Վերջին ամիսներին քաղաքական որոշ զարգացումներ եկան ամրապնդելու թշնամիների հանդեպ ունեցած Հայաստանի դիրքը: Ի նկատի ունենք Արդարադատության միջազգային դատարանի վճիռը. Հայաստանի տարածքում Եվրոմիության 100 դիտորդների տեղակայումը եւ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների` Սենատի եւ Ազգային ժողովի ընդունած որոշումները: Դրանց գումարած Թուրքիայի (նաեւ Սիրիայի) նահանգները հիմնահատակ ավերած ուժեղ երկրաշարժը որոշ առումով սահմանափակեց իր հարեւանների նկատմամբ որդեգրած Թուրքիայի ագրեսիվ դիրքորոշումը:
Սակայն, հակառակ այս զարգացումներին, Ադրբեջանը մերժում է բացել Լաչինի միջանցքը, որը նա արգելափակել է դեկտեմբերի 12-ից սկսած: Ավելին, նա է՛լ ավելի է թեժացրել իր հռետորաբանությունը եւ անընդհատ հրազենային ընդհարումներ է իրականացնում հայկական կողմի դեմ, ինչը նշանակում է, որ նշված զարգացումները ոչ մի ձեւով չեն ազդում Ադրբեջանի դիրքորոշման վրա եւ փոփոխության չեն ենթարկում տարածաշրջանի քաղաքական մթնոլորտը գնահատելու նրա ընկալումներն ու գործելակերպը: Դրա համար, անշուշտ, կան ներհատուկ պատճառներ, որոնցից առաջինը այն է, որ Ալիեւը Հայաստանին համարում է պարտված կողմ եւ ձգտում է Երեւանից պոկել հնարավոր առավելագույն զիջումներ: Հաջորդը Ռուսաստանի վրդովմունքն է Արեւմուտքի հետ Հայաստանի ձեռք բերած պայմանավորվածությունների նկատմամբ, որոնց Մոսկվան երրորդ երկրի՝ Ադրբեջանի միջոցով է արձագանքում: Ռուսաստանը չի ընդունում, որ Հայաստանը Արեւմուտքին դիմելուց բացի ուրիշ ելք չուներ, քանի որ Ռուսաստանի ղեկավարած ԵԱՀԿ-ն, որին անդամ է Հայաստանը, վճռականորեն մերժել էր թիկունք կանգնել Հայաստանին մի քանի անգամ: Հարաբերությունները է՛լ ավելի սրելով այդ կառույցի որոշ անդամ երկրների ղեկավարներ շնորհավորել էին Ալիեւին իր սանձազերծած 44-օրյա պատերազմում տարած վճռական հաղթանակի առնչությամբ:
Երրորդ պատճառը, որը միշտ չէ, որ այնքան ակնառու է երբ խոսքը կովկասյան քաղաքականության մասին է, Իսրայելի քաղաքական եւ ռազմական օժանդակությունն է Ադրբեջանին: Հակառակ Թուրքիայի ներկա դժվարին կացության, որը ժամանակավորապես սահմանափակել է նրա արտասահմանյան արկածախնդրությունների կարողությունը, Բաքուն մեծապես Իսրայելի վրա է հենվում Արեւմուտքից՝ մասնավորապես Մ. Նահանգներից իր արյունոտ նախաձեռնությունների համար ներողամիտ վերաբերմունքի արժանանալու համար:
Փետրվարին Մյունխենում կայացած անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում, երբ Ալիեւը Վրաստանի եւ Հայաստանի վարչապետների հետ հանդիպեց, նա Նիկոլ Փաշինյանին կտրուկ հայտնեց, որ Հայաստանը «կապիտուլյացիայի ենթարկվելու» դաշնագիր է ստորագրել, եւ ժողովուրդն էլ նրան վերընտրելով ճանաչել է պատերազմի արդյունքները, ուստի Հայաստանը պարտավոր է վճարել որոշակի գին: Հենց այդ կերպ մենք կհասկանանք Ալիեւի մտածելակերպը, որ անսովոր ոչ մի բան կարծես թե չենք գտնի նրա խոսքերում: Ադրբեջանի նախարարները «Զանգեզուրի միջանցքը պատերազմական ավար» են համարում, քանի որ տրամաբանական են գտնում Ալիեւի բացահայտ պնդումները, թե Հայաստանի տարածքը յուրացման ենթակա է որպես արեւմտյան Ադրբեջան: Ռուսաստանի անազնիվ դերակատարությունը միայն շոյում է Ալիեւի ինքնությունը եւ խրախուսում է տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու նրա ջանքերը: Հայաստանը ԵՄ դիտորդների է հյուրընկալել իր տարածքում, եւ Ռուսաստանը դժգոհ է դրանից: Արտգործնախարար Սերգեյ Լավրովն զգուշացրել էր Հայաստանին, որ առանց Ադրբեջանի համաձայնության նրանց տեղակայումը խնդիրներ է առաջացնելու: Այդ ժամանակ մեր հոդվածում կանխագուշակել էինք, որ ոչ թե մի մոլագար, այլ հենց Լավրովն է ստեղծելու այդ խնդիրը եւ դրա համար էլ նա գիտեր, որ դա տեղի է ունենալու: Եվ իրոք, նա մի քանի օր առաջ այցելեց Բաքու՝ նշելու Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրման առաջին տարեդարձը: Այցելությունից անմիջապես հետո ադրբեջանցի ահաբեկիչները Ղարաբաղում երեք ոստիկանների սպանեցին եւ մեկին էլ ծանրորեն վիրավորեցին: Մեկնաբանելով կատարվածը Հայաստանում որոշ վերլուծաբաններ նշեցին, որ ամեն անգամ, որ Լավրովը Բաքու է այցելում, Ադրբեջանը ոգեւորված բռնարարք է կատարում եւ այս անգամն էլ բացառություն չէր:
Կատարվածը անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած Ադրբեջանի ագրեսիայի եւ հետագայում՝ սեպտեմբերի 13-14-ին իրադրության ավելի լուրջ սրման կրկնությունն էր:
Թուրքիան եւ Պակիստանը ակտիվ մասնակիցներն էին Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի, մինչ Իսրայելը մահաբեր ԱԹՍ-եր տրամադրող անտեսանելի գործընկերն էր: Իրանի հետ հակամարտության շրջանակներում Հայաստանը Իսրայելի ռազմական ծրագրերի թիրախը չի հանդիսանում, սակայն դրա չմտադրված զոհն է պարզապես: Մենք պարտավոր ենք հաշվի առնել նաեւ Իսրայելի ազդեցության գործոնը, երբ ամեն տարի բողոքում ենք Ազատությանն աջակցելու ակտի 907 հոդվածի վերացման դեմ:
Իսրայելը Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցն է, ի հեճուկս իսլամական աշխարհի: Բաքուն ոչ միայն իր տարածքն է տրամադրել, որ Իսրայելի հետախուզությունը հետեւի Իրանի գործողություններին, այլեւ թույլ է տվել, որ այդ տարածքը որպես հարթակ ծառայի Իրանի վրա հավանական հարձակում իրականացնելու պարագայում: Այս մասին որոշ բացահայտումներ հրապարակել է «Հաարեց» օրաթերթը:
Եթե լարվածությունը Իրանի եւ Իսրայելի միջեւ սրվի, Ադրբեջանի դերակատարությունը է՛լ ավելի պարտադիր եւ անժխտելի կդառնա հատկապես Հայաստանի վերահսկողության տակ գտնվող շրջանների օկուպացումից հետո: Իսրայելի կողմից մի քանի հրթիռներ Իրանի վրա արձակելու լարված օրերից հետո լավատեսական նշաններ կային, որ Իրանի միջուկային պայմանագիրը կրկին օրակարգի հարց կդառնա, հատկապես այն բանից հետո, երբ Իրանը թույլ տվեց, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այցելի Իրան. բայց կարծես նրա այցելությունն ու մեկնաբանությունները Իսրայելի նյարդերի վրա են ազդել: Գրոսին նշել էր, որ որեւէ իսրայելական հարձակում Իրանի միջուկային կառույցների վրա անօրինական է: Դրան վարչապետ Բենյամին Նեթանյահուն բացահայտ վրդովմունքով արձագանքել էր՝ ասելով. «Ռաֆայել Գրոսին չափազանց հարգարժան անձնավորություն է: Սակայն նա չափազանց անհարկի բառեր է օգտագործում: Ի՞նչ օրենքի մասին է խոսքը: Մի՞թե Իրանին, որ բացահայտորեն մեզ կործանել է ցանկանում, թույլատրվում է օգտագործել կործանիչ զենքեր, որոնք մեզ կոչնչացնեն, իսկ մեզ չի թույլատրվում պաշտպանել ինքներս մեզ: Ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ, որ պաշտպանենք մեր երկիրը եւ թույլ չտանք, որ մեր թշնամիները ոչնչացնեն Հրեաների Պետությունը»:
Իսրայելի կառավարության խիստ հակասական եւ ատելի ղեկավարի վերոնշյալ սադրիչ հռետորաբանության ներքո է՛լ ավելի է արժեւորվում Ադրբեջանի դերը: Ինչպես Ադրբեջանում, Իսրայելն էլ այս բռնակալի ձեռքում է դարձել ներքին խռովությունների անհանգիստ վայր: Նավթով հարուստ Ադրբեջանում կենսամակարդակը շատ ավելի ցածր է, քան Հայաստանում: Այնտեղ քաղաքական ընդդիմադիրներին բանտարկում են: Իսրայելում Նեթանյահուի իշխանության ձգտելու անհագ ծարավը փորձում է հեղինակազրկել երկրի դատական համակարգը: Այդ պատճառով էլ հարյուր հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են կազմակերպում երկրում: Միեւնույն ժամանակ իսրայելա-պաղեստինյան լարվածությունը թեժանում է, հասնելով «Ինթիֆադայի» հաջորդ դրսեւորման մակարդակին, որին նպաստում է նաեւ պաղեստինյան տարածքներում իսրայելցիների անօրինական բնակեցումը՝ Նեթանյահուի դրդումով: Կարծես նրա համար ժամանակը խիստ պատեհ է, որպեսզի արտասահմանյան արկածախնդրության դիմի՝ զսպելու համար ներքին խռովարարներին:
Բոլորովին անսովոր չէ պատերազմական մի նոր իրավիճակ ստեղծել մոլորակի վրա, մինչ մեկն արդեն մղվում է, տվյալ դեպքում Ուկրաինայում, հատկապես երբ դրանով համարյա մեկուսացրել է տարածաշրջանում Իրանի մոտիկ դաշնակից Ռուսաստանին:
Եթե նույնիսկ Թուրքիան ժամանակավորապես խաղից դուրս մնա, ապա Ռուսաստանն ու Իսրայելը ներկա կլինեն՝ օգնության ձեռք մեկնելու Բաքվին: Իրանը տարածաշրջանի միակ պետությունն է, որի շահերը համահունչ են Հայաստանի շահերի հետ: Սակայն Թեհրանի հետ մերձեցումը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, քանի որ այն հնարավոր է մեկնաբանվել որպես Իսրայելի եւ Մ. Նահանգների քաղաքականություններին ընդդիմանալու փորձ: Այնպես որ, Հայաստանը խիստ զգուշավորությամբ պետք է պահպանի Իրանի հետ հարաբերությունները:
Ներկայիս տարածաշրջանի ակտիվ խաղացողները Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանն են: Բացի Իրանից Հայաստանը թշնամական երկրներով է շրջապատված: Այդ պատճառով էլ Ադրբեջանը ուժ է գործադրում՝ քաջ իմանալով, որ անպատիժ կմնա: Արեւմուտքն ու Եվրոպան բացի կարեկցանքի եւ զորակցության հայտարարություններից այլ բան չեն կարող մատուցել Հայաստանին: Բացի այդ, Ադրբեջանն այժմ շատ ավելի արժեքավոր է իբրեւ ուժանյութի աղբյուր ԵՄ-ի համար, որպես հետեւանք Ուկրաինայում անցյալ տարվանից Ռուսաստանի սանձազերծած դաժան պատերազմի:
Անցյալ շաբաթ Արցախի ներկայացուցիչները Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նախաձեռնությամբ, գնդապետ Անդրեյ Վոլկովի գրասենյակում հանդիպեցին ադրբեջանցի ներկայացուիցիչների հետ: Հանդիպման նպատակը որոշ գործնական խնդիրների լուծումն էր եւ չէր ընդգրկում որեւէ քաղաքական հարց: Այնտեղ քննարկվեցին Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու եւ Ղարաբաղին գազի եւ էլեկտրականության մատակարարումները վերականգնելու հարցերը: Նաեւ ադրբեջանական ներկայացոցիչներին Կաշեն եւ Դրմբոն հանքեր մեկ անգամվա այցելության թույլտվություն տալու հարցը:
Չնայած հարցերի կարգավորման առնչությամբ ոչ մի համաձայնություն չէր գոյացել, ադրբեջանական կողմը հայտարարություն հրապարակեց, համաձայն որի երկու կողմերը իբր հանդիպել են Ղարաբաղի հայերին Ադրբեջանի հասարակությանը ինտեգրելու հարցերը կարգավորելու համար: Երեք հայ ոստիկանների սպանությունը այն գինն էր, որ ղարաբաղցիները վճարեցին այդ ինտեգրման գործընթացի շուրջ բանակցություններից հրաժարվելու համար:
Մարտի 6-ին Արցախի կառավարությունը նիստ գումարեց լսելուց հետո Իլհամ Ալիեւի վերջնագիրը, որտեղ ասվում էր, որ ինտեգրումից հրաժարվելը առաջ էր բերելու ավելի վատ վերաբերմունք ղարաբաղահայությանը: Այդուհանդերձ, Արցախի կառավարությունը որոշեց պահպանել իր ընտրած կուրսը եւ հետամուտ լինել ինքնորոշման իրավունքի ձեռք բերմանը:
Ադրբեջանի կառավարությունը մարտի 6-ի միջադեպի համար մեղադրում է Արցախի հայերին, որոնք իբր Հայաստանից զենք են փորձել փոխադրել Ղարաբաղ: Բարեբախտաբար, կառավարությունը տեսագրումներ էր կատարել, որտեղ հստակ երեւում էր ադրբեջանցիների հարձակումը ոստիկանական ավտոյի վրա: Նշենք, ի դեպ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ մի սահմանափակում չի նախատեսում Լաչինի միջանցքով ապրանքների փոխադրումներ կազմակերպելուն:
Ռուսական խաղաղապահ ուժերը չկարողացան հիմնավորել Ադրբեջանի կառավարության պնդումները, եւ իրենց պաշտոնական հաղորդագրության մեջ ընդունեցին, որ ադրբեջանական կողմն էր առաջինը կրակ բացել: Ադրբեջանցիները կորցրեցին 2 զինվոր: Մի քանիսն էլ վիրավորվեց: Հայկական կողմը միջադեպը ահաբեկչական գործողություն որակեց, մինչդեռ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան երկու կողմերին զսպվածության կոչ արեց՝ հստակորեն ցույց տալով Ռուսաստանի ադրբեջանամետ հակվածությունը:
Ռուսական խաղաղապահ ուժերի պարտականությունն էր թույլ չտալ նման միջադեպեր: Մի կողմից ավելի շատ զիջումներ կորզելու Ադրբեջանի վճռականությունը, մյուս կողմից՝ Ռուսաստանի անհասկանալի դժկամությունը՝ հետեւելու նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին, ստիպում են Հայաստանին դիմելու միջազգային հասարակության միջնորդությանը: Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես ազնիվ հաշտարար:
Ի լրացումն Ռուսաստանի խաղաղապահ ուժերի, Հայաստանը ծրագրում է ԵՄ-ի եւ կամ ՄԱԿ-ի դիտորդներին հրավիրել տարածաշրջան: Մյուս կողմից բանակցությունները շատ ավելի արդյունավետ կլինեն, եթե անցկացվեն միջազգային մարմինների կողմից:
Ադրբեջանի գործողություններն ու լարվածության եւ բռնությունների հետագա սպառնալիքները հաստատում են այն փաստը, որ անջատում հանուն փրկության նշանաբանը լիուլի արդարացված է:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)