Անցյալ տարի Երեւանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը մեկնարկեց «Ամերիկացի» շարժապատկերով (Հայաստան, ռեժիսոր Մայքլ Գուրջյան, արտադրիչ Արման Նշանյան): Հայաստանում ցայժմ չեղավ ոչ մի լուրջ արձագանք, մինչդեռ ամերիկյան բազմաթիվ կայքէջեր ըստ արժանվույն գնահատել են հայկական այս նոր կինոնկարը: Ստորեւ ներկայացնում ենք մի քանի կինոքննադատների անդրադարձները ֆիլմին:
***
Դերասան Մայքլ Գուրջյանը թերեւս առավել հայտնի է «Մենք հինգն ենք» սերիալում Նիվ Քեմփբելի սիրեցյալի դերակատարմամբ, սակայն նա 1997 թվականից նկարահանում է նաեւ անկախ ֆիլմեր: Գուրջյանի հայրական տատն ու պապը վերապրել են Հայոց ցեղասպանությունը, ուստի նրա վերջին ֆիլմը՝ «Ամերիկացին», որը ամերիկահայի հայրենադարձության մասին կատակերգական դրամա է, խորապես անհատական գործ է:
1918 թվականին՝ ցեղասպանության ժամանակ երիտասարդ Չարլին գաղթում է Միացյալ Նահանգներ եւ մեծանում այնտեղ: Այն բանից հետո, երբ Խորհրդային Միությունը հայկական սփյուռքին հրավիրում է հայրենադարձվել, արդեն հասուն Չարլին (Մ. Գուրջյան) վերադառնում է Հայաստան՝ որոնելու իր արմատները: Նա անհուսալիորեն միամիտ է, ակնհայտորեն պատկերացում չունի խորհրդային հասարակության զրկանքների կամ դաժան խստությունների մասին: Այն բանից հետո, երբ նա ընկերանում է բարձրաստիճան պաշտոնյայի կնոջ՝ Սոնայի (Նելլի Ուվարովա) հետ, նա անմտորեն վկայակոչում է իր հավատքը, բողոքում է կուսակցության տրամադրած կացարանից եւ, որ ամենավատն է, «կոսմոպոլիտիզմ» է քարոզում՝ կետիկներով փողկապ կրելով:
Սոնայի ամուսնու՝ Դմիտրիի (Միխայիլ Տրուխին) ստորադասները Չարլիին գիշերը բերման են ենթարկում՝ նպատակ ունենալով սոսկ վախեցնել նրան, բայց բյուրոկրատական որոգայթների հետեւանքով նա ենթարկվում է անժամկետ բանտարկության եւ Սիբիր ուղարկվելու մշտական սպառնալիքին: Չարլիի միամտությունը եւ խորհրդային պետական մեքենայի կաֆկայական դաժանությունն ակնկալում է Արմանդո Իանուչիի «Ստալինի մահը» ֆիլմի ոճի երգիծանք, բայց այստեղ չկա որեւէ բան, որը բավականաչափ սուր կամ ցայտուն լինի, որպեսզի ստալինյան ԽՍՀՄ-ի մասին ամենալայն նկատառումներից բացի որեւէ դիտարկման առիթ տա: Իրոք, «Ամերիկացին» իր անհոգությամբ, հաշվի առնելով թեման՝ զարմանալիորեն հաճելի սենտիմենտալությամբ, ավելի շատ հակված է դեպի Ռոբերտո Բենինյին, ընդհուպ Գուրջյանի անզսպորեն լավատեսական խաղը, որն ուղղորդված է իր իտալացի գործընկերոջ կողմից:
Այն բանից հետո, երբ արտառոց երկրաշարժը քանդում է բանտի արտաքին պատերից մեկը, Չարլին հասկանում է, որ կարող է դիտել պահակներից մեկի տան ներսը, եւ այդ պատուհանից նրան երեւում է հույսի տեսիլքը: Նա ջանում է ուտել միայն այն ժամանակ, երբ դա անում է Տիգրանը (Հովիկ Քյոշկերյան), իսկ երբ վերջինս պարում է կամ վիճում կնոջ հետ, Չարլին ցանկանում է, որ նրանց ամուսնությունը հաջողի: Այդ պատուհանի միջոցով Չարլին բացահայտում է այն հայրենիքը, որը եկել էր փնտրելու, ու տարիների ընթացքում անխզելի կապ է հաստատում պահակի հետ: Եթե այս ամենը անհավանական է թվում, դա միայն այն պատճառով է, որ հենց այդպես էլ կա:
Կրկին եւ կրկին պարագաների բախտավոր բերումով Չարլին փրկվում է Սիբիր աքսորվելուց, իսկ բանտապահների հետ նրա բարեկամությունը երբեմն անհավանական է թվում: Եվ չնայած նա առնվազն սիրելի եւ գրավիչ գլխավոր հերոս է, նրա տոկուն պահվածքը աչքի է ընկնում պարզունակությամբ: Այդուհանդերձ, «Ամերիկացին» որպես պատում դիպչում է զգացմունքային մեծ նոտաների. այն հակադարձված ամերիկյան հեքիաթ է՝ պատմված անձամբ ու անկեղծորեն: Սենտիմենտալ, այո՛, նաեւ պարզունակ, բայց ազնիվ ու նույնիսկ կենսահաստատուն:
Քրիստոֆեր Մաչել, «Սինեվյու», 16.11.2022 թ.
***
Այս ֆիլմում եռակի պարտականություններ կատարելով՝ Մայքլ Ա. Գուրջյանը ստեղծել է հրաշալի մի աշխատանք, որը հուզում է մինչեւ հոգու խորքը, բայց չի վարանում նաեւ ժամանակ առ ժամանակ մի փոքր զվարճացնել: Նա յուրահատուկ մոտեցում է ցուցաբերում 1947 թվականին Հայաստանում բանտարկված լինելու դաժան իրողությունները ցուցադրելու համար: Գուրջյանը խուսափում է բանտային ավելի դաժան մանրամասներից, բացի այդ, հավելում է մի քանի անհոգ դրվագներ, որպեսզի ամեն ինչ չափազանց դրամատիկ չլինի: Սա լավ դրամայի կատարյալ համակցում է հույսի¬ այնքան անհրաժեշտ շողերով:
Ֆիլմը գեղեցիկ է նկարահանված: Չնայած ամեն ինչ արտահայտված է բավականին գունատ եւ գորշ գունապնակով, ֆիլմը հիանալի է դիտվում, իսկ օպերատորական աշխատանքը բավականին լավ է արված: Գուրջյանը բոլոր դրվագներում պահպանում է տեմպը եւ սյուժետային գծից չի հեռանում: Նա ոչ միայն հիանալի է կատարում ռեժիսորական աշխատանքը, այլեւ բացարձակապես փայլում է գլխավոր դերում: Թեեւ նա լավ է խաղացել այնպիսի ֆիլմերում, ինչպիսին էր «Փանքը Սոլթ Լեյք Սիթիից», նրա խաղն այս ֆիլմում նման չէ նրա այն դերակատարումներին, որոնք մենք տեսել ենք նախկինում, ու ավելին տեսնելու ցանկություն է առաջացնում: Ֆիլմի երկրորդ պլանի բոլոր դերակատարները եւս լավ են կատարում իրենց դերերը, իսկ Գուրջյանը վարպետորեն ղեկավարում է նրանց:
Ընդհանուր առմամբ՝ «Ամերիկացի» ֆիլմում չհավանելու քիչ բան չկա: Այն կարող է փոքր-ինչ երկար թվալ՝ չնայած հրաշալի տեմպին, բայց դա արդարացված է: Մայքլ Ա. Գուրջյանը այս անգամ իսկապես հրաշալի աշխատանք է կատարել՝ «Ամերիկացին» դիտելը պարտադիր դարձնելով:
Ջեյք Փեֆեր,
BattleRoyaleWithCheese
***
Եվս մեկ աղյուս պատի մեջ
Կյանքը գեղեցիկ է «Ամերիկացի» ֆիլմում. սա հուզիչ ֆիլմ է մի մարդու մասին, որն աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակաշրջանում փորձում է պահպանել իր հույսը, երջանկությունը եւ մարդասիրությունը:
Ինչպես Ռոբերտո Բենինյիի 1998 թ. «Կյանքը հիասքանչ է» ֆիլմում, այնպես էլ սցենարիստ եւ ռեժիսոր, 1994 թ. «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմում աուտիստ տղամարդու դերակատարման համար «Էմմի» մրցանակի արժանացած Մայքլ Գուրջյանի այս աշխատանքում առատ հումորով է պատմվում այն, ինչը շատ դեպքերում կունկնդրեին քարացած, լուրջ դեմքով: Չարլին՝ ֆիլմի գլխավոր հերոսը, մանուկ հասակում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, փրկվում է Հայոց ցեղասպանության զոհ դառնալուց՝ ուղարկվելով Միացյալ Նահանգներ, մինչդեռ նրա ընտանիքի մնացած անդամներին սպանում են: 1947-ին Չարլին վերադառնում է հայրենիք՝ հրապուրվելով Իոսիֆ Ստալինի հայրենադարձության ծրագրով, որը խրախուսանք էր նախատեսում նրանց համար, ովքեր կվերադառնան՝ օգնելու երկրի վերականգնմանը:
Իհարկե, ինչպես պարզում են հայրենադարձվող հայերը, իրականությունը միանգամայն այլ է, քանի որ շատերը մեղադրվում են հանցագործությունների մեջ եւ ուղարկվում սիբիրյան աշխատանքային ճամբարներ: Չարլին ձերբակալվել է արեւմտյան քարոզչություն տարածելու համար, որովհետեւ համարձակվել է հանրության առաջ կետավոր փողկապ կրել, ինչը բացահայտորեն նշանակում է, որ նա իր անկումային կոսմոպոլիտիզմով փորձում է խարխլել կոմունիստական վեհ սկզբունքները: Գտնվելով հայկական բանտում՝ նա պատրաստվում է սիբիրյան արտաքսմանը, մինչ երկրաշարժը ցնցում է հողը եւ վնասում կառույցի մեծ մասը: Քանի որ բանտի վերանորոգման համար բանվորներ են անհրաժեշտ, Չարլիին եւ նրա բանտարկյալ ընկերներին չեն աքսորում, այլ պահում են տեղում:
Երկրաշարժից հետո գտնվելով բանտախցում՝ Չարլին նկատում է, որ բանտի պատի մի հսկայական հատվածը քանդվել է, այդպիսով թույլ տալով նրան դիմացի բնակարանում տեսնել ամրակազմ պահակ Տիգրանին (Հովիկ Քյուշկերյան) եւ նրա կնոջը՝ Ռուզանին (Նարինե Գրիգորյան): Ինչպես Ջեյմս Սթյուարթին (Հիչքոքի «Պատուհան դեպի բակ» ֆիլմի գլխավոր դերակատարը – թարգմ.)՝ Չարլիին էլ առաջարկվում է հետեւի կողմի պատուհան, որից կարող է նայել անծանոթ մարդկանց կյանքին, ու ո՞վ կարող է նրան մեղադրել դրա մեջ: Կոտրելով իր գոյության միապաղաղությունը՝ նա անդադար հետեւում է զույգին, թե ինչպես են նրանք խոսում, պարում, ուտում, վիճում եւ զվարճանում (բայց ոչ մերձենում, քանի որ նրանց ննջասենյակը տեսանելի կողմում չէ): Չարլին պատուհանին վերաբերում է այնպես, ինչպես մենք՝ հեռուստացույցին, եւ զույգի կյանքը դառնում է իր անձնական սերիալը: Եվ չնայած նա չի կարող լսել (կամ հասկանալ), թե ինչ են նրանք ասում, սակայն նրանց գործողությունները, նույնիսկ հեռվից, շատ բան են բացահայտում:
Որոշ ժամանակ է պահանջվում, որպեսզի Ամերիկացին հաջողության հասնի, քանի որ սկզբում, երբ Չարլին դեռ ազատ մարդ էր, ահավոր դժվար էր այս յուրահատուկ իրավիճակներում հումոր տեսնել: Բայց բանտ հասնելուն պես ամեն ինչ իր տեղն է ընկնում՝ հումորն ավելի մեղմորեն է միահյուսվում պատումին: Ինձ դուր եկավ, օրինակ, տարեց բանտարկյալը, որն անընդհատ Չարլիին ներկայացնում է պատմության ընթացքում հայերի բոլոր հոյակերտ նվաճումները (նա հիշեցրեց ինձ Քրիստոֆեր Գեսթի մարմնավորած Հարլան Պեպերին, որը պարտաճանաչ կերպով թվարկում էր տարբեր տեսակի ընկույզները 2000-ականների «Շոուի հաղթողները» ֆիլմում), կամ երկերեսանի ռուս սպան, որն ամերիկյան գլամուր ամսագրերը թաքցնում է իր խորհրդային փաստաթղթերի մեջ, որպեսզի ավելի լավ զննի Ավա Գարդների «այլանդակ բիկինիով» լուսանկարները:
Գուրջյանը հիանալի է խաղում գլխավոր դերը՝ հաջողությամբ հանդես գալով որպես ուժեղ անհատ, որն ինչ-որ կերպ կարողանում է պահպանել իր ուրախ տրամադրվածությունը նույնիսկ ամենածանր հանգամանքներում: Ֆիլմի վերջում կա մի տագնապալի տեսարան, որտեղ Չարլին պետք է ծեծվի, եւ Գուրջյանը հրաշալի է կատարում այն. միայն նրա դեմքի արտահայտությունը՝ միաժամանակ դժբախտ եւ ներողամիտ, բավական է ցույց տալու համար, որ նա բացարձակապես չի ցանկանում ծեծվել, բայց նաեւ հասկանում է դրա անհրաժեշտությունը: Թեեւ վերջին տեսարանները թեմատիկ իմաստ ունեն, դրանք թերեւս մի փոքր շատ կոկիկ են այն ձեւով, որով դրանք ամփոփում են սյուժեն: Մյուս կողմից, դրանք խաղարկում են ազգային հպարտության զգացումը, որի առաջամարտիկներից է ամերիկահայ Գուրջյանը: Հակառակ դարավոր սկզբունքին՝ դուք կարող եք նորից տուն վերադառնալ, նույնիսկ եթե ձեզ այնտեղ առանձնապես չեն սպասում:
Մեթ Բրանսոն, Film Frenzy
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ