Հակառակ իր ծավալին՝ այս եւ հաջորդ էջերում շվեդերենից թարգմանաբար ներկայացվող հետաքննական հոդվածը կարդացվում է հետաքրքրությամբ։ Կցանկանայինք, որ մեր հավատարիմ ընթերցողներից բացի սույն հոդվածին ծանոթանային նաեւ մեր արտգործնախարարության, ինչպես նաեւ, թերեւս առաջին հերթին, ԱԱԾ աշխատակիցները։ Ընդամենը մեկ երկրի՝ Շվեդիայի օրինակով կարելի է պատկերացնել, թե Բաքուն քարոզչական ինչպիսի՜ ցանց է ստեղծել մեր երկրի դեմ ողջ աշխարհում վերջին 20-25 տարիներին, առանց մեր կողմից որեւէ հակազդեցության հանդիպելու։ Այո, պատերազմը մենք տանուլ էինք տվել նախքան 2020 թվականը։ Փողից, խավիարից եւ այլ բաներից առաջ այստեղ հիմնական դեր են կատարել կազմակերպվածությունն ու նպատակասլացությունը։
Խմբ.
Շվեդիայի արտաքին գործոց նախարարությունը, աչք փակելով Անվտանգության եւ զարգացման քաղաքականության գիտահետազոտական ինստիտուտի (այսուհետ՝ ԱԶՔԳԻ)՝ Ադրբեջանի բռնապետության հետ ունեցած կապերի վրա, տարեկան 6-10 միլիոն շվեդական կրոնա է հատկացնում բռնապետին գովաբանող ինստիտուտին։
«Բլանքսփոթը» (թվայնացված լրագրողական պլատֆորմ, նախատեսված է զանգվածային շրջանառություն չունեցող լուրերի համար – ծ. թ.) այժմ կարող է պնդել, որ Շվեդիայի Արտաքին գործոց նախարարությանը վաղուց ի վեր տեղյակ է եղել գիտահետազատական ինստիտուտի ղեկավար Սվանտե Կորնելի՝ ադրբեջանական ռեժիմի հետ ունեցած հարաբերությունների մասին։ «Չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի էր շարունակել աշխատել այն ժամանակ, երբ պետք էր մեծ աղմուկ բարձրացնել»,– ասում է խորհրդարանի անդամ Ֆրեդրիք Մալմը։
–Նախ թո՛ւյլ տվեք շնորհավորել ձեզ եւ Ադրբեջանի ժողովրդին երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու առթիվ։ Հստակ է, որ այս պատմական ձեռքբերումը մեծապես փոխեց քաղաքական ուժերի բաշխումը թե՛ Կովկասում, թե՛ ամբողջ տարածաշրջանում։ Ամենակարեւորը, կարծում եմ, որ այն ցույց տվեց աշխարհին Ադրբեջանի կարողություններն ու ներուժը։
Սրանք ԱԶՔԳԻ-ի ղեկավար Սվանտե Կորնելի խոսքերն են՝ ուղղված Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւին, որ հնչել են 2021 թվականի ապրիլին կայացած առցանց սեմինարում, Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմից ընդամենը կես տարի անց։
Մարդու իրավունքների «Ազատության տուն» կազմակերպությունն իր նոր զեկույցում Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը ներկայացնում է որպես պատերազմի միջոցով բռնապետական ռեժիմների համար իրենց իշխանությունն ամրապնդելու օրինակ։
–Իր ռեժիմն ամրապնդելուն ուղղված ռազմական ագրեսիան օգտագործելու Ալիեւի ակնհայտ հաջողությունը, հնարավոր է, իր ազդեցությունն է ունեցել Ուկրաինայի վրա հարձակվելու Վլադիմիր Պուտինի որոշման վրա։
Պուտինը նման պատմական գործիքների կարիքն ուներ, եւ ըստ այդմ հիմք կար ենթադրելու, որ դրանք հաջողություն կբերեն իրեն։
Միեւնույն ժամանակ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենից ռեպրեսիվ ռեժիմներից մեկը։ Այդ երկիրը գտնվում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության սեւ ցուցակում։ Ըստ «Մարդու իրավունքների դիտարկում» կազմակերպության՝ երկրում լուրջ խնդիրներ կան մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված, իսկ Տնտեսական ժողովրդավարության ցուցիչով այդ երկիրը գրավում է 167-ից 141-րդ հորիզոնականը։
44-օրյա պատերազմն ավարտվեց Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ ստորագրված կրակի դադարեցման հնգամյա համաձայնագրով։ Ռուսաստանը ստացավ Հայաստանի ու Ադրբեջանի մանդատը, որ 2000 խաղաղապահների միջոցով պարտավորվում է վերահսկել հրադադարի համաձայնագիրը։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կորցրեց տարածքների 2/3-ը, իսկ հրադադարը բազմաթիվ անգամներ խախտվել է ադրբեջանական կողմից։
Սակայն ինչպե՞ս պատահեց, որ Ստոկհոլմի մերձակայքում, Նակայում գտնվող մի այնպիսի հետազոտական ինստիտուտ, ինչպիսին է ԱԶՔԳԻ-ն, պատվում է բռնապետին ու շնորհավորում հաղթանակի համար եւ որ Շվեդիայի արտաքին գործոց նախարարությունը նրան տարեկան 6-10 միլիոն շվեդական կրոնայի ֆինանսական աջակցություն է ցուցաբերում։
Սվանտե Կորնելը տարածաշրջանին վերաբերող բազմաթիվ հոդվածների ու գրքերի հեղինակ է եւ հաճախ է ելույթներ ունենում գիտական շրջանակներում եւ հանրային միջոցառումներում Թուրքիային, Կովկասին ու Կենտրոնական Ասիային առնչվող հարցերով։
ՓԱՍՏԵՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
2020 թվականի աշնանը պատերազմ սկսվեց դե ֆակտո հայկական գերակայությամբ ինքնավար Լեռնային Ղարաբաղի շրջանում, որը վերջ դրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ մոտ 30 տարվա հաջողության չհասնող հաշտության բանակցություններին։
Բանակցությունները, որ տեղի էին ունենում Մինսկի խմբի շրջանակներում, որ հատուկ կազմվել էր ԵԱՀԿ-ի կողմից եւ ընդունվել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, չէր բավարարում ադրբեջանական կողմին։ Մինսկի խումբը մասամբ հիմնվում է ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, որ ամրագրված է Հելսինկյան դեկլարացիայում։
Ադրբեջանը 2020-ին իր դաշնակից Թուրքիայի հետ միասին, որ սիրիացի վարձկաններ էր ուղարկել, որոշեց վերջ տալ խաղաղության բանակցություններին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղ։
Վերջին տարիներին ԱԶՔԳԻ-ի շփումներն Ադրբեջանի ղեկավարության հետ բավական սերտ էին։ Վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականին, Վալպուրգի տոնի երեկոյան, ապրիլի 30-ին, երբ Սվանտե Կորնելը մասնակցել է ադրբեջանական պետության կողմից ֆինանսավորվող կոնֆերանսին, որ անց էր կացվում Լեռնային Ղարաբաղի այն վայրերում, որ պատերազմից հետո անցել են նրա վերահսկողության տակ։ Կոնֆերանսը կազմակերպել էր ադրբեջանական պետական համալսարանը եւ Ալիեւի հրամանագրով ստեղծված AirCenter հետազոտական ինստիտուտը։
Արտգործնախարարությունը հայտնել է «Բլանքսփոթին», որ 2021 թվականին 6.5 միլիոն կրոնա է փոխանցել ԱԶՔԳԻ-ին։ Մնացած ներդրումները գիտահետազոտական ինստիտուտը ստացել է մի ադրբեջանական շինարարական ընկերությունից, որ կապ ունի Ալիեւների ընտանիքի հետ։
Առաջին անգամն է, որ ԱԶՔԳԻ-ի եւ Ադրբեջանի սերտ կապերը ուշադրության են արժանանում։ Դեռեւս 2017-ից «Դագենս նյուհեթեր» (Օրվա նորություններ) պարբերականը բացահայտել էր Սվանտե Կորնելի կապերը։ Սակայն բացահայտումը որեւէ գործողությունների չհանգեցրեց եւ ոչինչ չփոխեց։ ԱԶՔԳԻ-ը շարունակում է ֆինանսավորում ստանալ, եւ Սվանտե Կորնելը շարունակում է սերտ համագործակցել Ադրբեջանի հետ։
Սակայն հարց է առաջանում. որքա՞ն են խորացել հարաբերություններն Ադրբեջանի հետ։ Ի՞նչ են նշանակում այդ հարաբերությունները։ Եվ արդյո՞ք մասնագիտական հիմքեր կան բռնապետությունների հետ հարաբերություններ ունենալու համար։
Սվանտե Կորնելն Ադրբեջանին վերաբերող առաջին հոդվածը գրել է 1998-ին։ «Միջին Արեւելքի ուսումնասիրություններ» ամսագրում նա գրել է, որ «չնայած որ Ադրբեջանը ենթարկվել է ագրեսիայի, արտաքին աշխարհից չափազանց քիչ է նյութական կամ բարոյական աջակցություն ստանում»։ Նրա այս մեջբերումը հաճախակի է օգտագործվել ադրբեջանցի գիտնականների կողմից ենթադրյալ անարդարությունը լուսաբանելիս։
Երկու տարի անց Սվանտե Կորնելն իր http://www.cornellcaspian.com կայքէջում հրապարակեց, որ մասնակցում է պետության կողմից ֆինանսավորվող մի նախագծի։ Կայքէջը դեռեւս գոյություն ունի, սակայն Ադրբեջան կատարած իր այցելությունների մասին տեղեկատվությունը հեռացվել է, որը, սակայն, հնարավոր է գտնել Way Back Machine ի միջոցով։
Նախագիծը ստեղծվել է Ադրբեջանից Թուրքիա նոր նավթամուղի մասին նորությունները լուսաբանելու համար։ Սվանտեն մոտոցիկլետով Բաքվից Թուրքիա է ճամփորդել նավթի առաջին ուղարկված քանակի հետ։ Տվյալ նախագծի ֆինանսավորողը ադրբեջանական պետական հեռախոսակապի ընկերություն Ազերսելն էր։ Կայքէջի լուսանկարներից երեւում է, որ նախքան մեկնելը նա շփվել էր նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հետ ու մասնակցել էր «Սոքար» նավթային ընկերության կազմակերպած լրատվամիջոցների հետ հանդիպմանը։
Հետագայում «Տելիա Սոներնա» սկանդինավյան հեռախոսակապի ընկերությունը գնել էր «Ազերսելը», եւ 2011–2012-ին դարձել էր ընկերության հետ կապված կոռուպցիոն սկանդալի գլխավոր դերակատարը։ «Աֆթոնբլադեթ» պարբերականն անդրադարձել էր այն փաստին, որ ԱԶՔԳԻ-ը օգնել է, որ «Տելիա Սոներնան» հաստատվի Կենտրոնական Ասիայում եւ հատկապես Ադրբեջանում։
Կորնելի՝ մոտոցիկլով երթը տեղի է ունեցել 20 տարի առաջ, սակայն այդ փաստը պատմականորեն կարեւոր է մեր հետազոտության համար։ 2011-ին Կորնելը հրատարակեց «Ադրբեջանը անկախությունից հետո» գիրքը, որ քննադատվեց շատերի կողմից ադրբեջանամետ դիրքորոշման համար։ Ի թիվս նրանց, Կովկասյան հարցերի պատասխանատու, հարգված «Եվրասիանետ» առցանց թերթի խմբագիր Ջոշուա Կուչերան իր գրախոսության մեջ հաստատեց այն փաստը, որ գիրքը թերեւս արժի կարդալ, սակայն այն «հիմնականում ադրբեջանամետ է»։ Գիրքը Ստոկհոլմում տարածվել է ադրբեջանական դեսպանատան կողմից «տարածքային խնդիրների» վերաբերյալ ձեռնարկի կարգավիճակով։
2012-ին Եվրոտեսիլի երգի մրցույթի կապակցությամբ Սվանտե Կորնելը Իլհամ Ալիեւի դիրքորոշումն անվանել էր ամենեւին ոչ բռնապետական։ Իսկ հենց այդ ժամանակ ռեժիմն ամեն ինչ անում էր քաղաքացիական հանրությունը քայքայելու համար։ Բազմաթիվ ակտիվիստներ ու լրագրողներ բանտարկվել են, ենթարկվել կտտանքների կամ արտաքսվել։ Հաջորդ տարի նախագահական ընտրությունների արդյունքները հայտարարվեցին դեռեւս նախքան ընտրությունների ավարտը։ Ալիեւն, անշուշտ, հաղթանակ էր տարել, սակայն հազիվ արժեր դա արագ արձանագրել։ Դրանից հետո Կորնելն աշխատանքի է անցնում ռեժիմին ենթարկվող Կովկասյան ինստիտուտ վերլուծական կենտրոնի խմբագրական խորհրդում։ 2017-ին «Դագենս նյուհեթերն» անդրադարձել էր դրան, սակայն Կորնելը դեռ շարունակում է իր աշխատանքը։ Խորհրդի նախագահը ադրբեջանական նախկին դիվանագետ Ֆարիդ Շաֆիեւն է, որը նաեւ «AirCenter» հետազոտական ինստիտուտի ռեկտորն է (նաեւ առցանց կոնֆերանսի կազմակերպիչներից)։
2020 թվականի պատերազմից հետո Կորնելը երկու անգամ հանդիպել է Իլհամ Ալիեւին։ Հանդիպումներից մեկի ընթացքում, ի տարբերություն Կորնելի գովասանական ելույթի, հոլանդացի հետազոտողներից մեկը քննադատական հարցում է ուղղել քաղաքացիական հասարակությանը ճնշելու վերաբերյալ։ Հաջորդ անգամ Կորնելը հանդիպել էր Ալիեւին առցանց կոնֆերանսի ժամանակ, ապա՝ արդեն Ադրբեջանում։ Երեք ժամ տեւող հարցուպատասխանի ժամանակ երեւում էր, որ Ալիեւը պատասխանում է քննադատություն չպարունակող հարցերի եւ ընդունվում է ծափահարություններով։ Ուրախ եւ բարյացակամ մթնոլորտում նա հասցնում է պարզաբանել եւ ներկայացնել իր տեսակետը պատերազմի տված առավելությունների մասին։ Կոնֆերանսին մասնակցում էր նաեւ ամերիկյան էներգետիկայի ոլորտի հետազոտող Բրենդա Շաֆֆերը, որ գրավել է կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի հետազոտական կենտրոնի ուշադրությունը Ադրբեջանի հետ ունեցած սերտ գործունեության պատճառով։ Կոնֆերանսի մի մասն անց էր կացվում նաեւ Շուշիում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 պատերազմից հետո։ Այս մանրամասնը էական է Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիրքորոշման տեսանկյունից։ Այս հարցը վիճաբանության պատճառ էր դարձել, երբ բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները Շուշի էին հրավիրվել 2021-ի ամռանը։ Այդ ժամանակ Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանները հրաժարվել էին մասնակցել՝ պատճառաբանելով, որ ներկայացնում են Մինսկի խմբի երկրները։ Նրանք կարծիք էին հայտնել, որ իրենց ներկայությունն այդ քննարկմանը կարող էր խանգարել Հայաստանի հետ խաղաղության հաստատման գործընթացին, ինչը քննադատությամբ էր ընդունել ադրբեջանական կողմը եւ պահանջել էր պատասխանատվության կանչել փոխնախագահին։
Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությամբ պատերազմով լուծվել է հակամարտության հարցը, ինչին համաձայն չեն Մինսկի խմբի համանախագահող երկրները։ Քաղաքական խորհրդական Էլդար Մամեդովը, որ աշխատում է Եվրոխորհրդարանում սոցիալ-դեմոկրատների համար, «Eurasianet»-ի համար վերլուծականում գրում է, որ Շուշիի կոնֆերանսին բոլոր հրավիրվածներն արժանացել են ադրբեջանական կառավարության հավանությանը։
Շուշիի կոնֆերանսին ազատ խոսելը, բնականաբար, անհնար էր, ինչին տեղյակ են բոլորը, որ ծանոթ են Ադրբեջանին։ Երկրում առհասարակ խոսքի ազատության մասին խոսք լինել չի կարող։ Իսկ պաշտոնական միջոցառման ժամանակ, հատկապես նախագահի ներկայությամբ բոլոր հրավիրվածներն, անշուշտ, ընտրություն են անցել։
Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո Սվանտե Կորնելն Ալիեւի հետ հարցուպատասխանի ընթացքում իր ուրախությունն է հայտնել Շուշիում լինելու առիթով։
–Շնորհակալությո՛ւն, պարո՛ն նախագահ, այս կոնֆերանսին հրավիրելու համար։ Ինձ համար պատիվ է ներկա գտնվել այստեղ ու հատկապես պատիվ է առաջին անգամ ոտք դնել ազատագրված Շուշա։
Ապա խորհրդածում է, թե Լեռնային Ղարաբաղի «ազատագրումից» հետո տարածաշրջանի աշխարհաքաղաքականկ վիճակը փոխվել է, եւ որ Ադրբեջանը միակ երկիրն է տարածաշրջանում, որ ռեսուրսներ եւ կառույցներ ունի Կովկասի հետագա զարգացման համար։
–Հնարավո՞ր է արդյոք, որ դուք ձեր ձեռքն առնեք առաջնորդի դերը հարավային Կովկասում տարածաշրջանային ինստիտուտներ (հատկապես ֆինանսական), ասենք՝ զարգացման հիմնադրամներ եւ այլն ստեղծելու համար։
Շվեդական արտաքին գործոց նախարարությունը իր հաղորդակցության ռազմավարության պատասխանատու Յուհան Ռունեսսոնի միջոցով տեղեկացրեց «Բլանքսփոթին», որ իրենք էթիկական տեսանկյունից գնատել են ԱԶՔԳԻ-ն նախքան դրամաշնորհը փոխանցելը։
Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է բազմաթիվ վերլուծական կենտրոնների եւ ինստիտուտների հետ։ Նման համագործակցությունը կարեւոր է՝ ընդլայնելու համար աշխարհի տարբեր հատվածների զարգացման վերաբերյալ սեփական պատկերացումները եւ նպաստելու տարբեր երկրների մասին շվեդական գիտելիքների բազայի ստեղծմանը։ Աշխարհի որոշ հատվածներում պաշտոնական ներկայացուցիչների հետ կապն անհրաժեշտ պայման է նշանակալի գործունեություն ծավալելու համար։ Նախապես գնահատվում են համատեղ նպատակների հասնելու՝ կազմակերպության կարողությունները, ինչպես նաեւ հաշվարկվում են հնարավոր ռիսկերը։ Գնահատման մեջ հաշվի են առնվում նաեւ էթիկական հարցադրումները։ Համագործակցության ավարտի կամ նորացման դեպքում նորից քննվում են նպատակների իրագործումն ու ռիսկայնության վերլուծությունը։
«Բլանքսփոթն» էլեկտրոնային նամակով հարցադրումներն է ուղղել արտգործնախարարությանը, թե ինչպես է նախարարությունը վերաբերվում այն փաստին, որ ֆինանսավորումը նպաստում է բռնապետության հետ համագործակցությանը եւ ինչպիսի էթիկական պահանջներ ունեն դրամաշնորհ ստացող կողմի հանդեպ։
Ռիսկի գնահատման վերլուծության մեջ երեւում է, որ Շվեդիայի ԱԳՆ-ն երկար ժամանակ է համագործակցում ԱԶՔԳԻ-ի հետ եւ որ այդ ինստիտուտը կարեւոր գործընկեր է դարձել դժվարամատչելի երկրների հետ համագործակցելու առումով։ Պարզվում է, որ ԱԶՔԳԻ-ի հետ համագործակցությունը սկսվել է 2007 թվականից, ապա ավելի երկար պայմանագիր են կնքել։ Ռիսկերի վերլուծության մեջ ոչ մի հիշատակություն չկա Ալիեւի կամ Ադրբեջանի վերաբերյալ։
«Միջազգային համաներումի» վերջին զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը հետեւողականորեն հալածում է ընդդիմադիրներին, ակտիվիստներին ու անկախ լրագրողներին։ Երկիրը գտնվում է կաշառակերության ճիրաններում եւ որ հոկտեմբերին «Pandora Papers»-ի միջոցով հերթական անգամ բացահայտվեց նախագահի ընտանիքի կոռումպացված լինելը։ Մինչդեռ Շվեդիայի «Միջազգային համաներումի» խորհրդատուն նշում է, որ ֆինանսական միջոցները չպիտի նպաստեն բռնապետությունների գործունեությանը։
–Ռիսկերի լիակատար վերլուծությունը նպատակ ունի պարզելու, որ պետական միջոցները չեն նպաստելու մարդու իրավունքների ոտնահարմանը կամ մարդու իրավունքները ոտնահարող իշխանություններին։ Անշուշտ, դա վերաբերում է նաեւ Շվեդիային, երբ նա միջոցներ է տրամադրում հետազոտական աշխատանքներին։ Իսկ Ադրբեջանի դեպքում պետք է առավել քան ուշադիր լինել, քանի որ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն այնտեղ նվազելու միտում չունեն։
–Ադրբեջանի պարագայում դրամաշնորհներ հատկացնող երկրները եւ երկրում գործող միջազգային կազմակերպությունները պետք է առանձնահատուկ օժանդակություն ցուցաբերեն մարդու իրավունքները պաշտպանող անձանց, այդ թվում՝ կանանց իրավունքների պաշտպաններին։ Հատկապես հաշվի առնելով տեղի ունեցող լրջագույն խախտումները, տարածված կտտանքները, ազատության սահմանափակումներն ու սպառնալիքները, զրպարտություններն ու հալածանքները, որոնց ենթարկվում են իրավապաշտպանները՝ իշխանավորներին քննադատելիս կամ պատասխանատվության կանչելիս։
ԱԶՔԳԻ-ին շվեդական ԱԳՆ-ից բացի ֆինանսավորում է ադրբեջանական «Northwest Construction» շինարարական ընկերությունը։ Ըստ հաշվետվությունների՝ նա գումար է փոխանցել 2021 թվականի ընթացքում։ Բոլորովին պարզ չէ, թե որքա՛ն փող է փոխանցվել եւ ԱԶՔԳԻ-ում ինչի՛ վրա են ծախսվել գումարները, քանի որ կազմակերպության սեփականատիրոջ եւ ունեցվածքի տեղեկատվությունը հանրայնացված չէ։ «Բլանքսփոթի» կողմից պարզելու մի քանի փորձից հետո ընկերությունն ի վերջո չի պատասխանել, թե որն է իր սեփականատերը։
Կայքէջում առկա է ընկերության բոլոր նախագծերի ցանկը։ Շինությունների մեծամասնությունը գտնվում են Բաքվի կենտրոնում, սակայն կան նաեւ մի շարք ենթակառուցվածքների վերաբերյալ նախագծեր։ Պարզվեց նաեւ, որ նախագծերից շատերի պատվիրատուն «Pasha Construction»-ն է, որը մտնում է «Pasha Holding Group»-ի մեջ։ Ֆինանսական համագործակցություն է ցուցաբերել նաեւ «Pasha Bank»-ը։ Մի շարք նախագծեր իրականացրել է «Azmont Investment»-ը, որոնցից մեկն է «One & Only Resort Portonovi» հյուրանոցը Մոնտենեգրոյում։ Վերջինիս կառուցումը ֆինանսավորել է SOCAR պետական նավթային ընկերությունը, ապա փոխանցվել է «Azmont Investment»-ին, որի սեփականատերը Ալիեւների ընտանիքն է։ Գործարքները գրավել են միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը կոռուպցիոն սխեմաների պատճառով։ «Pasha Bank»-ը նույնպես պատկանում է Ալիեւներին։ Տարվա սկզբում Իլհամ Ալիեւը այդ բանկի գլխավոր տնօրենին նշանակել էր Կենտրոնական բանկի կառավարչի պաշտոնում։ Նրան քննադատության էին ենթարկել ռեժիմին հավատարիմ անձին Կենտրոնական բանկի կառավարիչ նշանակելու համար, քանի որ այդպիսով Ալիեւն է՛լ ավելի ամրապնդեց իր ֆինանսական իշխանությունը։
Ալիեւների ընտանիքի գործունեությունը հայտնվել էր մի քանի համաշխարհային սկանդալների կենտրոնում։ Հոկտեմբերին «Pandora papers»-ը բացահայտեց Ալիեւների փողի լվացքատունը՝ անշարժ գույքի ու փոխանձանց ու ընկերությունների միջոցով։ Խոսքը հինգ միլիարդ կրոնա գումարի մասին է։ Դրանից առաջ այդ ընտանիքի ու երկրի գործարքների մասին արտահոսք էր տեղի ունեցել Պանամայի փաստաթղթերից։ Արտահոսքն անվանվեց «ադրբեջանական լվացքատուն», որը դասվեց փող լվանալու աշխարհի ամենաբարդ գործարքների շարքին։
Նրանց գումարները քաղաքական նպատակներով օգտագործվում են Եվրոպայում, եւ բազմաթիվ օրինակներ կան, երբ քաղաքական գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ կաշառվել են ադրբեջանական փողերով։ Անգամ հատուկ անուն կա՝ «Խավիարի դիվանագիտություն»։ Այս անվանումն առաջին անգամ օգտագործեց գերմանական վերլուծական կենտրոնը՝ Եվրոպական Կայունության կենտրոնը։
ԱԶՔԳԻ-ն մասամբ ֆինանսավորող «Northwest Construction»-ի գլխավոր գրասենյակը գտնվում է նույն շենքում, ինչ ամբողջ «Pasha Holding Group-ինը, ինչը թերեւս նաեւ հստակեցնում է սեփականատիրոջ մասին հարցը։
Կասկած չկա, որ ընկերության առյուծի բաժինը պատկանում է Ալիեւներին։
ԱԶՔԳԻ-ն հայտնեց «Բլանքսփոթին», որ «Northwest Construction»-ից ստացած աջակցությունը նվիրատվություն է, որն ինստիտուտը կարող է ազատորեն օգտագործել Հարավային Կովկասում իր գործունեության համար։ «Բլանքսփոթի» հարցին, թե ինչպես են համագործակցում շինարարական ընկերության հետ եւ ինչ գործունեություն է վարում «Northwest Construction»-ը, ԱԶՔԳԻ-ն չի պատասխանել։ «Բլանքսփոթը» շվեդական ԱԳՆի ուշադրությունը հրավիրել է այդ փաստի վրա, սակայն մինչեւ տվյալ հրապարակումը պատասխան չի ստացել։
«Բլանքսփոթը» կապվել է նաեւ Սվանտե Կորնելի եւ ԱԶՔԳԻ ի նախագահ Աննա Վիսլանդերի հետ։ Կորնելը պահանջեց հարցերը գրավոր ուղարկել, իսկ Վիսլանդերն առհասարակ չպատասխանեց։
Վիսլանդերին հարցրել էին, թե ինչպես է ԱԶՔԳԻ-ի ղեկավարությունը վերաբերվում նրան, որ Կորնելը Ադրբեջանի մասին ուսումնասիրություն է անում եւ միաժամանակ ռեժիմին ենթարկվող վերլուծական կենտրոնի խորհրդատուն է եւ ինչ են մտածում Ադրբեջանի հետ Կորնելի սերտ հարաբերությունների մասին։ Հարց է տրվել նաեւ այն մասին, թե ինչ երկխոսությունների մեջ է ԱԶՔԳԻ-ն ԱԳՆ-ի հետ իր (ԱԶՔԳԻ-ի) եւ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ։
Կորնելի հետ կապվելու հաջորդ օրը ԱԶՔԳԻ-ի՝ լրատվամիջոցների հետ պատասխանատու Աննա Յարմութը էլեկտրոնային փոստով պատասխանեց Կորնելին ուղղված հարցերին։
–Ո՞վ էր ֆինանսավորում կոնֆերանսը (2022-ի ապրիլին)։
–Ինձ հայտնի չեն կոնֆերանսի կազմակերպման մանրամասները, սակայն ենթադրում եմ, որ պետական ֆինանսավորում ուներ։ Ըստ ավանդույթի՝ կոնֆերանս կազմակերպող համալսարանը ADA-ն, ապահովում էր երկրում կեցությունն ու տեղափոխումը, իսկ մասնակիցներն իրենք էին ապահովում իրենց ճամփորդական ծախսերը։
–Ինչպե՞ս ես վերաբերվում փաստին, որ կոնֆերանսին ու սեմինարիումներն ներկա է գտնվել նաեւ Իլհամ Ալիեւը։
–Երբ մարդ զբաղվում է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի անվտանգության հարցերով, ինքնին ենթադրվում է, որ պետք է առիթի դեպքում մասնակցի այդ երկրներում պետական ինստիտուտների կազմակերպած կոնֆերանսներին։ Վերջին 20 տարիներին շատ երկրներում եմ մասնակցել կոնֆերանսների, ոչ միայն Ադրբեջանում։ Իսկ որ երկրի ղեկավարը ներկա գտնվի՝ անսովոր բան չկա, քանի որ այդպիսով հնարավորություն է տալիս վերլուծաբաններին ու գիտնականներին ավելի լավ հասկանալու այն անձանց, որ վերջնական որոշումներ են կայացնում այդ երկրներում։
–Ինչպե։ս եք գնահատում «Caucasus Internationals»-ում ձեր պաշտոնը որպես խորհրդատու։
–Նույնն է, ինչ խմբագրական խորհրդում։ Գրեթե բոլոր գիտական եւ կիսով չափ գիտական պարբերականները խմբագրական խորհուրդ ունեն, որոնք չեն վճարվում, եւ գործնականում նշանակում է, որ խմբագիրն առիթից առիթ կարող է խնդրել խորհրդի անդամներին կարդալ հոդվածների ձեռագրերը։
–Էթիկական ի՞նչ դիլեմա եք տեսնում Ադրբեջանի հետ համագործակցության մեջ։
–ԱԶՔԳԻ-ի նպատակը վերլածությունն է, ոչ թե գործունեությունը։ Մենք աշխատում ենք բարձրացնել անվտանգության քաղաքականության եւ զարգացման ըմբռնումն աշխարհագրորեն այնպիսի շրջաններում, որտեղ ոչ ժողովրդավարական պետություններ են։ Դա անհրաժեշտաբար պահանջում է հարաբերվել թե՛ պետական, թե՛ ոչ պետական ինստիտուտների հետ այդ ոչ ժողովրդական երկրներում։
ԱԶՔԳԻ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններին վաղուց հետեւում է Ռիքսդագի (շվեդական խորհրդարանի) պատգամավոր Ֆրեդրիք Մալմը, որը մոտ 10 տարի քննադատում է նրան։ Կորնելն ու Մալմը մի քանի անգամ մասնակցել են բանավեճերի տարբեր լրատվամիջոցներում։
–Հնարավոր է՝ հիմնավոր պատճառներ լինեն հարաբերություններ ունենալ բռնապետությունների հետ,– ասում է Ֆրեդրիկ Մալմը,– սակայն մեծ տարբերություն կա պարզապես հարաբերությունների եւ բռնապետություններին հետեւողականորեն արդարացնելու կամ բռնապետին փառաբանելու միջեւ։ Սվանտե Կորնելի սահմանները, մեղմ ասած, չափազանց անորոշ են։ Իմ աչքին նա հանցակից է, ինչպիսիններին մենք տեսել ենք սառը պատերազմի ժամանակ, ովքեր արեւմուտքում պաշտպանում էին Խորհրդային Միությանը։
Ֆրեդրիք Մալմը հավելում է, որ չափազանց լուրջ է վերաբերվում այն բանին, որ ԱԳՆ-ն նման տեղեկատվությունից հետո եւս շարունակում է ֆինանսավորել ԱԶՔԳԻ-ին։
–Ինձ ահավոր զարմանցնում է, որ ԱԳՆ-ն ամեն տարի ֆինանսավորում է նրա հետազոտական ինստիտուտը, ասես ոչինչ չի պատահել։ Ակնհայտ է, որ ԱԶՔԳԻ-ն սերտ հարաբերությունների մեջ է Բաքվի ռեժիմի հետ։ Հարկային գումարները պետք է ուղղված լինեն մեր ժողովրդավարական եւ լիբերալ արժեքների պաշտպանությանը եւ թույլ չտան, որ օտար իշխանությունները սպառնալիք դառնան նրանց համար։
Նա շեշտում է նաեւ, որ այդ հարցը լուրջ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քանի որ մարդիկ տեսնում են, որ ավտորիտար պետություններն անընդհատ մեծացնում են իրենց ազդեցությունը Եվրոպայում՝ մասամբ նաեւ վերլուծական կենտրոնների ու ինստիտուտների միջոցով։
–Ավտորիտար պետությունները հետաքրքրված են ֆինանսավորելու վերլուծական կենտրոններ, որպեսզի ճշմարտանման աղբյուրների միջոցով տարածեն իրենց պատմությունները։ Եվ ԱԳՆ-ն պետք է չափազանց մեծ ուշադրությամբ ընտրի այն սուբյեկտներին, որոնց պատրաստվում է նյութական օժանդակություն կամ համագործակցություն առաջարկել։
ՌԱՍՄՈՒՍ ՔԱՆԲԵՔ
Հեղինակի մասին.- Ռասմուս Քանբեքը հայտնի է Լեռնային Ղարաբաղի մասին «Ամեն օր ես դանդաղ մահանում եմ» գրքով։ Վերջին տարում նա մի շարք հետազոտություններ է կատարել «Բլանքսփոթի» համար Ադրբեջանի հետ Շվեդիայի կապերի մասին։
Ի դեպ, այս հոդվածում Քանբեքը նշում է, որ գործնական նկատառումներով ինքն օգտագործել է ադրբեջանական Շուշա ձեւը, մինչդեռ քաղաքի անունը Շուշի է։
Շվեդերենից թարգմանեց ԱՇԽԵՆ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարում՝ Սվանտե Կորնել