Հոգու աստվածատուր ազատությունը
Արվեստի, մշակույթի, հավատքի, կրոնի, գիտության և հետազոտության ազատության աստվածաբանական և փիլիսոփայական հիմնավորումը
Որպես քահանա և աստվածաբան, որ տասնամյակներ շարունակ անդրադառնում է մարդու արժանապատվության հարցերին, արվեստի, մշակույթի, հավատքի, գիտության և հետազոտության ազատությունները չեմ դիտարկում պարզապես որպես քաղաքական նվաճումներ: Դրանք Աստծու պատկերով ստեղծված լինելու՝ Imago Dei-ի անմիջական արտահայտությունն են: Ծննդոց 1.27-ում ասվում է, որ մարդը ստեղծվել է «Աստծու պատկերով», այսինքն օժտված բանականությամբ, ազատ կամքով և ստեղծագործական կարողությամբ: Այս երեք հատկություններն են կազմում այն աստվածաբանական հիմքը, որի վրա հիմնված են ստորեւ հիշատակված բոլոր ազատությունները:
Աստվածաբանական հիմնավորում
Աստված ինքն է առաջին արվեստագետը: Նրա ստեղծագործությունը «շատ բարի է» (Ծննդ. 1.31)՝ անսահման գեղեցկության և կարգի կատարյալ արտահայտություն: Մարդը, որպես այդ Արարչի պատկեր, կոչված է մասնակցելու այդ ստեղծագործությանը: Այդ պատճառով արվեստի և մշակույթի ազատությունը ո՛չ շքեղություն է, ո՛չ էլ արտոնություն. այն աստվածային կոչում է: Սաղմոսերգուն երգում է, մարգարեները բանաստեղծում են, Եկեղեցու հայրերը մեկնաբանում են նաև մանրանկարչության միջոցով: Այս ամենը ստեղծագործական ազատության այն արտահայտությունն է, որ Աստված պարգևել է մարդուն: Պողոս առաքյալը դա շատ հստակ է արտահայտում. «Ուր Տիրոջ Հոգին է, այնտեղ ազատություն կա» (Բ Կորնթ. 3.17): Մշակույթը ոչ այլ ինչ է, քան այդ Հոգու արտահայտությունը լեզվի, պատկերի, երաժշտության և ծիսական կյանքի մեջ: Իսկ հավատքի և կրոնի ազատությունն ավելի խոր արմատ ունի, որովհետև այն առնչվում է մարդու հարաբերությանը հենց Աստծու հետ: Աստված երբեք չի պարտադրում հավատքը: Այրվող մորենին կանչում է Մովսեսին, սակայն Մովսեսին թույլ է տրվում հարցնել և նույնիսկ կասկածել: Քրիստոս ասում է. «Եթե մնաք իմ խոսքի մեջ, կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8.32):
Հավատքը հարկադրանք չէ, այլ ազատ պատասխան ճշմարտությանը: Ուստի մարդու խիղճը վերահսկելու պետության ցանկացած փորձ խախտում է ոչ միայն քաղաքացիական իրավունք, այլ նաև Աստծո ինքնիշխանությունը մարդու հոգու նկատմամբ: Հայ Առաքելական Եկեղեցին՝ աշխարհում առաջին քրիստոնեական պետական եկեղեցին (301 թ.), դարերի ընթացքում վկայել է այդ ճշմարտությունը: Հավատքի ազատությունը երբեմն նշանակել է նահատակություն, երբեմն հաղթանակ, բայց երբեք՝ ենթարկում աշխարհիկ իշխանությանը: Գիտության և հետազոտության ազատությունն էլ ծառայություն է Աստծու ճշմարտությանը ստեղծագործության մեջ:
«Երկինքը պատմում է Աստծո փառքի մասին» (Սաղմ. 19.2):
Գալիլեո Գալիլեյը, Պիեռ Տեյար դը Շարդեն, Վիկտոր Համբարձումյանը, Արտեմ Ալիխանյանը աշխարհի ուսումնասիրության մեջ որոնել են Արարչի հետքը: Գիտությունը չի հակասում հավատքին, այլ նրա բնական և տրամաբանական շարունակությունը: Սրա մասին Հայ Առաքելական եկեղեցին բազմիցս է խոսել՝ Մաշտոցից մինչև այսօր, իր կրթական կենտրոնների ու կառույցների միջոցով, ի տարբերություն շատ այլ եկեղեցիների ու կրոնական կառույցների, որտեղ ազատ միտքը արգելված է եղել: Ազատությունից զրկված գիտությունը վերածվում է գաղափարախոսության, իսկ ազատությունն առանց ճշմարտության պահանջի՝ կամայականության:
Փիլիսոփայական հիմնավորում
Աստվածաբանությունը, որոշ առումով, իր բանական աշխարհիկ լրացումը գտնում է փիլիսոփայության մեջ: Իմանուել Կանտը կոչ էր անում. Sapere aude համարձակվիր օգտվել քո սեփական բանականությունից: Մտքի և գիտության ազատությունը մարդու հասունության և ինքնուրույնության հիմնական պայմանն է: Ջոն Ստյուարտ Միլը հավելում էր, որ խոսքի ազատությունը կարելի է սահմանափակել միայն այն դեպքում, երբ այն անմիջական վնաս է պատճառում, բայց երբեք՝ դրա բովանդակության պատճառով: Հաննա Արենտը ազատ խոսքն ու ստեղծագործական արտահայտությունը համարում էր իրական քաղաքական կյանքի հիմքը. միայն այնտեղ, որտեղ մարդիկ կարող են հրապարակայնորեն ազատ խոսել, գործել և ստեղծել, ձեւավորվում է ազատ հանրություն: Արիստոտելից մինչև Դավիթ Անհաղթ ու Հաբերմաս փիլիսոփայական ավանդույթը հիշեցնում է, որ մարդը բնության էակ է, որը բանականության և լեզվի միջոցով համայնք է ստեղծում: Արվեստը, մշակույթը, գիտությունը և կրոնը այդ բանականության բարձրագույն արտահայտություններն են: Ով դրանք ճնշում է, մարդուն վերածում է վերահսկվող օբյեկտի: Իսկ երբ պետությունն է այդպես վարվում, խարխլում է իր հիմքերը:
Ազատությունների ներքին միասնությունը
Այս ազատությունները անբաժանելի են: Արվեստն առանց գիտության վերածվում է դատարկաբանության: Գիտությունն առանց հավատքի և բարոյականության դառնում է կործանարար տեխնիկա: Կրոնն առանց մշակութային և մտքի ազատության կարող է հանգեցնել մոլեռանդության: Դրանք բոլորը պաշտպանում են նույն արժանապատվությունը՝ Աստծո ստեղծած ազատ, բանական և ստեղծագործ մարդուն: Սա է նաև մեր եկեղեցու վարդապետությունն ու առաքելությունը, մարդկանց ուղղորդել գերություններից դեպի ազատություն: Մեծ Պահքի ընթացքում մեր եկեղեցին հենց դա է անում. Օգնում է մարդուն ազատվել տարբեր տեսակի կապանքներից, ազատվել, որպեսզի միասին կարողանանք տոնել Զատիկը, այն ազատությունը, որի համար խաչվեց Հիսուս Քրիստոս: Կապադովկացի Սուրբ Գրիգոր Նյուսացին Աստծու պատկերով ստեղծված լինելը հասկանում էր որպես դինամիկ կոչում. մարդը երբեք ավարտված չէ իր աճի և կատարելագործման ճանապարհին, որովհետև ստեղծված է դեպի անսահմանը: Ուստի ով սահմանափակում է այս ազատություններից թեկուզ մեկը, միջամտում է ոչ միայն քաղաքական իրավունքների ոլորտին, այլ նաև այն սրբությանը, որը կոչվում է մարդու արժանապատվություն:
Հակասությունը Հայաստանում
Հայաստանի Հանրապետության 2015 թվականի Սահմանադրությունը հստակորեն երաշխավորում է կարծիքի, ստեղծագործության, արվեստի և գիտության ազատությունը: Վերջին տարիներին իշխանությունները հաճախ են ընդգծում եվրոպական արժեքներին իրենց հավատարմությունը: 2025 թվականի դեկտեմբերին Հայաստանը ստորագրեց EU Partnership Strategic Agenda-ն, որը Բրյուսելում ներկայացվեց որպես ժողովրդավարության, իրավական պետության և մարդու իրավունքների ոլորտում առաջընթաց: Սակայն ներքին քաղաքական իրականությունը հաճախ ցավալի հակադրություն է ստեղծում այդ հայտարարություններին: Անկախ զեկույցները արձանագրում են շարունակվող ճնշումներ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ, դատական գործընթացներ ընդդիմադիր ձայների դեմ, վերահսկողական օրենսդրություն և ինքնագրաքննության մթնոլորտ, որը բացասաբար է ազդում նաև գիտական և մշակութային գործունեության վրա: Freedom House-ը 2025 թվականին Հայաստանը գնահատում է որպես «Partly Free», իսկ Human Rights Watch-ը 2026 թվականին արտահայտում է լուրջ մտահոգություններ: Քննադատական մտածողությամբ գիտնականները, արվեստագետները և ընդդիմադիրները հաճախ բախվում են ճնշումների, որոնք սպառնում են հենց այն ազատություններին, որոնք Սահմանադրությունը խոստանում է պաշտպանել:
Կառավարությունը, որը Բրյուսելում խոսում է եվրոպական հիմնարար իրավունքների մասին, բայց Երևանում պատժում է այլակարծությունը, խոսքին եւ գործին հավատարիմ լինելու մեջ վրիպում է: Ուստի հավատարիմ չէ Եվրոպային, մեր պատմությանը, նաև՝ Աստծուն:
Ամփոփում
Արվեստի, մշակույթի, հավատքի, կրոնի, գիտության և հետազոտության ազատությունը ոչ արևմտյան ներմուծում է և ոչ էլ քաղաքական զիջում: Այն միաժամանակ աստվածային պարգև է և փիլիսոփայական անհրաժեշտություն: Այնտեղ, որտեղ այդ ազատությունները սահմանափակվում են, մարդը զրկվում է իր ինքնուրույնությունից, և Աստծու ստեղծագործությունը վիրավորվում է: Հայաստանը, որն իրեն անվանում է քրիստոնեական և եվրոպական երկիր, պատմական հնարավորությունն ունի այս ազատությունները ոչ միայն ամրագրելու Սահմանադրության մեջ, այլ նաև իրականացնելու առօրյա հասարակական կյանքում:
Պետական ու իշխանական հրամանագրերը ժամանակավոր ուժ ունեն: Իշխանությունները փոխվում են: Մնում է միայն այն, ինչի համար մարդիկ պատրաստ են եղել զոհաբերել ամեն ինչ, պատրաստ են եղել դժվարություններ հաղթահարել, պատրաստ են եղել անգամ չլինել, որպեսզի լինի այն, ինչի համար պայքարել են. Ազատություն և արժեքներ:
«Ճշմարտությունը ձեզ կազատի»
Բայց միայն այն դեպքում, եթե մենք համարձակություն ունենանք պաշտպանելու ճշմարտությունը փնտրելու ու դրա մասին խոսելու ազատությունը:
Տիրատուր քահանա Սարդարյան
Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգեւոր հովիվ
Լուսանկարը՝ Էդ. Թադեւոսյանի





