Բրազիլացի սուսերամարտիկ, հոգեվերլուծող, բանաստեղծ եւ թարգմանիչ Վիլյամ Զեյթունլյան դե Մորաեսը ծնվել է 1988 թվականին, Սան Պաուլուում: Սուսերամարտով զբաղվել է 15 տարեկանից, դարձել այդ մարզաձեւի Բրազիլիայի քառակի եւ Հարավային Ամերիկայի չեմպիոն: Ներկայացրել է Բրազիլիան 2011 թվականին Գվադալախարայի Համաամերիկյան մրցաշարում, որտեղ ազգային հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ տղամարդկանց մրցումներում: Հոգեվերլուծողի կրթություն է ստացել Սան Պաուլուի Ինստիտուտ դ’Ալմա եւ Սեդես Սապիենտիա հաստատություններում, ֆրանսիական պատմության մագիստրոսի աստիճան՝ Սան Պաուլուի Դաշնային համալսարանում: 2015 թվականին «Դեմոնիա նեգրո» (Սեւ սատանա) հրատարակչությունը լույս է ընծայել նրա «Սփյուռք» բանաստեղծական ժողովածուն: Այժմ Զեյթունլյանն աշխատում է հոգեվերլուծության մեջ մասնագիտացած «Ալլեր» հրատարակչությունում որպես օգնական խմբագիր:
–Վի՛լյամ, դու համատեղում ես չորս մասնագիտություն: Կարո՞ղ ես նմանություններ տեսնել, ասենք, սուսերամարտի եւ պոեզիայի ու հոգեվերլուծության միջեւ:
-Ես այս երեքն էլ համարում եմ արվեստի տարբեր ձեւեր: Սուսերամարտը մարտարվեստ է, որն օգտագործում է մարմինը պաշտպանելու եւ հարձակվելու համար՝ կանխատեսելով հակառակորդի մտքերը կամ ստեղծելով դրանք՝ կարողանալու համար կառավարել մենամարտը: Պոեզիան լեզվի արվեստ է. այն օգտագործում է լեզվական նյութը, որը մենք ժառանգում ենք եւ հաղորդակցվում ուրիշների հետ եւ դրանով նոր բաներ ենք ստեղծում՝ միաժամանակ հիշողություն եւ նորություն: Հոգեվերլուծությունն, իր հերթին, լսելու արվեստ է՝ լսել ասվածից այն կողմ եղածը, ազատել խոսքի հյուսվածքի մեջ թաքնված ինտիմ ճշմարտությունը՝ այդպիսով զրուցակցին ազատելով ցավից:
-«Քաղաքական անորոշությունը 2018 թվականին. երազանքների եւ մղձավանջների հավաքածու» էսսեում, որը համահեղինակել ես Ֆաբիո Ցուկերի հետ, ի մի են բերված մի քանի հարցման ենթարկվածների ունեցած մղձավանջները Բրազիլիայի նախագահական ընտրությունների վերաբերյալ: Հայաստանը երկար տարիներ գտնվում է քաղաքական անորոշության մեջ, եւ մեր հանրությունը մղձավանջների մեջ է 2020 թվականի պատերազմից ի վեր: Որպես հոգեվերլուծող ի՞նչ խորհուրդ կտաս երկու կողմից անդադար սպառնալիքի տակ ապրող հայաստանցի հայրենակիցներիդ:
-Իմ եւ Ֆաբիո Ցուկերի գրի առած մղձավանջներն իրականի հետ տրավմատիկ, կոշտ շփման հետեւանքն էին, մեր կյանքի եւ ապագայի անորոշության հետ կապված անհանգստությունը: Ցավոք, մեր ամենավատ կանխատեսումներն իրականացան: Կովիդն անտեսելու պատճառով Բրազիլիան այս վերջին չորս տարիներին անցավ աղետի միջով, որի ընթացքում գրեթե 700,000 մարդ մահացավ: Բացի այդ, Բրազիլիայի բնիկ յանոմամո ցեղի դեմ կատարվեց դաժան ցեղասպանություն, որը նույնպես ժխտվեց: Ինչպես բոլորս գիտենք, ցեղասպանությունը ոչ միայն սպանություն է, այլեւ ժխտում, ժողովրդին ջնջելու գործողություն: Որպես հոգեվերլուծող՝ ես խորհուրդ կտայի ուժեղացնել հիշելն ու ոգեկոչելը, որոնց, ենթադրում եմ, հայերն ավելի են սովոր, քան բրազիլացիները: Հիշողության աշխատանքը կարող է բուժել մեր տագնապները, եւ մշակելով մեր կորցրածը (նրանց հետ, ում կորցրել ենք), մենք կարող ենք ավելի լավ որոշել, թե ինչ է պետք անել հետո:
Մայրս ծնվել է Բրազիլիայում՝ հայ ծնողներից: Հայրս պորտուգալացի է, ազգանունը Մորաես է: Դա նշանակում է, որ ես նախընտրում եմ օգտագործել մորս, ոչ թե հորս ազգանունը: Սա հոգեվերլուծական խնդիր է (ծիծաղում է):
Ենթադրում եմ, որ այս ընտրությունը կախված է հայ ընտանիքի բնույթից: Իմ դեպքում դա նուրբ գործընթաց էր: Տատիկս ու պապիկս շատ էին կապված իրենց հայկական արմատներին: Նրանք փայփայում էին իրենց լեզուն, պատմությունը, երգերն ու կերակուրները՝ փոխանցելով դրանք իրենց որդիներին ու աղջիկներին՝ մորաքույրերիս ու մորեղբայրներիս: Բայց նաեւ, պապիկիս ճակատագիրը նման է բազմաթիվ լեւանտացի, հրեա եւ հայ վերապրածների փորձառությանը՝ համակված հուսահատությամբ, սգալու անհնարինությամբ եւ տրավմայով: Պապիկս ինքնասպան է եղել 1967 թվականին: Դրանից հետո տատիկս միայնակ պայքարում էր, որպեսզի իր երեխաները ձուլվեն բրազիլացիներին: Ընտանիքում սկսեցին ավելի ու ավելի քիչ խոսել հայերեն, սակայն ինձ մեծացրել են այնպես, որ ես հպարտությամբ ասեմ՝ «Ես հայ եմ»: Ինչ-որ առումով պայքարելու, գոյատեւելու, կյանքի հանդեպ ունեցած կրքի իմաստով զգում եմ, որ հստակ գիտեմ, թե ինչ է նշանակում հայ լինել: Բայց, մյուս կողմից, քանի որ չգիտեմ լեզուն, երբեւէ չեմ ճանաչել Լիբանանի եւ Հայաստանի իմ հարազատներին, չեմ կարողանում ասել «Ես հայ եմ» իմ պապենական լեզվով, այնքան էլ չեմ պատկերացնում, թե դա ինչ է նշանակում: .
–Քո Զեյթունլյան ազգանունը հուշում է Արեւմտյան Հայաստանի Զեյթուն պատմական քաղաքի մասին: Արմատներդ այնտեղի՞ց են:
-Հավանաբար, պապիս ընտանիքի գծով: Նա ծնվել է Մարաշում, այսինքն՝ Զեյթունից ոչ հեռու: Բայց ինձ չի հաջողվել իմանալ իմ մարաշցի նախնիների անունները: Տատիկս ծնվել է Ադանայում, 1921 թվականին:
Հիշում եմ, դեռ փոքր ժամանակ իմ ամենասիրած խաղերից մեկն այն էր, որ ինձ պատկերացնում էի լեռան գագաթին, զենքը ձեռքիս, երկար ժամեր այն հսկելիս… Խոսքը ոչ թե սպանելու մասին է, այլ պաշտպանվելու, հողի մի կտորը պահպանելու… Վերջերս երազ տեսա, որ իմ սիրած աղջկան տալիս եմ ձիթապտուղ՝ զեյթուն (պորտուգալերեն՝ azeitonas): Անգամ եթե չկարողանամ հետեւել դրա ճշգրիտ ծագմանը, ենթադրում եմ, որ այդ անունը ես լիովին իմն եմ դարձրել…
Տատիկիս՝ Էֆրազուհի Զեյթունլյանի օրիորդական անունը Մահսերեճյան էր: Այդ ազգանվամբ իմ ազգականների մեջ ունեմ մի սիրելի զարմիկ՝ Ֆաբիո Մահսերեճյանը, որը Բրազիլիայի ֆիթնեսի ազգային հավաքականի մարզիչն է: Նա վերջերս վերադարձավ աշխարհի առաջնությունից, ցավոք, առանց գավաթի:
–Հայ սփյուռքի գրողներն իրենց արմատները սովորաբար հիշատակում են իրենց ստեղծագործության հասուն շրջանում, մինչդեռ դու քո առաջին իսկ գիրքը նվիրել ես ցեղասպանությունը վերապրած տատիկիդ: Ինչպե՞ս ծնունդ առավ այս գիրքդ:
-Գիրքը ծնվել է տատիկիս շիջումի եւ մահվան ընթացքում: Դա իմ սգո մի մասն էր: Ինձ տատիկս է մեծացրել: Ես նրան անվանում էի Վո (պորտուգալերեն՝ տատիկ), Էֆրազ, Տիկին Էֆրազ (հիմնականում կատակով) եւ Մենս մամա (հայերեն՝ մեծ կամ մենծ մամա): Եվ նա էլ մեզ տարբեր կերպ էր դիմում, օրինակ՝ քուզում կամ յավրի: Գաղափար չունեմ՝ սա հայերեն է, թե՞ թուրքերեն: (Չեմ կարծում, որ դա կարեւոր էր նրա կամ մեզ համար): Տատիկս կերակրեց ինձ, զրուցեց ինձ հետ, պատմեց ինձ տարբեր պատմություններ եւ մեր ընտանիքի պատմությունը, պաշտպանեց ինձ, տվեց ինձ անցյալ եւ ապագա: Նա մահացավ 94 տարեկանում: Ես պետք է ինձ զբաղեցնեի մի բանով, որպեսզի հասկանայի, թե ինչ եմ կորցրել եւ ինչ-որ բան պիտի պահեմ նրանից: Ես արդեն բանաստեղծություններ էի գրում, բայց միշտ մտածում էի, որ երբեք թուղթ չեմ վատնի՝ տպագրելով անկարեւոր անմտություններ: Հասկացա, որ տատիկի թեման այլ է, մի հնարավորություն է՝ օգտագործելու այն, ինչ սովորել ու զգացել էի մինչեւ այդ պահը՝ որպես հավաքական հիշողության, դիմադրության, կորստի եւ շարունակականության մասին մտածելու միջոց:
–Վի՛լյամ, դու նաեւ թարգմանություններ ես անում: Ո՞ր լեզուներից: Որքան գիտեմ, մինչ այժմ հայ պոեզիան Բրազիլիայում թարգմանաբար ներկայացվել է ընդամենը երկու ժողովածուներով: Իմ ցանկությունն է, որ մի օր սովորես հայերեն եւ թարգմանություններ կատարես նաեւ հայերենից:
-Ես թարգմանում եմ ֆրանսերեն, անգլերեն, իսպաներեն եւ իտալերեն լեզուներից: Աշխատել եմ պոեզիայի, գրականության, իսկ վերջերս՝ հոգեվերլուծության մեջ մասնագիտացած հրատարակչություններում: Այո՛, մենք ունենք հայ պոեզիայի ժողովածուներ, բայց դրանք քիչ են: Մեզ ավելին է պետք: Ամեն դեպքում, Սան Պաուլուի համալսարանի հայոց լեզվի ամբիոնը հրաշալի աշխատանք է կատարում:
Ես նույնպես շատ եմ ցանկանում հայերեն սովորել: Իսկ կա՞ն հայերեն լավ թարգմանություններ բրազիլացի պորտուգալագիր հեղինակներից: Բրազիլիան հիանալի գրականություն ունի, եւ ինձ հետաքրքիր է, թե ինչպես կհնչեն Մաչադո դե Ասիսը եւ Գիմարայնս Ռոզան հայոց լեզվով:
–Բրազիլական գրականությունից շատ քիչ նմուշներ հայերեն են թարգմանվել միջնորդ լեզուներից, թեեւ այժմ փորձեր կան ուղղակիորեն պորտուգալերենից թարգմանելու: Վի՛լյամ, իսկ ունե՞ս Հայաստանին առնչվող մոտակա ծրագրեր եւ նպատակներ:
-Ունեմ: Կյուլպենկյան հիմնարկության արեւմտահայերենի ծրագրին ներկայացրել եմ բանաստեղծական մի նախագիծ: Ուզում եմ մի գիրք գրել «Ավետյաց երկիր. Բրազի՞լիա, Հայաստա՞ն, ոչ մի տե՞ղ» վերնագրով: Եվ այն ուզում եմ գրել պապիկիս լեզուն՝ արեւմտահայերենը սովորելու հետ մեկտեղ: Ակնկալում եմ նաեւ գալ Հայաստան՝ մշակութային եւ լեզվական հետազոտությունների համար:
–Վի՛լյամ, բարո՛վ գաս, ուզածդ ժամանակ…
ՎԻԼՅԱՄ ԶԵՅԹՈՒՆԼՅԱՆ
Հայաստան
Կա պատմության մի երկակի հարթություն՝ գրված փրկվածի վկայություններից: Անշուշտ, սա խոսք է անցյալի մասին: Բայց նախ զրույց է ներկայի մասին, իսկ ավելի շուտ մի խոսք է վերապրածի՝ զրուցակցի վերաբերյալ ունեցած նրա մի նախագծի մասին: Փրկվածի հետ մեր ներկայիս հագուկապով մտնում ենք անցյալի հավաքական խրամատը, ինչպես Վերածննդի նկարի առաքյալները Հին Երուսաղեմում կամ Դանթեն՝ դժոխքում:
Այբուբենը՝ վահանի վրա,
Բացահայտում է խոտը,
Կրճատված ավազը:
Մենք թույլ վաղվա օր ենք,
Խլացված շնչառություն,
Մենք՝ մի ցեղատեսակի
Հիշողություն,
Մոռացություն:
Օսմանյան լուսինը,
Պսպղուն վերնամաշկը
Բացահայտում է սերմը,
Սթափ մեներգը
Ավազի ներքո:
Մինչ անցյալ լինելը
Մենք շունչ էինք:
Պորտուգալերենից թարգմանեց ՇՈՒՇԱՆԻԿ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ
Գլխավոր լուսանկարը՝ Իվան Շուպիկովի