ՀՀ առօրյան անգամ սիրողական մակարդակով դիտարկելու պարագայում, դրա քաղաքական թե տնտեսական ուղղությունները նվազագույնս քննարկման նյութ դարձնելու արդյունքում մեր քաղաքացիների մի զգալի հատված անորոշությունից մինչեւ անելք պարտադրանքի վիճակում է հայտնվում: Այն ծնում է «ինչ» եւ «ինչպես անել» հարցերի մի երկարաշունչ զգացում, որից ելքի բացակայությունն անհանգստությունների հետեւանքի է հանգեցնում: Վիճակը բոլորովին էլ չի խաղաղվում, ինչքան էլ իշխանական գործադիր եւ օրենսդիր թեւերի ներկայացուցիչները նշեն, որ մեր խնդիրների հիմնական մասը կապված կամ առնչվում են միջազգային գործընթացների հետ, իրենք պարզապես անզոր են հակադրվել դրանց, քանզի… շարունակությունը վստահ եմ գիտեք կամ գուշակում եք` ժառանգություն ու արդարացումների անվերջանալի թվարկում, որից հայաստանյան հանրության մի զգալի հատվածը պարզապես հոգնել է, եթե իհարկե այլ գնահատական չհնչեցնենք: Եվ հարցը` որն է այս վիճակից ելքը, հնչում է ինքնաբերաբար:
Ելքը մեկն է` համեստից մինչեւ համառ դեպի առօրյայից մինչեւ մոտակա ռազմավարական խնդիրների բացահայտում ու իրականացում տանող աշխատանքի դրսեւորում, արդյունքների ցուցադրում: ՀՀ քաղաքացին չի ցանկանում ու չի պատրաստվում իր առօրյան բարդացնել այն աստիճանի, որ իր աշխատավարձն ու կենսաթոշակը լափող գնաճը կապ ունի տարածաշրջանի եւ այլեւայլ գործընթացների հետ, այլ ոչ` անգամ այլոց պարագայում գրեթե ընթացքից, ձեռքի հետ խնդիրների լուծման հետ: Ասենք, ընդամենը մի քանի տարի առաջ մեզանում երկրորդ հաց համարվող կարտոֆիլի անհրաժեշտ քանակներ արտադրելու հետ կապված հարց չունեինք: Հիմա այն փորձ է արվում բացատրել զգալի հայտարարվող արտահանման ծավալների հետ, որը ոչ ավել, ոչ պակաս, 1 հայաստանաբնակի հաշվով հազիվ 10 կգ է, ուզենք թե ոչ` ոչ էական մի թիվ: Այն ծագել է, ըստ գյուղոլորտի մասնագետների դիտարկումների, դեռեւս հիշվող տարիների 35-37 հազար հեկտար կարտոֆիլի ցանքատարածությունները 15-17 հազար հեկտարի իջեցնելու արդյունքում: Գործընթացն ինչ-որ առումով կարելի էր արդարացված համարել, եթե այն ուղեկցվեր բերքատվության աճով, ասենք՝ հեկտարից մեզանում ստացվող 18-20 տոննա բերքի դիմաց մոտեցվեր այլ տարածաշրջաններում արտադրվող նվազագույն 38-40 տոննայի: Այս պարագայում համախառն 600-650 հազար տոննա բերքն այն ծավալն է, որն ունեինք տասնամյակներ շարունակ, վիճակը երբեւէ խնդրահարույց չէինք դիտարկում:
Ուր է թե հայաստանաբնակների այսօրինակ մտահոգությունները միայն կարտոֆիլի հետ կապված լինեն, քանզի կրկնակի ու անգամ եռակի գնաճերի հանդիպում ենք այլ գյուղմթերքների պարագայում: Տարիներ առաջվա մի փաստ նշեմ: Մեծ Բրիտանիայի դեսպանուհին իր հարցազրույցներից մեկում ասաց, որ երբ աշխատանքը ՀՀ-ում ավարտի ու իր երկիր մեկնի, Լոնդոնի սուպերմարկետներում հայկական արտադրության տոմատի մածուկ է փնտրելու: Վստահեցնում եմ, որը հաստատում է այդ քաղաքի բուհերից մեկում ուսանող բարեկամուհիս, որ լոնդոնյան առեւտրային ցանցում մերոնց արտադրանքը չկա: Այն ուր որ է չի լինի նաեւ հայաստանյան առեւտրային ցանցում, որտեղ գերակշռում են Ռուսաստանի դաշնությունից ներկրվող «Դոմաշնիյե սեկրետի», «Կուբանոչկա», «Կուբանոսկիյե պրոստորի» եւ այլ անվանումներով տոմատի մածուկները: Տանտիրուհիների շրջանում իրականացրած հարցումների արդյունքում էլ նշվեց, որ տեղական արտադրանքն իր հերթին մասամբ է հիշեցնում տարիներ առաջվա հայկական տոմատը, թե՛ իր համ ու հոտով, թե՛ գրավիչ գույնի տեսքով: Վերամշակող գործարանների մուտքերի մոտ էլ լոլիկով բեռնված ավտոմեքենաների երբեմնի հերթերի չենք հանդիպում, քանզի մեզանում վերանում է բաց դաշտավարությունում լոլիկ մշակելու ավանդույթը: Այն տեղափոխվում է դեպի ջերմոցային տնտեսություններ, որոնց տարածքը թեեւ հազիվ 1300 հեկտար է, արտադրությունը կազմում է տասնյակ հազարավոր տոննաներ, հիմնականում արդյունաբերական աճեցման ձեւով, որտեղ հարյուր հազարավոր գյուղացիական տնտեսությունները պարզապես անելիք չունեն: Առավել եւս դժվար է համակերպվել, որ այդ պինդ ու ամուր, դրսից կարմիր ու ներսից սպիտակ լոլիկներից հնարավոր է լոլիկի հյութ ստանալ, դրանից էլ` տոմատի մածուկ արտադրել:
Այնպես որ պատահական չէ ոմանց տարակուսանքը վերամշակողների արտադրանքի հարցում նաեւ այլ արտադրատեսակների առումներով, սկսած մսամթերքներն ու կաթնամթերքները: Դրանց արդյունքում է, որ պանիրը պանրային մթերք է հայտարարվում, «Կես գին» ակցիաներով վաճառվող երշիկեղենն էլ գնորդների մոտ ոգեւորություն չի առաջացնում, ՌԴ-ից ներկրված հյութերն են նախընտրելի համարվում, չխոսելով օղիների մասին: Եվ սա` գյուղական համայնքները խոշորացնելու շնորհիվ գյուղատնտեսությունն աշխուժացնելու, հողագործի ու անասնապահի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու պարտավորությունների պարագայում, որն ընդամենը լավագույն ցանկությունների ոլորտից են: Փոխարենը տեսնենք, թե ինչ զեղչերով ու գներով են առաջարկվող գյուղարտադրանքները ավստրիական սուպերմարկետներով, որոնցից վերցված 40-50 տոկոս հարկերը բյուջեի տարբեր ծախսերի տեսքով վերադարձվում են մարդկանց, երբ մեզանում այն 22-23 տոկոս է:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
05.04.2022թ.