Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անդրեա Սավորանի Ների. Տեսողական հետաքննություն  նախնիների մասին

Արծվի Բախչինյան
27/03/2026
- 27 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
50
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ-Անդրեա Սավորանի Ներին (ծնվ. 1976) փարիզաբնակ իտալացի լուսանկարիչ է: Ավարտել է Բոլոնիայի համալսարանի արդի գրականության բաժինը: Լուսանկարչություն է ուսանել Վենետիկի IUAV համալսարանում: Իր ստեղծագործական գործունեության սկզբից հետազոտում է լեզվի եւ պատկերի փոխհարաբերությունը: Իսպանիայում, Ֆրանսիայում եւ Ռուսաստանում հետազոտական աշխատանքներից հետո հաստատվել է Փարիզում, դասավանդել տեղի համալսարաններում: Համագործակցել է միջազգային հեռուստացանցերի, լրատվական գործակալությունների եւ տպագիր մամուլի հետ («Եվրոնյուս», «Բի Բի Սի», «ՌԱԻ», «Էսպրեսսո): Նրա լուսանկարները հրապարակվել են աշխարհի առաջատար թերթերում եւ հանդեսներում («Լը Մոնդ», «Պարի մատչ», «Ֆիգարո», «Լիբերասիոն», «Լը Պուան», «Դը Գարդիան», «Նյու Յորք թայմս», «Ֆորբս», «Լա Ռեպուբլիկա», «Էլ պաիս», «Դեր Շփիգել», «Ալ ջազիրա» եւ այլն):

Ներիի մասին մանրամասն տե՛ս՝ https://www.andrea-savorani-neri.com/

–Հարգելի՛ Անդրեա, դիտելով ձեր լուսանկարները՝ հատկապես տպավորվեցի դիմանկարներով, որոնք «չոր» վավերագրական ոճի են: Ձեր կերպարներից շատերը ասես կորսված են շրջապատող աշխարհում. ժպտում են հազվադեպ, անգամ եթե երիտասարդներ կամ երեխաներ են (նույնիսկ՝ նորաձեւության համատեքստում): Դիտմա՞մբ եք այդպես պատկերում:

-Իմ լուսանկարներում չափազանց ընդգծված ժպիտի բացակայությունը, ինչպես նաեւ շրջապատող աշխարհի նկատմամբ շփոթվածության մշուշոտ զգացումը գիտակցված ընտրության արդյունք են: Ի՞նչ եմ անում ես՝ լուսանկարելով մարդուն: Ի՞նչ հարաբերություն եմ հաստատում այդ մարդու հետ եւ, ամենակարեւորը, ի՞նչ կերպար եմ ցանկանում ներկայացնել դիտողներին: Եթե մարդու բարդ եւ էականորեն անճանաչելի բնույթին հավելենք այն, որ լուսանկարչությունը ոչ թե առարկայական իրականությունն է, այլ միշտ եւ անպայման մի տեսակ «սարքովի» է, ապա տրամաբանական հետեւությունն այն է, որ անհրաժեշտ է խուսափել չափից ավելի ընդգծված, չափազանց հստակ եւ բացահայտ զգացմունքներ առաջարկելուց: Սա կարող է պարադոքսալ թվալ, քանի որ լուսանկարներն, ըստ սահմանման, «սառեցված» պատկերներ են, սակայն մարդկանց հետ իմ փոխգործակցության մեջ ես ձգտում եմ հասնել պատկերվող դեմքի մի տեսակ «զրոյական աստիճանի»: Նախընտրում եմ այնպիսի արտահայտության բացակայություն, որը հստակորեն կհուշի մի հոգեվիճակ, որպեսզի հնարավորինս պահպանվեն մյուսի երկիմաստությունն ու անճանաչելիությունը: Պատկեր ստեղծելն ինքնին ենթադրում է ընտրություն, բայց այդ սահմանափակության ներսում ես ցանկանում եմ առավելագույնս հարգել մարդկանց, ինչպես նաեւ վայրերի անորոշ բնույթը: Եվ կարծում եմ, որ ձեր ընդգծած երկու հատկանիշները փոխկապակցված են. անհատներն ապրում են մի աշխարհում, որի բնույթը մշտապես փորձում են հասկանալ, իսկ կոդերը՝ վերծանել: Իմ ձգտումն այն է, որ այս խորհրդավորությունից գոնե մի մասը, լուսանկարչության՝ որպես մեդիայի բնորոշ առեղծվածայնության նախնական էության, պահպանվի իմ պատկերներում:

–Ճի՞շտ եմ զգում, որ միայնությունը ձեր ստեղծագործության կենտրոնական թեմաներից է: Նույնիսկ ձեր բնապատկերները մեկուսացված, փխրուն, գրեթե մելամաղձոտ են, եթե անգամ հաճախ ունենում են վառ գույներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս մեկնաբանությանը:

-Ինձ համար պատիվ է նման մեկնաբանություն լսելը, որովհետեւ այն հաստատում է, որ իմ լուսանկարներն առնվազն որոշ չափով կարողանում են արտահայտել այն թեմաներն ու շարժառիթները, որոնցից ծնվել են: Տարածության հարցն անցնում է ամբողջ արվեստի պատմության միջով, բայց, հավանաբար, այն առավել խորությամբ առկա է գրականության պատմության մեջ: Լուսանկարչությունն անքակտելի ձեւային կապ ունի պոեզիայի հետ. արտահայտության այս երկու միջոցներն էլ գործում են սահմանների, եզրերի հիման վրա՝ պոեզիայի համար՝ տողի ավարտը, լուսանկարչության համար՝ ներկայության եւ բացակայության միջեւ հարաբերության հաստատումը: Ձեր նկատառումն ինձ հիշեցրեց Սալվատորե Քվազիմոդոյի տողերը. «Բոլորը միայնակ են երկրի սրտի վրա, Արեւի ճառագայթով ճեղքված. Ու հանկարծ երեկո է»: Կարծում եմ, որ միայնությունը՝ որպես գոյաբանական վիճակ, կարեւոր թեմա է, հատկապես լուսանկարչության մեջ, որը, գուցե մյուս արվեստների համեմատ, կատարվում է լռության եւ, հիրավի, միայնության մեջ: Ինձ հետաքրքրողն առնվազն ա՛յս չափորոշիչն է: Եվ ես լիովին համաձայն եմ, երբ միայնության հարցը դուք կապում եք տեսարանի խոցելիության հետ: Լուսանկարչությունը՝ դիտողին գրավելու իր յուրահատուկ կարողությամբ, ընդգծում եւ բարձրացնում է այն փաստը, որ տվյալ պահին վայրերն ու մարդիկ որոշակի տեսք ու բնութագրեր են ունեցել: Սակայն մի քանի դեպք կամ ժամանակի ընթացքը բավարար են, որպեսզի այդ վայրերն ու հավասարակշռությունները խախտվեն : Միգուցե նորից կրկնում եմ այն հակասությունը, որ լուսանկարչությունն անմահացնում է պահը, բայց հենց դրա շնորհիվ (կամ դրանից ելնելով) այն մշտական հիշեցում է մարդկանց եւ վայրերի խոցելիության մասին:

–Անցնենք ձեր անձին: Ձեր նախապապ Սալվատորե Վալերին (1856-1946) ամուսնացած է եղել պոլսահայ եւ եգիպտահայ լուսանկարիչ Գաբրիել Լեքեճյանի (1848/1853-1921) քրոջ՝ Մարիա Լեքեճյանի հետ: Ի՞նչ գիտեք ձեր հայ նախնիների մասին:

-Իմ ներկա նախագիծն է «Խաչաձեւ հայացք. տեսողական հետազոտություն  նախնիներիս՝ Վալերիի եւ Լեքեճյանի ժառանգության վրա», որն արժանացել է «Ստեղծագործ հայացք» դրամաշնորհին: Այն ծնունդ առավ իմ ծագումնաբանությունը հայտնաբերելու, հիշողությունը վերակառուցելու եւ ակտիվացնելու անհրաժեշտությունից՝ նոր կյանք տալով այն կապերին ու հարաբերություններին, որոնք կորսվել էին ինչպես ընտանեկան մակարդակում՝ սերնդափոխության պատճառով, այնպես էլ պատմական իրադարձությունների հետեւանքով: Միշտ իմացել եմ, որ նախապապերիցս Սալվատորե Վալերին եղել է նկարիչ, որը շատ երիտասարդ տարիքում տեղափոխվել է Կ.Պոլիս՝ այնտեղ ավելի քան 40 տարի զբաղվելով նկարչությամբ եւ նկարչության դասավանդմամբ: Նրա կինը՝ Մարիա Լեքեճյանը, պոլսահայ էր: Նրանց, ինչպես միլիոնավոր մարդկանց կյանքը խիստ փոխվեց երիտթուրքերի իշխանության գալու, Օսմանյան կայսրության վախճանի եւ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման հետեւանքով: 1923-1925 թթ. նրանք լքեցին Պոլիսը եւ հաստատվեցին Ֆաենձայում՝ այն տանը, որտեղ ապրել են չորս հաջորդական սերունդներ, ես՝ նույնպես: Ֆաենձան նաեւ հայրենի քաղաքն էր Ջուզեպե Ներիի, որն ամուսնացել է իմ մեծ տատիկ Իտալիա Վալերիի՝ Սալվատորե Վալերիի եւ Մարիա Լեքեճյանի երեք զավակներից մեկի հետ:

Ես մեծացել եմ՝ շրջապատված նրանց իրերով, որոնց մեջ էին Սալվատորեի գրեթե բոլոր յուղաներկ, ջրանկար եւ գծանկար գործերը՝ բերված Պոլսից: Բայց սերունդների հեռանալու եւ պատմական իրադարձությունների պատճառով ընտանեկան հիշողությունից ջնջվել էր կարեւոր մի իրողություն. Մարիա Լեքեճյանի ավագ եղբայրը Գաբրիել Լեքեճյանն էր, որը Պոլսում (գուցե նաեւ՝ Հռոմում) նկարչություն սովորելուց հետո մեկնել է Կահիրե եւ ունեցել բացառիկ լուսանկարչական կարիերա: Այս կապը հայտնաբերեցի մոտ ութ տարի առաջ՝ Մարիայի արխիվում գտնելով նրա լուսանկարը: Այդ պահն ինձ ոգեւորեց, որպեսզի իմ լուսանկարչությունն օգտագործեմ այս փոխկապակցված ճակատագրերի հետքերը գտնելու համար: Մեկը՝ նկարիչ, մյուսը՝ լուսանկարիչ, երկուսն էլ արտագաղթել են մի ժամանակ, երբ արվեստի այս երկու ճյուղերը հատուկ կապակցություն ունեին:

Հարյուր տարի անց դժվար է պատկերացնել, թե որքա՜ն բարդ էր տարբեր մշակույթների միջեւ հավասարակշռությունն ու հարաբերություններն այն տարածաշրջաններում, որոնք մենք այժմ պարզեցված անվանում ենք Արեւմուտք եւ Արեւելք: Իմ նպատակն է, որ «Խաչաձեւ հայացքը» վերստեղծի այդ կարեւոր տարիների խճանկարը, որոնցից ընտանեկան հիշողությունը պահպանել է միայն մասնակի եւ խամրած հիշողություններ:

Նախնիներիս կյանքի եւ գործունեության վերահայտնաբերումը լուսանկարելով՝ ես ներգրավվեցի մի հուզիչ ձեռնարկի մեջ: Որպես լուսանկարիչ՝ հետադարձ հայացքով պարզելը, որ ավելի քան մեկ դար առաջ իմ նախնիներից մեկը նույնպես լուսանկարիչ է եղել, խորունկ հարցեր առաջացրեց մեր կատարած ընտրությունների ու այն անտեսանելի հետքերի մասին, որոնք անցյալը թողնում է ներկայի մեջ:

Սալվատորե Վալերի, «Մարիա Լեքեճյանի դիմանկարը»

Կան նաեւ պատմական դիտանկյուններ՝ ե՛ւ լայն առումով, ե՛ւ տեսողական արվեստների կոնկրետ իմաստով. Սալվատորե Վալերին մասնակիորեն անհայտ է մնացել արեւմտյան արվեստում, քանի որ նրա գործերի մեծ մասը երբեք չի լքել ընտանեկան տունը 1923-ից հետո: Գաբրիել Լեքեճյանը, ընդհակառակը, առկա է 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի Մերձավոր Արեւելքի լուսանկարչությանը վերաբերող բոլոր գրքերում, բայց նրա ստուդիայում ստեղծված հազարավոր պատկերներից շատ քիչ բան է հայտնի: Ի դեմս այս երկու կերպարների՝ ես կարողանում եմ դիտարկել արտագաղթած արվեստագետների կյանքը, որոնք ապրել են մի դարի ավարտին եւ մյուսի (դրամատիկ) սկզբում, ինչը կարեւոր է տեսողական արվեստների պատմության համար: Այս մոռացված հիշողությունը հնարավորություն է տալիս վերակապակցել Եվրոպայի, Եգիպտոսի եւ նախկին Օսմանյան կայսրության ընդհանուր ժառանգությունը:

Չեմ փորձում նոր տեսանկյուններ առաջարկել ժամանակակից լուսանկարչության պրակտիկայի վրա. պարզապես կարծում եմ, որ լուսանկարչությանը պիտի վերադարձնել նրա ամենահին եւ կարեւոր գործառույթներից մեկը՝ դիտարկման, հետազոտման եւ մտորումների գործիք լինելը, հիշեցնելով, որ աչքերը մարդու ուղեղի միայն տեսանելի եւ բացահայտված մասն են: Իմ կապն այս պատմության հետ եղել է հիմնականում պատկերների, ոչ թե պատմությունների միջոցով: Վալերի-Լեքեճյան-Ների տանը պահվում է Սալվատորեի նկարած Մարիայի դիմանկարը եւ Ստամբուլի Բայեզիդ մզկիթի ներքին բակը պատկերող կտավը, որոնք, Լեքեճյանի իսլամական արվեստի եւ եգիպտական   հնագիտության պատկերների հետ միասին, ինձ համար միշտ եղել են մի տեսակ լուռ հուշ:

«Խաչաձեւ հայացքի» միջոցով, Ստամբուլի Բողազիչի համալսարանի արվեստի եւ ճարտարապետության պատմության պրոֆեսոր Պաոլո Ջիրարդելիի օգնությամբ, հայտնաբերեցինք մանրամասներ, որոնք նույնիսկ հայրս՝ Ստեֆանոն, չգիտեր. օրինակ՝ Ալեսանդրո Վալերիի մահվան ճշգրիտ ամսաթիվը: Ալեսանդրոն՝ իմ մեծ տատիկ Իտալիայի երկվորյակ եղբայրը, ճարտարապետ էր: Նա է նախագծել Ստամբուլի Բուլղուր պալատը (ոչ թե Ջուլիո Մոնջերին, ինչպես նախկինում կարծել են) եւ մահացել է 1920-ին, ընդամենը 33 տարեկան հասակում: Նրա հիշատակին Իտալիա եւ Ջուզեպե Ներիները որոշել են իրենց առաջին որդուն՝ իմ պապիկին, անվանել Ալեսանդրո:

–Կպատմե՞ք ձեր տպավորությունները Կահիրե կատարած ձեր այցից, որի ընթացքում գնացել եք Գաբրիել Լեքեճյանի հետքերով:

-Իմ նախագծի արվեստի կեցավայրերից յուրաքանչյուրը (Երեւան, Ստամբուլ, Կահիրե եւ Իտալիա) մարմնավորում է այն յուրահատուկ պատմության տարբեր կողմերը, որը ես փորձում եմ կառուցել լուսանկարչության միջոցով: Կահիրեում իմ պատմողականությանը կապված տեսողական խտությունն ու ազդակներն այնքան բազմաշերտ են, որ դրանք ամփոփելը հեշտ չէ: Քաղաքը խթանում է հրատապության խորը զգացում, մի ներքին կարիք՝ այն դիտարկելու եւ լուսանկարչության միջոցով փաստաթղթավորելու, նախքան ջնջվեն այդ վայրերը եւ դրանց հետ միասին՝ նաեւ դրանց մասին հիշողությունը: Կահիրեում Լեքեճյանը լուսանկարել է քաղաքային տեսարանների եւ դիմանկարների լայն շրջանակ: Իմ աշխատանքը կառուցել եմ երեք հիմնական ուղղությամբ. նախ՝ գտնել եւ դիտել այն վայրերը, որոնք կապված են Գաբրիելի կյանքի պատմությանը. նրա ստուդիայի, հայ համայնքի հիմնական վայրերը: Այդ աշխարհից որոշ բան դեռ պահպանվել է, նույնիսկ եթե՝ միայն «խորշերում», մինչդեռ մյուսները ոչնչացել են, օրինակ՝ «Կոնտինենտալ-Սավուա» հյուրանոցը, որտեղ Լեքեճյան ընտանիքը կազմակերպել է իրենց դուստր Էլիզի հարսանիքը: Երկրորդ ուղղությունը Լեքեճյանի լուսանկարած եւ Վալերիի նկարած վայրերն այցելելն էր, գրեթե հզոր պաշտամունքային ճանապարհորդություն, երբ ոտք էի դնում այդ նույն վայրերը եւ դրանք դիտում էի նման, բայց ոչ միեւնույն կետերից: Օրինակ, այդպես արեցի Սուլթան Հասանի մզկիթի ներքին բակում՝ գրեթե մոլեռանդորեն լուսանկարելով լվացման ավազանը, որտեղ Լեքեճյանը պատրաստել էր իր ապակե նեգատիվները, որոնք ես պաշտում եմ: Այն փաստը, որ ես աշխատում եմ գրեթե նույն գործիքով, որն օգտագործել է իմ նախնին՝ եռոտանու վրա դրված լայնաֆորմատ խցիկ, նույնպես ուժ էր հաղորդում լուսանկարելու գործողությանը: Լեքեճյանի համար դա ապակե թիթեղներն էին, ինձ համար՝ 4×5 դյույմանոց գունավոր ժապավենը, բայց մոտեցումը բացարձակապես նույնն է:

Անդրեա Սավորանի Ների, «Ճարտարապետական ավերակներ Նաիրիտի կիսալքված արդյունաբերական տարածքում, Երեւանի հարավային ծայրամասում, Հայաստան, 2025 թվականի սեպտեմբերի 23»:

Եվ վերջապես՝ հանդիպումը մարդկանց հետ: Թե՛ Լեքեճյանը, թե՛ Վալերին, որոնք կապված էին գեղարվեստական կրթությամբ եւ ընտանեկան թելերով, առանձնապես նվիրված էին դիմանկարներին, որ կատարում էին ոչ այնքան ստուդիայում (չնայած դրամական առումով դա անհրաժեշտ էր), որքան փողոցում: Իմ դեպքում, Կահիրեում բնակիչների հետ հանդիպումների հետ մեկտեղ, հանդիպեցի նաեւ մարդկանց, որոնք իրենց գիտելիքները հաղորդելով ինձ՝ պատուհան բացեցին դեպի այդ աշխարհը: Ուզում եմ նշել իմ հանդիպած այն մի քանի մարդկանց անունները, որոնք Կահիրեում բարեհամբույր կերպով օգնեցին ինձ իմ հետազոտության մեջ՝ գործնականում ու խորհուրդներով եւ մասնակցեցին լուսանկարչական սեսիաներին. Օմնիա Աբդել Բար՝ ճարտարապետ եւ իսլամական ճարտարապետության պատմաբան, Հայկ Ավագյան՝ մտավորական, որը կատարել է բացառիկ աշխատանք՝ հավաքելով Լեքեճյանի լուսանկարների մեծ հավաքածուն եւ 2020-ին հրատարակել երկու հատորով «Ջահակիր» մատենաշարով՝ տալով հայ լուսանկարչի կյանքի՝ երբեւէ գրված ամենից համապարփակ եւ վավերագրված շարադրանքը, Ֆրանսիս Ամին՝ եգիպտացի հետազոտող եւ պատմաբան, եգիպտական լուսանկարչության պատմության առաջատար մասնագետ, Քրիս Միքայելյան, որի ընտանիքի երեք սերունդ ղեկավարել է Կահիրեի կենտրոնի ընթեցրասրահը, պատմական մի վայր, որտեղ հանդիպել եւ շփվել են հայերը եւ մյուս համայնքները: Նրանք իմ ուղեցույցներն էին Կահիրեում, եւ մեր երկխոսությունն այս հետազոտության մասին նոր է սկսվում:

–Իսկ հիմա ներկայացրե՛ք, խնդրեմ, ձեր տպավորությունները եւ լուսանկարչության փորձառությունը Հայաստան կատարած ուղեւորությունից:

-Անցյալ սեպտեմբերին Հայաստան գալս իմ պատմության ամենամետաֆորիկ գլուխն է: Գաբրիել Լեքեճյանն ու Սալվատորե Վալերին չեն ծնվել ներկայիս Հայաստանի տարածքում, չեն բնակվել եւ ստեղծագործել նրա ներկա սահմաններում, եւ, այնուամենայնիվ, նրանց անուններն ու կապերը հայ համայնքի ու մշակույթի հետ հաստատուն են: Հետեւաբար, լուսանկարելու համար ես փնտրեցի խորհրդանշական մի կապ այդ տարածքի հետ, եւ իմ աշխատանքում առաջընթացի ընթացքում ի հայտ եկավ երկու մեկնաբանություն. մի կողմից՝ մարդկանց, մյուս կողմից՝ հին տեղանքների դիտարկումը: Դրանք Լեքեճյանի աշխատանքների երկու հիմնական թեմաներն են: Բայց ինչպիսի՞ հին տեղանքներ կարող էի դիտարկել, երբ Լեքեճյանը լուսանկարել էր հին Եգիպտոսի մնացորդները, իսկ ես գտնվում էի մի նախկին խորհրդային հանրապետությունում: «Խաչաձեւ հայացքի» գործընկեր, Հայաստանի Ազգային պատկերասրահի լուսանկարչության բաժնի տնօրեն Վիգեն Գալստյանի հետ քննարկումների արդյունքում կենտրոնացա խորհրդային անցյալի եւ հատկապես արդյունաբերական դարաշրջանի հին տեղանքների վրա: Այս ոչ անյքան գնահատվող, հաճախ անհարմար ժառանգությունը կարեւոր է, որովհետեւ դրա միջոցով կարելի է խուսափել Հայաստանի մասին խոսույթը սահմանափակող երկու թեմաներից՝ Ցեղասպանություն եւ քրիստոնեություն ու նրա ճարտարապետական եւ մշակութային ժառանգությունը, որոնք ծանր քարերի պես գրավել են հանրային պատկերացումները: Անհարմար, գրեթե տհաճ խորհրդային արդյունաբերական անցյալն ունի այն արժանիքը, որը կարծես երկիրը վերամիավորում է պատմական համատեքստին եւ տարածքային հարաբերություններին, եւ ոչ մեկուսացնում՝ այն դարձնելով եզակի ու բացառիկ՝ Ցեղասպանության աղետի եւ քրիստոնյա ծագման վեհության հիման վրա: Այսպիսով, գրեթե մեկ ամիս ուսումնասիրեցի եւ լուսանկարեցի Երեւանի հարավային եզրագծի «Նաիրիտ» գործարանը, Ալավերդին, Վանաձորը, Գյումրին եւ Մեծամորը: Լուսանկարեցի այդ վայրերը ինչպես հնագույն Եգիպտոսի մնացորդները՝ հսկայական, զարհուրելի եւ խորհրդավոր. սառեցման աշտարակներ՝ բուրգերի պես, հսկայական ծխնելույզներ՝ հնագույն մինարեթների նման: Սակայն ես երբեք չեմ խզել հարաբերություններն ինձ հանդիպած մարդկանց հետ: Եվ եթե Հայաստանում ինձ որեւէ բան չզարմացրեց, ապա դա այն մեծ հյուրընկալությունն ու ջերմությունն էր, ինչն ինձ արդեն հայտնի էր՝ արտերկրում ապրող իմ բազմաթիվ հայ ընկերներից եւ գործընկերներից…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝  Անդրեա Սավորանի Ների

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ռաֆ Բարաթյանի պոեզիայի հմայքը

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Ռաֆ Բարաթյանի պոեզիայի հմայքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական