Իրավիճակը ադրբեջանական վերագրավված շրջաններում
Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի միջազգային օդանավակայանը 2021-ի հոկտեմբերի 26-ին լեփ-լեցուն էր լրագրողներով եւ հետաքրքրասեր մարդկանցով: Այդ օրը նախագահ Իլհամ Ալիեւը, իր կողքին ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հանդիսավորությամբ բացումն էր կատարում այդ շինության: Դրանից հետո 44 միլիոն դոլար արժողությամբ այդ նոր օդանավակայանում հիմնականում դատարկություն է տիրում:
Բացումից մեկ տարի անց ադրբեջանական լրատվամիջոցները դեռ տեղեկացնում էին, որ շաբաթական մեկ ինքնաթիռ է վայրէջք կատարում այնտեղ: Այսօր, 2024 թվի տվյալներով, թռիչքների տեղեկատվական կայքերը օդանավերի մեկնումների կամ ժամանումների մասին զրոյական ցուցանիշեր են հրապարակում: Ֆիզուլիից 70 կմ դեպի հյուսիս-արեւելք, Զանգելանի մոտ մեկ այլ շքեղ միջազգային օդանավակայանի բացումը կատարվեց 2022-ի հոկտեմբերին: Իսկ Լաչինի մոտ գտնվող լեռնաշատ տարածքում մի երրորդ օդանավակայան է կառուցվում ներկայիս:
Բաքվի 2020 թվի սանձազերծած ղարաբաղյան երկրորդ պատերազմի հետեւանքում վերագրավված շրջաններում օդանավակայանների այս առատությունը շինարարական հսկայական արշավի մի մասն են կազմում: Բաքուն այս զարգացումները որակում է «մեծ վերադարձ դեպի Ադրբեջանի ազատագրված տարածքները»` այն հարյուր հազարավոր ադրբեջանցիների համար, որոնք փախել էին 1988-94 թվականներին հայկական զորքերի առաջխաղացման պատճառով:
Սակայն ադրբեջանցի տնտեսագետ Տողրուլ Վալիեւը REE/RL-ի թղթակցին պատմել է, որ ամայացած վայրերում մեծածավալ շինարարական ծրագրեր իրականացնելը կարելի է վերագրել կառավարության տարբեր ճյուղերի կողմից թմբկահարվող հեշտ վարկավորում ձեռք բերելու գաղափարին: Ըստ Վալիեւի` «կառավարության ամենատարբեր ճյուղերը ցանկանում են օգտվել միլիոնավոր դոլարների վարկավորումից»: Բաքուն 3.1 միլիարդ դոլար է հատկացրել վերագրավված տարածքներում շինարարությանը զարկ տալու համար «Սմարթ» կամ «Կրեատիվ» շինարարական գաղափարների որպես օրինակներ Վալիեւը նշում է հետեւյալները. «Գյուղատնտեսության նախարարությունը առաջարկում է «խելացի գյուղ» կառուցել, «Ազալը» (AZAL ադրբեջանական ավիաուղիները) ցանկանում է մի նոր օդանավակայան կառուցել Զանգելանում, չնայած օդանավակայաններ արդեն գոյություն ունեն տարբեր կողմերում ընդամենը մեկ կամ մի քանի ժամվա հեռավորության վրա»:
Լեռնային Ղարաբաղի մոտ 100 հազարի հասնող էթնիկ հայ բնակչությունը 2023-ի սեպտեմբերին ստիպողաբար լքեց իր բնօրրանը եւ Հայաստան ապաստանեց, երբ Բաքուն ռազմական ուժով վերահսկողություն սահմանեց այնտեղ: ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց դարեր շարունակ բնակեցված է եղել բնիկ հայերով:
Նախագահ Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը պնդում է, որ հայերն իրենց կամքով հեռացան Ղարաբաղից: «Մենք բացեցինք դարպասները եւ հարգեցինք նրանց տեղաշարժվելու ազատությունը, տվեցինք ընտրություն կատարելու ազատություն», ասում է նա: Բայց ռազմական հարձակմանը նախորդած ամիսների շրջափակումը եւ ազերի զինվորների ձեռքն ընկած էթնիկ հայերի սպանությունները իրավական հարցերի միջազգային փորձագետներին հանգեցրին այն եզրակացության, որ զանգվածային արտագաղթը տեղի էր ունեցել հարկադրանքի տակ, եւ հավասարազոր էր պատերազմական հանցագործություն կոչվելու:
Մինչեւ 2023-ի հոկտեմբերը ընդամենը 2 հազար ադրբեջանցիներ էին վերադարձել ամայացած շրջանները: Բաքուն մտադրվել է մինչեւ 2027 թվականը 150 հազար վերադարձնել այդ վայրերը:
Ամերիկահայ գիտաշխատող-հետազոտող Սիմոն Մաղաքյանը, որ ժամանակին բացահայտել էր հայկական քրիստոնեական ժառանգության ամբողջական բնաջնջումը Նախիջեւանի անկլավում, հավատացած է, որ զանգվածային շինարարության ծրագրերը «որոշ առումներով ծածկելու համար են հազարավոր հայկական պատմական վայրերի ու շինությունների ոչնչացումները»: Ադրբեջանի հրապարակած պաշտոնական լուսանկարներում աչքի է զարնում հայկական մշակութային ժառանգությունների բացակայությունը: Մաղաքյանը համոզված է, որ «ԼՂ հասնելը խիստ վերահսկողության տակ է գտնվում նույնիսկ նախկին բնակիչների կամ ադրբեջանցի զբոսաշրջիկների համար»: Հաշվի առնելով լրագրողների ձերբակալման դեպքերը վերջին ժամանակներում, ադրբեջանական մամուլի ներկայացուցիչները, որոնք վերջերս կարողացել էին այցելել վերագրավված տարածքները, հրաժարվեցին REE/RL-ի հարցերին պատասխանել` նշելով, որ «թեման չափազանց զգայուն է»:
2021-ի դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը (ԱՄԴ) ժամանակավոր վճիռ կայացրեց պատժելու Ադրբեջանին եւ արգելելու նրան հետագայում ոչնչացնելու հայկական հուշարձանները: Դրանից առաջ Լեռնային Ղարաբաղի ամենաճանաչված կրոնական շինություններից` Ղազանչեցոց եկեղեցու սրածայր գմբեթը ազերի զինուժի գրավումից հետո փոխարինվել էր բյուզանդական ոճի կամարով: ԱՄԴ-ի վճռից հետո տեղի դիտորդները տեղեկացնում են, որ Բաքուն կարծես համեմատաբար ավելի զուսպ է դարձել մշակութային կառույցներին վերաբերվելու հարցում եւ հույս կա, որ հայկական մշակութային ժառանգությունը կարող է այսուհետ անպիղծ մնալ, եթե անշուշտ շարունակվեն մշտադիտարկումներն ու միջազգային ճնշումները:
ԷՅՄՈՍ ՉԵՓԼ
Բաքու, REE/RL
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)