Հին աշխարհը ամեն օր
Հազար մարդ է մըտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկըսվում է ամեն օր:
Հովհաննես Թումանյան
Այո, երիցս ճիշտ էր XVII դարի ֆրանսիացի նշանավոր կատակերգու Մոլիերը, երբ կարեւորում էր քերականության, ասել է թե՝ լեզվի գրագետ իմացության հրամայականը: Ասում են՝ մարդու կյանքի ուղին կանխորոշող երեք կարեւոր նախադրյալ կա. ումի՛ց է ծնվել, ասել է թե՝ ժառանգականություն, ո՞ւմ մոտ է սովորել՝ կրթություն, եւ ո՞ւմ հետ է ամուսնացել՝ ընտանիք: Առաջինն ու երկրորդը նախադրյալ են ստեղծում անհատի արժեհամակարգի ձեւավորման համար, իսկ երրորդն առավելապես անկանխատեսելի է. այն հաճախ չի վերածվում առաջին եւ երկրորդ գումարելիների պարզ գումարի: Իսկ վերածվելիս տաղանդավորները կա՛մ հանճարներ են դառնում, կա՛մ «թաղում» իրենց տաղանդը: Մարդկության պատմության զարգացման բոլոր ժամանակներում էլ այս երեքը գտնվել են նորին մեծություն ԺԱՄԱՆԱԿԻ ոգու եւ շնչի ներքո: Այո՛, պատմական յուրաքանչյուր ժամանակաշրջան խնդիր է ունեցել սերնդին կրթել իր ոգով ու շնչով՝ իր գաղափարաբանությամբ: Վերջինիս թելադրանքով էր ձեւակերպվում գիտելիքների եւ արժեհամակարգի այն պաշարը, որը պիտի «ուղղորդեր» ԺԱՄԱՆԱԿԻ մարդուն: Այդ ձեւակերպումը, լավ թե վատ, հստակ էր հատկապես խորհրդային շրջանում, երբ անգամ դասագրքերում մի քանի կետով շարադրված էր կոմունիստական պետություն կառուցողի բարոյական կոդեքսը՝ կերպարը: Անվիճարկելի է, որ յուրաքանչյուր հասարակարգ կրթության ռազմավարությունը մշակելիս պիտի ձեւակերպված ունենա, թե ինչպիսի՛ն պիտի լինի կրթության շահառուն՝ գիտելիքների եւ դրանից ձեւավորվող արժեհամակարգի պաշարով: Իսկ կրթության պատասխանատուների խնդիրն է այդ պաշարը ձեւակերպել հեռահար՝ 10-20 տարվա միջակայքում, որովհետեւ կրթական ոլորտը չի հանդուրժում հապշտապ փոփոխություններ, այն ավելի հակված է աստիճանականությանը:
Ասվածն անշուշտ իրագործելի է անհամեմատ կայուն տնտեսակարգ ունեցող հանրույթում: Կրթական քաղաքականության հեռահարության ապահովումը բարդանում է հատկապես մեր հարափոփոխ ժամանակներում, երբ աշխարհում գրեթե ամեն օր աշխատաշուկայի պահանջները նորացվում ու թարմացվում են, դառնում առավել տեխնահենք, իսկ հումանիտար գիտությունները՝ նահանջ ապրում: Խնդիրը հատկապես կարեւորվում է, երբ այն ուղղակիորեն առնչվում է ՄԱՅՐԵՆԻԻ ուսուցմանը:
Օրերս մեր մանկավարժական հանրույթի սեղանին դրվեց Մայրենիի դասավանդման մեթոդիկայի բուհական նոր ձեռնարկի Ա գիրքը: Այն հրատարակման է երաշխավորել Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտական խորհուրդը: Հեղինակները ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի գիտամանկավարժական երկարամյա փորձառություն ունեցող դասախոսներ, մանկավարժական գիտությունների թեկնածուներ Գայանե Խալաթյանն է, Սոֆի Թորգոմյանը եւ Ռուբինա Հարությունյանը, պատասխանատու խմբագիրը՝ նշված ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը: Ձեռնարկը ներառում է «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» բուհական դասընթացի հիմնախնդիրները՝ տեսական եւ գործնական նորովի մեկնաբանություններ: Հեղինակներն իրավացիորեն փաստում են, որ բովանդակային եւ կառուցվածքային առումներով հայոց լեզվի ապագա ուսուցիչներին հասցեագրված սույն ձեռնարկը տարբերվում է նախորդիվ հրատարակված նմանատիպ ձեռնարկներից: Հայտնի է, որ վերջին տարիներին կրթական համակարգում վերանայվում են առարկայական չափորոշիչները, որոնք, բնականաբար, ենթադրում են նաեւ դասավանդման եւ ուսուցման նոր մոդելներ՝ հիմնվելով այն կանխադրույթի վրա, որ արդյունավետ ուսուցման սուբյեկտը սովորողն է, նա՛ է գիտակցաբար դնում կրթական նպատակներ եւ ազատորեն կազմակերպում իր ուսումնական գործունեությունը բացահայտումների շարունակական ճանապարհով: Կասկածից վեր է, որ հանրակրթության առարկայացանկում առանձնահատուկ նշանակություն ունի մայրենի լեզվի եւ գրականության ուսուցումը, համառոտ ձեւակերպմամբ՝ ինքնության կերտման ազգամշակութային էական բաղադրիչը: Այո՛, լեզուն չի կարող տարանջատվել գրականությունից. վերջինիս մեջ ե՛ւ լեզուն է, ե՛ւ այդ լեզվով կերտվող ոգին: Շտապենք փաստել, որ հեղինակները խստորեն պահպանել են մեթոդական այս հավասարակշռությունը:
Հայոց լեզվի դասավանդման բուհական սույն ձեռնարկի բովանդակությունն ու կառուցվածքը բազմապլան է, ինչը միանգամայն բխում է լեզվի ուսուցման մեթոդիկայի ավանդույթներից: Գաղտնիք չէ, որ լեզուն՝ իբրեւ գիտակարգ, ուղղակիորեն առնչակից է նաեւ տրամաբանությանն ու հոգեբանությանը: Հեղինակներին հաջողվել է հնարավորինս համակարգված ներկայացնել այս բարդ սինթեզը հանրակրթության եռաստիճան փուլերում: Իսկ ինչո՞ւ՝ հնարավորինս: Որովհետեւ ուսուցումը, այնուամենայնիվ, ստեղծագործական գործընթաց է, որտեղ առկա է ուսուցանվողի անհատականությունը. հաճախ նույն ծրագրային նյութն ուսուցիչը չի կարող նույնկերպ մատուցել երկու տարբեր դասարաններում, որովհետեւ ամեն դասարան (նաեւ անհատ) ունի իր ուրույն բանալին:
Ձեռնարկում համակողմանիորեն ներկայացված են ինչպես հայոց լեզվի մեթոդիկայի դիդակտիկական սկզբունքները (գիտականություն, համակարգայնություն, տեսական-գործնականի կապակցվածություն, զննականություն, մատչելիություն եւ այլն), այնպես էլ ուսուցանման զանազան մեթոդներ, ինչպես՝ ուսուցման (տեղեկույթի շարադրանք, զրույց, անցած նյութի ամրապնդում, վերարտադրման, պրոբլեմային շարադրանքի եւ այլն), խոսքային (դպրոցական դասախոսություն, պատմում, բացատրում, աշխատանք դասագրքով եւ այլն), զննական (էքսկուրսիա, դիտում, իլյուստրացիա), գործնական (վարժություններ, լաբորատոր աշխատանքներ, ճանաչողական խաղեր): Հանգամանալի ներկայացված են նաեւ ուսուցման ավանդական եւ ժամանակակից մեթոդները (ինտերակտիվ ուսուցում, ԽԻԿ համակարգ), ուսուցման զանազան մանկավարժական տեխնոլոգիաները (ավանդական, համագործակցային, պրոբլեմային, զարգացնող, նախագծային եւ այլն):
Ձեռնարկի ուշագրավ բաժիններից է դաս-դասարանային համակարգը, որտեղ ընդհանրական անդրադարձ է արվում դասին ներկայացվող դիդակտիկական պահանջներին՝ դասատիպերին (նոր նյութի հաղորդման, գիտելիքների ամրակայման եւ ընդհանրացման, կրկնության եւ այլն): Այստեղ մատուցվում են նաեւ ոչ ավանդական դասերի նմուշներ, դաս-վիկտորինաների կազմակերպում, մայրենիի ուսուցման գործընթացում արժեքային համակարգի ձեւավորմանը նպաստող աշխատանքի նմուշօրինակներ եւ այլն:
Ձեռնարկն ամփոփվում է բանավոր եւ գրավոր խոսքի զարգացման մեթոդներին առնչվող հանձնարարականներով՝ թելադրություն, փոխադրություն, շարադրություն, թեստային առաջադրանքներ, հանձնարարելի հարուստ գրականություն:
Մի ուշագրավ փաստ եւս. տեքստը մատուցված է հրատարակչական բարձր մշակույթով՝ գծապատկերներ, դիագրամներ, գծանշումներ եւ այլն, որոնք օժանդակում են նյութի առավել դյուրին ընկալմանը: Հեղինակների խոսքը մատչելի է, համակարգված: Արդեն նշեցինք, որ ձեռնարկի բովանդակային կողմը բազմաշերտ է, ուստի մեր գրախոսության այս կարճառոտ խոսքում հնարավոր չէր հանգամանալի անդրադարձ կատարել նրա բոլոր շերտերին:
Որպես ամփոփում շնորհակալություն հայտնենք հեղինակներին այս ջանադիր աշխատանքի համար, որն անկասկած օգտակար կլինի մայրենիի ինչպես ապագա, այնպես էլ գործող ուսուցիչների համար:
Հ.Գ. Կարծում ենք՝ ձեռնարկի Բ գիրքն առավելապես նվիրված պիտի լինի մայրենի լեզվի ծրագրային նյութի դասավանդման գործնական հատվածին: Իսկ քերականությունը թող միշտ «հրամայի», եւ թող ուսուցիչը ԺԱՄԱՆԱԿԻ շունչը լինի եւ հազար տարվա փորձը նորովի մատուցի:
ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ