Լեզուների տարածման ու զարգացման հարցերի քննությամբ ու վիճակագրությամբ զբաղվող եվրոպական Էթնոլոգ (Ethnologue) կազմակերպությունը վերջերս հրապարակեց ամենամյա իր հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց 2023 թ.ին աշխարհի ամենաշատ խոսվող առաջին 10 լեզուները հետեւյալներն են.
1- Անգլերեն՝ 1 մլրդ. 452 մլն. մարդ:
2-Մանդարին՝ 1 մլրդ 38 մլն. մարդ:
3- Հինդի՝ 602 մլն. մարդ:
4-Իսպաներեն՝ 598 մլն. մարդ:
5-Ֆրանսերեն՝ 309 մլն. մարդ:
6-Արաբերեն՝ 274 մլն. մարդ:
7-Բենգալերեն՝ 273 մլն. մարդ:
8-Պորտուգալերեն՝ 263 մլն. մարդ:
9-Ռուսերեն՝ 258.2 մլն. մարդ:
10-Ուրդու՝ 231 մլն. մարդ:
Վիճակագրությանը ուղեկցող բացատրականի մեջ Էթնոլոգի հետազոտողները մատնանշում են լեզուների տարածվածության պայմանավորված լինելը մի շարք գործոններով՝ տվյալ երկրի տարածքի ծավալով, ազգաբնակչության թվով, տնտեսական ազդեցիկությամբ, գործածելիության առանձնահատկություններով ու նաեւ նախկին գաղութների առկայությամբ:
Օրինակ՝ անգլերեն լեզվի տարածվածությունը պայմանավորված է հիշյալ գործոնների պայմանների առկայությամբ, բայց նաեւ այն հանգամանքով, որ այն դարձել է բիզնեսի եւ քաղաքականության լեզու:
Ինչ վերաբերում է մանդարին կամ ավելի հաճախ՝ չինա-մանդարին կոչվող լեզվին, ապա այն ունի տիբեթյան ծագում եւ որպես առանձին բարբառ ամենատարածվածն է Չինաստանում:
Հինդի կամ հինդու լեզուն, նույնպես, ամենատարածվածն է Հնդկաստանում օգտագործվող ավելի քան 20 բարբառների մեջ: Բարբառներ՝ որոնք տեղ-տեղ անհասկանալի են այլ բարբառով խոսող հնդիկների համար, որոնք միմյանց հետ հաղորդակցվելու համար դիմում են իրենց երկրի նախկին գաղութարարի լեզվին՝ անգլերենին:
Տեղեկացնենք, որ բենգալերենը օգտագործվում է Հնդկաստանի որոշ մասերում ու հարակից երկրներում, իսկ ուրդու լեզուն՝ հիմնականում Պակիստանում:
Էթնոլոգի մասնագետները միաժամանակ կանխատեսել են, որ ամենաշատ խոսվող լեզուների առաջին տասնյակի ներկա պատկերը տեւական չէ. 2050 թ.ին, պնդում են նրանք, առաջին տեղը գրավող անգլերենը իր տեղը զիջելու է չինարենին (չինո-մանդարին) եւ նույնիսկ իսպաներենին:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ