Սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակումից հետո, որի հետեւանքում ավելի քան 200 հայ մարտիկներ զոհվեցին եւ օկուպացվեց Հայաստանի ինքնիշխան հանրապետության մի որոշակի հատվածը, դիվանագիտական ակտիվ գործունեություն է ծավալվում տարածաշրջանում:
Մ. Նահանգների պետքարտուղարությունն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խստիվ դատապարտել են Ադրբեջանին որպես ագրեսորի եւ պահանջել, որ իր զորքերը անհապաղ դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից: Նրանց այդ հասցեական դիրքորոշումը որոշակի հասատակամություն է ներարկել Հայաստանի դիվանագիտությանը: Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտահրավեր է հղել Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովին՝ պահանջելով, որ Կրեմլը ի վերջո հստակ դիրքորոշում որդեգրի հանգուցալուծելու դժվարին կացությունը:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ մեղադրել է Ռուսաստանի ղեկավարությամբ ձեւավորված ՀԱՊԿ-ին՝ անգործունեության մեջ, նշելով, որ կառույցը ստեղծված էր պաշտպանելու իր անդամ երկրների անվտանգությունը օտարերկրյա ներխուժումներից: Այս քայլերին զուգահեռ փաստական գագաթնաժողովներ են գումարվել Բրյուսելում եւ Պրահայում, ինչպես նաեւ բարձրաստիճան պատվիրակությունների այցելություններ են տեղի ունեցել Հայաստանում, որոնք գործնական արդյունք են տվել: Եվրոմիությունն, օրինակ, քաղաքացիական դիտորդների 40 հոգուց բաղկացած խմբաքանակ է ուղարկել Հայաստանի սահմանամերձ քաղաքներ՝ ուսումնասիրելու համար Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառած ավերածութունները: ԵԱՀԿՄ-ն էլ նախաձեռնել է տեխնիկական մի խմբավորում ուղարկել սահման՝ նախքան դիտորդական մեծածավալ խմբի ժամանումը Հայաստան: Արեւմուտքի միջամտության ակտիվությունը անհանգստացրեց Ռուսաստանին, որ ըստ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի զգաց, թե այդ քայլերով Արեւմուտքը ցանկանում է դուրս մղել իրեն Կովկասից: Ռուսաստանը Ուկրաինայում ծավալված պատերազմի հետեւանքով կորցնում է իր ավանդական ներկայությունը Կովկասում, եւ զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ անգործության հետեւանքով նա չի կարող այնտեղ իշխող դերակատարություն ունենալ:
Ռուսաստանը շատ բան չի կարող առաջարկել հակամարտող կողմերին: Լավագույնը, որ կարող էր անել՝ տակտիկական քայլ նախաձեռնելն էր, որպեսզի երկու կողմերին էլ սիրաշահի եւ իր ձեռքերում պահի: Դրա համար էլ նախագահ Պուտինը Վալդայի քննարկումների ակումբում իր ելույթի ժամանակ բավականին սայթաքուն մի խայծ առաջարկեց Հայաստանին: Նա ասաց. «Որքան հասկանում եմ, հանգուցալուծման այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը նախատեսում է ճանաչել Ադրբեջանի իշխանությունը Ղարաբաղի վրա: Եթե Հայաստանն էլ այդպես է մտածում, ուրեմն խնդիր չկա: Մենք պաշտպանելու ենք հայ ժողովրդի ընտրությունը, իսկ եթե հայերն ու Հայաստանի ղեկավարությունը հավատացած են, որ Ղարաբաղն ունի իր ուրույն առանձնահատկությունները եւ այդ առանձնահատկությունները պետք է հաշվի առնվեն եւ հստակեցվեն ապագայի խաղաղության պայմանագրում, դա էլ է հնարավոր, բայց պետք է ձեռք բերենք Ադրբեջանի համաձայնությունը, որը շատ դժվար է ստանալ»:
Շան գլուխը թաղված է այս վերջին նախադասության մեջ: Եթե Մոսկվային չհաջողվի կատարել իր պարտավորվածությունը, մեղավորը միշտ էլ Ադրբեջանն է լինելու:
Սա խիստ վտանգավոր հայտարարություն էր: Պետքարտուղարությունը անմիջապես արձագանքեց, մեղադրելով Պուտինին «ապատեղակատվություն» տարածելու մեջ: Խոսնակ Նեդ Փրայսը այնքան հեռուն չգնաց, որ հաստատի թե վաշինգտոնյան տարբերակ կար իրականում: Հավանաբար, այսպես կոչված վաշինգտոնյան ծրագիրը ոչ այլ ինչ է, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած դիրքորոշումը, որ կոչ է անում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով, հաշվի առնելով տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները:
Ցարդ Մոսկվայի առաջարկությունն այն է, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքի մաս է կազմում, եւ նրա կարգավիճակի հարցը պետք է թողնվի անորոշ ապագային: Նիկոլ Փաշինյանը ընդառաջելով Պուտինին ընդունեց մասնակցել Սոչիի հանդիպմանը հոկտեմբերի 31-ին, որտեղ նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց խոսել ղարաբաղյան հարցի մասին: «Ղարաբաղյան հակամարտություն գոյություն չունի: Այն կարգավորվել է երկու տարի առաջ: Հիմա ժամանակը եկել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ անցկացնելու, եւ մենք գնահատում ենք ձեր միջնորդությունը», ասաց նա Պուտինի զայրացկոտ հայացքի առաջ:
Վերադառնալով Ռուսաստանի նախանձոտ տարբերակին՝ պետք է հաշվի առնել նաեւ մեկ այլ հանգամանք: Չնայած Ռուսաստանի եւ Իրանի շահերը համընկնում են որոշ հարցերի շուրջ, այս անգամ Թեհրանի դիրքոոշումը խիստ մտահոգիչ էր Ռուսաստանի համար: Կապանում իրանական հյուպատոսարանի բացման արարողությանը ներկա գտնվելով՝ Իրանի արտգործնախարար Հոսեյին Ամիր-Աբդոլլահիան Սյունիքում արտասանած իր խոսքում ասաց. «Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունն է»:
Նախքան Կապան ժամանելը, նա վերահաստատել էր նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամանեյի հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանում սահմանի որեւէ փոփոխություն կարմիր գիծ է համարվում Իրանի համար: Հայտարարությունից առաջ Իրանն սկսել էր զորավարժություններ անցկացնել Իրան-Ադրբեջան սահմանագծում:
Իրանի նման դիրքորոշումը պայմանավորված էր երկու գործոններով: Առաջին, Թուրքիայի եւ Իսրայելի պաշտպանության նախարարների եւ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի Ադրբեջան այցելությունը ակներեւաբար դավադրություն էր նախատեսում իրականացնել Իրանի դեմ: Երկրորդը, տարածաշրջան ժամանումն էր եվրոպացի դիտորդների, որոնք իրենց բուն առաքելությունից բացի կարող էին ծածուկ դիտարկման ենթարկել նաեւ իրանյան սահմանը:
Սոչիի գագաթնաժողովի ավարտին կողմերը առանձին հայտարարություններ չհրապարակեցին: Փոխարենը համատեղ պաշտոնական մի հաղորդագրություն թողարկվեց, որտեղ մի փոքր ձեւափոխված ներկայացված էին նախկին հռետորաբանություններն ու հայտարարությունները:
Հաղորդագրությունը կոչ է անում Ռուսաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին կատարել 2020 թվի նոյեմբերի 9-ի, 2021 թվի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանագրերի դրույթները: Նաեւ հանդիսավորությամբ դրվատում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի գործունեությունը եւ նշում, որ կողմերը համաձայնել են խուսափել ուժի գործադրումից կամ սպառնալիքից եւ պատրաստ են բոլոր խնդրահարույց հարցերը լուծել հենվելով բացարձակապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքների փոխադարձ ճանաչման ՄԱԿ-ի կանոնադրության եւ 1991 թվի Ալմա Աթայի հայտարարության վրա:
Նման խոսքերը բազմիցս կրկնվել են, բայց մնացել են ապարդյուն: Գագաթաժողովը ոչ մի կերպ առաջընթաց չարձանագրեց, որովհետեւ կողմերն ունեն իրենց ներհակ սկզբունքներն ու շահերը, որոնք գերակա են փաստաթղթերում ամրագրված բոլոր լավ մտադրություններից:
Եթե Հայաստանի համար ինչ-որ լավ բան կար այդ հանդիպումից, ապա դա Փաշինյանի հստակ դիրքորշումն էր զանգվածային լրատվամիջոցների առաջ: Նա նախագահ Պուտինին պաշտպանական դիրքերում թողեց, պահանջելով, որ ամբողջութամբ ի կատար ածվեն նոյեմբերի 9-ի պայմանագրի պարտավորվածությունները, որոնք ներառում են նաեւ բոլոր ռազմագերիների ազատ արձակումը: Նա նաեւ պահանջեց Ադրբեջանի զորքերի դուրս բերումը Հայաստանի տարածքից եւ անդրադառնալով միջանցքի հարցին՝ մերժեց ամեն տեսակի փոխզիջումային տարբերակ՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության հետ:
Գագաթաժողովն ըստ երեւույթին Պուտինի կողմից լավ մտածված մեխանիզմ էր՝ հետաձգելու Հայաստանի դեպի Արեւմուտք թեքվելը: Ռուսաստանի շահերը պահանջում են չկարգավորել այս հակամարտությունը, որովհետեւ կարգավորումը նշանակելու է դուրս բերել ռուսական խաղաղապահ ուժերը տարածաշրջանից, ինչն իր հերթին նվազեցնելու է Մոսկվայի դերակատարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի վրա:
Ադրբեջանի համար Հայաստանի դեմ ատելությունը անհրաժեշտ գործիք է պահպանելու համար երկրի բռնատիրական իշխանությունը, որն օրեցօր կորցնում է իր ժողովրդականությունը: Ադրբեջանի հասարակությունը ծայրաստիճան գրգռված է ի տես ալիեւյան կլանի ճոխ ապրելաոճի, որի մի մասն է ընդամենը Լոնդոնում 700 միլիոն դոլարի արժողությամբ ունեցվածքը: Իսկ ռազմական ծախսերը մեծապես ազդում են հասարակ ժողովրդի կենսամակարդակի վրա: Մինչ օրս Ադրբեջանը չի հրապարակել 44-օրյա պատերազմի իր զոհերի ճշգրիտ թիվը, որն ըստ որոշ աղբյուրների երկու անգամ ավելի է, քան հայկական կողմի շուրջ 5000 կորուստները: Այդ «շահիդների» ընտանիքները վրդովված են Ալիեւի ինքնանպատակ պատերազմներից: Ի դեպ, վերջերս ադրբեջանցի մի գնդապետի (44-օրյա պատերազմում սպանված) տեսաժապավենը հայտնվեց, որտեղ մտավախություն կար, որ Ադրբեջանի բանակը չէր կարող հաղթանակի հասնել առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության:
Սահմանին տեղակայված դիտորդները որոշ ժամանակ կարող են զսպել Ադրբեջանին, հնարավորություն տալով Հայաստանին վերազինելու իր բանակը եւ էլ ավելի զարգացնելու իր բազմաշերտ արտաքին քաղաքականությունը:
Ռուսաստանի ազդեցության ոլորտում գերեվարված մնալը ոչ մի լավ բան չի խոստանում Հայաստանին:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)