Արցախում խաղաղարար առաքելություն իրականացող ռուսական զորքերը, ըստ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի, հայկական երկրորդ հանրապետությունում պետք է տասնամյակներով մնան: Նմանատիպ հայտարարություն նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է արել. ըստ նրա՝ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահներից բացի ուրիշ ոչ ոք, ռազմական ոչ մի ուժ անելիք չունի: Այս ամենի ֆոնին Փաշինյանի թիմակիցները՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները, մեկը մյուսի հետեւից հայտարարում են, թե Արցախը շրջափակումից դուրս բերելու ու կենսարար ճանապարհը բացելու համար ռուս խաղաղապահներին հավելյալ մանդատ պետք է տալ: Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի խաղաղարարի մանդատով օժտելու մասին է, ինչը ոչ այդքան պարզ (անգամ կարելի է ասել՝ բարդ) գործընթաց է: Հայաստանը, փաստացի, դեմ չէ (համենայնդեպս՝ պաշտոնյաների հայտարարություններից այդպես կարելի է ենթադրել), որ Ռուսաստանը դիմի ՄԱԿ, համապատասխան գործընթաց անցնի ու Արցախում խաղաղարար առաքելություն իրականացնելու հավելյալ գործիքակազմ եւ մանդատ ունենա: Թե՛ Փաշինյանի, թե՛ նրա թիմակիցների հայտարարությունները գործընթացի գնդակը Ռուսաստանի դաշտ են նետել, ու այս պահին այնպիսի տրամադրություններ կենտրոնացրել, որ միայնումիայն պաշտոնական Մոսկվան է կարող է որոշել՝ ՄԱԿ-ի միջազգային մանդատ ստանալու համար դիմե՞լ այդ կառույցին, թե՞ ոչ: Աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով՝ ՌԴ-ն, այո, պետք է գնա նման քայլի՝ հենց միայն Արեւմուտքին ինչ-որ բան ցույց տալու ու ապացուցելու համար, որ Մոսկվան նաեւ խաղաղարարի դիրքերից է հանդես գալիս: Այլ կերպ ասած՝ նման քայլով կարող է բարձրանալ միջազգային հանրության աչքին, բարձրացնել ռուս-ուկրաինական պատերազմից հետո ընկած վարկանիշը:
Իհարկե, պետք չէ բացառել նաեւ հանգամանքը, որ գնդակը Ռուսաստանի դաշտ նետելով՝ Փաշինյանն ու թիմակիցներն ապահովագրում են իրենց հավանական այն սցենարից, երբ ՄԱԿ-ն, այնուամենայնիվ, ՌԴ-ին հավելյալ մանդատով չի օժտի, ու հայրենի իշխանությունները կարդարանան, թե իրենք արեցին հնարավորը, բայց պաշտոնական Մոսկվան չհաջողեց այս հարցում:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ