Սփյուռքահայ ղեկավարի ձայն
2024-ը հասնում է իր ավարտին, գիտակից մարդկանց շարքում հայ ժողովուրդը նույնպես շշմած է եւ ականատես օրեցօր առավել ցնցիչ քաղաքական զարգացումների, որոնք տեղի են ունենում Արեւելքից Արեւմուտք, ու դրանց միջեւ Երկիր մոլորակի տարբեր հանգույցներում: Մնացած բոլորի նման՝ մենք եւս, Հայաստանում, Սփյուռքի տարածքներում ապրող գիտակից հայերս, հետեւում ենք հետզհետե առավել հաճախականությամբ տեղի ունեցող զարգացումներին, որոնք դեռ քիչ առաջ թվում էին գրեթե բոլորովին անկարելի:
Սակայն որքան գիտակից որեւէ անհատի պարագայում, նույնքան եւ ավելի մեծ պատասխանատվություն ունեցող հավաքականության համար արտոնելի չէ շշմած կանգնել վտանգի դիմաց, անզոր ու ջլատված: Ավելին՝ դա աններելի հանցանք է:
Առնվազն վերապրելու բնազդը, առավել եւս՝ գործող, մտքով օժտված ու հնարամտություն ունեցող հավաքականության պարագայում. պատասխանատվությունից բխած բուռն ուժով այդ հավաքականությունը փութկոտությամբ մղվում է ի մի բերելու իրեն տրամադրելի բոլոր միջոցները, կազմակերպելու եւ կանխելու հայտնապես իրեն կործանումի տանող վտանգը:
Վերջին շրջանում տեսնում ենք ողջ աշխարհը՝ անփույթ կամ գուցե թմրած վիճակում ինչպես է դիտում հարյուր հազարավոր անզոր պաղեստինցիների, ներառյալ նրանց երեխաների, հիվանդների, տարեցների ոչնչացումը Իսրայելի զինված ահարկու ուժերի կողմից: Մինչ քիչ այն կողմում, տեսնում ենք դեռ երեկ Սիրիա կոչված՝ ՄԱԿ-ի անդամ պատկառելի մի պետության վերացումը քարտեզի վրայից՝ իրարից տարբեր շահեր հետապնդող, այսպես կոչված մեծ պետությունների լուռ գործակցությամբ: Նույն՝ անհոգ դիտորդների աչքերի դիմաց, մի ուրիշ՝ Լիբանան կոչված երկիրը, անզոր դիակի նման ոտքի կոխան է դարձել մտնող-ելնող հարեւան զինված ուժերի համար: Ավելի այն կողմ, աշխարհը շշմած դիտում է «քաղաքակիրթ ու դեմոկրատական» երկրներում տեղի ունեցող քաղաքական աներեւակայելի վերիվայրումները: Ֆրանսիան՝ ուր ծայրահեղ աջակողմյան եւ օտարատյաց տիկին Լըպենը՝ Ֆրանսիան միջազգային ասպարեզից հեռացնելու բացահայտ խոստումով, որեւէ պահի պետության գլուխ կանգնելու հնարավորությամբ: Ականատեսն եղանք նաեւ Մ. Նահանգներում թրամփյան հաղթանակին, որը կարող է երկիրը առաջնորդել աշխարհի մեծ բեմերից անջատելու ուղիով:
Այս բոլորի դիմաց, սիրելի հայրենակիցներ, բոլորս, առանց բացառության, որպես հայկական իրականության մեջ մեծ թե փոքր պատասխանատվություն ստանձնած անձինք, պարտավոր ենք անդրադառնալ, որ վերեւում նկարագրված աշխարհի քաղաքական Բաբելոնյան վիճակում հաջորդ մեծ հարվածը կրելու հերթը շուտով մերն է լինելու, եւ դրանում կասկածելը արտոնելի չէ որեւէ հայի համար:
Անվիճելի իրականությունն այն է, որ դեռ մոտիկ անցյալում դարձյալ ակնկալելի էր, որ մեր փոքրիկ Արցախը ենթակա էր անհետանալու: Այդպես էլ պատահեց՝ առանց նվազագույն իսկ չափով անհանգստացնելու աշխարհի «մեծ ու փոքր, բարեկամ թե հանդիսատես պետությունները, մինչ մենք բոլորս, Հայաստանում թե Սփյուռքում, որքա՜ն ամոթ, անկարող ու խեղճուկ, միայն մեր կրծքերը ծեծելով, հազիվ կարողացանք լսելի դարձնել մեր բողոքները: Գործնականում բոլորովին անկարող մնացինք ընդդեմ մարդկության եւ մեր աչքերի դիմաց կատարվող այդ մեծ ոճրի դիմաց: Ո՛չ մենք կարողացանք դիմադրել, ո՛չ էլ կարողացանք համաշխարհային կարծիքը ի նպաստ մեզ թեքել:
Վտանգը, սակայն, շատ ավելի լուրջ եւ ծանրակշիռ է այսօր: Հայ աշխարհի ղեկավարությունը հավաքաբար պետք է գիտակցի, որ այսօր, նույնինքն Մայր հայրենիքը՝ Հայաստանը, ինչպես նաեւ մոտիկ անցյալի մեր ծաղկած եւ կարեւորագույն համայնքները ենթակա են նույն ճակատագրին ենթարկվելու:
Այս ահազանգը, սիրելի հայրենակիցներ, իրական եւ իրատեսական է: Երբ Ադրբեջանն իր պատասխանատու ներկայացուցիչների բերանով հրապարակավ Հայաստանի տարածքը կոչում է «Արեւմտյան Ադրբեջան», երբ այն իր ռազմական բյուջեին հատկացնում է երեք անգամ ավելի միջցոներ՝ քան Հայաստանը, հայաշխարհի պատասխանատուները եւ, առաջին հերթին, օրվա իշխանությունները արտոնված չե՛ն առանց համապատասխան քայլերի շարունակել իրենց ընթացիկ գործելակերպը:
Երբ հանկարծ ազերի բանակը ներխուժի եւ ամբողջությամբ գրավի Հայաստանը, իսկ Ս. Էջմիածինն էլ, Արցախի օրինակով, մզկիթի վերածի, արդյոք ա՞յն ժամանակ միայն, առավել եւս խեղճացած, պիտի վազենք աջ ու ձախ եւ բողոքագիր ներկայացնենք տարբեր հասցեների, այն էլ՝ եթե գտնենք դրանք ընդունելու պատրաստ հասցեատերեր:
Սիրելի հայրենակիցներ, որպես արժանապատիվ ժառանգները մեր պանծալի պատմության, մշակույթին եւ անցյալին, պարտավոր ենք անվարան պատրաստվելու եւ գործի լծվելու՝ պահապան կանգնելու համար մեր հողին ու ժառանգության:
Բնականաբար առաջին հերթին եւ իսկույն, ամբողջ հայությանը պետք է դուրս բերել իր ներկա շշմած, հավաքականորեն բոլորովին անկազմակերպ վիճակից:
Գործնապես կազմակերպվելու համար նախապայման է զորաշարժի ենթարկել մեր ժողովրդի տրամադրելի ամենաազդու բոլո՛ր միջոցները:
Այս աշխատանքը ձեռնարկելու համար առաջին անհրաժեշտություն է կյանքի կոչել ցարդ գոյություն չունեցող Համազգային կառույց, որի պարտականությունն է լինելու մշակել Ազգային վերապրումի ռազմավարության (National Survival Strategy) մի ծրագիր եւ ապա վերահսկել դրա գործադրությունը:
Այդ կառույցի մեջ պետք է մեկտեղվեն հայ հավաքականության կողմից առավելագույնս ընդունելի հանգամանք ունեցող ներկայացուցիչներ:
Որքան գիտենք, դժբախտաբար հայ իրականության մեջ համազգային չափանիշով բոլորի կողմից ընդունված հանգամանք ունեցող կողմեր դժվար է գտնել, սակայն հստակ է, որ դրանց շարքին անվիճելիորեն առաջինը պիտի լինի Հայաստանի օրվա իշխանությունը, որին հաջորդում են հոգեւոր պետերը, ապա Հայաստանում թե Սփյուռքում գործունեություն, վաստակ եւ ավանդություն ունեցող կուսակցական, բարեգործական եւ մշակութային կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաեւ, վերջապես, ազգային թե միջազգային անվիճելի ճանաչում վայելող բացառիկ անձնավորությունները: Թեեւ, ավա՜ղ, գիտենք, որ Վիկտոր Համբարձումյաններ ու Պարույր Սեւակներ մեզ հետ չեն այլեւս:
Ահա՛ ուրեմն, տարեվերջի ու Նոր տարվա սեմին այս խորհրդածությունների միջոցով մեր խոսքը, պատգամը եւ շեշտակի պահանջը, որն ստորագծված կերպով առաջին հերթին ուղղված է Հայաստանի Հանրապետության իշխանության՝ գլխավորությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եւ անմիջական հաջորդականությամբ Ամենայն Հայոց Գարեգին Բ Հայրապետին եւ Կիլիկիո Աթոռի գահակալ Արամ Ա կաթողիկոսին, եւ ապա՝ վերեւում հիշված կուսակցական ու հասարակական ավանդաշատ խոշոր կազմակերպությունների ղեկավարներին: Նրանց բոլորին կոչ ենք ուղղում շուտափույթ իշխանության հետ գործակցել՝ կազմելու համար վերեւում բնութագրված Ազգային անվտանգության եւ վերապրումի ռազմավարության մշակման եւ գործադրության վերահսկիչ խորհուրդ, որի կողքին, բնականաբար, անհրաժեշտ է լինելու ստեղծել մասնագիտացված ենթակառույցներ՝ կազմված դիվանագիտական, ֆինանսական, իրավաբանական, լրագրողական հարցերի փորձառու մասնագետներից: Հայաստանն ու Սփյուռքը կարող են այս կարգի պատկառելի մասնագետներ առատորեն հայթայթել:
Հստակ կոչ ենք ուղղում նաեւ Հայաստանի թե Սփյուռքի մեր մամուլին եւ գիտակից ժողովրդին, որպեսզի նրանք եւս ձայնակցեն մեզ եւ իրենք եւս, տրամադրելի իրենց միջոցներով, այս պահանջը ուժգնորեն արտահայտեն՝ այն ուղղելով վերեւում հիշատակված կառույցներին եւ անձնավորություններին:
Արդարեւ, առաջին անգամը չէ, որ ազգային գոյութենական ակնհայտորեն տագնպալից վտանգի օրերին ազգային միասնական ու կազմակերպված աշխատանքի կոչ ենք անում այս էջերից: Սակայն դրանք ցարդ մնացել են անհետեւանք: Այսօր պարտավոր ենք անդրադառնալ, որ վտանգը հասել է բարձրագույն կետին: Կազմակերպված աշխատանքի կառույցի ստեղծումը գտնվում է առաջնահերթությունների առաջին շարքում:
Համազգային կազմակերպվածության պահանջը անհետաձգելի է:
Այլեւս հնարավոր չէ ներկա վտանգների դիմագրավումը առանձին որեւէ կազմակերպության կողմից, ո՛չ էլ դրանից մեկնումեկի անհամադրված ու պատահական նախաձեռնությամբ:
Այս սրտաբաց խոսքը եզրափակենք շեշտելով, թե այս անգամ ազգային հավանական աղետի դեպքում, եթե տակավին մնացած լինենք անկազմակերպ վիճակում, պատասխանատուների հասցեները բացահայտորեն մատնանշված պիտի լինեն այս էջերում:
Թող Աստված պահապան կանգնի մեր ազգին ու պետության: Սակայն գիտենք նաեւ, որ Աստված օգնում է նրանց, ովքեր գիտեն օգնել իրենք իրենց:
Խմբ. կողմից.- Կարծում ենք, որ մեր բազմավաստակ ղեկավար ընկերոջ ներկա կոչը, ավելի ճիշտ՝ համազգային համախմբման հրավերը, առաջինը մերժվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
Դոկտ. ԱՐՇԱՎԻՐ ԳՅՈՆՋՅԱՆ
Մոնրեալ, Կանադա