Միրգ, բանջարեղեն, քաղցր բամբակ, խաղալիքներ, փուչիկներ եւ այլն. մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում երեկոյան եւ ոչ միայն երեկոյան ժամերին ինչ ասես կարող են առաջարկել: Երեւանի քաղաքապետն այս պատկերը բնութագրել է որպես «առեւտրի կենտրոն»:
Չնայած քաղաքային իշխանություններն արգելել եւ խստացրել են վերահսկողությունը, բայց արգելված պտուղը միշտ էլ քաղցր է, ու առեւտուրը ոչ միայն չի դադարում, այլեւ ընդլայնվում է: Ոստիկանության հետ համատեղ կատարված ստուգայցերի արդյունքում անցած ամիս փողոցային առեւտրի 130 դեպք է արձանագրվել:
«Մի քանի օր առաջ էլ եկան ասեցին հավաքեք, հաջորդ անգամ, եթե գանք եւ էլի տեսնենք ապրանքը փչացնելու ենք, բայց ինչ իրավունքով»,- մեզ հետ զրույցում ասում է վաճառողուհինեից մեկը եւ ավելացնում, որ վճարովի տարածքների վարձը թանկ է, իսկ իր վաստակած գումարը չի բավարարում նման վարձի համար:
Եթե Երեւանի ամենակենտրոնում հիմնականում խաղալիքներ են ու քաղցրավենիք, ապա Մաշտոցի եւ Տիգրան Մեծի պողոտաներում մայթերը լցված են միրգ-բանջարեղենի արկղերով, երբեմն նաեւ հագուստեղենի սեղաններով:
83-ամյա Մարիամ Պապյանը արդեն տաս տարի է «Լունապարկ» այգու մոտ իր սեղանիկն ունի, որի վրա տարատեսակ ապրանքներ են՝ գուլպա, կախազարդ, թզբեհ եւ այլն: Տիկին Մարիամը դեմ չէ տաղավարում աշխատելուն, ե՛ւ մաքուր է, ե՛ւ հարմար, միայն թե գինը հարմար լինի:
«Տիգրան Մեծի պողոտայում կանգառի մոտ բաջարեղենի մի խանութ կա, որի տերերը չեն բավարարվում վարձակալած խանութով եւ «էստի համեցեք» են կազմակերպել մայթի վրա, հենց կանգառի մոտ: Երթուղային նստելու համար պետք է անցնես լոլիկներով լիքը արկղերի լաբիրինթոսը, որ կարողանաս հասնել երթուղայինին: Այս վիճակը համակարգել է պետք»,- ասում է քաղաքացիներից մեկը:
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ վերլուծել են վերջին երկու տարում Երեւանում գրանցված իրավախախտումները, եւ դրանք կանխելու գործիքակազմը այս պահին բավարար չէ:
Կառավարության հաստատած եւ առաջիկայում ԱԺ օրակարգում ներառվելիք օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորություն վերապահել ոչ սահմանված տեղերում եւ օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտմամբ առեւտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու դեպքերում ոչ միայն տուգանքի տեսքով վարչական տույժ կիրառել, այլ նաեւ՝ լրացուցիչ վարչական տույժ առեւտրի կամ ծառայությունների մատուցման ընթացքում օգտագործվող առարկաների բռնագրավման տեսքով:
Փողոցային առեւտրի սեղանիկներից մինչեւ օրինական տաղավարներ մեկ քայլ է, բայց ինչպես վաճառողներն են ասում՝ շատ թանկ:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ