Մեր աչքի առաջ միֆեր են փլուզվում, երկրների ու համակարգերի իրական դեմքեր բացվում, ամեն, ամեն ինչ է փոխվում մեր աչքի առաջ: Տկլոր ու չստիկներով պաղեստինցիները սասանեցին Իսրայելի՝ աշխարհում ամենամարտունակ բանակի համբավը, մի քանի ժամում բավական խորանալով այդ երկրի՝ Գազային հարող հատվածում եւ զգալի կորուստներ պատճառելով Իսրայելին: Մարդասիրական կերպարի մեջ մտած ԱՄՆ-ը կոկորդիլոսի արցունքներ է թափում հանուն Իսրայելի, պաղեստինցիների հանդեպ արված գազանությունները չնկատելով (սա ասում ենք Իրաքի ոչնչացումը մոռացողների համար, նույն կերպ դատապարտելով ՀԱՄԱՍ-ի գազանություններն Իսրայելում): Աշխարհում հարյուր տարի գործված ոճիրների անցյալը հարյուր տարի հետո էլ հառնում է նոր դեմքով՝ Արցախում կատարված ոճիրներով, Արցախի հայաթափմամբ եւ Իսրայել-Գազա հատվածում նոր եւ աննախադեպ գազանություններով:
Դերակատարների մի մասը էլի նույնն են, ինչ հարյուր տարի առաջ: ԱՄՆ-ն ավիակիրներ է ուղարկում հաջակցություն Իսրայելի, իբր հումանիզմ որդեգրած բոլոր երկրները հասցրին իրենց իսկական նկարագրին համապատասխան շահադետ հայտարարություններ անել, նրանք ոչինչ չարեցին կանգնեցնելու Իսրայելին՝ գետնին հավասարեցնելու նաեւ Գազայի խաղաղ բնակչության բնակատեղիները, մարդկային արյունն ու տառապանքը աշխարհի մեծերի համար զրո է, միայն շահեր, աշխարհն, իրոք, խելագրավել է, իսկ ավելի ստույգ՝ միշտ այդպիսին է եղել: Նոր աշխարհակարգն ու աշխարհի վերաբաժանումն արդյոք մարդկային արյունի տեսքն ունե՞ն:
Մեր աչքի առաջ ռուսները, համենայնդեպս՝ ռուս խաղաղապահները, Արցախի անվտանգության երաշխավորի մանդատի հակառակը գործեցին, ադրբեջանցիների հետ ձեռք-ձեռքի հայաթափելով Արցախը, մինչ այդ, հավանաբար, մեր ոխերիմ դրկիցին վերջին երկու պատերազմներից առաջ մատակարարելով մեր դիրքերի, մեր զինուժի մասին տեղեկատվությամբ եւ ապահովելով պարտությունը: Ի՞նչ երաշխիք, որ նրանք Հայաստանում էլ նույն գործառույթը չունեն, մեր զինվորական կարողությունների մասին մանրամասն իրազեկելու իրենց դաշնակիցներ Թուրքիային եւ Ադրբեջանին: Երբեմն, երբ միացնում ես առողջ դատողությունդ, հասկանում ես, որ փոքր ժողովուրդների հանդեպ աշխարհի մեծերը խաղում են համաձայնեցված, իրենց շահերից ելնելով, նախօրոք գծված սցենարներով, նրանց զրկելով հայրենիքից, ունեցվածքից , հաճախ նաեւ կյանքից: Արցախի հարցը ի վնաս հայերի «լուծելով»՝ մեծ խաղացողներն անցան Մերձավոր Արեւելք, աշխարհի ոճիրների պատմությունը հարստացնելով նոր ոճիրներով: Ո՞վ հրահրեց ՀԱՄԱՍ-ին, ո՞վ է սպասում առայժմ իրեն զսպող Իրանի խառնվելուն մեծ հրդեհին, որից հետո իրոք կռբնկվի մեծ պատերազմը, որքա՞ն այս բոլորը սարքված-խաղարկվող աշխարհի ճարտարապետների ձեռքով, մինչեւ ո՞ւր է հասնելու նրանց ճանապարհային քարտեզը…
Այսպես, թե այնպես՝ Ֆրանց ֆերդինանտի վրա արձակված կրակոցն արդեն վերստին հնչել է, պաղեստինցիներն արդեն, ի դեմս ՀԱՄԱՍ-ի, ներխուժելով Իսրայել՝ արձակեցին այդ կրակոցը, ու դատելով Իսրայելի վարչապետի ու Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ի ու մյուս մեծ խաղացողներ Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի՝ մակերեսում չերեւացող խաղերից, պատասխանը հավակնում է ծավալվել-ահագնանալ, վերաձեւել ողջ Մերձավոր Արեւելքը, ինչպես Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ձեւակերպեց:
Ամբողջ խնդիրը մեզ համար թեժ կետի ծավալման վտանգն է դեպի ավելի մոտ տարածք, քանի որ նրանք, ովքեր հրահրել են այս լարվածությունը, հավանաբար հաշվարկել են Իրանի խառնվելը պատերազմին, որը, ճիշտ է, առայժմ հեռու է պահում իրեն ուղղակի մասնակցությունից, սակայն չեն բացառվում մեծ սադրանքները, որոնք , այնուամենայնիվ, նրան կներքաշեն անցանկալի հակամարտության մեջ: Գիշատիչները պատրաստվում են մեծ որսի՝ երկրների մասնատումների, տնտեսական տարածքների վերաձեւումների: Իսկ Իսրայելի դաշնակից Ադրբեջանից, որի տարածքից հավանաբար արեւմտյան գործընկերները լավագույնս հետախուզում են Իրանի ենթակառուցվածքները, ամեն ինչ էլ կարելի է սպասել ե՛ւ Իրանում, ե՛ւ Հայաստանում: Որքան ժամանակ կբորբոքվի Մերձավոր Արեւելքում բռնկված դաժան պատերազմի կրակը, այնքան ժամանակ Հայաստանին սպառնացող պոտենցիալ վտանգ կա:
Դարձել ենք Օվերտոնի պատուհանի փորձադաշտ
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Հանրային հեռուստատեսությանը՝ մի շարք խնդիրների յուրովի մեկնաբանություններով, կարելի է համարել Օվերտոնի հերթական այն պատուհանը, որը վերջին շրջանում շատ անգամներ եւ Արցախի հարցի շուրջ ավելի վաղ պարբերաբար կիրառվել է հայ հանրության հանդեպ, շրջանառելով առաջին հայացքից անհավանական եւ անընդունելի համարվող տեսակետներ, դրանք ականջի լսելիության տեսակետից ընտել դարձնելու միտումով: Դրանցից մեկը անկլավների հարցն է, որոնց վերաբերյալ կամայական, իրավական հիմքից զուրկ քննարկումները նպատակ ունեն սովորական բան դարձնել անկլավները Ադրբեջանին հանձնելու խոսույթը: Իրավական առումով խիստ վիճելի «անկլավ» անվանվածների հանձնումը կարող է Հայաստան պետությունն իսկ հենց անկլավ դարձնել՝ մեր սահմանները գծելով միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ մեզ գերի դարձնելով թուրքադրբեջանական երկյակի ձեռքին, ստեղծելով այն վտանգավոր վիճակը, որ մեր երկրի ներսում Իրան եւ Վրաստան գնալու համար մենք պետք է անցնենք ադրբեջանական տարածքներով: Էլ չասած, որ այդ անկլավներից ադրբեջանցիք վերահսկվելու են մեր միջպետական ճանապարհները: (Չենք գրում անկլավների վերադարձ, որովհետեւ վերադարձնելու համար պետք է գոյություն ունենար դրանց պատկանելության իրավապատմական հիմքը, Խորհրդային Միությունը՝ անցած դարի ութսունականների տեսքով, իսկ Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է գտնվեին այդ պետության ներսում, այն եւս՝ այդ անկլավները հաճախ եղել են սովխոզների մակարդակով նվիրատվություններ մեծ պետության ներսում): Այդ իմաստով անգամ անիմաստ է Ալմա-Աթիի թղթի մատնանշումն իսկ, քանի որ այդ թուղթը այժմ գոյություն չունեցող պետության հարաբերություններ է ձեւավորել, հայտարարության պահին էլ Ադրբեջանը միացած չի եղել այդ թղթին: Այսպես կոչված անկլավների մասին խոսակցությունը թեկուզ Օվերտոնի պատուհանով պարզապես հնարավոր է դարձնում Ադրբեջանի հարձակումը՝ այդ տարածքներն ուժով խլելու համար, ինչպես հնարավոր դարձավ Արցախի վրա հարձակումն ու Արցախի հանձնումը: Երկու դեպքում էլ պատմությունը չի ների նրանց, ովքեր նպաստեցին դրան:
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ հնարավոր եղավ նենգափոխել նոյեմբերի 9-ի հայտարարության իրողությունները, ըստ որոնց Արցախն ինքնուրույն միավոր էր, եւ Արցախը թշնամու օրակարգով սահուն մտցնել Ադրբեջանի կազմ՝ նախ պաշտոնյաների խոսույթի մակարդակով, հետո նաեւ սանձազերծված մեկօրյա պատերազմով:
Մյուսն այն սխալն է, երբ անվերջ ասվում են կոնկրետ թվեր՝ քառակուսի կիլոմետրերով Ադրբեջանի ու Հայաստանի տարածքների փոխճանաչման մասին, որը պարզապես միջազգային իրավունքի առումով գրագետ չէ, քանի որ ասենք թե Հայաստանը ճանաչեց Արդբեջանի՝ կոնկրետ թվով տարածքային ամբողջականությունը, վաղը դա կարող է պակասել կամ ավելանալ, այդ դեպքում ի՞նչ:
Եւ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հենց միջազգային իրավական փաստաթղթերի առումով մեծագույն սխալ է, այն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, այդպիսով մենք կճանաչենք ուղղակի Ադրբեջանի բացահայտ ագրեսիան՝ հնարավորություն չունենալով հետագայում վիճարկել Արցախի խնդիրը միջազգային ատյաններում: Առհասարակ՝ խաղաղության պայմանագրի՝ մինչեւ այժմ հայտնի թեզերի շրջանառումը փակում է բոլոր իրավական դռները հայկական բոլոր իրավունքների դիմաց, որեւէ իշխանություն դա անելու իրավունք չունի: Կան միջազգային փաստաթղթեր այն մասին, որ Նախիջեւանը չի պատկանում Ադրբեջանին, այլ նրան է հանձնված որպես պրոտեկտորատ հարյուր տարով, իսկ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, իրավական մոտեցումներին հակառակ, մենք վավերացնելու ենք նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի բոլոր զավթումները:
Մինչդեռ Արցախի խնդիրը միջազգային ատյաններում հետապնդելու համար շատերը փակված չեն համարում, իսկ Գրենադայի փաստաթղթի տակ ստորագրումը դա փակելու առաջին քայլերից մեկն է:
Չնայած՝ ի վերջո միջազգային հանրությունն էլ ցույց տվեց իր դեմքը՝ նրա լուռ հայացքի ներքո Արցախը հայաթափվեց ու հանձնվեց: Ու ասենք, որ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի վերջին հայտարարությունը, թե արցախցիները պետք է հնարավորություն ունենան վերադառնալու եւ անվտանգ ապրելու՝ խոսույթի մակարդակով այն բազմաթիվ մարդասիրական ժեստերից մեկը պետք է համարել, որոնց պակասը երբեք չի եղել, անգամ ավելցուկ կար, բայց ոչ մի գործնական աջակցություն չեղավ ողբերգությունը կասեցնելու համար: Նույն բանը կարելի է ասել Ֆրանսիայի արտգործնախարարի վերջին ցնցող բացահայտման մասին, թե Ադրբեջանը պլանավորել էր արցախահայերի տեղահանությունը: Ի՞նչ դրանից, պլանավորել էր, գործնականում ինչո՞վ կարող եք օգնել: Ասենք թե, ինչպես որ Կատրին Կոլոնան է ասում, Ֆրանսիան պահանջի ՄԱԿ-ից՝ Արցախի հայերի հայրենադարձն ապահովող բանաձեւ ընդունել, Ադրբեջանը դա կատարելո՞ւ է, ՄԱԿ-ի քանի՞ պուպուշ բանաձեւ՝ ուղղված Լաչինի միջանցքի բացմանը, արցախահայերի հումանիտար խնդիրներին, բացարձակպես անտեսված մնացին: Եւ դեռ պարզ չէ՝ ի՞նչ կտա այս հրապարակման ստեղծման պահին ԵԽԽՎ-ում հրատապ ընթացակարգով Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի քննարկումը կամ Հաագայի դատարանում Հայաստանի նախաձեռնած լսումներն ընդդեմ Ադրբեջանի:
Ի դեպ՝ «Հայաքվե» նախաձեռնության նախագծի՝ ԱԺ -ում հնարավոր քննարկումը միգուցե հնարավորություն կտա մի անգամ էլ իրար կողք դնել Արցախը վերադարձնելու, կամ գոնե Արցախի հայությանն այնտեղ բնակության վերադարձնելու բոլոր իրավաքաղաքական հնարավորությունները: Մանավանդ՝ նախաձեռնության ներկայացուցիչ Ավետիք Չալաբյանն էլ նշեց, թե պետք է մտածել միջագային երաշխիքներով, միջազգային խաղաղարարներով արցախահայերի՝ հայրենիքին վերատիրելու ուղիներ գտնելու մասին:
Ոչինչ զարմանալի
Տիգրան Ավինյանի՝ մայրաքաղաքի քաղաքապետ դառնալու կամ ավագանու առաջին նիստի քվորումը Դոգի կուսակցության շնորհիվ ապահովելու մասին: Ընդամենը հիշեցնեմ իմ հրապարակման այն հատվածը, որը քարոզարշավի ամենասկզբում եմ հրապարակել. «Պետք է հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե 14 մանդատ ստացող «Ազգային առաջընթաց»-ն ու Հայկ Մարությանը ընդդիմություն են, 8 մանդատ ունեցող «Հանրապետության» հետ նրանք 24 մանդատ ստացած ՔՊ-ին են բալանսավորում իշխանության համար, ձվերը դրվել են տարբեր զամբյուղների մեջ, որ քաղաքապետ ընտրելիս իշխանականների հնարավորությունները մեծ լինեն, եթե պետք լինի՝ Մարությանին դարձնելով քաղաքապետ: Անգամ կասկածում եմ, որ «Հանրային ձայնն» է ընդդիմադիր, նրա քվեները եւս պետք կլինեն իշխանությանը»:
Ահա սա էլ կատարվեց: Մարությանը միշտ էլ պետք կլինի ֆորս մաժորների դեպքում: Նորությունն այն է, որ Արամ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունն այժմ կարող է կիսել մայրաքաղաքի իշխանությունը՝ հեռանկարում ունենալով առհասարակ ընդլայնել հնարավորությունը իշխանության մեջ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ