Ազգային ժողովում մերթընդմերթ կրկնվող տեսարաններից դուրս գանք, քանզի դրանցից հանրությանը ոչ մի օգուտ չկա, չնայած լրատվամիջոցները հենց դրանք էլ լուսաբանում են. ոչինչ նոր, արդեն վաղուց շարունակվող «մենք ու դուքն» է:
Հետեւելով Ազգային ժողովում անցած տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումներին՝ հստակորեն կարելի է նկատել, որ տասնամյակ առաջ դեռ եվրոպացիներին տրված խոստումներով հայեցակարգային փոփոխությունների ծրագրերը մեծ թափով կատարվում են, դրանք լավ մտածված, լավ համակարգվող ծրագրեր են: Ով ծանոթ է, հետեւել է մեր պետության ընթացքին, վերջին 10-15 տարում ստանձնած պարտավորություններին՝ կհասկանա, որ պարզապես պետության մենեջերներն են նոր, իսկ ուղղությունը, որը մի պահ ԵԱՏՄ մտնելիս թվում էր դանդաղեցվեց կամ կասեցվեց, նույնն է եւ հիմա իրագործվում է ավելի արագացված, մանրակրկիտ պլանավորված քայլերով: Ամեն ինչ համապատասխանեցվում է արեւմտյան հայեցակարգերին:
Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում այդպես էլ առաջ չեկավ կրթված հայրենասերների այն սերունդը, որը կվերցներ բարեփոխումների դրոշը՝ ազգային նպատակները հենք դարձրած, առաջընթացն ու աշխարհի լավագույն ձեռքբերումները դրանց ծառայեցնելով: Այն, ինչ հիմա իրականացվում է, դրա հիմքերը անցյալ տասնամյակում են, կնքված եվրոպական հազար ու մի պայմանագրերում: Ուղղակի նախորդ իշխանություններին դրանց արագ իրականացումը կխանգարեր իշխանության մնալ, նրանց առանձին անհատներին՝ հարստանալ, առանձին պաշտոնյաներին՝ քաղաքական կարիերա անել, եթե այդ մասին խոստովանեին:
Հիմա այլո՛ց ծրագրերն են իրագործվում Հայաստանում՝ այլոց նպատակներով, դրանց անունը թեեւ միջազգային չափորոշիչներ են: Օրինակը մեր պատմությունը վերատեսության ենթարկելու, պատմության նոր, էապես փոխված չափորոշիչներով (եւ բոլոր ուղղություններով են այդ նոր չափորոշիչները) արդեն աշնանը սկսելիք կրթական ծրագիրն է, որը բոլորովին այլ քաղաքացի է դաստիարակելու՝ բոլորովին այլ նպատակներով:
Մեր հանրության մեջ քիչ թե շատ հայտնի անհատներն ու խմբերը մնացել են քաղաքական դուալիզմի սեւ-սպիտակ տիրույթում (ապացույց՝ երեկ Ազգային ժողովում Թագուհի Թովմասյանի ելույթի շուրջ սկսված իրարանցումն է), այդ կերպ նպաստելով աշխարհի այլ կենտրոններից իրագործվող ծրագրերին, անընդունակ հայեցակարգային հայակենտրոն ծրագրեր մշակելու եւ առաջարկելու, առհասարակ՝ ոչ թե միայն քննադատություն, այլ մանրամասն ծրագիր ու հայեցակարգ առաջարկելու հայությանը, հանրությանը: Դե իսկ վերպետական հայեցակարգերի նպատակն էլ մեր տիպի պետություններում խորհրդային մտածելակերպից, բայց եւ՝ ինքնատիպ նկարագրից վերջնականապես ազատվելն է՝ անգամ նախորդ կրթական, կառավարման համակարգերի շենք-խորհրդանիշներից ազատվելը ներառյալ, անցյալի մտայնությամբ, չծիծաղեք, նույնիսկ պատերն են ներծծված երեւի ըստ մեր պատասխանատուների. էլ ակադեմիական քաղաք, էլ նոր ուսանողական թաղամասեր, էլ կառավարման նստավայրի փոփոխություն: Փող էլ, իրոք, երեւում է այդ բոլորի համար կա, շատ փող, ծագման աղբյուրն՝ անհայտ: Խորհրդային մտածելակերպից, այո, պետք է ազատվել, բայց ոչ դրան համարժեք այլ տոտալիտար մտածողություն բռնի ներարկելու կամ ամեն բան ոչնչացնելու ճանապարհով:
Ավելի պարզ բացատրենք՝ վերպետական ծրագրերը բավական հիմնավոր ներդրվել ու ներդրվում են, դրանցում զբաղված հազարավոր մասնագետներ արդեն դրա մեջ են ու այլ բան չեն պատկերացնում, օրենսդրությունն է այս վերջին երկու տարին լայնորեն հարմարեցվել այդ ծրագրերին: Այսինքն՝ հանրության համար գուցեեւ առարկայորեն աննկատ՝ Հայաստանում ներդրվել են նոր համակարգեր (անկախ դրանից՝ դրանք ինչպես են աշխատում), հիմա արդեն ամեն ինչ այդ տրամաբանության մեջ է, ու եթե անգամ այդ կառավարման գլխին կանգնած անձը փոխվի՝ հաջորդը նույն տրամաբանությամբ ու բովանդակությամբ է կառավարելու (էն որ քաղաքական միավորները ասում են՝ Նիկոլը փոխվի՝ ամեն ինչ տեղ կընկնի):
Այսքանից հետո երբ լսում եմ մեր քաղաքական գործիչների պրիմիտիվ դուալիզմը, քաղաքական թոթովանքը հայրենիք-անհայրենիք թեմաներով, հասկանում եմ, որ մենք բոլորս ենք դատապարտված՝ այս մակարդակի անձնակենտրոն, խմբաշահ, չկրթված, համակարգային մտածողությամբ չօժտված «ընտրախավ» ունենալու (իշխանական, թե ընդդիմադիր՝ մեկ է), որոնց աչքի առաջ ուղղակի կամաց-կամաց հրաժարվում ենք ազգային նպատակներից:
Վերադառնանք բյուջեի կատարողականի ժամանակ վարչապետի հնչեցրած խաղաղասիրական խոսույթի հերթական դոզային, ընդ որում՝ արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ ամենաանհավանական մեկնաբանություններով, որոնց առանձին էլեմենտներ չենք քննարկի (Վարդան Օսկանյանի եւ մյուս նախկին արգործնախարարների անելիքն է դա), այլ կընդհանրացնենք ընդհանուր նպատակը, այն է՝ Արցախից տարանջատվենք՝ լավ է լինելու (բա գիտեք՝ Մադրիդյան սկզբունքները քննարկելով Հայաստանը դեռ վաղուց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել)՝ Արցախի հերն էլ անիծած, մեր սահմանների տարածքներից Ալիեւը որն ուզում է թող վերցնի-սահմանազատվենք, ու այդպես ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դե իսկ դրանից հետո էլ պատերազմ չլինելը չենք երաշխավորում: Հերթական գլուխկոտրուկների շարք, որը հերթական անգամ կմոռացվեր, եթե չհաջորդեր Ալիեւի բարբաջանքը, թե Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ներքին գործն է, արցախցիք կա՛մ պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ստանան, կա՛մ լքեն Ղարաբաղի տարածքը:
Լուրջ չհամարելով ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ ադրբեջանական դրոշ վառելու տեսարանը (որը բավական լուրջ էլ ընդդիմությունը դրվատում է), միանգամից անցնենք ԱԺ-ում վարչապետի խոսքին հաջորդած Արցախից լսվող տեսակետներին, մինչ այդ ֆիքսելով, որ Փաշինյանը, Ալիեւի՝ իր ելույթի արձագանքին կրկին արձագանքել է խորհրդարանական լրագրողների հետ ճապազրույցի ժամանակ, նշելով, թե սադրանքն էսկալացիայի տանելու նպատակ է հետապնդում, իսկ մենք, այսինքն՝ իշխանությունը, հանգիստ ու հավասարակշիռ գնահատականներով գնալու է առաջ:Արցախի խորհրդարանի հինգ խմբակցությունների հայտարարության առիթով էլ՝ իրեն սխալ են հասկացել արցախցիները…
Ի՞նչն են սխալ հասկացել Հայաստանի կառավարության ծրագրով Արցախի երաշխավոր լինելուց իրեն ազատագրած կառավարության ղեկավարի խոսքում, որ այսպիսի մտքեր կան Արցախի խորհրդարանականների հայտարարության մեջ. «Փաստորեն ՀՀ պաշտոնական շրջանակներն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրը տարանջատում են նրա ինքնորոշման իրավունքից՝ անտեսելով վերջինիս վճռորոշ պարագան, ինչն իրականում համահունչ է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը, ըստ այդմ նպաստելով Արցախի ու Հայաստանի տարածքների նկատմամբ Ադրբեջանի բացահայտ ու հարաճող նկրտումների սաստկացմանը»:
Ապա եւ՝ Արցախի խորհրդարանականները կոչեր են ուղղել միջազգային հանրությանն ու անգամ ՀՀ-ին, ենթադրելով, որ Հայաստանում հավանաբար չեն գիտակցում Արցախին սպառնացող վտանգը, որը նաեւ Հայաստանի պետականությանն է սպառնում:
Հանրային հեռուստատեսությամբ էլ Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խոսքը պարզություն մտցրեց ամեն ինչում: Այո, Հայաստանի վարչապետը կարող է Հայաստանի խորհրդարանում ինչ ասես խոսել Արցախի հարցի մասին, Ալիեւն էլ, իրոք, ազատ է իր տեղում նստած, ինչ ասես դուրս տալ՝ թե բա Արցախի հարցը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին խնդիր, արցախցիներն էլ պետք է կամ Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, կամ հեռանան Արցախից: Բայց Արցախի ժողովուրդն իր հռչակած անկախության ճանապարհով է գնալու եւ ինչպես պայքարել է դրա համար, այսուհետ էլ պայքարելու է: Ֆերշտե՞յն:
Ու հավաքական Պետրոսը կամ Պողոսը որքան էլ զարմանա՝ ա՞յս տարածաշրջանային համատեքստում, սպուտնիկով ե՞ք խփելու (էն որ Հայաստանի վարչապետն էլ մի կիսատ ակնարկում էր հարեւան երկրի էներգետիկ հնարավոր ճգնաժամի մասին), հավաքական Սամվել Բաբայանն ասելու է՝ քո գործը չի, մենք պաշտպանելու ենք մեր տունը: Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Արցախին անտեր թողնելու մասին կամ Ադրբեջանին ինտեգրվելու վերաբերյալ հարց ձեւակերպելիս. «Արցախի ժողովուրդը անկախության հռչակագիր ունի, որեւիցե մեկին Արցախի ժողովուրդը չի տվել լիազորություն, որ գնան-բանակցեն այլ կոնտեքստում: Երեսուն տարին բանակցում են գաղտնի, իրականության հետ չհամապատասխանող, ժողովրդից մանդատ եք ստացել, պիտի անկեղծ լինեք: Ինտեգրացման մասին խոսելը հանցագործություն ա, պիտի խոսողին դատել», ասել է Սամվել Բաբայանը:
Ահա այսպես. Արցախը համաձայն չէ ձեր խաղաղության օրակարգով իրեն մատաղ անելու հետ. կա՛մ կանգնում եք նրա կողքին, կա՛մ թողնում եք, որ մենակ կործանվի: Այ, դա Հայաստանի որեւէ ղեկավարի չի ներվի: Բայց նաեւ՝ հինգ խմբակցության՝ Արցախից լսվող ձայնը, Սամվել Բաբայանի ակնարկները կենտ չեն մնա: Հավանաբար Արցախից հակադրության ձեռնոց են նետում Հայաստանի պաշտոնական տեսակետին, չնայած ձեռնոցը վերցնող, հասարակության վստահությունը վայելող տեսանելի սուբյեկտներ նկատելի չեն, իշխանությունն էլ, իրոք, ինչ-որ տնտեսական, սոցիալական հարցեր լուծում է՝ մարդկանց ներարկելով Արցախից տարանջատվելու գաղափարը: Մնում է հրաշք կատարվի- Հայաստանի իշխանությունը քարը փեշից թափի ու տեր կանգնի Արցախին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ