ՀՀ երրորդ հանրապետության հայելին՝ «Ազգը», չի զլանա ապագան ուրվագծել
35 տարի առաջ փետրվարի 16-ին, երբ լույս տեսավ «Ազգի» առաջին համարը, ԽՍՀՄ-ը պաշտոնապես դեռ չէր լուծարվել, հանրապետությունները, նրանց թվում նաեւ Հայաստանը, անկախության ուղին էին որդեգրել, ԼՂԻՄ-ը ժողովրդավար միաձայն ընտրությամբ միացել էր Մայր Հայաստանին, Ադրբեջանը սկսել էր Արցախի հայ բնակչության նկատմամբ սպանդը, 1988 թվականի երկրաշարժի ավերը, սուգն ու տառապանքը ընտանիք կորցրած մարդու միտքը չէին շեղել, գերադասում էր ազգային ապագայի հույսից կառչած մնալ, գյումրեցու Գորբաչովին ուղղված հարցը Ղարաբաղի՛ ճակատագրի մասին էր…կտրոնով հաց, կտրոնով կյանք, լույսի եւ վառելիքի բացակայություն, Ղարաբաղում թեժացող կռիվ…
Եւ՝ Սփյուռքից նվիրյալ մտավորականներ՝ Ռամկավար Ազատական կուսակցության եւ «Թեքեյան» մշակութային միության ղեկավարներից Երվանդ Ազատյանի համարձակ վճռով որոշեցին Երեւանի Ալավերդյան 47 հասցեում ստեղծել տարածաշրջանում համակարգչային առաջին թերթը: Ի՞նչն էր «Ազգի» հիմնադիր գլխավոր խմբագիր, Բեյրութի «Զարթօնքի» խմբագիր Յակոբ Աւետիքեանին Երեւանում հաստատվելու, օրաթերթ հրատարակելու որոշման հանգեցրել: Հայության իղձը՝ անկախ Հայաստան կերտելու, նրա ապագան կառուցելու նպատակը: Macintosh-ների լեզուն եւ բնավորությունն էլ սերտեցին «Ազգ»-ի աշխատակիցները, վազելու, արագ գրելու, մի քանի աղբյուրից լսածը ստուգելու պայմանն էլ յուրացրին:
35 տարի շարունակ «Ազգը» դարձավ Հայաստանի պատմության արձանագրողը՝ գունազարդումների, ստի եւ կեղծիքի հանդեպ անողոք մնալով: Նոր տեխնիկան, նոր գրելաոճը, թերթի նոր ձեւավորումը ավանդույթներ քանդող չեղավ, որոնեց եւ գտավ երկաթյա վարագույրից անդին մնացած թեմաներ, խոսեց մեր ազգը միավորող արժեքների մասին: Սփյուռքը հեռավորից դարձավ մասնակից, Հայ առաքելական եկեղեցին՝ ճանաչելի, միջազգային կարեւորագույն իրադարձությունները՝ մեր քաղաքականությանը հաղորդակից:
«Ազգի» 5 ամյակի առթիվ տոնական մեր տրամադրությունն եմ հիշում Սպենդիարյան Ազգային օպերայի նախասրահում, եւ մեր մեջ Արցախյան առաջին պատերազմի յուրաքանչյուր դառը օրվա, ծանր մարտերի, հաղթանակի մասին հեռախոսով թելադրած Վահրամ Աղաջանյանին: 35 տարիներից 30 -ը «Ազգն» Արցախի մասին պատմել է «առաջին ձեռքից» գրված հոդվածներով՝տեղում թղթակից ունենալով:
Փետրվարի 16-ին սկսված Մեծ Պահքի ամենամեծ խորհուրդն Ապաշխարությունն է: Միգուցե «Ազգն» էլ իր բաժին մեղքն ունի, որ …Արցախից է՛լ չեն գրում: Բոլոր իշխանություններին մեր քննադատությունը երեւի չափազանց մեղմ է եղել, չափազանց հավասարակշիռ, 6 լեզվով մեր թերթի համար պետական միջոցներ չեն գտնվել, օրաթերթը դարձել է շաբաթաթերթ, 16 էջը՝ 8, իսկ պետության ինքնապատվերը եղել է ընտրողներին փող բաժանելը, ապա որոշ հայհոյախոս, բանսարկու թերթեր հովանավորելը, որ «առանց Արցախ լավ ապրելու» թեզը մոռացնել են տվել գյումրեցու՝ Գորբաչովին ուղղված հարցը: Նյութն իշխանություն է դարձել, Ոգին՝ ծիծաղի առարկա, պոպուլիզմը հաղթել է:
Հուսախաբ ենք անշուշտ, բայց հուսահատ չե՛նք:
Ոգին առանց զենքի հաղթել չի կարող, գրել ենք միշտ: Նորագույն զենքն առանց գաղափարի եւ ոգու, կարող է ուղղվել սեփական քունքին, սրա մասին է զգուշացնում 35-ամյա «Ազգը»:
Ուստի գրում ենք Արցախի մասին՝ հավատալով, որ մեր թերթի հին համարներն ուսումնասիրող ուսուցիչը, դասախոսը կկրթի մի սերունդ, որի համար սեփական պատմությունը արհեստական բանականության ստեղծած «իրականությունը» չի լինի: Միշտ գրելու ենք Վերադարձի մասին. պահանջ եւ ոգի չունեցող մարմինը կենսունակ չէ, մանավանդ մեր օրերում, երբ հին կարգն էլ չի գործում, իսկ Նոր աշխարհակարգ ձեւավորողները ոգեզուրկներին չեն էլ թաղում, ժամանակ չունեն:
Լինենք տե՛րը մեր Ժամանակի:
Ազգի, «Ազգի» հետ լինե՛նք:
«Ազգ»-35 վերտառությամբ 2026-ին մեր թերթի սուղ տարածքում կփորձենք շարադրել թերթի պատմությունը:
Նախ՝ անունը: «Գերդաստանի ճյուղավորման հետեւանքով կազմավորված արյունակից ընտանիքների խումբ: Էթնիկական միավոր է…եւ այլն» Հայկական սովետական հանրագիտարանում «ազգ» բառի բացատրությունն է: Ինչու՞ հենց այս անունն ընտրեցին ժողովրդավարության ակունքներից, դրա պաշտպանությամբ, ազատ մտքի եւ բազմակարծության ջատագով Երվանդ Ազատյանը, Միհրան Մինասյանն ու Հակոբ Ավետիքյանը: Անկախության ձգտող Հայաստանում լույս տեսնող թերթի անվան մեջ չէր շեշտվում ո՛չ «ժողովուրդ,» ո՛չ «հայ» ու «հայոց», «հայկական» բաղադրիչները: Շատ բարձրագոչ չթվա, բայց թերթի հիմնադիր մտավորական այրերը, իրենց՝ մի քանի համալսարանների կրթությամբ հանգել էին այն գիտակցության, որ ժողովուրդը «կատարող է», ազգն է «գլուխը», իսկ «հայն» ու «հայոցը» ոչ թե պիտի լինեին թերթի ճակատին, այլ բոլոր հոդվածներում՝ շքեղ, բայց ճոռոմաբանություններից հեռու հայոց լեզվի՝ գրաբարյան դարձվածքներով, արեւելահայերեն, արեւմտահայերեն, դասական եւ աբեղյանական գրելաձեւերի դաշնությամբ, հոմանիշների առատությամբ մատուցվող լեզվով: Ամբոխահաճ (պոպուլիստական) խայծ չկար վերնագրում, բայց կար բառիմասի բացատրությունից ելնող՝ գերդաստանը, տոհմածառը որոնելու, լրացնելու, կազմելու հանձնառություն: «Ազգում» միշտ կար եւ բարեբախտաբար կա մի անփոփոխ թեմա՝ աշխարհում նշանակալի հաջողությունների հասած ծագումով հայերին ներկայացնելու հանձնառություն: Շատերի՝ տարբեր պետություններում բարձրաստիճան պետական, ռազմական դիրքի հասած հայերի մասին «Ազգն» է գրել առաջինը: Մշակույթի, արվեստի ոլորտում շատ հայտնի անունների հայկական ծագումն է բացահայտել «Ազգը»՝ հատկապես մեր հիմնադիր աշխատակիցներից անգլերենի հմուտ թարգմանիչ Հակոբ Ծուլիկյանի եւ պրպտուն հեղինակ Արծվի Բախչինյանի ջանքով:
Թերթի հիմնադիրները գիտեին իհարկե, որ «1907-1921-ին Բոստոնում լույս է տեսել նույնանուն «Ազգ»-ը՝ ազգային, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ, նաեւ եռօրյա եւ օրաթերթ: Սկզբում (մինչեւ 1914-ը) եղել է Վերակազմյալ հնչակյան կուսակցության բողոքող մասնաճյուղերի անպաշտոն օրգան, ապա Հայ ռամկավար կուսակցության Ամերիկայի շրջանակի պաշտոնաթերթ: 1921-ի հոկտեմբերին «Ազգը» միանալով «Պահակին» կարճ ժամանակ լույս է տեսել «Ազգ-Պահակ» անունով: «Ազգը» լայն տեղ է հատկացրել արեւմտահայության վիճակի եւ ազատագրական պայքարի հարցերին: Թերթը նորաստեղծ Սովետական Հայաստանը համարել է հայության «խաղաղ հանգրվանը» (Հայկական սովետական հանրագիտարան, 1974 թ.):
1991-ին լույս տեսնող թերթի անունը կարող էր լինել «Երեկ եւ այսօր», ինչպես առաջարկվել էր նաեւ: «Ազգի» նման կարճ չէր, բայց պարզ արտահայտում էր մատուցվող լրատվության «պարագիծը»: Հաղթեց «Ազգ» տարբերակը՝ կարճ էր, դիզայնը՝ հիշվող, անշփոթելի: Իհարկե կատակախաղի տեղիք տվող էր նաեւ՝ երբ ներկայանում էինք՝ շեշտելով «Ազգ» օրաթերթ (վաղուց օրաթերթ չէ, բայց շատերը սովորույթի ուժով հենց այդպես են ներկայացնում մեր թերթը՝ երկու անխախտ բաղադրիչով), պաշտոնյաներից կային, որ չակերտները «հանում էին», հարցնում՝ ողջ ա՞զգն եք ներկայացնում: Սրա պատասխանը տարիներ շարունակ տալիս էր Ալավերդյան 47 հասցեն, որ այնուհետ դարձավ Հանրապետության 47, շատ աշխույժ՝ ազգընտիրների հավաքատեղի լինելով: Այժմ էլ, երբ «Ազգ»- ն իր 30-ամյակի նախաշեմին ՀՀ կառավարության քմահաճ որոշմամբ ստիպված էր փոխադրվել Կողբացի 20 նոր հասցե, շատերը Հանրապետության 47 են նույնացնում՝ որպես «Ազգի» տուն: Եւ այդ տունը միշտ լի էր ազգընտիր մտավորականներով, նրանց գաղափարներն ու ձայնը, ծիծաղը, բողոքը մեր հիշողության պատյանի մեջ է, բարեբախտաբար նաեւ արձանագրված մեր թերթի տպագիր արխիվում: Ալավերդյան 47-ի վերին երկու հարկը զբաղեցրած, ամերիկյան Macintosh-ից հայկական մտավոր կապիտալով 1991-ի փետրվարի 16-ին լույս տեսած թերթի անդրանիկ համարը գունատ է, դալուկ, դեղնավուն:
https://azg.am/tpagir/1991/1991%281%29.pdf :
Թերթի ճարտարապետների նոր հայացքը՝ առաջինից մինչեւ վերջին էջ նոր բաժանում սյունակներով, բազմազան, Հայաստանից եւ ՀՀ սահմաններից դուրս լրատվությամբ, եւ անշուշտ աշխուժությությամբ բաղդատելի չէր խորհրդային թերթերի դանդաղ ընթացքին: Բայց Վահան Քոչարի ձեւավորմամբ, Պավել Դալլաքյանի նորաստեղծ տառատեսակներով նոփնոր, տարածաշրջանում չտեսնված տեխնիկայով թերթի անդրանիկ համարը տպագրվեց ՀՀ Պարբերական մամուլի տպարանում: 8-րդ էջի ներքեւի աջ անկյունում «կոմպյուտերային շարվածքով» գրության կողքին երկար ժամանակ համակարգչի գծանկար կար: Ում հետաքրքրում էր, գալիս էր Ալավերդյան 47, Macintosh, Printer, Scanner, Telefax տեսնելու: 30 կոպեկանոց 8 էջանոց չորեքշաբթի եւ շաբաթ լույս տեսնող «Ազգի» առաջին համարի բոլոր էջերը դեղին էին՝ խորհրդային տպարանի «համբույրով»:
Բարեբախտաբար միայն «մաշկի» գույն մնաց դեղինը, «Ազգի» բովանդակություն չսողոսկեց:
1991-ին թերթի առաջին էջում «Ազգի» լոգոյի տակ մի բացատրություն կար՝ Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնաթերթ, որ հետագայում հանվեց: Թերթի հիմնադիր գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, այլ աշխատակիցներ կուսակցական էին կամ սփյուռքահայ լինելով ի մոտո ճանաչում էին ՌԱԿ-ի գաղափարախոսությունը, ուստի համակիր էին, բայց թերթում աշխատանքի ընդունվելիս կուսակցական կամ համակիր լինելու պայման չկար: Չկար նաեւ հոդվածները կուսակցության գաղափարական կնիքով մամլելու պարտադրանք կամ պատեհություն: Հակոբ Ավետիքյանի համար մեկ պայման կար եւ կա՝ կատարվողն արագ լուսաբանելու կարողություն, անկողմնակալ հայացք, ազնվություն, փաստերի հիմնավորում: Հայոց լեզվի գերազանց իմացությունից բացի «Ազգում» աշխատելու պայման էր օտար լեզուներին տիրապետելը: 1991-ից ի վեր «Ազգում» կա մի անփոփոխ, կայուն երջանկություն՝ ստեղծագործական ազատություն, որը երբեք չդարձավ լրագրողական սանձարձակություն:
Որքան էլ «Ազգում» քննադատությունն ուժգին լիներ, անհատին ոչնչացնող չէր: Խոսակցական լեզվում մակդիրավոր պաշտոնյաների անունները երկար ցանկ էին կազմում, «Ազգը» գրում էր նրանց պաշտոնական անունը, քննադատում նրանց վարքը: Երվանդ Ազատյանը, Հակոբ Ավետիքյանը, նաեւ մեր թերթի այլ աշխատակիցներ բազմիցս քննադատել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանին, նրա քաղաքականությունը, բայց նրա մասին հիշատակելիս, թերթը նույնիսկ ԼՏՊ հապավումը չի կիրառել, քանի որ ժամանակին հասարակության մի շերտ այն արտասանում էր ծաղրով, դրան կցելով վիրավորական այլ ածականներ: Լրագրում տեղ խնայելու համար կարող էինք գրել ԼՏՊ, ինչպես գերմանական մամուլն, առանց դիտավորության, պաշտոնյաների անունները հաճախ հապավում է, բայց խուսափել ենք՝ ելնելով մեր ժողովրդին այդպիսով դուր գալու գայթակղությունից: Հավատացել ենք, որ այդ կերպ «Ազգը» դաստիարակում է ժողովրդի անկիրթ զանգվածին: Ավաղ, մեր թերթի հետ այդպիսի կարեւորագույն բարոյական հարցերում համերաշխ չեղավ հայրենի մեդիան: Հանրության վրա ազդելու «Ազգի» գործոնը՝ 90-ականների 42 հազար տպաքանակը նվազեց, զանգվածային հասանելի մեդիամիջոցներով էժան, հայհոյալից կարծիքը դարձավ «ազնիվ քննադատություն», իսկ սոցցանցային ազատությունը հանգեցրեց անորսալի արագությամբ կուտակվող ատելության խոսքի: 1991-ի առաջին համարն է վկայում՝ տարաբնույթ, արդիական թեմաների, իրադարձությունների մասին գրելով, «Ազգը» միշտ կշռել է մնայունը: Առաջին համարի 5-րդ էջում տպագրվել է Երվանդ Ազատյանի հարցազրույցը Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ՝ «Ազգային- եկեղեցական հրատապ հարցերի շուրջ» վերնագրով: Հարցազրույցի արդիականությունը փաստում է, որ ներկան ընկալելու համար պիտի միշտ հիշել անցյալում կատարվածը, պիտի շատ կարդալ, հատկապես՝ ժամանակի մամուլը:
«Ազգ» անունն արդարացված եղավ: 1991-ից ի վեր երկօրյա, թե եռօրյա, օրաթերթ, թե շաբաթաթերթ «Ազգը» դարձավ մի տպագիր տարածք, որ հայրենիքում եւ սփյուռքում միշտ շոշափեց ազգային կարեւորագույն, առանցքային հարցեր, ծավալեց բանավեճ, տեղ տվեց տարբեր կարծիքների՝ շարունակ որոնելով ազգային երազին հասնելու ուղիներ:
2020-ից հետո ազգի բեկված ճակատագիրը «Ազգին» հուսալքվելու պատեհություն չի տալիս: Սփյուռքի հետ անխախտ կամրջով «Ազգը» չի խուսանավում խոսել ապագայի մասին, անվտանգությունն ու փորձառությունը, ազգային շահը գերադաս համարելով:
Ուրեմն հետայսու մեր թերթի լույս տեսնող համարները Ազգ-35 գլխագրով հատուկ կառանձնացնեն ապագայի տեսլականին վերաբերող կարեւորագույն մտորումները, անցյալի դասերն էլ տեղ կգտնեն՝ հետահայաց:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա





