Լիբանանյան հեղինակավոր հրատարակության նոյեմբերի 15-ի այս հոդվածը հատվածաբար ներկայացնում ենք ռուսական «ԻնոՍՄԻ»-ից թարգմանությամբ:
ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ Ադրբեջանի կողմից ստորագրված նոր էներգետիկ համաձայնագրերը նվազեցնում են նրա կախվածությունը ռուսական գազից՝ թուլացնելով Մոսկվայի ազդեցությունն ու ամրապնդելով Անկարայի դիրքերը:
2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը հաստատեց այսպես կոչված «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» (TRIPP): Այս համաձայնագրով մասնավոր ամերիկյան ընկերությանը իրավունք է տրվել զարգացնելու այն երթուղին, որը նախկինում հայտնի էր որպես Զանգեզուրի միջանցք:
Ադրբեջանի համար սա կբացի ուղիղ ցամաքային երթուղի Հայաստանի Սյունիքի մարզով դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն եւ դեպի Թուրքիա՝ նվազեցնելով նրա կախվածությունը իրանական եւ ռուսական տարանցուղիներից:
Ադրբեջանը ձգտում է օգտագործել նոր միջանցքը՝ ամրապնդելու իր դիրքերը որպես Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ այլ տարածաշրջանների միջեւ ապրանքների ու էներգակիրների տարանցման հիմնական հանգույց: Սա երկրին թույլ կտա մեծացնել իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական կարեւորությունը: Այս ծրագրերը համընկնում են Բաքվի նավահանգիստն ընդլայնելու եւ երթուղին Կենտրոնական միջանցք անունով հայտնի ավելի մեծ տրանսպորտային ցանցի մեջ ինտեգրելու մտադրություններին:
ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագիրը գնահատվում է որպես Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու հնարավորություն: Դա կարող է վերաբերել տարբեր ոլորտների, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությանը, պաշտպանական համագործակցությանը եւ, հնարավոր է, ԱՄՆ օգնության երկարատեւ սահմանափակումների վերացմանը (Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձեւ):
Այն նաեւ նպատակաուղղված է Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացմանը, ինչը կօգնի թուլացնել սահմանին լարվածությունը եւ բարելավել տարածաշրջանային համագործակցությունը: ԱՄՆ-ին որպես միջնորդ ներգրավելով եւ Արեւմուտքում մշակված տարանցիկ ուղի ստեղծելով՝ Ադրբեջանը ձգտում է թուլացնել Ռուսաստանի եւ Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում: Նրա ձգտումը կիսում է նաեւ ԱՄՆ-ի վարչակազմը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մտադրվել է ստեղծել անվտանգ եւ միջազգայնորեն ճանաչված տարանցիկ ուղի, որն իր երկիրը կկապի Թուրքիայի հետ: Նա ձգտում է Ադրբեջանը դիրքավորել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կարեւոր առեւտրային կենտրոն: Սրան զուգահեռ՝ նա ամրապնդում է կապերն արեւմտյան գործընկերների հետ: Արդյո՞ք Ալիեւը ուկրաինական հակամարտությամբ Ռուսաստանի զբաղվածությունն է օգտագործում իր օգտին: Թե՞ սա Էրդողանի՝ Կենտրոնական Ասիա մուտք գործելու պլանի մի մասն է: Կամ Ռուսաստանին Կովկասից շրջապատելու Արեւմուտքի՞ փորձն է:
Ադրբեջանը դարձել է Եվրոպայի կարեւորագույն էներգետիկ գործընկեր, որը ձգտում է նվազեցնել իր կախվածությունը ռուսական գազից: Սա կարող է կապված լինել նոր «երթուղիների» կամ միջանցքների ստեղծման հետ: Միացյալ Նահանգները տարածաշրջանը դիտարկում է որպես նոր «եվրասիական ուղու» հիմնական օղակ:
Թուրքիայի դիրքերի ամրապնդումը
Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր դիրքերը որպես լոգիստիկ հանգույցի, դիվերսիֆիկացնել էներգետիկ աղբյուրները եւ մեծացնել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա: Այս ամենն ամրապնդվում է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ սերտ հարաբերություններով: Բայց նման համագործակցությունը մարտահրավեր է նետում Ռուսաստանի ազդեցությանը նրա սեփական «հետնաբակում»:
Այն երթուղին, որը կապում է Հայաստանը եւ Ադրբեջանը, զգալիորեն ամրապնդում է Եվրասիայում Թուրքիայի տնտեսական ու աշխարհաքաղաքական դիրքը: Այն ապահովում է անկախություն Ռուսաստանի կողմից վերահսկվող տրանսպորտային ուղիներից, ինչը սակայն առաջացնում է վերջինիս դիմադրությունը:
TRIPP նոր առեւտրային միջանցքն ապահովում է այլընտրանքային կապ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ շրջանցելով ավանդական երթուղիները: Թուրքիան այս պարագայում դառնում է կարեւոր լոգիստիկ կենտրոն, որը կապում է Չինաստանը Եվրոպայի հետ: Միջանցքը խոստանում է զգալի տնտեսական օգուտներ՝ հաշվի առնելով Թուրքիայի բարենպաստ դիրքը Եվրոպայի եւ Ասիայի սահմանագծին: Սա նպաստում է էներգետիկ նոր համաձայնագրերի կնքմանը ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ, որոնք ձգտում են նվազեցնել իրենց կախվածությունը ռուսական գազից: Այդ կերպ թուլանում է Մոսկվայի ազդեցությունը եւ ամրապնդվում Անկարայի դիրքերը:
ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ նախագահ Թրամփի օրոք ձեւավորված սերտ դաշինքն ամրապնդում է նրա (Թուրքիայի – Գ. Մ.) ռազմավարական դիրքերը Հարավային Կովկասում, Սիրիայում եւ Լիբիայում: Մոսկվան քննադատաբար է վերաբերվում իրադարձությունների նման զարգացմանը, քանի որ դա կարող է հանգեցնել լարվածության սրման, չնայած Թուրքիան ձգտում է հնարավորության դեպքում խուսավարել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ՝ որտեղ դա հնարավոր է:
Թրամփի բիզնես-մոտեցումը նպաստում է Թուրքիայի հետ ուղիղ համագործակցությանն ու հիմնական հարցերի շուրջ դիրքորոշումների համաձայնեցմանը, ինչն օգուտ է բերում երկու կողմերին էլ եւ ամրապնդում է երկկողմ հարաբերությունները:
Այդ նույն ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է պահպանել վերահսկողությունը Հարավային Կովկասում՝ միաժամանակ հակամարտության մեջ մտնելով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Բացի այդ, նա ձգտում է ավելի խոր ինտեգրման Կենտրոնական Ասիայում եւ, հնարավոր է, փնտրում է նոր գործընկերներ Մերձավոր Արևելքում: Այս ամենը տեղի է ունենում Ուկրաինայի իրավիճակի հետ կապված սահմանափակումների եւ ներքին խնդիրների ֆոնին:
Ռուսաստանի համար դժվար կլինի խուսափել Կովկասում ուժի բեւեռների ձեւավորումից: Սա կարող է սրել Եվրասիայում ազդեցության համար մրցակցությունը Թուրքիայի, Եվրոմիության եւ Արեւմուտքի հետ:
Ռուսերենից թարգմանեց՝ ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ





