Անուշ Ասլիբեկյանը բազմատաղանդ կին է, բեղմնավոր թատերագետ, պատմվածքների հեղինակ եւ թատերագիր, որն ԱՄՆ այցելեց 2022 թվականի վերջին, երբ նրա «Մերսեդես եւ Զարուհին» պիեսը ներկայացվեց Նյու Յորքում: 2008 թվականից առ այսօր Ասլիբեկյանը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է, 2006-ից՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի արտասահմանյան թատրոնի եւ դրամատուրգիայի դասախոս, 2006-ին ավարտել է ԵԹԿՊԻ–ի ասպիրանտուրան: Աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Արարատ» հեռուստաալիքում՝ որպես մշակութային թղթակից եւ մեկնաբան, իսկ վերջին 5-6 տարիներին «Ազգ» թերթի մշակութային թղթակիցն է: Լայնածավալ զրույցի ընթացքում նա ներկայացրեց արվեստի, Հայաստանի մտավոր ու ստեղծագործական կյանքի վերաբերյալ իր հայացքները:
«Մերսեդես»
«Մերսեդես եւ Զարուհին» որպես մենախոսություն ներկայացվել է Նյու Յորքում՝ դերասանուհի Նորա Արմանիի կողմից, սակայն նախապես Ասլիբեկյանն այն գրել էր որպես պատմվածք՝ հիմնված իրական կյանքի դրվագների վրա: Նրա խոսքերով՝ հերոսուհի Մերսեդեսի պատմությունը լսել է ամուսնու մորից, որն էլ իր հերթին լսել է Խորհրդային Հայաստան հայրենադարձված ընկերներից: Ասլիբեկյանն ասում է, որ համադրել է տարբեր սփյուռքահայ ընտանիքների պատմությունները՝ ստեղծելով այդ ժամանակահատվածին բնորոշ հավաքական կերպար: «Մերսեդես» ավելի կարճ անվանումով պատմվածքը նա գրել է 2012-ին, նույն թվականին այն տպագրվել է «Նարցիս» ամսագրում: Ասլիբեկյանի խոսքերով՝ այն մեծ ոգեւորություն առաջ բերեց, եւ նա հասկացավ, որ գլխավոր հերոսները հարմար են դրամայի համար, ուստի մոտ հինգ օրում այն վերածեց պիեսի՝ մի քանի բեմադրիչների ներկայացնելով ավարտված դրաման: Հակոբ Ղազանչյանը, որը թե՛ Պատանի հանդիսատեսի թատրոնի ղեկավարն էր, թե՛ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը, զանգահարել եւ ասել է, որ պիեսում տեսել է իր մեծ ծնողների պատմությունը ու ցանկանում է բեմադրել այն: Պիեսը բեմադրվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում՝ 2015 թվականին: Ներկայացումը նաեւ հրավեր ստացավ մասնակցելու Կահիրեի Փորձարարական թատերական փառատոնին, այնուհետեւ մի քանի օր ցուցադրվեց տեղի հայ համայնքի համար:
Ավելի ուշ Ասլիբեկյանը պիեսի այս՝ բազմաթիվ կերպարներով տարբերակը վերածեց մոնոդրամայի եւ հանձնեց Նորա Արմանիի հայեցողությանը: Վերջինս հրավիրվել էր Նյու Յորքի «United Solo» մենաներկայացումների՝ աշխարհի ամենամեծ փառատոնին, եւ 2022 թվականի նոյեմբերի 6-ին Ասլիբեկյանի ներկայությամբ հանդիսատեսի դատին հանձնեց պիեսն իր իսկ՝ Արմանիի անգլերեն թարգմանությամբ: (Այս մասին կարդալ «Ազգ»ի 2022 թ. դեկտեմբերի 2-ի համարում):
Ասլիբեկյանը նշում է, որ Խորհրդային Հայաստան հայրենադարձության թեման ներկայացված չէր հայկական դրամատուրգիայում եւ ընդհանրապես իդեալականացված էր՝ հատկապես խորհրդային ժամանակաշրջանի քարոզչության միջոցով: Նրա խոսքերով՝ հայերը վերադարձան՝ հավատալով, որ հայրենիքում մեղրով ու կաթով լի գետեր են հոսում, բայց անմիջապես բախվեցին բոլորովին այլ իրականության: «Մենք վախենում ենք այս մասին խոսել, բայց սա մեր պատմությունն է, եւ մենք չպետք է երկյուղենք առերեսվելու պատմությանը, քանի որ միայն սխալներն ընդունելով է հնարավոր դրանք ուղղել»,- շեշտում է Ասլիբեկյանը:
Պիեսում սյուժեն ընթանում է մեկ դարի հետագծով՝ սկսվելով Ցեղասպանության դեպքերից եւ ավարտվելով 1991 թվականով՝ Հայաստանի անկախացմամբ: Նրա խոսքերով՝ «Երբ գրում էի, Հայաստանը կրկին անհանգիստ վիճակում էր: Դա մինչեւ [«թավշյա»] հեղափոխությունն էր: Բողոքի ցույցերն ու անարդարության զգացումը հասել էին իրենց գագաթնակետին… Երբ իմ հերոսուհին 1991 թվականին՝ իր մահից առաջ ասում է. «Հուսով եմ, որ երեխաներս կապրեն ապահով Հայաստանում», ես որպես գրող այնքան էլ համոզված չէի՝ արդյո՞ք այդպես կլինի, բայց մեծ հույս ունեմ, որ մի օր իրականություն կդառնա»:
Ասլիբեկյանը պատմում է. «Երբեմն կատակով ասում եմ, որ իմ բոլոր ստեղծագործություններից «Մերսեդեսը» ծնվել է ամենահաջողակ աստղի տակ, քանի որ ամենաընթերցվածն է եւ ինձ ամենաշատ ճանաչումն է բերել: Այն բազմիցս բեմադրվել է, պատմվածքային տարբերակը՝ հունարեն, ռուսերեն, լեհերեն եւ գերմաներեն թարգմանությամբ, տեղ է գտել տարբեր երկրների անթոլոգիաներում եւ ամսագրերում: 2017 թվականին, երբ ես ստեղծեցի մոնոդրաման, այն ներկայացվեց Գրքի երեւանյան փառատոնին եւ հաղթող դարձավ «Դրամա» անվանակարգում» (2022-ին այն ընդգրկվել է ԿԳՄՍՆ երաշխավորությամբ տպագրված եւ 10-րդ դասարանի համար նախատեսված «Հայ ժամանակակից գրականության քրեստոմատիայում» – խմբ.):
Պիեսը տպագրվել է երկու տարին մեկ անցկացվող Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի երիտասարդական ֆորումի՝ նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդ դրամատուրգների անթոլոգիայում, ինչի արդյունքում հրավեր է ստացել մասնակցելու Մինսկի (Բելոռուսիա) երիտասարդական թատերական ֆորումին: Այնտեղ Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Անդրեյ Մոսկվինը հետաքրքրվել է «Մերսեդեսով» եւ Ասլիբեկյանի վկայությամբ՝ ասել է, որ դրա հաջողության գաղտնիքն այն է, որ պիեսն արծարծում է ազգային թեմա, սակայն գրված է շատ ժամանակակից ոճով, որն ուղղված է աշխարհին: Մոսկվինն առաջարկել է պիեսը թարգմանել լեհերեն եւ Ասլիբեկյանի օգնությամբ հրատարակել հայ թատերագիրների անթոլոգիա:
Ասլիբեկյանի առաջին երկու գրքերը, երկուսն էլ՝ պատմվածքների ժողովածուներ, հրատարակել է Հայաստանի գրողների միության այն ժամանակվա նախագահ Լեւոն Անանյանը: Առաջինը («Բարի գալուստ իմ հեքիաթ») լույս է տեսել 2009 թվականին: Պատմվածքներից բացի այն ներառում էր մեկ պիես: Երկրորդը՝ «Մոյրաների նոթատետրից»-ը, լույս տեսավ 2014 թվականին եւ ներառում էր «Մերսեդես» պատմվածքը:
Ընտանիք եւ կարիերա
Ասլիբեկյանն իր ծնողների չորս երեխաներից մեկն է եւ միակը, որ մտավ ստեղծագործական ասպարեզ: Նրա հոր ընտանիքը ծագումով Արցախից էր՝ Արցախի առաջին մելիքական (իշխանական) տներից: Հետագայում նրանց շառավիղները տեղափոխվել են Արեւելյան Հայաստանի Տավուշի մարզ, եղել են քամանչահարներ: Նրա մայրական տատիկի եւ պապիկի ծնողներն Արեւմտյան Հայաստանից էին. մայրական պապի ընտանիքը՝ Մուշից, իսկ տատիկինը՝ Ալաշկերտից: Պապի հայրը քահանա է եղել Մշո Սուրբ Կարապետ վանքում, իսկ ընտանիքը մինչեւ խորհրդային ժամանակները կոչվել է Տեր-Կարապետյան:
«Ես հինգ տարեկան էի, երբ խաղալու ժամանակ արտասանեցի իմ առաջին հանգավորված տողերը»: Հինգ տարեկանից նա գրելու անզուսպ ցանկություն է ունեցել եւ լաց է եղել՝ խնդրելով, որ իրեն դպրոց ուղարկեն, թեեւ տեղական օրենքով ստիպված էր սպասել մինչեւ վեց տարեկան դառնալը:
Հովհաննես Թումանյանի քառատողերի եւ բալլադների՝ գեղեցիկ նկարազարդված գիրքը նրա պատուհանը դարձավ դեպի գրականության անսահման տիեզերք: Նա ասում է. «Իմ դպրոցական տարիներն անհագ ընթերցանություն էին»: Սկզբում գրել է բանաստեղծություններ: Յոթ տարեկանում՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, հայրենասիրական երգերի մթնոլորտից եւ հաղթանակի լուրից ոգեշնչված՝ գրել է հայրենասիրական բանաստեղծություններ, որոնք ուշադրություն են գրավել:
Նա նաեւ սիրում էր կերպարվեստը, ու ծնողները նրան ուղարկեցին Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն, որտեղ իր սովորական դպրոցական պարապմունքներին զուգահեռ 10 տարի շարունակ նկարել է: Երաժշտական դպրոցում սովորել է ֆլեյտա նվագել, իսկ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբում կատարվել են նրա հեղինակած երգերը: Անուշն ասում է. «Դպրոցի վերջին տարիներին ես դժվար ընտրության առջեւ էի կանգնած ՝ արվեստի ո՞ր ճյուղն ընտրել: Կարող էի գնալ Կոնսերվատորիայի կոմպոզիցիայի կամ Գեղարվեստի ակադեմիայի նկարչության բաժին, բայց հաղթեց խոսքը, եւ ընդունվեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական բաժինը… Թատրոնը, գրականությունը, մանկավարժությունը եւ հետագայում՝ գիտությունը դարձան իմ կյանքի չորս հանգրվանները»:
Շեքսպիրի հայտնագործումը գրողի համար գրական ցնցում էր, իսկ Չեխովին, ավելի ուշ՝ Պիրանդելլոյին հայտնաբերելուց հետո, Ասլիբեկյանի խոսքերով, ինքը սիրահարվեց թատրոնին:
Հեղինակը մտորում է. «Ես հիմա հասկանում եմ, որ նկարիչ եմ այն չափով, որն անհրաժեշտ էր լավ գրող լինելու համար: Այսինքն՝ գույնի, ճաշակի, կոմպոզիցիայի եւ այլնի զգացողությունն իմ մեջ ձեւավորվել է նկարչության շնորհիվ: Ես աշխարհը շատ գունեղ եմ տեսնում: …Երաժշտությունը խորապես օգնեց ինձ, քանի որ գրականությունն ինքնին երաժշտության քույրն է: Ինչպես երգի մեջ կա մեղեդի, այնպես էլ պատմվածքների եւ պիեսների մեջ կա մեղեդի ու ռիթմ, եւ դրանք ստեղծվում են նույն կոմպոզիցիոն օրինաչափություններով»:
Նրա ամուսինը երաժիշտ Վահան Արծրունին է, եւ իր երեխաների շնորհիվ, որոնք սովորում են Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, նա շարունակում է ներգրավված մնալ երաժշտության ասպարեզում: Իր խոսքերով՝ երբ երեխաները մեծանան, գուցե վերադառնա նկարչությանը:
Ոճը
Նրա ատենախոսությունը նվիրված է Վիլյամ Սարոյանի պիեսների բեմականության խնդիրներին եւ «Վիլյամ Սարոյանը հայ թատրոնում» թեմային: Ասում է, որ իրեն հոգեհարազատ է Սարոյանի գրական մոտեցումը. «Եթե խոսեմ որեւէ դպրոցի մասին, ապա պիտի ասեմ, որ ես Սարոյանի գրականության դավանանքի հետեւորդն եմ, քանի որ Սարոյանը, պատմելով կյանքի ամենադժվար իրավիճակում հայտնված մարդկանց մասին, ընթերցողի ներսում երբեք չի ստեղծում հուսալքության զգացում: Նման պայմաններում նա ցույց է տալիս մարդկանց հոգու գեղեցկությունը, մարդկային հարաբերությունների գեղեցկությունը, որ մնացած ամեն ինչից բարձր է: Սարոյան կարդալիս մտորում ես, թե Սարոյանի հետ ապրում ես նրա հերոսների կյանքով: Դու զգում ես նրանց արցունքներն ու ցավը, բայց դառնում ես ավելի լավը՝ ավելի շատ սիրելով կյանքը, հոգու խորքում մեծ երախտագիտությամբ ու սիրով լցվելով Աստծո, կյանքի եւ բնության հանդեպ»:
Այնուամենայնիվ, նա ասում է, որ իր հրատարակած հինգ գրքերից յուրաքանչյուրում իր ոճը տարբեր է: Առաջին հատորում սիմվոլիստական, իմպրեսիոնիստական փոքր գործեր են, կենտրոնում՝ երիտասարդ գրողը, որը կանգնած է աշխարհի առջեւ, բայց խորասուզված իր ներաշխարհում՝ փորձելով գտնել իր տեղը, ճանաչելու ինքն իրեն:
«Երկրորդ ժողովածուն՝ «Մոյրաների նոթատետրից»-ը, բոլորովին այլ ոճի Անուշ Ասլիբեկյան է՝ անճանաչելիորեն տարբեր: Այստեղ գրողն ավելի հասուն է, ավելի բաց է աշխարհի առջեւ: Հասնելով իմաստության որոշակի աստիճանի՝ նա աշխարհը վերլուծելու իր տեսակետն ունի: «Պատմվածքների ծավալը նույնպես մեծանում է»,- ասում է նա:
Ասլիբեկյանի երրորդ ժողովածուն՝ «Թռիչք քաղաքի վրայով» (2018), պիեսների ժողովածու է, ուստի այն առաջին հերթին աչքի է ընկնում ժանրային փոփոխությամբ: Այն ներառում է համանուն պիեսը, որը նրա առաջին ստեղծագործությունն էր դրամայի ասպարեզում: Մինչ այդ գրել է արձակ, գրախոսականներ եւ թատերախոսականներ: Այս պիեսը գրել նրան համոզել է դերասանուհի եւ ռեժիսոր Նարինե Գրիգորյանը: Վերջինս ցանկանում էր, որ Ասլիբեկյանը փորձի իր արձակի ոճը փոխանցել դրամատուրգիային: «Արդյունքում ծնվեց «Թռիչք քաղաքի վրայով» պիեսը, որը ներկայացվել է շուրջ 20 միջազգային փառատոներում եւ գրեթե միշտ վերադարձել գլխավոր մրցանակներով»,- պատմում է Ասլիբեկյանը: Ինչ-որ պահի այն միջազգային թատերական ասպարեզում դարձավ հայ թատրոնի այցեքարտը»,- ասում է նա: Հատորն, իհարկե, ներառում է նաեւ «Մերսեդեսը» եւ երրորդ պիեսը՝ «Մի՛ լռիր, Ռեմի»:
2019-ին Ասլիբեկյանն առանձին գրքով հրատարակել է «Պրոֆեսորը» վիպակը, իսկ 2022-ին Վալերի Գասպարյանի հետ՝ «Սցենարադրամատուրգիական արվեստ. Գրական վարպետություն» համառոտ մեթոդական ուղեցույցը:
Գրական դպրոցները Հայաստանում
Ասլիբեկյանը հաստատուն հայացքներ ունի Հայաստանում արվեստի եւ գրական տարբեր հոսանքների կամ խմբերի դերի վերաբերյալ: Նա ասում է. «Երբեմն այդ գրական խմբերը արդյունք են արհեստականորեն ներմուծված արեւմտյան հոսանքների՝ պարտադրված կերպով, թե զանազան դրամաշնորհների շնորհիվ, եւ թվում է, թե այդ գրողներն ամեն կերպ մտադիր են հեռանալ մեր ազգային արժեքներից ու պատմությունից: Երբ նայում ես այդ միտումներին, տեսնում ես, որ այդ գրականությունը հուսահատության գրականություն է, որը լույսի հետք իսկ չունի: Ի վերջո, ընթերցողներն իրենց հերոսների հետ միասին կորցնում են ապրելու ցանկությունը: Ինձ համար դա անընդունելի է գրականության մեջ»:
Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, հայ գրողները եւ ընդհանրապես գրողները պետք է ազգային թեմաները կապեն համամարդկային ցավերի հետ, ինչպես նա այդ արել է «Մերսեդես»-ում:
Պետության դերը
Այսօր Հայաստանում թատրոնների մեծ մասը պատկանում է պետությանը: Ասլիբեկյանն ասում է. «Կան միայն մի քանի անկախ թատրոններ, քանի որ Հայաստանում անկախ արվեստի մասին օրենք գոյություն չունի: Այսինքն՝ անկախ արվեստի ոլորտը համակարգված չէ ո՛չ իրավունքի, ո՛չ էլ հավասար հնարավորությունների իմաստով»: Ասլիբեկյանն ասում է, որ չի նկատել պետության կողմից արվեստի առջեւ դրված գաղափարական ուղենիշներ: Փաստորեն, նա հանդես է գալիս արվեստում պետության ավելի ակտիվ դերակատարության օգտին: Նա ասում է. «Երբեմն մեզ նույնիսկ թվում է, որ ոլորտն այնքան անտեսված է, որ միգուցե ինչ-որ առումով արժեր պետական գաղափարախոսական ուղղություններ մշակել, քանի որ մեր երկիրը, ցավոք, վերջին զարգացումներից հետո այսօր սխալվելու իրավունք չունի: Նման սարսափներից հետո մեր խաղացանկային եւ գրական քաղաքականությունը պետք է շատ լավ մտածված լինի: Ես նկատի չունեմ գրաքննությունը կամ գաղափարական պարտադրանքը, որը կարող է սպանել ամեն ինչ: Դրանք արվեստի թշնամին են, բայց որոշակի գաղափարական ուղղորդում կամ հուշում պետության կողմից անհրաժեշտ է, հատկապես պետական թատրոնների եւ պետական հովանավորության տակ գտնվող կազմակերպությունների համար»:
Խոսելով թատերական խաղացանկերի մասին՝ նա ասում է. «Մենք չենք կարող պարզապես պատահական բաներ բեմադրել, քանզի անցել է ժամանակը, երբ մենք կարող էինք դիտել որեւէ վոդեւիլ կամ ուրախ սթենդափ, ծիծաղել եւ գնալ տուն: Ազգի առաջ այնպիսի հարցեր են ծառացել, որ միայն հրապարակայնորեն մտածելով ու վերլուծելով կարող ենք դրանք լուծել, եւ արվեստը պետք է օգնի այդ հարցում: Թատրոնների գեղարվեստական ղեկավարներն այսօր իրավունք չունեն բացառապես ուրախ ժամանց ապահովել: Դրանք պետք է լինեն գաղափարական օջախներ, որտեղ մտնող մարդը պետք է մտածելով դուրս գա»:
Միեւնույն ժամանակ նա մատնանշում է գերմանացի դրամատուրգ Բերտոլդ Բրեխտին, որը 20-րդ դարում ասում էր, թե թատրոնը պետք է լինի ինտելեկտուալ անհանգստության վայր, նա մեջբերում է նաեւ միեւնույն ժամանակաշրջանի ֆրանսիացի դրամատուրգ Ժան Ժիրոդուի տեսակետները՝ ի պաշտպանություն այն դիրքորոշման, որ թատրոնն ու արվեստը նախ պետք է խելամտության դասեր տան իշխանություններին, ոչ միայն ժողովրդին: Նա ասում է. «Արվեստագետներն իրենց բնույթով միշտ իշխանության դեմ են: Նրանք պետք է լինեն պետականամետ, հատկապես այսօր, բայց ո՛չ իշխանամերձ… Արվեստագետը պետք է սթափեցնի թե՛ իշխանություններին, թե՛ չմտածող հանրությանը, ասես դատարանի առջեւ կանգնեցնելով եւ պատասխանատվության մղելով նրանց՝ մտածելու կոչ անելով»:
Թավշյա հեղափոխությունը
«Հեղափոխությանը նախորդող օրերին,- հիշում է Ասլիբեկյանը,- զանգվածային ոգեւորություն էր, որովհետեւ սոցիալական անարդարությունը, խաբեությունը, կոռուպցիան սահման չունեին… Թվում էր, թե հեղափոխությունը եկել էր լուծելու այդ բոլոր հարցերը»:
Եվ ի՞նչ եղավ արդյունքում: Նրա խոսքով՝ «ծրագրային կետերի խոստումներից ոչ մեկը չիրականացավ: Կարծես այն դարձավ անկախության երեսնամյա ժամանակաշրջանում արված սխալների շարունակությունը»: Արվեստի եւ ակադեմիական ոլորտների մասին նա ասում է. «Մեզանում երբեք չեն գնահատել մեր ստեղծագործական եւ մտավոր ներուժը: Մենք ստորացնում ենք մեր գիտնականներին, ուսուցիչներին, դասախոսներին՝ կոպեկներ վճարելով եւ հնարավորություն չտալով անել այն ամենը, ինչ կարող են»:
Նա նաեւ նշում է, որ կառավարությունը, առանց որեւէ մտածված պատճառաբանության, փակում է թատրոնները եւ միավորում բարձրագույն ուսումնական հաստատությունները: Նա շեշտում է, որ սա ապակառուցողական մոտեցում է. «Ամեն անգամ, երբ տագնապալի հայտարարություններ են հնչում, պատկերացրե՛ք այս ոլորտներում աշխատող մարդկանց հոգեբանական վիճակը… Դա նրանց մոտ անհանգստություն է առաջ բերում, մինչդեռ այդ մարդիկ դեռ պետք է աշխատեն ակադեմիական կամ ստեղծագործական ոլորտներում»:
ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆ
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Լուսանկարը՝ Արամ Արքունի
«The Armenian Mirror-Spectator», 24 հունվարի 2023 թ. (կրճատումներով, ամբողջական անգլերեն տարբերակը՝ https://mirrorspectator.com/2023/01/24/author-aslibekyan-wants-to-get-to-the-heart-of-the-matter):