Կ. Պոլսո պատրիարքարանում խորհրդակցական հանդիպում պոլսահայ միությունների ներկայացուցիչների հետ
Օրակարգում՝ Մարաշի ահեղ երկրաշարժից տուժած հայրենակիցներին օգնելու հարցն է
Այդ մասին մարտի 1-ին տեղեկացրել է «Ակօս» շաբաթաթերթը: Ըստ տեղեկության՝ հանդիպումը հրավիրվել է փետրվարի 24-ին, նախաձեռնությամբ Սահակ Բ Մաշալյան պատրիարքի, որ հանդես է եկել բացման խոսքով: Պատրիարք հայրը ներկաներին հայտնել է, որ հանդիպման նպատակը երկրաշարժի գոտում իրականացվող աշխատանքների մասին միությունների ներկայացուցիչների միջոցով թուրքահայ համայնքին իրազեկելն է:
Հանդիպմանը ելույթ է ունեցել «Յանուն օժանդակութեան յանձնախումբ»-ի ատենապետ Խաչիք Ճանելին եւ բացատրություններ է տվել ի նպաստ երկրաշարժից տուժածների հանձնախմբի կատարած մարդասիրական աշխատանքների մասին: Պոլսահայ միությունների անունից խոսք է վերցրել Գեւորգ Սիմքեշյանը եւ ասել, որ միություններն իրենց պարտքն են համարում երկրաշարժից տուժածներին օժանդակելը, ավելացնելով՝ «Պոլսահայ միություններն խորհրդակցությանը մասնակցել են օժանդակության գործում իրենց պատրաստակամությունից բխող պատասխանատվությումը պաշտոնապես ստանձնելու առաջադրանքով»: Պատրիարք հայրը օրհնել է բորորին եւ հաջողություն մաղթել:
Մինչ այդ, փետրվարի 6-ին, Մարաշի զույգ երկրաշարժի օրը, Կ. Պոլսո պատրիարքարանը ցավակցական հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր նաեւ պատրիարքական փոխանորդ Գրիգոր ավագ քահանայի եւ լուսարարապետ Տրդատ ավագ քահանայի միջոցով երկրաշարժի գոտու շրջանների հետ հաստատված կապի մասին, ուր գտնվում են հայկական եկեղեցիներն ու համայնքները, որոնց մասին տվյալները թարմացվել են ամսի 10-ին: Դրանց համաձայն, Մալաթիայում զոհվել է 3 հայ, մեկը մնացել է փլատակների տակ, Իսքենդերունում անհետ կորել է մեկ հոգի, մյուսը՝ զոհվել: Այնտեղ փլատակների տակ է մնացել նաեւ Դիարբեքիրից ժամանած հայ երգչուհի Զիլան Տիգրիսը իր ամուսնու հետ, եւս մեկ հոգի էլ՝ Ադիյամանում:
Ենթադրվում է, որ Անթաքիայում (Անտիոք) փլատակների տակ էր մնացել ուղղափառ համայնքի 100 անդամ, ինչպես նաեւ հրեական համայնքի ղեկավարն ու կինը: Գալով եկեղեցիներին, ապա մեծ վնաս են կրել Իսքենդերունի Քըրըքխան շրջանի Սբ. Քառասուն Մանկանց եւ Սամանդաղի Վաքըֆլի գյուղի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցիները, որոնց այնպես է ավերել փետրվարի 20-ի երկրաշարժը, որ երկուսն էլ, թուրքական kisadalga.net -ի վկայությամբ, հավատացյալների առջեւ փակել են դռները, այսինքն արդեն չեն գործում: Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցին թեեւ տուժել է, բայց ավերված չէ, նույնիսկ որպես ապաստարան է ծառայում քաղաքի բնակիչների համար: Երկրաշարժը զգացվելով հանդերձ Կեսարիայում, որեւէ վնաս չի պատճառել քաղաքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն:
Իսքենդերունում ավերիչ երկրաշարժից մեծապես տուժել են նաեւ Լատինական կաթոլիկ եկեղեցին, Սբ. Նիկողայոս հույն ուղղափառ եկեղեցին, իսկ Անթաքիայում՝ հրեական սինագոգը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ