւ պատերազմին վերաբերող ամերիկյան «համացանցին վրայ տրուած վաւերաթուղթերը», ինչպես նաեւ հայրենաբնակ պատմաբանների օգտագործած պատերազմի մասին խորհրդային բազմաքանակ վավերագրեր։ Դրվատելի է, որ հեղինակն անաչառ հետազոտողին վայել սառնասրտություն դրսեւորելով՝ «անտեսած է պատերազմի օրերուն եւ յետպատերազմեան շրջանի կրքոտ, փոխադարձ պայքարի ոգիով գրուած գրութիւնները» (էջ 9)։
Դոկտոր Մսրլյանն անդրադառնալով մեզանում հատկապես վերջին տարիներին հաճախակի շոշափվող այն հարցին, թե արդյո՞ք պատերազմը հայերիս համար Հայրենական էր եւ որքանո՞վ էին արդարացված մարդկային եւ նյութական այն մեծածավալ զոհողությունները, որոնք կատարեց հայ ժողովուրդը, հայ գիտնականին վայել իրատեսությամբ համոզված պատասխանում է` միանշանակ դրական։ Հեղինակը բացատրում է նաեւ, որ գիրքը գրել է ոչ թե հերոսներ կամ դավաճաններ փնտրելու նպատակով, այլ պատմությանը դեմ հանդիման գալու եւ «Համաշխարհային Բ. Պատերազմի հայկական առնչութիւնները կարեւոր սկզբնաղբիւրներու վրայ պատմագրելու, որպէսզի ազգովին սերտուին անցեալի պատահարները, ապագայի մտահոգություններով» (9)։
Հեղինակը նշում է նաեւ, որ գրքում շեշտադրվել են «Համաշխարհային Բ. Պատերազմին հայերուս հետ առնչուող նուազ ծանօթ երեւոյթներուն, ինչպէս Հայկական Լէգէոնին, ռազմագերիներուն, մանաւանդ սփիւռքահայ կացութեան եւ դիրքորոշումներուն, նոյնիսկ մանրամասնութիւններ տալով եւ այս առանց ստորագնահատելու հիմնականը» (10)։ Ասելիքն, ավելի հասկանալի դարձնելու մտահոգությամբ հեղինակը սեղմ գույներով ներկայացրել է նաեւ պատերազմին նախորդող շրջանում սփյուռքահայության շրջանում քաղաքական խմորումներն ու Հայաստանում տիրող իրավիճակը ինչպես 1933-1939 թվականներին, այնպես էլ, իհարկե, պատերազմի ընթացքում։
Նախապատեզմական շրջանին անդրադառնալով հեղինակն ընդգծում է, որ Սփյուռքում գործող ամենուժեղ կառույցը 1926 թ. Կ.Պոլսում հիմնադրված «Կովկասէն հեռացած կամ հեռացուած կազմակերպութիւններու քաղաքական միութիւնն» էր, որի նպատակն էր «Թուրքիայի աջակցութեամբ Կովկասը ազատագրել բոլշեւիկեան տիրապետութիւնից» (14)։ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) շատ ղեկավար անդամներ (Ռուբեն Դարբինյան, Սիմոն Վրացյան, Ռուբեն Տեր-Մինասյան) համագործակցում էին այս կառույցին։ Հեղինակի կարծիքով ՀՅԴ-ում այդ շրջանում երկու տեսակետ կար` ա) «հայութեան հիմնական թշնամի սկսեց նկատուիլ ոչ թէ Թուրքիան, այլ խորհրդային վարչակարգը», բ) միաժամանակ շարունակել հակաթուրքական քաղաքականությունը (Հովհաննես Քաջազնունի, Գարեգին Նժդեհ, Շահան Նաթալի)։ (15)։ Այս տարբերության հենքի վրա էլ կուսակցության ներսում առաջացան պառակտումներ, եղան նաեւ վտարումներ։ Վտարվածներն էլ սկսեցին հրատարակել «Մարտկոց» թերթը։ Մարտկոցականները թշնամական դիրք ունեին Թուրքիայի եւ բարեկամական` Խորհրդային Հայաստանի նկատմամբ։ Նրանց նպատակը արեւմտահայ հարցի լուծումն էր։ Նրանք ապրիլի 24-ը համարում էին «ոչ թէ սգատօն, այլ վրիժատօն» (16)։ 1933 թ. Փարիզում մարտկոցականները հիմնեցին «Արեւմտահայ Ազատագրական ուխտ» կազմակերպությունը, թերթի անունն էլ վերափոխեցին «Ամրոց»։
Շարունակելով նախապատերազմյան թեման՝ հեղինակը նշում է, որ աշխարհի համար շրջադարձային եղավ 1933 թ. Գերմանիայում Ֆաշիստական կուսակցության իշխանության տիրանալու փաստը։ Գերմանիայի վարչապետ դարձած Ադոլֆ Հիտլերը, որն իր գաղափարական, քաղաքական եւ սոցիալական հիմնադրույթները ներկայացրեց «Մայն Կամֆ» գրքում, «ցեղապաշտական համոզումներով` կը հաւատար Արիական ցեղին գերակայութեան, եւ հակասեմական զօրաւոր զգացումներ կը տածէր»,- ընդգծում է Մսրլյանը։
Հեղինակը գրում է, որ մինչ այս իրադարձությունները, 1932 թ. Փարիզում տեղի ունեցած ՀՅԴ 12-րդ ընդհանուր ժաղովին ԱՄՆ-ից որպես պատգամավոր մասնակցած Գարեգին Նժդեհը, 1933-ին հիմնեց ցեղակրոն ուխտը (18)։ Վկայակոչելով Մ. Լալայանի աշխատությունը (Լալայան Մ., Ցեղակրոնություն (Քննական վերլուծություն), Ե., 1994) հեղինակը գրում է, որ ցեղակրոնությունը սահմանում էր`
ա) «Այլեւս այսպէս ապրել կարելի չէ,
բ) Մեզ պէտք է ցեղակրօն հայը, որ ի զօր է դիմանալ մերօրեայ քաղաքական աշխարհին,
գ) Ցեղիս ճանաչում, ճանաչումը մեր գերիվերոյ ուժի, էութեան,
դ) Այդ ուժ-էութեան ցմահ հաւատարիմ մնալնուս ուխտն էր դա» (19)։
Այնուհետեւ պարզաբանվում է, որ դրա արդյունքում «կը ստեղծուի մէկ հայութիւն, ինչ որ անհրաժեշտ պայման է ամէն քաղաքական գործունէութեան…»։ Համադրելով մի շարք փաստեր, հեղինակը ցույց է տալիս, որ «ցեղակրօն շարժումին եւ Գ. Նժդեհի նկատմամբ «Ամրոցը» բացասական դիրք ունէր» (20)։ Այս հենքի վրա ծայր առած հակասություններն աստիճանաբար խորացան եւ ի վերջո Նժդեհին ՀՅԴ-ի շարքերից հեռացրին։ Դրան նպաստել էր նաեւ 1935-ից կուսակցության կենտրոնից դժգոհ Հայկ Ասատրյանի շուրջ ձեւավորված «Տարոնականություն» շարժումը, որն ըստ էության «միեւնոյն ցեղակրօնութիւնն էր հասակ առած սերունդի համար» (22),-պարզաբանում է հեղինակը։
Նյութի եւ փաստերի խորիմացությամբ հեղինակը լուսաբանում է այդ շրջանում գերմանացիների վերաբերմունքը հայերի նկատմամբ։ Նա ցույց է տալիս, որ նացիստական Գերմանիայի առաջնորդները հրեաներին դասել էին ոչ-արիական խմբին եւ այդ նույն լույսի տակ էին դիտարկում նաեւ «Արեւելքի հրեաներ ու հնարամիտ վաճառականներ» (55) հայերին։ Սակայն Գերմանիա-հայկական ընկերության նախագահ Փաուլ Ռոհրբախի եւ փոխնախագահ պրոֆեսոր Արտաշես Աբեղյանի ջանքերով (շեշտում էին, որ հայերը հնդգերմանացիներ են) Գերմանիայի ներքին գործոց նախարարությունը 1933 թ. հուլիսի 3-ին «հայերը կը դասաւորէր արեւելեան արիացիներու շարքին», չնայած որ Հիտլերը «հակուած էր հայերը նկատելու իբր ոչ-արիականներ» (29)։ Նա համարում էր, որ հայերը «հրէականացած ժողովուրդ են» (69)։ Հեղինակի կարծիքով գերմանացիներն ընդամենը «կը շահագործէին արիականութեան հարցը քաղաքական նպատակներով» (71), ապա ավելացնում, որ մեծաքանակ աղբյուրների ուսումնասիրության ընթացքում հայերին բնաջնջելու որեւէ որոշման չի հանդիպել։ Ավելին, նրանք բավական բարեհաճ են գտնվել հայերի հանդեպ, արտոնել են նրանց կազմակերպություններ ունենալ, թերթ հրատարակել, Բեռլինի ռադիոյով հայերեն հաղորդումներ տալ եւ այլն (74)։
Անդրադառնալով նախապատերազմական Խորհրդային Հայաստանին՝ հեղինակն ընդգծում է, որ մինչեւ 1930-ականները ներգաղթը շարունակվում էր եւ 1936 թ. արդեն ներգաղթողների թիվը կազմում էր 42 հազար մարդ։ Կարեւորվում են նաեւ 1936 թ. նոր սահմանադրությամբ Հայաստանը որպես միութենական հանրապետություն եւ որպես առանձին իրավական սուբյեկտ ԽՍՀՄ-ի կազմում լինելու հանգամանքը։ Ինչպես նաեւ շեշտվում, որ անհատի պաշտամունքը մեծ վնաս հասցրեց նաեւ հայ ժողովրդին, սպանվեց Աղասի Խանջյանը, կադրերի ջարդ եւ այլ բացասական իրադարձություններ տեղ գտան ՀԽՍՀ-ի կյանքում։ Ընդգծվում է նաեւ, որ Խորհրդային Հայաստանում անհիմն քաղաքական մեղադրանքներով ձերբակալվեցին 15 հազարից ավելի հայեր, որոնց մեկ երրորդը գնդակահարվեց (35)։
Խոսելով հայ ավանդական կուսակցությունների մասին, իրողություններից քաջատեղյակ հետազոտողը մեծաքանակ աղբյուրների հենքի վրա կարեւորում է 1938 թ. սեպտեմբերի 9-28 տեղի ունեցած ՀՅԴ-ՌԱԿ բանակցությունները եւ դրանց արդյուքում ստորագրված համաձայնագիրը։ Դրանում ասված է, որ «ոչ մէկ հայ քաղաքական կուսակցութիւն, առանձին, ի վիճակի է հայ ազգային ճակատագիրը վարելու. ՌԱԿ-ը եւ ՀՅԴ-ն այն երկու «գլխաւոր քաղաքական գործօններն են` որոնց ուժերուն համախմբումով միայն հնարաւոր է հիմնական աշխատանք կատարել»։ Որ Խորհրդային Հայաստանը, անկախ «հոն տիրող իրաւակարգէն, կը նկատեն հայութեան ազգային գոյութեան խարիսխը եւ քաղաքական ապագային հիմնաքարը» (40-41)։ Ապա հեղինակն իրավացիորեն ավելացնում է, որ ՌԱԿ-ը «տարիներէ ի վեր հետեւած ազգային ուղղութիւնը որեւէ փոփոխութիւն կրած չէ» (43)։
Խոսելով պատերազմի շեմին գտնվող իրավիճակի մասին, հեղինակն անդրադարձել է այդ շրջանում ՀՅԴ-ի պահվածքին եւ մանրամասն քննելով եղած աղբյուրները նշում է, որ «ՀՅԴ-ն չյարեցաւ» հայ նացիստների կողմից Բեռլինում հրատարակվող «Կովկաս» պարբերականին շուրջ համախմբվածներին, սակայն «մամլոյ իր տեսութիւններուն մէջ Խ. Միութեան անդամահատումի մէջ կարելիութիւն մը կը տեսնէր Հայաստանի անկախութեան, ինչպէս կովկասականները» (45)։
Նախապատերազմական կարեւոր իրադարձություններից պատվարժան հետազոտողի աչքից չի վրիպել նաեւ հայերի համար բախտորոշ 1939 թ. մայիս-հունիս ամիսներին կնքված Անգլո-Ֆրանս-թուրքական դաշինքը։ Նա իրավացիորեն նշում է, որ ինչպես միշտ, այս անգամ էլ օգտվելով պատեհ առիթից՝ Թուրքիան կլանեց Ալեքսանդրեթի սանջակը։ Դա պատճառ դարձավ, որ 27 հազար հայեր արտագաղթեն այնտեղից եւ ապաստան գտնեն Սիրիայի եւ Լիբանանի հյուրընկալ հողերում։
Հեղինակն անդրադարձել եւ նոր լույսի ներքո քննարկել է նաեւ Հիտլերի ու Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը։ 1939 թ. օգոստոսին Հիտլերը հրահանգեց անխնա կոտորել լեհերին, «աւելցնելով թէ ով կը յիշէ այսօր հայոց բնաջնջումը» (45)։ Հեղինակն այնուհետեւ պարզաբանում է, որ Հիտլերի «խօսքը ան էր, որ թուրքերը անպատիժ մնացին Հայոց ցեղասպանութենէն ետք ու ժխտական հետեւանքներ չկրեցին» (53)։ Իր խոսքն ավելի համոզիչ դարձնելու համար Մսրլյանն ընդգծում է, որ Հիտլերի հերոսներից մեկը «դարուս մեծագոյն մարդ» Աթաթուրքն էր, իսկ Թուրքիան` պետություն, որը մեծ հաշվով եւ վերջնականորեն լուծել էր իր փոքրամասնական հարցը։ Պատահական չէր, շեշտում է հեղինակը, որ «նացիստները թրքական դասերը օրինակելի կը նկատէին Գերմանիոյ համար» (53)։
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամին վայել գիտականությամբ Մսրլյանը քննարկում է նաեւ ԽՍՀՄ-Գերմանիա չհարձակվելու, Մյունխեյնան եւ զանազան այլ պայմանագրեր եւ ցույց տալիս դրանց մեջ առկա խարդավանքներն ու աշխարհի հզորների կողմից նոր աշխարահակարգ ձեւավորելու ձգտումները։ Հեղինակն արձանագրում է նաեւ, թե ինչպիսի դյուրությամբ գերմանացիները գրավեցին Ֆրանսիան եւ ինչպես այնտեղ ապրող հայության կյանքը «որոշ կաշկանդումներու կ’ենթարկուէր» (97)։ Ինչպես նաեւ, որպես այդ ամենի հետեւանք, 1940-ին ֆրանսիական բանակից 3000 հայ ռազմագերիներ Գերմանիա փոխադրվեցին։ Ընդգծվում է, որ Ֆրանսիայի գրավումից հետո «ՀՅԴ-ն աւելի զուսպ քաղաքականութիւն մը վարեց» (98) եւ հիմնականում չմասնակցեց դիմադրության շարժմանը։ Դրան հակառակ, Հունաստանում հայերն իրենց «ճնշիչ մեծամասնութեամբ դէմ էին նացի բռնատիրութեան եւ ցեղապաշտութեան» (98)։
Աշխատության Դ գլխում հեղինակը նշում է, որ Գերմանիայի ԽՍՀՄ ներխուժումից հետո պատերազմը «տարբեր բնոյթ ստացաւ հայրենաբնակ եւ սփիւռքի մէջ ցրուած հայ ժողովուրդին համար» (99)։ 1941-45 թթ. ԽՍՀՄ-ի տարբեր վայրերում բնակվող շուրջ 500 հազար հայ զորակոչվեց, որից 325 հազարը` Հայաստանից։ Ամբողջ ուժերը ֆաշիզմը ջախջախելու համար Սփյուռքի եւ համայն հայությանն ուղղված հատուկ կոչերով հանդես եկան Հայաստանյայց առաքելական եկեղեցին եւ հայ մտավորականությունը, հայրենասիրական մեծաթիվ ստեղծագործություններ գրվեցին, ինչպես նաեւ ստեղծվեցին տասնյակից ավելի հայ ազգային զորամասեր։
Խոսելով ԽՍՀՄ-ի վրա գերմանական հարձակումից հետո սփյուռքահայ կուսակցությունների որդեգրած դիրքորոշումների մասին, հեղինակը փաստական մեծաքանակ նյութերի հիման վրա գրում է, որ ՌԱԿ, Հնչակյան եւ Կոմունիստական կուսակցությունները պատերազմի հենց սկզբից որդեգրեցին հակաֆաշիստական կեցվածք։ Իսկ Եվրոպայում հաղթանակներից ու մանավանդ Ֆրանսիայի անկումից հետո «երկուութիւն մը կը տիրէր ՀՅԴաշնակցութենէն ներս» (108)։ Այսպես, գրավյալ տարածքներում ՀՅԴ ղեկավարներ Դրոն, Ա. Խատիսյանը, Ա. Ջամալյանը, Վ. Փափազյանը, Ս. Թովմասյանը եւ այլք «գործակցութիւն կը ցուցաբերէին Պերլինի հետ» (109)։ Իսկ Եգիպտոսի կենտրոնական կոմիտեն (Բիւրօն) որոշեց բոլշեւիկների հետ ունեցած նախկին հակասությունները մոռացության տալ եւ Անգլո-ռուսական «դաշնակիցներուն ուղեկցիլ»։
Դրոն համոզված էր, գրում է հեղինակը, որ Գերմանիան պիտի հաղթեր եւ ինքը «գիտակցաբար անցած էր գերմանական բանակային ծառայութեան», որպեսզի ինքն իր «հայ զինուորներով առաջինը մտնի Հայաստան» ու չթողնի, որ թուրքերը խուժեն ու կոտորեն հայությանը (111)։ Իսկ Փըրլ Հարբորի վրա ճապոնացիների հարձակումից հետո, ԱՄՆ-ի ՀՅԴ կենտկոմը կոչ ուղղեց հայությանը մինչեւ վերջնական հաղթանակ թիկունք կանգնել դաշնակիցներին։ Ամփոփելով՝ հեղինակը գրում է, որ հայ ազգի մեծ մասը, չնչին բացառությամբ, համոզված պաշտպանեց դաշնակիցներին։ Նրանցից շատերը ակտիվ մասնակցություն ունեցան ընդհատակյա եւ պարտիզանական հակաֆաշիստական պայքարին։ Հայերի համար կարեւոր նշանակություն ունեցավ այն, որ նացիստական Գերմանիան քաջալերում էր պան-թուրանական նկրտումներ ունեցող Թուրքիային, այն հույսով, որ վերջինս ընդդեմ դաշնակիցների մտներ պատերազմի մեջ։ Սակայն զգուշավոր Թուրքիան հատկապես Ստալինգրադի ճակատամարտից հետո երկակի կեցվածք էր դրսեւորում։
Ներկայացնելով մեր հարեւանների որդեգրած դիրքը Գերմանիայի նկատմամբ, հեղինակը պարզաբանում է, որ ադրբեջանական ազգայնամոլները նպատակ ունեին ԽՍՀՄ-ի պարտությունից հետո, որին նրանք չէին կասկածում, Խորհրդային եւ Իրանական ադրբեջանների միացումով «Մեծն Ատրպէյջան մը» ստեղծել եւ դիրքորոշվել էին հօգուտ Գերմանիայի։ Իսկ վրացիներն էլ, որոնց վրա Կովկասը գրավելու իրենց «Էդլվեյս» ծրագրում նախընտրում էր հենվել Գերմանիան, «կը նախընտրէին Վրաստանի գրաւումը Վեհրմախթի կողմէ» (140)։ Որոշ հայ գործիչներ եւս երազում էին, որ իրենց երկիրը պարզապես հանձնվեր Գերմանիային։ Մասնավորապես Փարիզում բնակվող մի խումբ դաշնակցականներ` Դրոն, Կոմսը եւ այլք, անմիջապես իրենց ծառայությունն առաջարկեցին նացիստներին։ Այնինչ գերմանական ծրագրերով Կովկասի ժողովուրդները ինքնուրույն պետական մարմիններ եւ զինյալ ուժեր չպիտի ունենային։ Ավելին, նույնիսկ հաղորդակցության լեզուն գերմաներենը պիտի լիներ։
Դոկտոր Մսրլյանը փաստառատ հենքի վրա մանրամասն քննարկել է նաեւ Հայկական լեգեոնի խնդիրը։ Հաշվի առնելով այդ առիթով թուրքական կողմի անհանգստությունները, նացիստներն ամենաուշը ստեղծեցին Հայկական լեգեոնը։ Այն ունեցավ մոտ 18 հազար անդամ եւ ներառվեց գերմանական 162-րդ զորաբաժնի մեջ։ Գերմանական բանակի հայ կամավորները, տեղեկացնում է հեղինակը, կրում էին գերմանական համազգեստ, իսկ ուսերին` 1918-1920 թթ. ՀՀ-ի դրոշի եռագույնով նշաններ։ Մյուսների նման հայերին եւս խոստացել էին, որ Կովկասի գրավումից հետո նրանց կտրվեն քաղաքական, մշակութային եւ տնտեսական ազատություններ։ 1943 թ. վերջերին կային հայկական ութ հետեւազորային գումարտակներ, յուրաքանչյուրը` 950 անդամով։ Ընդհանուր ղեկավարությունն իրականացնում էր գերմանահպատակ Ալֆրեդ Մուրադյանը։ Հայ լեգեոնն ուներ նաեւ իր «Հայաստան» թերթը։ Հեղինակը միաժամանակ ընդգծում է, որ հայ լեգեոնականներն «ամենէն նուազ հակա-բոլշեւիկեան զգացում ունեցողներն էին» (212) եւ բոլոր գումարտակներում գործում էին ընդհատակյա հայրենասիրական կազմակերպություններ եւ նրանցից շատերն անցան Կարմիր բանակի կողմը։
Հեղինակը նշում է, որ Բեռլինի համալսարանի հայագիտության դոկտոր Արտաշես Աբեղյանի ղեկավարությամբ եւ մի քանի դաշնակցական նշանավոր գործիչների անդամակցությամբ ստեղծվել էր Հայոց ազգային խորհուրդ, որը փորձում էր կոորդինացնել հայկական խնդիրները։ Այնուհետեւ մանրամասնվում է, որ հիմնվել էր նաեւ Արմենական շարժումը, որը հույս ուներ «Հայաստանի մէջ իշխանութիւնը ձեռք ձգել եւ վերահաստատել 1920-էն առաջուան քաղաքական պայմանները» (230)։ Մի քանի փոձերից հետո գերմանացիները համոզվեցին, որ հայերն իրենց անհարազատ տարր են եւ աստիճանաբար դադարեցին նրանց վստահել։
Պատերազմի ընթացքում գերմանական հատուկ ծառայությունները լայնածավալ քարոզչական գործունեություն ծավալեցին Անդրկովկասում անջատողական շարժումներ հրահրելու համար, բայց թշնամու հաշվարկները, հատկապես հայերի դեպքում, ամբողջովին սխալ դուրս եկան, գրում է հեղինակը։
Քննարկելով ավանդական կուսակցությունների դիրքորոշումները պատերազմի ավարտին, հեղինակը նշում է, որ մոտալուտ հաղթանակի զգացումից ՀՅԴ ղեկավարները ստիպված էին «փրօ-խորհրդային դիմակ կրելու» (356)։ Հնչակյանները, որ իրենք իրենց կոչում էին մտավորական մարքսիստներ, եւ Ռամկավարները, որ համամիտ էին եւ համագործակցում էին տեղական իշխանությունների հետ, դեմ էին ծայրահեղական կուսակցություններին։ Նրանք գտնում էին, որ դրանք կարող են թշնամանք ստեղծել եւ դրանով վտանգել հայ համայնքների ապահովությունը, պաշտպանում էին դաշնակիցների շահերը։
Աշխատության վերջին` «Համաշխարհային Բ. Պատերազմի վախճանը եւ հայերը» գլխում հեղինակն իրավամբ նշում է, որ պատերազմի դարձակետը եղան Ստալինգրադի, Կուրսկի եւ Էլ-Ալամեյնի ճակատամարտերը։ 1944 թ. հունիսի 6-ի Ֆրանսիա ափհանումը եւ օգոստոսի 25-ին Փարիզի գրավումը դրանց հետեւանքն էր, իսկ Խորհրդային եւ դաշնակից ուժերի հանդիպումը 1945 թ. ապրիլի 25-ին` պատերազմի վերջնակորդը։ Մինչ այդ` 1945 թ. փետրվարի 4-11-ին Յալթայում ԱՄՆ-ի նախագահ Ռուզվելտի, Անգլիայի եւ ԽՍՀՄ-ի վարչապետներ Չերչիլի ու Ստալինի հանդիպումով էլ դրվեց նոր աշխարհակարգի հիմքերը։
Հեղինակը շոշափում է նաեւ մի կարեւոր հիմնհարց` թե ի՞նչ եղավ նացիստների հետ համագործակցածների հետ։ Բազմաքանակ փաստերի, արխիվային վավերագրերի եւ հուշերի վրա հիմնվելով հեղինակը պարզաբանում է, որ ռազմագերիներից շատերին ստիպեցին վերադառնալ իրենց երկրները։ Իսկ Հայկական լեգեոնի մնացուկները` 4-5 հազար մարդ, տեղակայված էին Շտուտգարդի մոտ եւ մնացին ամերիկյան գրաված տարածքում։ Նրանցից 3600-ը փոխադրվեցին ԱՄՆ, իսկ մնացյալ մասը ավելի ուշ վերադարձավ Հայաստան։ Ձերբակալվեց նաեւ Դրոն, բայց որպես նախապատերազմյան «հին տարագիր», ազատ արձակվեց։ Սփյուռքում եւ Դաշնակցություն կուսակցու¬թյան մեջ,-նշում է հեղինակը,-երկակի վերաբերմունք կար Դրոյի նկատմամբ։ Մի մասը դատապարտում էր նրան նացիստների հետ համագործակցելու համար, իսկ մյուսը` Վահան Նավասարդյանի գլխավորությամբ` պաշտպանում։ Ավելին, նրանք արդարացնում էին Դրոյի քայլերը պատճառաբանելով, որ դա միակ հնարավորությունն է եղել ռազմագերի հայերի կյանքը պահպանելու եւ Գերմանիայի կողմից Այսրկովկասի գրավման դեպքում հայության անվտանգությունը ապահովելու համար։
Առանձին ենթագլխում հեղինակն անդրադարձել է նաեւ Պոտսդամի կոնֆերանսին, Ռուզվելտի մահվան, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում հայերի մեծ ներդրումի եւ այլ հարցերի, որոնք թեեւ նորություն չեն պարունակում, սակայն ամբողջացնում են ասելիքը։ Իսկ ամենավերջում հեղինակը թվերի լեզվով ցույց է տալիս, որ բնակչության թվի համեմատ թե՛ պատերազմի մասնակիցների, թե՛ հերոսների եւ թե՛ զոհերի թվով հայերը գերազանցել են ԱՄՆ-ին, Անգլիային եւ ԽՍՀՄ-ի կազմում ապրող բոլոր ժողովուրդներին։ Այսինքն` նրանք իրենց հայրենի հողի, լինելիության եւ ապագայի համար մարտնչել են նվիրված, հերոսաբար, համոզված, որ պատմություն են կերտում եւ ապագա սերունդներին հպարտ ու արժանապատիվ ապրելու հնարավորություն ընձեռում։
Ամփոփելով նշենք, որ կատարված է հսկայածավալ աշխատանք։ Միայն սկզբնաղբյուրների եւ ուսումնասիրված գրականության թվարկումը ամբողջական էջեր կլրացնի։ Հիացմունք է առաջացնում հեղինակի տիտանական ջանքերը լուռ ու մունջ եւ կաթիլ-կաթիլ փաստերը հավաքելու, հրապարակի վրա եղած բազմաշերտ նյութը ուսումնասիրելու, դրանք համադրելու եւ համապատասխան եզրակացություններ կատարելու տեսակետից։
Միանշանակ բարձր գնահատելով 2-րդ համաշխարհային պատերազմի մասին հիմնարար եւ ամբողջական հաջողված սույն աշխատությունը, ցանկանում ենք նշել նաեւ, որ տարալեզու սկզբնաղյուրներից եւ գրականությունից հավաքած մեծաքանակ նյութերը կարելի էր, պատմագիտական լեզվով ասած, ավելի շատ ու ամբողջական «խոսեցնել», հնարավորինս սպառիչ պատասխաններ տալ ցարդ բաց մնացած մի քանի կարեւոր հիմնահարցերի, գնահատել տարբեր երկրների, ինչպես նաեւ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող ժողովուրդների (այս դեպքում լավ կլիներ հատկապես Ադրբեջանի) ներդրման չափը հաղթանակի գործում, քանի որ աշխարհը կրկին կանգնած է նոր աշխարհակարգ ձեւավորելու շեմին եւ դրանք նորից խիստ արդիական ու կարեւոր են դարձել։
Իհարկե, նշված ցանկությունները բոլորովին չեն ստվերում գիտական բարձր մակարդակով եւ ամենայն բարեխղճությամբ կատարած հայրենանվեր աշխատանքը, որն արժանի է ամենաբարձր գնահատանքի եւ խոնարհումի։ Սա այն դեպքերից է, որ որպես պատմաբան եւ գրչակից բարեկամ` հանգիստ խղճով կասեմ` վարձքդ կատար, մեծարգո Մսրլյան…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պատմաբան, պրոֆեսոր