Ինչո՞ւ է Բաքուն բռնազավթված տարածքներում ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը։ Ինչո՞ւ է ժամանակակից Ռուսաստանին պետք եկել Սյունիքով անցնող «միջանցք»։ Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում։
Մոսկվա։ «Ռեալիստ» միջազգային լրատվական գործակալության այս եւ այլ հարցերի պատասխանել է պատմական գիտությունների դոկտոր, Գիտության եւ կրթության զարգացմանն աջակցող ակադեմիկոսների ընկերակցության անդամ Ալեքսանդր Չերյոմինը։
Ինչո՞վ է ռուսաստանցի պատմաբան գիտնականի համար հետաքրքիր Հայաստանի պատմությունը։
Ալեքսանդր Չերյոմին.- Ինստիտուտի առաջին կուրսում, երբ մենք ուսումնասիրում էինք ԽՍՀՄ պատմությունը, ես եկա այն համոզման, որ Հայաստանի պատմության միջոցով կարելի է հետեւել Հին աշխարհի ու միջին դարերի պատմության ընթացքին։ Թե՛ ըստ պատմության դասագրքերում ակադեմիկոս Բորիս Ռիբակովի ցույց տված ճարտարապետական հուշարձանների, թե՛ ըստ այն բաղկացուցիչների, որոնք մենք գիտենք Աստվածաշնչից՝ ե՛ւ Նոյյան տապան, ե՛ւ Արարարտ լեռ, համոզվում ես, որ Հայոց հողը շատ հարուստ պատմություն ունի, եւ այն չի կարող տեղավորվել դպրոցական դասագրքերի փոքրիկ բաժիններում։
Դրա համար էլ ես սկսեցի զբաղվել այդ տեղանքի ուսումնասիրությամբ, նկատելով մի շատ հետաքրքրական միտում. միշտ Հայկական բարձրավանդակում տեղի են ունեցել համաշխարհային մակարդակի իրադարձություններ, բայց դրանց մասին քչերն են գրել։
Թեեւ եթե նայենք հենց Հայկական լեռնաշխարհում գործած անձանց, այնտեղ երեւելի մարդիկ են ապրել։ Հետո Բյուզանդիան ուսումնասիրելիս ես նկատեցի, որ բյուզանդական գահին հայ ժողովրդի ներկայացուցիչներ են նստել. հայկական դինաստիայի կառավարման ընթացքում հարաբերությունները բարեկամական են եղել։ Երբ ուսումնասիրում էի Ղրիմի, Կովկասի ու մերձսեւծովյան շրջանի պատմությունը, տեսա, որ այդ բյուզանդական հայ կայսրերի շնորհիվ հիշողություններ են պահպանվել…
Ես ծնվել եմ Աստրախանում, որտեղ դարեդար շատ հայեր են ապրել… Ստացվում է, որ ինչ կողմ էլ նայես, ինչ դարաշրջան, ամենուր հայ ժողովրդի ներկայացուցիչներ են եղել։ Հետագայում, երբ ես տեղափոխվեցի Մոսկվա, նույնպես սկսեցի նկատել շատ բան՝ կապված հայերի հետ…
Ինչո՞ւ են Բաքու-թուրքական զավթիչները շտապում «խաղաղության պայմանագիր» կնքել Հայաստանի հետ։
2020 եւ 2022 թվականների դեպքերից հետո բնիկ հայկական տարածքը Ադրբեջանի բռնատիրության ներքո է։ Իհարկե, Բաքվի համար այսօր ձեռնտու է այդ տարածքը պայմանագրերով իրավականորեն իրեն ամրացնելը։ Այդ քայլին դիմել չի կարելի, չնայած ինձ համար հաճելի էր տեսնելը, թե ինչպես Պրահայում իրար դիմաց նստեցին երեք ղեկավարները՝ Ռեջեփ Էրդողանը, Իլհամ Ալիեւը եւ Նիկոլ Փաշինյանը, որոնք անհրաժեշտ զրույց վարեցին։
Այդպես ճիշտ է, պետք է հանդիպել թշնամիների ու հակառակորդների հետ, պետք է հասկանալ՝ ինչպիսի զիջումներ են նրանք քեզնից սպասում։ Դատելով այն բանից, թե ինչպես է ծավալվում իրավիճակը, նրանք զիջումների են սպասում հենց Հայաստանից, սպասում են, որ Ղարաբաղն արդեն ընդմիշտ հեռանա իր հարազատ պետության՝ Հայաստանի գրկից։ Այդ պատճառով էլ հիմա ակտիվ մշակում է ընթանում, եւ դա շատ ոչ հաճելի է։
Հարկավոր է կնքել զինադադար, բայց առանց տարածքային դիրքանշման։ Տարածքների ամրակցման դեպքում կստացվի այնպես, ինչպես տեղի էր ունեցել Քեմալ Աթաթուրքի ու Վլադիմիր Լենինի օրոք։ Այդ ժամանակ եւս այդպես էին արել, ու տեսնում ենք ուր են այժմ բնիկ հայկական հողերը Վանա լճով հանդերձ։
Արդեն 100 տարի գործում է Կարսի պայմանագիրը, որը Հայաստանին զրկել է տարածքներից։ Եթե այսօր նայենք Հայաստանին մնացած տարածքից, այն փաստորեն պատմության ընթացքում ամենափոքր հայկական պետությունն է, որը 11 անգամ փոքր է Մեծ Հայքի ժամանակների երկրից։
Կցանկանայինք, որ հայ ժողովուրդը պահպանի իր ինքնատիպությունը, իր մշակույթը, լեզուն, սակայն ադրբեջանցի զավթիչները վերաշարադրում են պատմությունը, ոչնչացնում են ճարտարապետական հուշարձանները, ոչնչացնում են գերեզմանոցները, որտեղ հանգչում են սովորական հայեր, հայ ժողովրդի ականավոր գործիչներ, ոչնչացնում են տաճարներն ու պատմությունը՝ վերացնելով հնագիտական վկայությունները։ Դա ամենասարսափելին է։
Կարող է անցնել եւս 2-3 սերունդ, եւ մարդիկ արդեն չեն գիտենա՝ ինչ հայկական հուշարձաններ են այստեղ եղել։ Ադրբեջանցիներն այստեղ ԱՄՆ-ից զբոսարջիկների կբերեն ու կասեն, թե իրենք այստեղ ապրել են շատ դարեր, թե այստեղ իրենց հուշարձաններն ու հնագիտական վկայություններն են։ Այդ պատճառով էլ հայ քաղաքական գործիչների համար այսօր բավական ծանր կլինի ազգային շահերը պաշտպանելը, այդուհանդերձ պետք է հիշել սեփական ժողովրդի պատմությունը եւ հանուն այդ պատմական հիշողության դիմադրել։
Ինչո՞ւ է ժամանակակից Ռուսաստանին պետք եկել Սյունիքով անցնող «միջանցք»։ Չէ՞ որ հայտնի է՝ միջանցքի գաղափարն առաջարկվել է դեռ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ։ Ընդսմին դրա հեղինակը, տարածված կարծիքին հակառակ, եղել է նույնիսկ ոչ թե Թուրքիան, այլ կայսերական Գերմանիան։
1918 թվականին կնքվեց Բրեստ-Լիտովսկի անջատ պայմանագիրը, եւ դրանով Գերմանիայի դաշնակիցները սկսեցին օկուպացնել Խորհրդային Միության ու 1917-1918 թվականներին կազմավորված պետությունների տարածքները։
«Դաշնակցություն» կուսակցությունն այդ ժամանակ հսկայական աջակցություն ուներ Հայաստանի բնակչության շրջանում, եւ եթե չլիներ Կարմիր բանակի միջամտությունը, եթե չլիներ ծագած պատերազմը Վրաստանի, ապա նաեւ այսպես կոչված ադրբեջանցիների հետ, ապա պատմությունը բոլորովին այլ շրջադարձ կունենար…
Թուրքերն ուզում էին ոչնչացնել հայությանը, եւ Վլադիմիր Ուլյանով-Լենինի համաձայնողական քաղաքականությունը, ինչպես եւ Սերգեյ Կիրովի ոչ հաճելի դերակատարությունը, որն Ադրբեջանի ազգային հերոս է, հանգեցրին նրան, որ ստեղծվեց գործնականում բուն հայկական հողերն անդամահատող միջանցք։ Ռուսաստանը դրանով ցանկանում էր ցույց տալ իր վերաբերմունքը թուրք ժողովրդի նկատմամբ…
Ցավոք, Լենինի, ապա նաեւ Ստալինի Ժողկոմխորհի (Սովնարկոմ) վարած քաղաքականությունը ամբողջովին ուղղված է եղել հայ ժողովրդի դեմ։ Չնայած որ նույն այդ Ստալինը ծանոթ էր շատ բաքվեցիների հետ, անգամ այնտեղ բանտ էր նստել։ Եվ եթե մենք նայենք Բաքվին մինչեւ 1918 թվականը, ապա այնտեղ հիմնական բնակչությունը հայկական էր։ Ադրբեջանը արհեստականորեն ստեղծված պետություն է, որը ստացել է այլոց տարածքները…
Դե, իսկ այսօր Ռուսաստանը վարում է մի քաղաքականություն, որը կարելի է կոչել «նստել երկու աթոռների վրա»։ Ռուսաստանը չի ուզում կորցնել Ադրբեջանը, նա ուզում է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, նա շատ է ուզում բարեկամություն անել Թուրքիայի հետ եւ վերջինիս ունենալ որպես դաշնակից ընդդեմ ՆԱՏՕ-ի մյուս երկրների…
– Շատ քննադատություն է հնչում Հայաստանում եւ Արցախում ռուսական քաղաքականության հասցեին։ Ինչպիսի՞ն, ձեր կարծիքով, պետք է լինի Մոսկվայի քաղաքականությունը։
– Մոսկվան պետք է իմանա Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերությունների պատմությունը։ XIX դարում հայ ժողովուրդը սպասում էր ռուսներին իբրեւ ազատարարների։ Հայերն օգնել են ռուսներին թուրքական եւ իրանական գաղութատիրության դեմ պայքարում։ Իսկ խորհրդային շրջանում Հայաստանը հսկայական ավանդ է ներդրել Սովետական Միության տնտեսության, գիտության ու մշակույթի ոլորներում։ Հարկավոր է այս ամենը հիշել եւ ժողովրդին ավելի շատ պատմել հայ ժողովրդի պատմության, Հայաստանի մասին… Հայրենական մեծ պատերազմի օրինակով պետք է ցույց տալ հայ ժողովրդի ունեցած դերը Հաղթանակի գործում։
Ժամանակն է ամբողջովին կանգնել պաշտպանելու հայ ժողովրդին ու ասելու. «Կա անբաժանելի պետություն ու նրա պատմությունը։ Մենք ոչ մեկին թույլ չենք տա դրան տիրանալ»։
Ռուսերենից հատվածաբար թարգմանեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ