Միայն բանակ չտեսած, զինծառայությունից խուսափած անձը կարող էր անել այն, ինչը արեց Նիկոլ Փաշինյանը՝ մեր զինյալ ուժերի կազմից հեռացնելով, ուղղակի ոչնչացնելով երեք տասնամյակ գոյություն ունեցող, ես կասեի՝ զինվորական ինստիտուցիոնալ մի կառույց՝ երեցների, գնդերեցների ջոկատը կամ վաշտը: Եվ միայն այն անձը, որի զինծառայությունը հատկանշվել է իր գնդի հրամանատարին դանակահարելու փաստով, կարող էր ընդառաջ գնալ 44-օրյա պատերազմը տանուլ տված, գերագույն գլխավոր հրամանատարի տիտղոս կրողի ցանկությանը, եւ առանց առարկության վավերացնել այն՝ որպես պաշտպանության նախարար: Շարժառի՞թը. մեր ազգային բանակում սակրավորների, սանիտարների ջոկատների նման՝ 30 տարի առաջ սպարապետ Վազգեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա.ի գրավոր փոխհամաձայնությամբ ստեղծված ու գործող, եկեղեցական համակարգի անդամ քահանաների ու սարկավագների մերժումը՝ միանալու, այսպես կոչված «Եկեղեցու բարենորոգման» շարժմանը: «Եթե չեք միանում մեզ, մեր նախաձեռնությանը, ապա ո՞րն է ձեր գոյության իմաստը մեր բանակում» նիկոլյան տրամաբանությամբ:
Մատենագետներին հայտնի է, որ մեր գնդերեցների համակարգը, իր նախնական ձեւի մեջ, ծնունդ է առել դեռեւս 5-րդ դարում, Ղեւոնդ Երեցի գլխավորությամբ, անշուշտ սպարապետ Վարդան Մամիկոնյանի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի համախոհությամբ: Ղեւոնդ Երեցը, որին այնքան ոգեւորությամբ է ներկայացրել Եղիշե պատմիչը, փաստորեն գլխավոր գաղափարախոսն էր Հայոց բանակի, մարտիկներին ոգեշնչողը, «մահ իմացյալ՝ անմահություն» կարգախոսի իրացնողը:
Այլ խոսքով, հիմնվելով գրավոր վկայությունների վրա, հայոց բանակի երեցների կամ ավագերեցների ջոկատը, համակարգը գոյություն է ունեցել դարեր շարունակ, մասնակցել ազգային ազատագրական բոլոր մարտերին, Կիլիկիայի բերդերի եւ ամրոցների պաշտպանությունից մինչեւ ավելի ուշ դարեր, մինչեւ Սարդարապատ, մինչեւ Արցախում, Սյունիքում եւ այլուր մղված ազգային ազատագրական պատերազմներ, ինքնապաշտպանական ոգորումներ: Մեր ժողովրդի դիմադրական ոգու գաղափարախոսական հիմքը Հայ եկեղեցին, նրա առաջնորդներն ու «զինվորյալ մանկունքն» են եղել: Եվ բնավ պատահական չէ, որ հայերիս դիմադրական շարժումների գլխավոր հենակետը եղել են մեր վանքերը, եկեղեցիները:
Այս տեսակետից մեր ազգը, մեր պաշտպանական համակարգում գնդերեցների ինստիտուտի գոյությունը բացառիկ երեւույթ չէ հին ու նոր եւ նորագույն աշխարհում: Եվրոպայում եւ Ամերիկայում այդ ինստիտուտը անգլերեն կոչվում է «չեփլըն», chaplain, ֆրանսերեն՝ chapelein, որը chapel՝ եկեղեցի, մատուռ բառահիմքն ունի՝ եկեղեցուն ծառայող:
Դա Արեւմուտքում շատ հարգված ինստիտուտ է, որը գործում է նաեւ զինծառայության ամենադժվար՝ ռազմանավերում, սուզանավերում, որտեղ ծովերի վրա կամ տակը ամիսներով մնալը պահանջում է դիմացկունություն, հոգեկան ամրություն, անձնամիջյան խաղաղ հարաբերություններ:
Հատկապես այս վերջին՝ բարոյահոգեբանական կայուն, բնականոն վիճակի պահպանումն անշուշտ խիստ կարեւոր է նաեւ մեր բանակային միավորումներում, որտեղ ծառայում են տասնյակ հազարավոր տաքարյուն տարիքի զինված տղաներ, որոնք, դժբախտաբար, երբեմն կրակում են միմյանց վրա, երբեմն էլ՝ սեփական ճակատին: Գնդերեցը միայն կնքելու, աղոթելու եւ օրհնելու պարտականություն չունի այնտեղ, այլ նաեւ՝ հսկելու, ընկերական հարաբերությունները պահպանելու, ներքին ընդվզումները զսպելու առաքելություն: Դա շատ կարեւոր է նաեւ բանակում ծառայողների ծնողների, հարազատների եւ ընդհանրապես հասարակության ընկալումների տեսակետից, ինչը, խոստովանենք, դրական չէ: Շատ են զինծառայությունից խուսափելու դեպքերը: Պատճառը՝ անվստահությունը բանակի նկատմամբ:
Արդ, ո՞րն է պատճառը այս եւ նմանատիպ այլ որոշումների ու գործողությունների, որոնք, անկասկած, շարունակվելու են հետագայում՝ առավել ծանր հետեւանքներով:
Խորհրդարանական առաջիկա ընտրություններում նորից հաղթելու մարմաջը, ամեն գնով իշխանության ղեկին մնալու մտասեւեռումը, ide՛e fixe-ը: Հայ եկեղեցու դեմ չհայտարարված պատերազմը, եկեղեցականների հալածանքը, Արցախն ու արցախահայերին մոռացության տալու, գերեվարված եւ առեւանգված արցախյան ռազմաքաղաքական ղեկավարների բանտարգելումը անտեսելու քաղաքականությունը (ի դեպ, երեկ ադրբեջանական դատարան կոչված ծիծաղելի հիմնարկը նրանցից 3-ին ցմահ ազատազրկման դատապարտեց), Հայոց ցեղասպանության փաստը ուրանալը, մեր սիրելի լեռը՝ Արագածը մեր մյուս լեռան՝ Սրբազան Արարատին հակադրելու անհեթեթությունը, քաղաքական եւ հանրային գործիչների, ազատ խոսքի ջատագովների կալանավորումը շինծու մեղադրանքներով, այս բոլորի առկայության պատճառը առաջիկա ընտրություններն են, որոնց մոտենալուն ընդառաջ՝ թուրք-թաթարական տանդեմը արտակարգ աշխուժություն է ցույց տալիս եւ, մինչեւ անգամ, Էրդողանն է խոստանում 10 միլիոն դոլար նվիրել Նիկոլի տիկնոջը՝ «կարիքավորներին օգնելու համար», մինչ Եվրոմիությունն արդեն ուղարկել է 15 միլիոն եվրո, որը չգիտենք ո՞վ է ծախսելու եւ ի՞նչպես:
Այս ընթացքով, ինչպես տեսնում ենք, արտաքին ուժերը ավելի շահագրգռվածությամբ են մոտենում մեր ընտրություններին, քան մեր ընտրողները:
Եվ այս ֆոնին, վարչապետ Փաշինյանը ջանում է ավելի ինքնավստահ իրականացնել իր մտասեւեռումը՝ ներսից թուլացնելով ազգային մեր բանակը, որի գոյությունը խանգարում է իրեն, ինչպես նաեւ իրեն պաշտպանող արտաքին ուժերին:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ





