Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Անգլիայում զույգ բարեգործական համերգ Հայաստանի համար

21/07/2023
- 21 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2023 թ. հունիս ամսին Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում եւ մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցան բարեգործական երկու համերգներ, որ կազմակերպել էր Բրիտանահայ Միությունը՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Զույգ երաժշտական միջոցառումների նպատակն էր աջակցել Կապանի Արվեստի կենտրոնի համար ռոյալ դաշնամուր գնելու եւ այն Վիեննայից մինչեւ Սյունիք տեղափոխելու համար նախատեսված ծախսերին, որը երաժիշտ Սեւակ Ավանեսյանի նախաձեռնությունն էր: Հայաստանի այս սահմանամերձ շրջանը ռազմավարական առումով խիստ կարեւոր է պետության անվտանգության եւ անկախության պահպանման համար:

Այս բացառիկ համերգների հատուկ հյուրն էր ինքը՝ բելգիաբնակ անվանի թավջութակահար Սեւակ Ավանեսյանը: Արդեն մի քանի ամիս է, ինչ Սեւակը դրամահավաք է իրականացնում՝ Կապանի համերգասրահի համար մեծ դաշնամուր գնելու նպատակով: Կենտրոնը տասնամյակների պատմություն ունի, այնտեղ 1970-80-ականներին ելույթներ են ունեցել այնպիսի լեգենդար երաժիշտներ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը եւ Վալերի Գերգիեւը:

Անգլիայի բարեգործական համեգներին Սեւակ Ավանեսյանին էին միացել նաեւ շնորհալի այլ երաժիշտներ, որոնք համերգային ճոխ ծրագրով հանդիսատեսին ներկայացրին եվրոպական եւ հայ մեծ կոմպոզիտորների գլուխգործոցները՝ Մոցարտից մինչեւ Բաբաջանյան:

Մանչեսթրի համերգը տեղի ունեցավ հունիսի 24-ին, Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցում, որը կառուցվել է 1870-ին եւ ամենահին հայկական եկեղեցին է Մեծ Բրիտանիայում: Մինչ համերգի սկսելը եկեղեցին իր հյուրընկալ դռները բացեց բարեգործական համերգի մասնակիցների, կազմակերպիչների եւ հյուրերի առջեւ փոքրիկ հյուրասիրությամբ:

Համերգը բացեց 24-ամյա հոբոյահար, Բիրմինգհեմի Արքայական կոնսերվատորիայի շրջանավարտ Ջեք Մուրադյանը, որը կատարեց Թելեմանի թիվ 2 լիրիկական ֆանտազիան: Երեկոյի երկրորդ կատարողը 21-ամյա՝ արդեն իսկ հոյակապ ջութակահար Պոլինա Շարաֆյանն էր, որը հանդիսատեսին ներկայացրեց երկու ստեղծագործություններ՝ Կոմիտասի «Ծիրանի ծառը» եւ Բախի հայտնի  Չակոնան: Պոլինան Լոնդոնի Արքայական երաժշտական ակադեմիայից լիարժեք կրթաթոշակ է ստացել՝ սովորելով մաեստրո Լեւոն Չիլինգիրյանի դասարանում: Ի հիացումն հանդիսատեսի՝ Պոլինան Սեւակ Ավանեսյանի հետ համատեղ մեծ վարպետությամբ ներկայացրեցին Հենդել-Հալվերսոնի հանրահայտ Պասակալիան՝ գրված ջութակի եւ թավջութակի համար:

Չորրորդ երաժիշտը նույնպես ներկայացնում էր նոր սերունդը. կոմպոզիտոր եւ դաշնակահար Վրեժ Խաչատրյանը վարպետորեն նվագեց Արամ Խաչատրյանի հայտնի Տոկատան դաշնամուրի համար: Վրեժը հանրահայտ Հյուսիսային Արքայական երաժշտական քոլեջի շրջանավարտ է՝ մագիստրոսի աստիճանով:

Համերգը եզրափակեց Սեւակ Ավանեսյանը՝ կատարելով Բախի թավջութակի թիվ 5 սյուիտը եւ Կոմիտասի հանրահայտ «Կռունկը»:

«Կարծում եմ՝ բոլորս էլ լավ ենք հիշում, թե ինչպես Սեւակը 2020 թ. հոկտեմբերի 8-ին, ադրբեջանական ռմբակոծությունից հետո, նվագեց «Կռունկը» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարում. այդ տեսագրությունը շրջեց ողջ աշխարհով մեկ: Երախտապարտ ենք նրան, որ այսօր, այս գեղեցիկ երաժշտական հանդիպմանը, Մանչեսթրի հայոց եկեղեցու կամարների ներքո, դարձյալ հնչեց այս խորհրդանշական ստեղծագործությունը»,- նշեց Բրիտանահայ Միության ատենապետուհի Հասմիկ Սեյմուրը:

Երկու օր անց, հունիսի 26-ին, Լոնդոնի Արքայական Քենզինգթոն եւ Չելսի շքեղ թաղամասում գտնվող «Մեր Հաղթանակների Տիրամայր» կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ երկրորդ բարեգործական համերգը: Եկեղեցու 300-տեղանոց սրահը լեցուն էր ինչպես հայ, այնպես էլ այլազգի երաժշտասերներով: Հատուկ շնորհակալություն եկեղեցու հովիվ Մոնսինյոր Ջեյմս Քարիին՝ սրահը այս բացառիկ համերգի առիթով Բրիտանահայ Միությանը անվճար տրամադրելու համար: Բարձրաստիճան հյուրերի թվում էին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, Արքայական Քենզինգթոն եւ Չելսի շրջանի նորընտիր քաղաքապետ տիկին Փրիթի Հադը, Իլինգի շրջանի քաղաքապետարանի խորհրդական տիկին Չարան Շարման, պատգամավորներ, Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բրիտանահայ համայնքի Ազգային խորհրդի ատենապետ Արմանդ Աբրահամյանը, Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, այլազգի հյուրեր:

Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր բացման խոսքում հատուկ շեշտեց Սյունիքում մշակութային կյանքի աշխուժացման կարեւորությունը, որը կնպաստի բնակիչներին ավելի ամուր կապվելու իրենց ծննդավայրին, քանի որ Սյունիքը ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունի տարածաշրջանում՝ Հայաստանը կապելով Իրանին եւ Արեւելքին:

Առաջինը բեմ բարձրացան Սեւակ Ավանեսյանը եւ Պոլինա Շարաֆյանը: Մանչեսթրյան համերգի հաջողությունից հետո այս երաժշտական զույգը եւս մեկ անգամ կատարեց Հենդել-Հալվերսոնի Պասակալիան՝ կամերային երաժշտության ամենասիրված եւ բարդ դուետներից մեկը: Բրիտանահայ ճանաչված ջութակահար Անի Բատիկյանը հանդիսատեսին հիացրեց երկու ստեղծագործությունների կատարումով՝ Էդուարդ Էլգարի «Էլեգիան»՝ գրված ջութակի եւ դաշնամուրի համար եւ «Ադաջո եւ Բաքանալը»՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից:

Ներկաների համար շատ հաճելի անակնկալ էր սոպրանո Նարինե Մալխասյանի նրբաճաշակ ելույթը: Երգչուհին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի տիկինն է, որը կատարեց Շուբերտի «Ավե Մարիան» եւ «Voi che sapete» արիան` Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայից:
Ապա Սեւակ Ավանեսյանի եւ դաշնակահարուհի Մարիաննա Աբրահամյանի փայլուն կատարմամբ հնչեց Ալեքսանդր Հարությունյանի «Էքպրոմպտը»՝ դաշնամուրի եւ թավջութակի համար:

Երիտասարդ շնորհալի սոպրանո Հասմիկ Հարությունյանը ունկնդիրներին հիացրեց իր ինքնատիպ, հուզական կատարումներով՝ ներկայացնելով Կոմիտասի «Օրորը» եւ Միմիի արիան Պուչինիի «Բոհեմ» օպերայից: Երգչուհին իր երրորդ համարը ներկայացրեց Սեւակ Ավանեսյանի եւ Մարիանա Աբրահամյանի հետ եռյակով՝ կատարելով Մասնեի «Էլեգիան»:
Համերգի վերջում հնչեց Բաբաջանյանի «Տրիոն»՝ գրված դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար, որն իրավամբ երեկոյի ամենափառահեղ համարն էր: Երեք կատարողներն էլ՝ Անի Բատիկյանը, Մարիաննա Աբրահամյանը եւ Սեւակ Ավանեսյանը, պարզապես փայլեցին իրենց վարպետությամբ:

Երեկոն ամփոփեց Բրիտանահայ Միության ատենապետուհի Հասմիկ Սեյմուրը՝ ներկաներին ծանոթացնելով միության աշխատանքներին եւ ծրագրերին, եւ թե ինչպես իրականացան այս երկու բարեսիրական համերգները: «Համերգների ծրագիրը վեց երաժիշտները որոշեցին շատ կարճատեւ հեռախոսակապի ընթացքում: Երանի՜ թե քաղաքական գործիչները օրինակ վերցնեին արվեստագետներից ու կարողանային իրար հետ համագործակցել գործին նման նվիրումով եւ արագությամբ»,- կատակեց Հասմիկ Սեյմուրը՝ շնորհավորելով երաժիշտներին հրաշալի ելույթների համար:

Բրիտանահայ Միությունը ինքնաբուխ ձեւավորվել է 2020 թվականի ադրբեջանական արյունալի ագրեսիայի օրերին՝ առանց քաղաքական, մասնավոր կամ կրոնական որեւէ հովանավորությամբ: Անդամները տարբեր մասնագիտությունների տեր բրիտանահայեր են: Արդեն երկուսուկես տարի Միությունը նախաձեռնել է հասարակական ակցիաներ՝ հայ ռազմագերիների, Արցախի հայության շրջափակման եւ էթնիկ զտման, ինչպես նաեւ հայության մարդու իրավունքների պաշտպանության համար: Միության նպատակներից են մարդասիրական, մշակութային ծրագրեր՝ ի նպաստ Հայաստանի եւ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման:

Հուլիսի 4-14-ին Կապանում տեղի ունեցավ տարածաշրջանում Առաջին միջազգային երաժշտական փառատոնը, որը նույնպես Սեւակ Ավանեսյանի նախաձեռնությունն էր՝ Սյունիքի մարզի եւ ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Ելույթ ունեցան աշխարհի բազմաթիվ երկրներից հրավիրված շուրջ 150 տարբեր ժանրերի երաժիշտներ, նաեւ եղան վարպետության դասեր մարզի պատանի երաժիշտների համար:

Ըստ Սեւակ Ավանեսյանի՝ ավստրիական շքեղ ռոյալն արդեն Երեւանում է եւ ճանապարհ է ընկել դեպի Կապան: Մաղթում ենք նրան տարիների խաղաղ եւ ակտիվ գործունեություն՝ ի նպաստ Սյունիքի զարգացման եւ ամրապնդման: Հպարտ ենք՝ լինելով Սեւակ Ավանեսյանի այս հայանպաստ ծրագրին օժանդակող մի փոքրիկ օղակը՝ հեռավոր ու մոտիկ Անգլիայից:
Լոնդոն, 29 հունիսի 2023 թ.

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ

Լոնդոն

Խմբ. կողմից.– Թղթակցության հեղինակը «Ազգ»ի նախկին աշխատակիցն է: ԵՊՀ-ում սովորելու տարիներին եւ այնուհետեւ մինչեւ Անգլիա մեկնելը, լրագրության առաջին քայլերն է արել մեր թերթում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վավերագրերի հավաքածու, որ ներկայացնում է ժողովրդական նկարիչ Խաչատուր Իսկանդարյանին

Հաջորդ գրառումը

Ինչի՞ մասին է Մարիետա Խաչատրյանի «Դեպի կյանք» նոր գիրքը

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Ինչի՞ մասին է Մարիետա Խաչատրյանի «Դեպի կյանք» նոր գիրքը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025

«Իրական Հայաստանի» իրական նպատակները Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան...

ԿարդալDetails

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական