ԵՐԵՎԱՆ – Անցած փետրվարին Երեւանում անցկացվեց Հայաստանի Պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը», որի երկրորդ՝ փետրվարի 17-ին կայացած համերգին հնչեց նաեւ երեւանցի երիտասարդ կոմպոզիտոր, Հայաստանի Կոմպոզիտորների միության անդամ Արփինե Կալինինայի «Սրտի անհամբերությունը» ստեղծագործությունը:
Արփինեն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (պրոֆեսոր՝ Լեւոն Չաուշյան) եւ դաշնամուրի (պրոֆեսոր՝ Մարո Ղազարյան) բաժինները, ապա՝ Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայի կոմպոզիցիայի բաժնի մագիստրատուրան (պրոֆեսորներ՝ Գարի Քարփենթեր եւ Փոլ Փաթերսոն): Հեղինակ է վոկալ–գործիքային, անսամբլային եւ նվագախմբային ստեղծագործությունների, որոնք հնչել են Հայաստանում եւ արտերկրում: Որպես կոմպոզիտոր արժանացել է հանրապետական եւ միջազգային մրցանակների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակին (Մոսկվա, 2010) եւ Բարտոկի անվան կոմպոզիտորների լարային քառյակների համաշխարհային մրցույթի եզրափակիչ փուլի հավաստագրի (Բուդապեշտ, 2020)։
Նրա գործունեությունը բազմաշերտ է. 2007 թ. հիմնել եւ մինչեւ 2021-ը եղել է հայ դասական երաժշտության «Կանթեղ» համույթի գեղարվեստական ղեկավարն ու դաշնակահարը: Նախաձեռնել եւ իրականացրել է միջմշակութային համերգային նախագծեր, որոնցից են «Բրիտանական եւ հայկական երաժշտական կամուրջ» համերգաշարը (Երեւան–Լոնդոն, 2017-ից ցայսօր) եւ «Հայ–գերմանական երաժշտական կամուրջը» (Քյոլն, 2024 թ.): Ծավալում է նաեւ լայն մանկավարժական գործունեություն:
–Սիրելի՛ Արփինե, թույլ տուր կրկին շնորհավորել քո «Սրտի անհամբերությունը» ստեղծագործության առաջնախաղի համար։ Կարծում եմ՝ շատերը կցանկանան իմանալ, թե ի՞նչն էր միավորում դրա գրական հիմքում ընկած եւ միմյանց հետ կապ չունեցող Շտեֆան Ցվայգի եւ Եղիշե Չարենցի երկերը։
–Իմ ստեղծագործական կյանքում մեծ տեղ ունի գրականությունը, եւ այս ստեղծագործությունը եւս ունի գրական հենք: Սոպրանոյի, ջութակի, թավջութակի եւ նվագախմբի համար «Սրտի անհամբերությունը» ստեղծագործությունս գրել եմ 2008-ին՝ ըստ Շտեֆան Ցվայգի համանուն վեպի: Այն իմ դիպլոմային աշխատանքն էր՝ մեր Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինն ավարտելիս: Ստեղծագործությունը խմբագրել եմ 2025 թ.՝ հատուկ այս կատարման համար: Ցվայգի դրամատիկ վեպի երեք գլխավոր հերոսներին մարմնավորել եմ երեք մենակատարներով՝ սոպրանո՝ Էդիթ Քեքեսֆալվա, ջութակ՝ լեյտենանտ Հոֆմիլեր եւ թավջութակ՝ բժիշկ Քոնդոր: Վեպի դրամատիկ իրադարձությունների կիզակետում մանուկ հասակում հաշմանդամ դարձած եւ սայլակին գամված Էդիթի ու լեյտենանտ Հոֆմիլերի սերն է: Էդիթն ու լեյտենանտը նշանվում են, եւ Էդիթը, սիրուց թեւավորված՝ սկսում է առավել մեծ հույս տածել, որ շուտով կկարողանա ոտքի կանգնել իր բժշկի՝ կարեկից եւ նվիրված Քոնդորի օգնությամբ: Սակայն նշանդրեքից առաջ լեյտենանտն ընկրկում է՝ տարակուսելով՝ ի զորու կլինի՞ ողջ կյանքում խնամել հաշմանդամի, եթե Էդիթը չապաքինվի. այս ներքին տագնապի պատճառով լեյտենանտը ետ է կանգնում նշանդրեքից: Հոֆմիլերի արարքը ցնցում է Էդիթին, եւ նա ծայրահեղ հուսահատության մեջ ինքնասպան է լինում: Սա ողջ կյանքում տանջում է լեյտենանտի հոգին… Սրտի անհամբերությունը հանգեցնում է ողբերգության:
Ինչ վերաբերվում է Չարենցին, ապա Էդիթի հոգեվիճակն արտահայտել եմ չարենցյան «Տաղարան» շարքի երկու՝ «Հիմի շատ են երգիչները, հոգու ուզած տաղը չկա…» եւ «Ինչքան զանգ են տալիս, իմ միտն ես գալիս…» բանաստեղծություններով: Իմ վոկալ ստեղծագործությունների մեջ յուրահատուկ տեղ ունի Չարենցի պոեզիան, տարիների ընթացքում շատ եմ դիմել նրա բանաստեղծություններին։ Ի դեպ, շատ ուրախ էի, որ կատարման ժամանակ դահլիճում ներկա էին Եղիշե Չարենցի շառավիղները՝ թոռնուհին՝ տիկին Գոհար Չարենցը եւ ծոռնուհին՝ Նանե Ջերահյանը:
Որպես կոմպոզիտոր, ինձ համար շատ թանկ է համագործակցությունը կատարողների հետ. այն հարստացնում է, ներշնչում նոր ստեղծագործական գաղափարներ, իսկ համագործակցությունը սիմֆոնիկ նվագախմբի հետ, կարծում եմ, իրապես մեծ ու անփոխարինելի փորձառություն է յուրաքանչյուր կոմպոզիտորի համար: Խորապես երախտապարտ եմ ստեղծագործությանս բոլոր կատարողներին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան), հրավիրյալ դիրիժոր Ալեքսանդր Հումալային՝ Բելառուսից, մենակատարներ սոպրանո Սոֆյա Սայադյանին, ջութակահար Էրիկ Մանուկյանին, թավջութակահար Սիփան Թորոյանին՝ ոգեշունչ եւ ազդեցիկ կատարման համար: Շատ ուրախ եմ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ մեր առաջին եւ այսչափ տպավորիչ համագործակցության համար, որն ամբողջացավ դիրիժորի եւ մենակատարների հրաշալի մեկնաբանմամբ: 17-ամյա սպասումից հետո անասելի հուզմունքով լսեցի ստեղծագործությանս կատարումը. կրկնակի երջանիկ եմ, քանի որ զգացի, թե երաժիշտներն ինչպիսի սիրով հնչեցրին այն:
–«Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի» շնորհիվ բացահայտում ենք մեր ժամանակակից տարբեր սերունդների կոմպոզիտորների։ Կարո՞ղ ես մատանշել այն ընդհանուր միտումները, որ բնորոշ են քո սերնդի հայ կոմպոզիտորներին։
–Փառատոնի ընթացքում կողք-կողքի հնչում են թե՛ հայ դասական, թե՛ ժամանակակից (ներառյալ երիտասարդ) կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ ներկայացնելով հայ երաժշտության համայնապատկերը: Ինչ վերաբերում է իմ սերնդակից երիտասարդ կոմպոզիտորներին, կարծում եմ, որոշ ժամանակ անց միայն հնարավոր կլինի առավել պարզորոշ ասել մեզ միավորող միտումների մասին: Կոմպոզիցիայում, ինչպես արվեստի ցանկացած ոլորտում, ստեղծագործողի հիմնական ձգտումներից մեկը սեփական ոճն ու ձեռագիրը ձեռք բերելն ու կատարելագործելն է, եւ լսելով թե՛ հայ, թե՛ օտարազգի երիտասարդ կոմպոզիտորների՝ փորձում եմ առաջին հերթին որսալ նրանց երաժշտության առանձնահատկությունը: Շատ կուզեի (սա ասում եմ նաեւ որպես կոմպոզիցիա դասավանդող մանկավարժ), որ մեր պատանիներն ունենան ինքնուրույն երաժշտական մտածողություն՝ խարսխված հայ կոմպոզիտորական դպրոցի ավանդույթների վրա: Իմ ստեղծագործական կյանքում խիստ կարեւոր դեր ունի Կոմիտասը։ Հայաստանի տարբեր կրթամշակութային օջախներում իրականացրել եմ կոմիտասյան 25 համերգ-դասախոսություն, ինչպես եւ կոմիտասյան համերգներ եմ ունեցել Հայաստանից դուրս՝ համախմբելով օտարազգի երաժիշտների: Կոմիտասի եւ հայ երաժշտության հանդեպ սերը փորձում եմ փոխանցել աշակերտներիս:

–Մեր երաժիշտները սովորաբար կատարելագործվում են Գերմանիայում կամ Իտալիայում եւ շատ քչերը՝ Մեծ Բրիտանիայում։ Ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ եւ ինչո՞վ է առանձնահատուկ բրիտանական երաժշտական կրթությունը։
–Փոքր հասակից ինձ գրավել է բրիտանական մշակույթը, հատկապես գրականությունը: Իմ առաջին մանկական գրքերից մեկը Ֆրենսիս Բարնեթի «Խորհրդավոր պարտեզն» էր, որի շնորհիվ սեր արթնացավ Անգլիայի, նրա բնության հանդեպ. երազում էի լինել Անգլիայում… Երբ արժանացա Ռուսաստանի Դաշնության արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակին՝ երիտասարդական անվանակարգում, որոշեցի մրցանակային գումարը ծառայեցնել Եվրոպայում կատարելագործվելու համար. ընտրեցի Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիան եւ այդ գումարով մեկնեցի Լոնդոն՝ հանձնելու ընդունելության քննությունները: Այդ Ակադեմիան, որն աշխարհի լավագույն երաժշտական կրթօջախներից է, ուսանող կոմպոզիտորին հնարավորություն է տալիս լսելու ուսումնառության տարիներին գրված բոլոր՝ ներառյալ սիմֆոնիկ եւ երգչախմբային խոշոր կտավի ստեղծագործությունները, ինչն այդ ժամանակ Հայաստանում գրեթե անհնար էր: Ինձ համար ամենակարեւորը լսողական փորձի ձեռքբերումն էր՝ աշխատելով սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ տարբեր երաժշտական խմբերի հետ: Միաժամանակ ինձ հարստացրեց Ակադեմիայում տիրող միջմշակութային ստեղծագործական մթնոլորտը: Ուսանողներն աշխարհի տարբեր ծագերից ժամանած հրաշալի կատարողներ եւ կոմպոզիտորներ էին, շատերը՝ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ եւ արդեն լուրջ երաժշտական հայտ ներկայացրած երիտասարդներ, որոնց հետ համագործակցությունը եւ մարդկային առնչությունը հարստացնում է յուրաքանչյուր ստեղծագործողի: Ուսումնառությունը հագեցած էր, պահանջները մեծ էին, հանձնարարությունները՝ ծավալով շատ: Անընդհատ խթանում էին գրել նոր ստեղծագործություններ սեղմ ժամկետներում՝ նպաստելով, որ հետագայում պատվերներ ստանալիս պրոֆեսիոնալ կոմպոզիտորը կարողանա արագ կատարել դրանք: Մեզ դասավանդում էին հիանալի մասնագետներ, իսկ Լոնդոնում երաժշտական կյանքը եռում էր, եւ այս ամենը՝ իրար շաղախված, մեծ փորձառություն էր եւ հիմք դարձավ իմ նախաձեռնած տարբեր միջմշակութային ծրագրերի համար:
–Ասացիր, որ քո երաժշտությունը կապված է գրականությանը, եւ հիշեցի ռուս ականավոր գրող Անդրեյ Բիտովի հետ քո համագործակցությունը…
–Անդրեյ Բիտովի գրականությանը ծանոթ եմ մանկուց, քանի որ մայրիկս՝ Անահիտ Խաչատրյանը, թարգմանել է Բիտովի որոշ պատմվածքներ եւ նրա գրականագիտական հոդվածների «Ապրելու մտադրություն» ժողովածուն: Անձամբ բախտ եմ ունեցել ճանաչելու Բիտովին՝ բացառիկ իմաստուն եւ լուսավոր Մարդուն, ականավոր Ստեղծագործողին… 2007-ին իմ ղեկավարած «Կանթեղ» համույթով համերգ նվիրեցինք Բիտովի 70-ամյակին՝ ներկայացնելով հայ դասական երաժշտություն, իսկ ավարտին կատարեցինք նաեւ իմ ստեղծագործություններից: Համերգից հետո զրուցեցինք Բիտովի հետ, եւ նա անսպասելիորեն ինձ հարցրեց՝ կցանկանա՞մ երաժշտություն գրել իր ստեղծագործությունների հիման վրա: Սա ինձ համար մեծ պատիվ եւ չափազանց մեծ պատասխանատվություն էր. երկու տարի անց միայն զգացի, որ պատրաստ եմ այդ գործին: Գրեցի կամերային անսամբլի եւ ասմունքողի համար մի շարք՝ նրա սակավաթիվ չափածո գործերից «Զատկական» շարքի երեք՝ «Ծաղկազարդ», «Զատիկ» եւ «Ճամփա ընկա առ Աստված» բանաստեղծությունների հիման վրա: Դրանք առաջին անգամ հնչեցին Երեւանում, «Ապրելու մտադրություն» ժողովածուի շնորհանդեսի ժամանակ՝ Բիտովի ներկայությամբ, նրա ազդեցիկ ձայնի ուղեկցությամբ… Ի դեպ, Բիտովն էր, որ 2009-ին ինձ առաջադրեց նշածս «Տրիումֆ» մրցանակին: Այն ինձ մղեց առավել մեծ պատասխանատվությամբ վերաբերվել սեփական ստեղծագործական աշխատանքին: Հիշում եմ՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում մրցանակաբաշխության ժամանակ որքա՜ն էի կաշկանդված հեղինակավոր ժյուրիի ներկայությունից, իսկ ավարտից հետո զրույցի ժամանակ չկարողացա մի բառ իսկ արտաբերել նրանց ներկայությամբ: Չէի հավատում, որ նույն սենյակում եմ գտնվում ոչ միայն Անդրեյ Բիտովի, այլեւ ժյուրիի մյուս հռչակավոր անդամների՝ բալետի մենապարող Վլադիմիր Վասիլեւի, ջութակահար Վլադիմիր Սպիվակովի, գրող Միխայիլ Ժվանեցկու, բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկու, դերասաններ Իննա Չուրիկովայի, Ալլա Դեմիդովայի, Օլեգ Տաբակովի, արվեստաբան Իրինա Անտոնովայի եւ այլոց հետ…
–Պատմի՛ր, խնդրեմ, ընտանիքիդ մասին։
–Ծնվել եմ Երեւանում, հայրիկս՝ Ստանիսլավ Կալինինը, սլավոնական՝ ռուսական, ուկրաինական, լեհական արմատներ ուներ, մայրիկս՝ Անահիտ Խաչատրյանը, զտարյուն հայուհի է: Հայրս հասակ է առել Երեւանում, մասնագիտությամբ ռադիոինժեներ էր եւ մեծ արվեստասեր (մանուկ ժամանակ հաճախել է երաժշտական դպրոց՝ ֆլեյտայի դասարան): Մայրս թարգմանիչ է, խմբագիր: Տանը միշտ հայերեն ենք խոսել, հայրս հիանալի տիրապետում էր հայերենին: Երբեմն մեր ծանոթներն ու բարեկամներն ասում էին, որ անհարմար են զգում հորս կողքին հայերեն խոսել, քանի որ, հայ չլինելով՝ միշտ խոսում էր գրական հայերեն։ Հայրս իր հայրենիքը Հայաստանն էր համարում, ողջ գիտակցական կյանքն ապրել է Հայաստանում, սիրում էր հայ մշակույթը, երաժշտությունը, հատկապես՝ Կոմիտաս եւ շատ էր մտահոգված Հայաստանի ճակատագրով… Մեծացել եմ ստեղծագործական մթնոլորտում: Ծնողներս միշտ խրախուսում էին ստեղծագործական աշխատանքը, հայրիկիս սիրած արտահայտությունն էր՝ «Երջանկությունը ստեղծագործելու մեջ է»։ Սա էլ դարձել է իմ հավատամքն արվեստում…
–Ինչ խոսք, նա միանգամայն իրավացի է… Ի՞նչ դժվարություններ է հաղթահարում երիտասարդ ստեղծագործողը մերօրյա Հայաստանում։
–Այսօր, կարծում եմ, երաժշտական ոլորտում ամենադժվարը կոմպոզիտորների համար է։ Ետխորհրդային տարիներից հետո դեռ չի ձեւավորվել կոմպոզիտորին երաժշտություն պատվիրելու մշակույթը: Կոմպոզիտորը գրում է եւ դրա համար, կարելի է ասել, չի վարձատրվում: Դա հարցի մի կողմն է միայն: Շատ սահմանափակ են այն հնարավորությունները, երբ հնչում են երիտասարդ կոմպոզիտորների՝ հատկապես մեծ կազմի համար գրված նվագախմբային, երգչախմբային տեղծագործությունները։ «Հայ Կոմպոզիտորական արվեստի փառատոնը», որի գործընկերն է Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը, կարեւոր դեր ունի այս առումով…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ Մարիա Վարտանովայի