Չգիտես ինչ շարժառիթով թե նպատակով իշխանության ղեկավարը հայաստանյան հանրությանը փորձում է համոզել, որ հայաստանաբնակը սկսել է լավ ապրել: Մեղա-մեղա այն պայմաններում, երբ երկրում լավ ապրելու նախապայմաններից հիմնական ներդրումային միջավայրը գրեթե սառած է, կյանքի բոլոր ոլորտներում անտրամաբանական գնաճ է, աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում գրեթե գոյություն չունի, կարճ ասած՝ դեպի լավը տրամադրվելու որեւէ նախանշան չկա, խոսել դեպի դրականը ինչ-որ շարժի մասին` առավել քան տարօրինակ է, քանզի պարզ չէ բուն այդ լավ ապրել կոչվածի գոնե մոտավոր չափանիշը: Հայաստանաբնակն իր անձնական բազում հոգսերից ու խնդիրներից զատ ցանկանում է շքամուտքը հաճելի վերանորոգված տեսնել, բակը՝ ծաղկապատված ու հանգստի վայր դարձած, հանրային տրանսպորտը գոնե շաբաթը մեկ լվացված, մարդիկ էլ՝ առանց վրդովվելու ու չարանալու աշխատավայր եւ ուսումնական հաստատություն հասած: Նվազագույն այս ցանկություններն այսօր գրեթե երազ են մեր հայրենակիցների համար, որոնք այդպես էլ չեն պատկերացնում, թե ե՞րբ իրենց առօրյան գոնե մասամբ կմոտենա իրենց սպասումներին ու ակնկալիքին, հայաստանյան միջավայրում բարվոք մթնոլորտ կտիրի, մարդկանց շնչահեղձությունը կվերանա:
Ավա՜ղ, ՀՀ կառավարիչ իշխանությունների գործողությունները լավ ապրելը շղարշող միջոցառումների շղթա է հիշեցնում: Ասենք, մշտապես է բարձրաձայնվում գյուղական բնակավայրերում անհատական տների շինարարության ծրագրի մասին, այն ներկայացվում է որպես սոցիալական բարդագույն խնդիրների լուծման լավագույն միջոց, որտեղ պետության մասնակցությունը 16 միլիոն անհատույց դրամի տեսքով է: Կարծես ամեն ինչ իրոք տեղին է, եթե ունենանք հաջորդ հարցի պատասխանը՝ ինչ միջավայրում է հայտնվելու համայնքի նոր բնակիչը: Այն մոտեցումը, որ նա կհարմարվի գյուղական պայմաններին, միանշանակ ընդունելի չէ, քանզի հարեւանությամբ տասնամյակներ շարունակ ապրող հայրենակիցը այդպես էլ չի կարողանում հաղթահարել աղքատության ինչ-որ աստիճանում գտնվող իր կարգավիճակը. գյուղը մեխանիզացված չէ, անասնաբույժ չկա, պարզ չէ արված ցանքսը՝ արդյո՞ք ջուր կստանա, ո՛վ եւ ի՛նչքան է կազմակերպելու բերքի մթերումը եւ այսպես շարունակ: Պետությունն իր նախարարություններով ու բազմաբնույթ կառույցներով պարզապես անզոր է լուծել գյուղական միջավայրի խնդիրները, որը սկսել է… գյուղի կենտրոնը բարեկարգելով: Գյուղական բնակչությունը, ինչպես կար 1990-ականների սկզբին, մոտ 340 հազար տնտեսություն էր, որոնց կավելանան նոր, մի քանի հազար տնատերերը: Եթե նախորդ դարի 90-ականներին հայոց գյուղհամայնքներում 650 հազար խոշոր եղջերավոր էր պահվում, 450 հազար հեկտար վարելահող էր մշակվում, հիմա նույն այն 340 հազար տնտեսություններում հազիվ 450 հազար խոշոր է պահվում, մշակվող վարելահողներն էլ ընդամենը 220 հազար հեկտար են: Անգամ մեզ առաջնահերթ հացահատիկը չենք մշակում, հազիվ մի 20 տոկոս արտադրություն ենք իրականացնում: Հասանք այն մակարդակի, որ ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության թիվ 1 պատասխանատու էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ երկրի հողային տարածքներում նպատակահարմար չի համարում հացահատիկային մշակաբույսերի ցանքսի իրականացումը, շահութաբերության շուրջ չհիմնավորված փաստարկումով:
Անգամ սիրողական մակարդակով արված դիտարկումները հիմնավորում են, որ ՀՀ գյուղոլորտում հարցերն ու խնդիրները կապված են մարդկանց ու տնտեսությունների աշխատանքի արդյունավետությունը կաշկանդող ու խոչընդոտող որոշակի հանգամանքների հետ: Շանոթացեք, թե ինչ միջոցներով են ընթացել մեր երբեմնի բախտակից, լավ ապրելը գերազանցած մերձբալթյան հանրապետությունները: 2000 թվականին գյուղոլորտում ընդգրկված են եղել Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի աշխատունակ բնակչության համապատասխանաբար 11, 16 եւ 20 տոկոսները, ՀՆԱ-ի 5.600, 4.000 եւ 4.800 դոլար ցուցանիշներով: 2023-ին պատկերը հետեւյալն է՝ 2,7, 6,8 եւ 5,3 տոկոսներ, ՀՆԱ-ները 47.000, 40.000 եւ 48.000 հազարական դոլար: Անգամ այս պայմաններում հիշյալ երկրների մարդիկ որոշակի հանգամանքներում դժգոհում են իրենց իշխանություններից եւ նրանց հրաժարականն են պահանջում, իրական ժողովրդավարության հասնում:
Նշված ժամանակահատվածում ՀՀ ՀՆԱ-ն 2.700 դոլարից հասել է 8.000 դոլարի, գյուղոլորտում ընդգրկվածների թիվն այդպես էլ չի փոխվել՝ 33-34 տոկոս: Ինչո՞ւ, պարոնայք բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրության կողմից մուծված հարկերով ու տուրքերով պահվող իմա մասնագետներ: Տարիներ առաջ, երբ նախարարներիդ համար ամսական աշխատավարձ սահմանվեց, որը միջին կենսաթոշակառուն ստանում է 3 եւ ավելի տարիների ընթացքում, խոսվեց ձեր աշխատանքի արդյունավետությունից, որն այդպես էլ չի արձանագրվում: Ձեր բազմապիսի հանդիպումներն ավարտվում են «հետաքրքրված են ՀՀ տնտեսությամբ, ներուժը մեծ է, սակայն չի օգտագործվում, ՀՀ օրենքները նպաստավոր են ներդրումների համար» եւ համանման ակնարկներով: Ինչ-որ կառույց կար՝ պետական հետաքրքրությունների ֆոնդ անվանումով, որտեղ 25 միլիարդ դրամ ծախսվեց ու ֆոնդը փակվեց, ամիսներ շարունակ դատական գործընթացներից է խոսվում:
Ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ շարքային քաղաքացուս շրջապատում հաճախ է հարց հնչեցվում, թե ե՞րբ իրականում կսկսենք բարվոք ապրել, ասենք՝ արդեն հիշատակված մերձբալթյան երկրների այսօրվա մակարդակով: Հարցն անհարկի է, քանզի այն հիմնական շահառու այրերից որեւէ մեկին պարզապես չի հետաքրքրում: Այն, բոլոր պարագաներում, կարող է աղետալի լինել:
Այսպես էլ շարունակվում է աղքատի կարգավիճակում հպարտ երեւալու գործընթացը, որն ընթանում է հպարտ կեցվածքով աղքատությունը հաղթահարելու անզորությամբ, դրա դրսեւորության հանդեպ անկարողությամբ: Իշխանությունը ոգեւորվում է թողարկված պարտատոմսերի կարծեցյալ շահեկան տոկոսներով ու անմիջապես նախաձեռնում հերթական պարտքի ձեւակերպումը, երբ ժամեր առաջ վարչապետ-նախագահ-խոսնակ եռյակով հավաստում էին ՀՀ-ում փողի խնդիր չունենալուց:
Անտեղյակ էի՞ն երկրում տիրող իրավիճակից. ո՞վ գիտի: Ահա ամբողջ եղելությունը, որ հեքիաթ է հիշեցնում: Տխո՞ւր, թե այլ բնույթի՝ ինքներդ որոշեք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ