Վերջին շրջանում միջազգային մամուլի էջերում մեծ տեղ է հատկացվում Երուսաղեմի հայկական համայնքի ցասումնալի իրադարձություններին: Հիմնվելով մասնավորապես «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում արտատպված երկու՝ «Ասոշիեյթեդ Պրեսի» թղթակցուհի Իզաբել Դեբրեի եւ «ԲիԲիՍի Նյուզի» թղթակցուհի Յոլանդ Նելի հոդվածների վրա, քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:
Երուսաղեմի հայկական համայնքի մտահոգ անդամները փողոց են դուրս եկել բողոքելու անշարժ գույքի անօրինական վաճառքի մթին գործարքի դեմ, որի համաձայն հայկական թաղամասի մոտ 25 տոկոսը կազմող տարածություն 99 տարով վարձակալության է տրվել խորհրդավոր ավստրալահրեա մի գործարարի, որի նպատակն է զարգացնել տեղանքը՝ կառուցելով այնտեղ շքեղագույն հյուրանոցներ եւ զանազան հարմարություններով օժտված հանգստյան գոտիներ զբոսաշրջիկների համար:
Քրիստոնյաների, հրեաների եւ մահմեդականների համար սուրբ քաղաք հանդիսացող Երուսաղեմի հայկական թաղամասում խուճապ առաջացավ դեռ ապրիլ ամսում, երբ պատրիարք Նուրհան Մանուկյանը խոստովանեց, որ տարածքի վարձակալման գործարքը ստորագրել է հոգեւորականներից մեկի՝ Պարետ Երեցյանի վարդապետի կողմից խաբված լինելու հետեւանքով: Կրոնավորը կարգալույծ է արվել «նենգ ու խարդախ» արարքի համար, եւ հանրության «դավաճան» պիտակին արժանանալով՝ փախել է Կալիֆոռնիա: Պատրիարքը իրեն փակել է Սբ. Հակոբ վանքի պատերի ներքո, հավանաբար խուսափելու համար անախորժություններից:
Կարեւորելով իրադարձությունները, պաղեստինյան իշխանությունների նախագահ Մահմուդ Աբբասն ու Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը, որոնք քրիստոնեական սրբազան վայրերի խնամակալներն են, առկախել են պատրիարքի ճանաչումը որպես հոգեւոր առաջնորդի, ինչը նշանակում է, որ նա այլեւս չի կարող ներկա գտնվել ծիսակատարությունների եւ ստորագրել եկեղեցու գործունեության հետ կապված պաշտոնական գրագրություններ:
Փողոց դուրս եկած հայերը պատրիարքի ամոթալի արարքը քրիստոնեական ներկայության կործանման սկիզբն են համարում: «Դա հանելուկային գործարք է: Փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ, ե՞րբ եւ ինչպե՞ս կատարվեց այդ բոլորը», հարցնում է համայնքի գործունյա երիտասարդ դեմքերից Հակոբ Ճռնազյանը: Այդ տարածքում են գտնվում հինգ ընտանեկան տնտեսություններ, Օսմանյան դարաշրջանից մի պատմական շենք, մի ռեստորան, տարբեր խանութներ եւ ճեմարանը: Դա մեր բոլորի ընդհանուր հավաքատեղին է, այն ամեն ինչ է մեզ համար: Մենք պետք է միասնաբար պայքարենք դրա պահպանության համար», ավելացնում է նա: Իսկ 80-ամյա ֆոտոլրագրող Կարո Նալբանդյանը, որի նախնիները Երուսաղեմ են եկել 1.500 տարի առաջ եւ նաեւ 1915-ի Եղեռնից հետո, նշում է. «Եթե վաճառեն այս վայրը, ուրեմն կվաճառեն նաեւ իմ սիրտը»: «Մենք այս հողերի համար արյուն ու քրտինք են թափել, իսկ իրենք գրչի մեկ հարվածով հրաժարվում են ամեն ինչից», բարձրաձայնում է 26-ամյա Սեդրակ Պալյանը:
Քիչ չեն նաեւ խնդիրը քաղաքականացնողները: «Պաղեստինյան տեսանկյունից, սա դավաճանություն է, իսկ խաղաղության կողմնակիցների տեսանկյունից՝ կատարվածը նսեմացնում է կարգավորման ուղղությամբ գործադրված բոլոր հնարավոր միջոցները», համոզված է սուրբ քաղաքի քրիստոնեական ազգային կոալիցիայի նախագահ Դիմիտրի Դիլիանին:
Մեծահասակ հայեր հիշում են, որ անցյալում էլ են հաճախակի հողամասեր գնելու փորձեր եղել, հատկապես որովհետեւ հայկական թաղամասը գտնվում է հրեականի անմիջական կողքին: Հողամաս գնելով հրեաները մեծացնում են իրենց ներկայությունը այդ վայրերում: Քրիստոնեական մասում Պաղեստինին պատկանող երկու ուղենշային հյուրանոցները գաղտնի վաճառվել են օտարազգի ընկերություններին, որոնք հրեական ծայրահեղական խմբավորումների առաջապահ կողմնակիցներ են:
Հունական եկեղեցին երկու տասնամյակ պայքարից հետո կորցրել է դատական վճիռը փոփոխելու հնարավորությունը եւ անցյալ տարի նորաբնակներ են հայտնվել հյուրանոցներից մեկի համարներում: Իսկ ավելի վաղ՝ 1950-ի հունվարին, ՄԱԿ-ի որոշմանը հակառակ Երուսաղեմի արեւմտյան մասը հայտարարվեց Իսրայելի մայրաքաղաք, իսկ 1967-ի հունիսին իսրայելական զորքերը զավթեցին Երուսաղեմի արեւելյան մասը, որ տրվել էր Հորդանանին, եւ միացրեցին արեւմտյան մասին:
Մինչ հայկական եկեղեցին հրաժարվել է մանրամասնությունները բացահայտել, Լոս Անջելեսում ապաստան գտած Երեցյանը հայտնել է, որ խորհրդավոր վարձակալի անունը Դենի Ռոթման է (Danny Rothman), որը նաեւ այլ փաստաթղթերում հանդես է եկել Դենյըլ Ռուբինշտեյն (Daniel Rubinstein) անունով: Կիպրական իշխանությունները 2016-ին տուգանել են նրան իր անցյալի մասին տեղեկությունները աղավաղելու համար: Համակարգային տվյալների համաձայն, նա «Xana Capital» անվանմամբ հյուրանոցային ընկերության նախագահն է: Ընկերությունը, որն ստեղծվել է Արաբական Միացյալ էմիրություններում, Իսրայելում գրանցվել է 2021 թվի հուլիսին: Վաճառված հողամասի ավտոկայանատեղում վերջերս հայտնվել է մի ցուցանակ, որը տեղեկացնում է, որ տարածքը «Xana Capital» ընկերությանն է պատկանում: Լոնդոնում բնակվող Ռոթմանը հրաժարվել է պատասխանել «Ասոշիեյթեդ Պրեսի» հարցերին, պատասխանելով. «Ես մամուլին հարցազրույցներ չեմ տալիս: Ես անհատ քաղաքացի եմ»:
Երեցյանի խոսքերով Ռոթմանի ծրագիրն իրականացնողը «The One&Only» հյուրանոցային ընկերությունն է Դուբայում: Արաբական Միացյալ Հանրապետությունը Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել էր 2020-ին: Նշված հյուրանոցային ընկերության սեփականատերն է «Kerzner International»-ը, որ հրաժարվել է պատասխանել մամուլի հարցերին, բայց ասել է, որ «իրենք միշտ հնարավորություններ են որոնում մեծացնելու գերարդիական հանգստյան վայրերի իրենց ցանցը»: Իսրայելացի ճանաչված ճարտարապետ Մոշե Սաֆդին «Ասոշիեյթեդ Պրեսին» հայտնել է, որ ինքն է նախագծողը եւ շինարարությունը կսկսվի անմիջապես, որ ավարտվեն հողափորման աշխատանքները:
Իսրայելի արտգործնախարարությունը տեղյակ է, անշուշտ, գործարքի մանրամասնություններին, բայց հարցի քաղաքական նրբազգացողության պատճառով նախընտրում է չմեկնաբանել կատարվածը:
Մյուս կողմից, Սբ. Հակոբ վանքի տարածքում հավաքված բազմության առաջ միջազգայնագետ հայ իրավաբաններ ելույթներ ունենալով փորձում են լուծումներ գտնել տագնապահարույց խնդրի վերաբերյալ:
Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)