Անգլիացի անվանի երգեհոնահար Ջոնաթան Սքոթի երեւանյան բեմելույթը մեզանում արդեն երրորդ անգամ անցկացվող՝ Վահագն Ստամբոլցյանի անվ. երգեհոնային երաժշտության փառատոնի շրջանակներում էր: Ջոնաթան Սքոթն աշխարհում հայտնի է ոչ միայն իր բարձրորակ կատարողական արվեստով, այլ նաեւ երգեհոնի համար արված՝ իր մշակում-փոխադրումներով:
Ջ. Սքոթը ծնունդով Մանչեսթրից է, որպես դաշնակահար եւ երգեհոնահար դասեր է առել Չեթհեմի երաժշտական դպրոցում, ապա՝ ուսումը շարունակել ԱՄՆ-ում եւ Նիդերլանդներում: Արժանացել է Երաժիշտների պատվարժան ընկերության WT Լավագույն կրթաթոշակի, Ոսկե մեդալի, Լոնդոնի պատվավոր քաղաքացի է: Նա 2017 թ. հանդես է եկել սըր Կառլ Ջենկինսի «6000 Pipes!» խորագրով՝ երգեհոնի կոնցերտի առաջին կատարմամբ: Կոնցերտի համաշխարհային պրեմիերան ներկայացրել է համերգային շրջագայությամբ, մասնավորապես՝ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ եւ կոմպոզիտորի ղեկավարությամբ գալա-համերգով Լոնդոնի «Ռոյալ Ալբերտ Հոլ» համերգասրահում: Նրա բեմելույթների «աշխարհագրությունը» շատ լայն է՝ մենահամերգներ եւ համերգներ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Էստոնիայում, Հունգարիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում, Լատվիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում, Թայվանում, Հարավային Կորեայում, Սինգապուրում: Ջոնաթանը նաեւ միջազգային համերգային խիստ հագեցած գործունեություն է ծավալում իր եղբոր՝ դաշնակահար Թոմ Սքոթի հետ: Սքոթ եղբայրների դուետի You Tube-յան ալիքն աշխարհում ամենից հանրաճանաչ հեռարձակողների շարքում է. նրա դիտումներն անցել են 70 միլիոնից:

Ջոնաթան Սքոթը Հայաստանում առաջին անգամ էր: Նրա երեւանյան մենահամերգին կատարվեցին Բախի, Հենդելի եւ Վիվալդիի ստեղծագործությունները (վերջինիս երկերը, այդ թվում՝ «Տարվա եղանակներ»-ը՝ Սքոթի փոխադրմամբ): Համերգի մեկնարկին երգեհոնահարը, դիմելով հանդիսականին նկատեց, որ այն ստեղծագործությունները, որոնք ընտրել է այդ երեկոյի համար, հատկապես Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը տեղադրված հոլանդական՝ միջնադարյան երգեհոնի տեսակի համար են: Անգամ, համառոտակի բացատրեց եւ ցուցադրեց, թե այդ երգեհոնի տարբեր մասեր ի՛նչ դեր ունեն հնչարտադրության ընթացքում:

Բոլորը նկատեցին երգեհոնահարի՝ դահլիճի հետ առնչվելու անմիջականությունը, զգացին այն դրական լիցքերը, որ հաղորդում էր թե՛ իր անձով եւ թե՛ նվագով: Իսկ համերգի ավարտին Կոմիտասի՝ «Շուշիկի» ստեղծագործության կատարումը մի առանձնակի հիացմամբ ընդունեց հանդիսականը:
Ոնց հայաստանյան երգեհոնային միջազգային փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի փոխտնօրեն Արմեն Սուքիասյանն էր խոստացել, Ջոնաթան Սքոթի մասնակցությամբ համերգին հանդիսականը «շատ ռոմանտիկ երեկո» ունեցավ:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. Երեւանյան մենահամերգի հաջորդ օրը Չարենցավանի Ա. Խաչատրյանի երաժշտական դպրոցում անգլիացի Ջոնաթան Սքոթը ելույթ ունեցավ սույն կրթօջախի տնօրեն, հայկական երգեհոնային դպրոցի ներկայացուցիչ Վահագն Մարգարյանի հետ: Եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կողքին հնչեցին Նարեկացու, Տարոնացու, Եկմալյանի անմահ երկերը:
 
			 
     
			





