Անտառստեղծման միջոցով անապատացման դեմ պայքարը կարեւոր նշանակություն ունի Վիվա-ՄՏՍ-ի եւ «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության համար:Նրանք երկրորդ համատեղ ծրագիրն են իրականացնելու Լոռու մարզում: Կատարվել է անտառապատման թիրախային ծրագիր Լոռու մարզի Ջրաշեն համայնքում: Ամայի եւ լերկ սարի վրա՝ 6 հեկտար տարածքում, տնկվել ու մուլչապատվել է 20 000 ծառ: Այս տարի անտառային շերտը կավելացվի Ուրասարում. 9690 տնկի իր տեղը կզբաղեցնի 3 հեկտար տարածքում:
«Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն սկսել է այս տարվա աշնանային անտառտնկման աշխատանքները: Դրանք մեկնարկել են Լոռու մարզի՝ անտառստեղծման համար նախատեսված տարածքներում՝ Լեռնաջուրում եւ Ուրասարում: Փակ արմատային համակարգով կեչիներ են տնկվում Լեռնաջուրում, սկսվել են աշխատանքները նաեւ Ուրասարում: Բաց արմատային համակարգով տնկվում են 9690 թփեր եւ ծառեր՝ կաղնի, թխկի, սոճի, կեչի, վայրի տանձենի ու խնձորենի:
Հայաստանի անտառներից օրեր առաջ հավաքված կաղնու, վայրի տանձենու եւ խնձորենու սերմերը, Վիվա-ՄՏՍ-ի կամավորների եւ գործընկեր կազմակերպության աշխատակիցների կողմից մշակվելուց հետո ցանվելու են՝ նոր տնկիներ ստանալու համար: Կազմակերպության տնկարաններում աճեցվել են 15 տեսակի անտառային ծառ, այդ թվում՝ պտղատու:
Համատեղ ծրագրով լուծում են ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ մարզի բնակչության զբաղվածության խնդիրը: Հիմնական աշխատողների մոտ 80 տոկոսը Լոռու մարզի բնակիչներ են: Նրանք աշխատում են Դեբեդում եւ Գուգարքում գտնվող տնկարաններում: Ծառատունկի եւ խնամքի աշխատանքների ժամանակահատվածում աշխատողների թիվը հասնում է 240-ի:
Հուսանք, որ առաջիկայում այս աշխատանքները կշարունակվեն եւ կունենանք լավ արդյունք:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ