Խրոխտ հայտարարություններից 10-ը տարի անց
Կարմիր գծերի համար նոր՝ ավելի թանկ վճար սահմանելուց հետո Երեւանի քաղաքային իշխանությունը քաղաքացիներին նոր աչքալուսանք է տվել: Տրանսպորտի գինը եւս կթանկանա: Քաղաքապետարանի շրջանառած «Միասնական տոմսային համակարգի» նախագծով՝ երթեւեկության համար նոր կարգուկանոն է սահմանվում: Շրջանառությունից, որպես այդպիսին, դուրս է գալիս տրանսպորտից մեկանգամյա վճարը: Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը միջին եւ մոտավոր հաշվարկ է ներկայացրել. եթե տարեկան տոմսի գումարը բաժանենք մեկ քաղաքացու տարեկան երթեւեկության միջին թվին, ապա կստանանք 180 դրամ: Ստացվում է՝ սակագինը կթանկանա նվազագույնը 80 դրամ:
Գրիգորյանը չի էլ թաքցնում՝ քաղաքային իշխանությունն, այո, թանկացնում է ուղեվարձը, բայց ոչ թե նախապես հրապարակված 260 դրամ, այլ՝ փոքր-ինչ ավելի նվազ: Պաշտոնյան դա բացատրում է տրանսպորտի որոշակի բարելավմամբ, ավտոբուսային պարկը թարմացնելով եւ առավել հարմարավետ մեքենաներ շահագործելով:
Գրիգորյանը հիշում է՝ 2013-ին ինքը եւս մասնակցել է «Չեմ վճարելու 150 դրամ» ցույցերին, բայցեւ շտապում է արձանագրել՝ այն ժամանակ դեմ էին տրանսպորտի թանկացմանը, քանի որ մարդիկ երթեւեկում էին «մահվան գազելներով»՝ կռացած, խցկված, ոչ հարմարավետ: Քաղաքացիները թեեւ մասամբ համաձայն են քաղաքապետարանի պաշտոնյայի հետ, բայցեւ պնդում են՝ այսօր եւս երթեւեկում են բեռնված ավտոբուսներով, իրար վրա շնչել-արտաշնչելով, դեռ չասած, որ կանգառներում ավտոբուսի սպասում են երբեմն անգամ մի քանի ժամ:
2013-ի տարնասպորտի ուղեվարձի թանկացման ցույցերին մասնակցում էր նաեւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: «50 դրամը մեկ հացի ուղիղ կեսն է, իսկ մենք այսօր հացի խնդիր ունեցող երկիր ենք: Ու դնել, մարդուն ասել՝ գիտե՞ս՝ այսուհետ պետք է քո հացի կեսն էլ տաս պետությանը, որ որոշ մարդիկ գերշահույթներ ունենան ու բազմաթիվ մեքենաներով իրենց հետեւից թիկանապահներ պտտեցնեն, մի քիչ անարդար է»,- ասում էր Սիմոնյանը, որ այսօր անգամ ընտանեկան զբոսանքի է թիկնապահներով շրջապատված դուրս գալիս:
Սիմոնյանը, որ 2013-ին բարձրաձայնում էր՝ «ամոթ է 150 դրամ վճարել», տրանսպորտի գնի թանկացման մասին ձայն-ծպտուն չի հանում: Թիկնապահների առատությունից դժգոհողը չի խոսում նաեւ այն մասին, որ իր համար մեքենայի դուռ բացողն էլ իր հերթին առանձին դուռ բացող ունի (Ավինյանի երդմնակալության ականջը կանչի): Ավելի քան 10-ը տարի առաջ ՀՀԿ-ականների «բեսպրեդելից» դժգոհողն «առանց ախ քաշելու» եւ ուրախությամբ է վայելում պետական բյուջեի հաշվին իր համար ձեռք բերված 200 հազար դոլարանոց ծառայողական մեքենան, որ երբեմն անարգել կտրում-անցնում է գերբեռնված եւ մեկ-մեկու շալակը ելած ավտոբուսների ճանապարհը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ