Մայիսի 6-ին «Փյունիկ» Զարգացման Կենտրոնի ցուցասրահում բացվեց Վարսինե Բրուտյանի «Իմ ներսում» եւ Արման Օհանյանի «Հոգեբուժարան» շարքերի ցուցադրությունը՝ «Հայելում» խորագրով:
Երկու միանգամայն տարբեր անհատականություն, երկու ուղղություն, երկու ժանր, երկու աշխարհ՝ «Երկատում»:
Վերացական անկանոն հորինվածքներ՝ նույնքան անկանոն գույների համադրությունում: Վարսինե Բրուտյանի գործերում տեսնում ենք քաղաքի ու մարդու զուգորդում, որտեղ շենքերն ու մարդկային օրգանները պատմում են արվեստագետի ներսում պարփակված հույզերի, ապրումների մասին: Հեռանկարներում օտար մի աշխարհ է՝ պատկերված աղոտ, կենտրոնական հորինվածքին ոչ այնքան հարազատ գույներով: Նկարների կենտրոնական մասն ասես մի առանձին սենյակ (այս դեպքում՝ շինություն) լինի, որտեղ էլ արվեստագետը վերապրում է իր անձնական աշխարհը, որն էլ ներկայացնում է իր «Իմ Ներսում» շարքով:
Հաճախ հստակ, հաճախ՝ մինիմալիստական պատկերներ, կանաչ դեմքերով մարդիկ, դատարկ աթոռներ: Արման Օհանյանի «Հոգեբուժարան» շարքի «նախաբանը» Թերլեմեզյանի անվան ուսումնարանում արված դիպլոմային աշխատանքն է եղել: Արվեստագետը խորապես ուսումնասիրել է այս թեման՝ անձամբ այցելելով հոգեբուժարաններ, շփվելով տարբեր հոգեկան այլ աշխարհընկալում ունեցող մարդկանց հետ, ինչից էլ ստեղծվել է այս շարքը:
Հոգեբուժարանում ապրող մարդիկ արվեստագետի համար պարզապես հոգեկան հիվանդություն ունեցողներ չեն, նրանք ուղղակի այլ են, այդ պատճառով էլ գործերում նրանք կանաչ են պատկերված: Մի տեղ դիտորդին ուղղված բազմաթիվ կանաչակապտավուն դեմքեր են, որոնք կախված են օդից, դռնով մտնում են սենյակ, կամ դուրս են գալիս շենքի պատուհաններից: Մեկ այլ աշխատանքում դատարկ սենյակ է, որի անկյունում մահճակալ է դրված, իսկ անկողնու սպիտակեղենին ու հատակին սեւ բոբիկ ոտնահետքեր են: Մյուսում օդից կախված շրջանաձեւ դասավորված աթոռներ են: Նրանցից մեկն ընկնում է: Նկարի առաջ դրված քանդակում (արված պապյե մաշե տեխնիկայով), մենք տեսնում ենք, որ այն առաջինը չէ, որն ընկել է, նրանից առաջ բազում այլ աթոռներ ընկել ու խմբվել են այդտեղ…
Արվեստագետը պատրաստվում է անդրադառնալ այս թեմային, արդեն ավելի մանրակրկիտ, իր հաջորդ շարքով…
ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ