ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանի նախաձեռնությամբ բանասիրական ֆակուլտետում կայացավ ՀՀ-ում Սերբիայի պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ, հայ-սերբական մշակութային կապերի փորձագետ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանի «Հյուպատոսական գրառումներ» գրքի առաջին հրապարակային շնորհանդեսը:
Վերջին տարիներին երկուստեք համագործակցությունը արգասավոր պտուղներ է տալիս. պարբերական են հայ-սերբական գրական-մշակութային կապերի մասին ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվող դասախոսությունները, իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: 2022-ին բանասիրական ֆակուլտետում էր ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը: Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ էլ պրոֆ. Դոլուխանյանը Բելգրադում մասնակցել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն հրատարակության շնորհանդեսին, բոլորովին վերջերս էլ Սերբիայում էր Ներսես Շնորհալու մահվան 850-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:
«Մեր ուսանողական տարիներին լավագույն գրողների եւ բանաստեղծների գրքերի շնորհանդեսները տեղի էին ունենում Մանկավարժականի մեծ դահլիճում՝ լեփ լեցուն հանդիսականներով», -բացման խոսքում նշեց Ա. Դոլուխանյանը, հիշելով մասնավորապես Պարույր Սեւակի «Մարդը ափի մեջ» ժողովածուի «անշլագային մուտքը» ընթերցողական հրապարակ:
«Ես վերջին տարիներին ավելի հայրենասիրական գիրք, քան սա է, չեմ կարդացել. ինձ հարստացած եմ համարում»,- շարունակեց նա, համեմատելով Բաբկեն Սիմոնյանի գործունեությունը Մուրացանի «Գեւորգ Մարզպետունու» «Մի ծաղկով գարուն» գլխում շարադրված անցքերի հետ եւ նրա մասին սերբ հոգեւոր առաջնորդներից մեկի խոսքերը մեջբերելով. «Բաբկեն Սիմոնյանը մի ամբողջ ակադեմիայի գործ միայնակ է անում»: Բանախոսը ելույթի ընթացքում անդրադարձավ հայ-սերբական դարավոր բարեկամության պատմությանը՝ 13-14-րդ դարերից սկսած մինչեւ մեր օրերը, վեր հանեց երկու ժողովուրդների նմանությունները, ընդգծեց Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին 3 պատմական փաստ, որը բացառիկ երեւույթ է համաշխարհային պատմության համատեքստում: Առաջին՝ մենք ունենք ձեռագրերի Մատենադարան, որը միակն է աշխարհում իր տեսակով եւ ծավալած գործունեությամբ, երկրորդ՝ այն երկրներում, որտեղ հայեր են ապրել, պարտադիր եղել են հայկական տպարաններ, եւ երրորդ՝ ունեցել ենք Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Վենետիկի Մխիթարյան վարժարանի պես բացառիկ կրթօջախներ:
Բաբկեն Սիմոնյանի կենսագրությանը, գրական, թարգմանական, հասարակական, ինչպես նաեւ դիվանագիտական գործունեությանն անդրադառնալով՝ բանախոսն ասաց, որ այդ բոլոր հանդիպումների, միջազգային ելույթների ժամանակ նա բարձրաձայնել է հայ եւ սերբ ժողովուրդների խնդիրները: «Սովետական շրջանում մեկնել արտասահման, սովորել եւ աշխատել այնտեղ. այդ ամենը մեծ համարձակություն էր պահանջում»: Պետերբուրգում, Մոսկվայում, Բելգրադում սովորելուց հետո Բաբկեն Սիմոնյանը հաստատվում է Սերբիայում, զբաղվում հայրենանվեր գործունեությամբ, արժանանում բազմաթիվ մրցանակների եւ պարգեւների՝ եւ՛ Հայաստանում, եւ՛ Սերբիայում: Աելիտա Դոլուխանյանը առանձնացրեց հատկապես Սերբիայի Հանրապետության պետական պարգեւը՝ Ոսկե մեդալը, որը հանձնել է անձամբ նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը՝ ստեղծագործական աշխատանքի 40-ամյակի առթիվ եւ հայ-սերբական կապերն ամրապնդելու գործում ունեցած վաստակի համար: Այս ամենի մասին կարելի է կարդալ «Հյուպատոսական գրառումները»-ում:
Օրագրության ժանրում գրված գրքում ներկայացված է Բաբկեն Սիմոնյանի ոչ միայն հյուպատոսական գործունեությունը, այլեւ այն ժամանակը, որում ստեղծագործել է հեղինակը: Գրքում նկարագրվում են մեր նորագույն պատմության բեկումնային ու բախտորոշ պահերը, քաղաքական խմորումները, որոնք հեղինակին առիթ են տվել գրի առնելու իր հուշերն անվանի դիվանագետների, պետական գործիչների, հոգեւորականության բարձր դասի, նաեւ մտավորականների մասին:
«Շատ ուրախ եմ, որ կրկին բանասիրական ֆակուլտետում եմ», – ասաց Բաբկեն Սիմոնյանը,- «Այս գիրքը պատվո հյուպատոս դառնալուց հետո իմ գործունեության ժամանակի վավերագրությունն է: Ապագա սերունդները կհանդիպեն ինձ այս գրքում»:
Հեղինակը, շարունակելով Աելիտա Դոլուխանյանի յուրօրինակ դասախոսությունը, խոսեց հատկապես դիվանագիտական աշխատանքով զբաղվելու առանձնահատկությունների, նրբությունների ու հետաքրքրական դեպքերի մասին, օրինակ բերեց Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, որը եւս իր հուշերում վավերացրել է ժամանակը: «Երկիրը ներկայացնել կարող է միայն մտավորական անձնավորությունը, նա՝ ով հայրենասեր է, գիտի տվյալ երկրի պատմությունը, գրականությունը, մշակույթը, ունի առաքելություն՝ պատվով կատարելու աշխատանքը»,-արձանագրեց Բաբկեն Սիմոնյանը, հավելելով. «Ով այսօր ասի, թե հայրենասիրությունը հնացած է, սուտ կասի»:
Լավատես հյուպատոսը, խոսելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների մասին, փաստեց, որ հայ ժողովուրդը դեռ իր վերջնական խոսքը չի ասել եւ դեռ ամեն ինչ կորած չէ. «Մենք ապագայի երկիր ենք…»:
Միջոցառման ընթացքում հնչեցին սերբական երգեր, ինչպես նաեւ Բաբկեն Սիմոնյանի խոսքերով գրված ստեղծագործություններ:
Շնորհանդեսին, մանկավարժականի ուսանողներից եւ պրոֆեսորադասախոսական կազմից բացի մասնակցեցին նաեւ վերջին շրջանում բանասիրական ֆակուլտետի հետ սերտ համագործակցող Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 դպրոցի մի խումբ աշակերտներ եւ ուսուցիչներ:
«Սա հայրենասիրական կարեւոր դաս էր ներկաների համար»,- ամփոփելով միջոցառումը հավելեց բանասրական ֆակուլտետի դեկան, բ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Գալստյանը:
Կրկին շնորհավորում ենք Բաբկեն Սիմոնյանին, մաղթում անսպառ եռանդ՝ հայ եւ սերբ ժողովուրդների բարեկամական հարաբերությունները ամրապնդելու, ինչպես նաեւ գրական-հասարակական իր գործունեության մեջ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ