Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ ձեւավորման սկզբնական փուլում գտնվող դաշինքը մտահոգում է Անկարային: Այսօր Բաքուն վերածվել է Իսրայելի գլխավոր նավթամատակարարի, եւ, չնայած Ադրբեջանի մերձավորագույն դաշնակից Թուրքիայի խորհրդարանի կողմից Թել Ավիվի հետ առեւտրի ոլորտում սահմանափակումներ մտցնելու մասին ընդունված օրենքին, Բաքուն շարունակում է համագործակցել Իսրայելի հետ:
Առաջին հայացքից կարելի էր ենթադրել, որ Բաքու-Թել Ավիվ մերձեցումը պետք է համաձայնեցված լիներ Անկարայի հետ: Սակայն խնդիրն այն է, որ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ էներգետիկ վառելիքների ոլորտում գոյություն ունեցող եռակողմ համագործակցության ձեւաչափը ենթադրում էր, որ Թուրքիայի կողմից Իսրայելի հետ առեւտրատնտեսական ոլորտում սահմանափակումներ մտցնելու դեպքում Ադրբեջանն էլ պետք է միանար այդ որոշմանը, ինչը տեղի չունեցավ:
«Ալ Ջազիրա» պարբերականի զեկույցներից մեկում նշվում է, որ ներկայումս Բաքուն իր պաշտպանական տեխնիկայի ավելի քան 60 տոկոսը ստանում է Իսրայելից, իսկ փոխադարձաբար՝ Իսրայելի օգտագործած նավթի շուրջ 40 տոկոսը ապահովվում է Ադրբեջանի տարածքով անցնող նավթամուղերով:
Թուրքիան, որ Ադրբեջանի մերձավորագույն դաշնակիցն է, առանձնահատուկ զգայունությամբ է հետեւում այդ զարգացումներին: Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ աճող ռազմական համագործակցությունը բացահայտ անհանգստություն է առաջացրել Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունում:
Անկարայի համար դժվար է պատկերացնել, որ թուրքական «Մավի Մարմարա» նավի ուղղությամբ Իսրայելի իրականացրած գրոհից հետո (2010 թ. մայիսի 31-ին) իր մերձավորագույն դաշնակից Ադրբեջանը կվերածվի Թել Ավիվի հիմնական գործընկերներից մեկի:
Ըստ տարբեր լրատվամիջոցների կողմից շրջանառվող հաղորդագրությունների, 2024 թվականին Էրդողանը Իլհամ Ալիեւից պահանջել էր ճանաչել Արեւելյան Երուսաղեմը որպես Պաղեստինյան պետության մայրաքաղաք՝ փորձելով քաղաքական ճնշում գործադրել եւ նվազեցնել Բաքվի կախվածությունը Իսրայելից: Սակայն ադրբեջանական պաշտոնյաները, իբր հիմնվելով պրագմատիկ քաղաքականության վրա, Թուրքիայի նախագահին հասկացրել են, որ իրենց հարաբերությունները Թել Ավիվի հետ կառուցված են ազգային շահերի, այլ ոչ թե գաղափարախոսության հիման վրա:
Եղել են նաեւ Անկարա-Բաքու դաշնակցային հարաբերությունների սառեցմանը նպաստող այլ հանգամանքներ.
Ադրբեջանական եւ թուրքական մամուլի որոշ ներկայացուցիչներ Անկարա-Բաքու հարաբերությունների սառեցմանը հանգեցրած պատճառներից մեկը համարել են նաեւ 44-օրյա պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության աստիճանը ի ցույց դնելու վերաբերյալ Էրդողանի հնչեցրած հայտարարությունը, համաձայն որի՝ «Թուրքիան մի օր հանկարծակի կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լեռնային Ղարաբաղ…»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2024 թ. հուլիսի սկզբին չի մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը կայացել էր Շուշիում: Reuters գործակալությունը տեղեկացրեց, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 6-ին մեկնել է Բեռլին՝ ներկա գտնվելու ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի Թուրքիա-Նիդերլանդներ հանդիպմանը:
Թեեւ Էրդողանի բացակայությունը Շուշիի գագաթնաժողովում հասարակության շրջանում մեծ ուշադրության չի արժանացել, բայց հուլիսի վերջին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի վճռորոշ դերակատարության մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունները քննարկումների առիթ են դարձել ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Թուրքիայում:
Փորձագետները կարծում են, որ Իսրայել-Ադրբեջան դաշինքը փաստորեն մաս է կազմում ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցության՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ՝ Հարավային Կովկասում եւ Արեւելյան Միջերկրածովում ազդեցություն ձեռք բերելու համար:
Այդ պատճառով Անկարան, չնայած դժգոհությանը, փորձում է ռազմական համագործակցությունն ընդլայնել Պակիստանի եւ Քաթարի հետ, ինչպես նաեւ զարգացնել իր ներքին պաշտպանական արդյունաբերությունը՝ ուժերի բալանսը վերականգնելու նպատակով:
Միեւնույն ժամանակ, Թուրքիան նախընտրում է իր տարաձայնությունները Բաքվի հետ լուծել փակ դռների հետեւում, որպեսզի տնտեսական եւ էներգետիկ հարաբերությունները չվնասվեն:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ











